Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյունը պետք է «ներքին ուժ» գոյացներ՝ միավորելով միևնույն գաղափարին ծառայող հայ հայրենասերներին, ժողովրդին արթնացներ հեղափոխական գրականությամբ, կազմակերպեր և զենքի ու կարգապահության վարժեցներ, նախապատրաստեր ինքնապաշտպանության, զենք հայթայթեր, զինված խմբեր ստեղծեր և ընդհանուր շարժում առաջ բերեր, մանավանդ, երբ արտաքին հանգամանքները նպաստավոր կհամարվեին։ Թեև արմենականների ծրագրի հիմքում ընկած էր Արևմտյան Հայաստանի ազատագրման և անկախության գաղափարը, այդ ծրագիրը դեռևս հեղհեղուկ էր, իսկ նրա կազմողները հստակ պատկերացում չունեին ապագա Հայաստանի սոցիալ–քաղաքական հարաբերությունների ու նրա ազատագրման ուղիների մասին։ Քաջածանոթ լինելով Արևմտյան Հայաստանի իրադրությանը՝ արմենականները որդեգրել էին զուսպ ու շրջահայաց գործելակերպ սուլթանական Թուրքիայի ցեղասպան քաղաքականության դեմ։ Իր ժամանակի պատմական պայմաններում Ա․ կ–յան գործունեությունը առաջադիմական էր և արտահայտում էր արևմտահայ բուրժուազիայի, գյուղացիության ու դեմոկրատական խավերի շահերը։ Ա․ կ․ մասնաճյուղեր ու խմբեր ուներ Վանում, Մուշում, Բիթլիսում, Կ․ Պոլսում, ինչպես նաև Թավրիզում, Սալմաստում, Խոյում, Ուրմիայում (Պարսկաստան), Թիֆլիսում (Կովկաս), Բուլղարիայում։ Արմենականները գործուն մասնակցություն ունեցան Վանի 1896-ի և 1915-ի ինքնապաշտպանական կռիվներին։ 1921-ի հոկտեմբերին Ա․ կ․ Վերակազմյալ հնչակյանների (Ազատական կուսակցություն) և ռամկավարների (տես Սահմանադիր ռամկավար կուսակցություն) հետ միավորվեց Ռամկավար ազատական կուսակցության մեջ։
Գրկ․ Խուրշուդյան Լ․ Ա․, Սփյուռքահայ կուսակցությունները ժամանակակից էտապում․ Ե․, 1964։ Վարդանյան Հ. Գ․, Արևմտահայերի ազատագրության հարցը և հայ հասարակական–քաղաքական հոսանքները XIX դ․ վերջին քառորդում, Ե․, 1967։ Բարսեղյան Խ․ Հ․, Մարքսիզմի տարածումը Հայաստանում (1880-ական թթ–1904), գիրք 1, Ե․, 1967։
Հ․ Վարդանյան


ԱՐՄԵՆԻԱ, Հայաստանի օտար աշխարհիկ անվանումը։ Հայաստանն առաջին անգամ (մ․ թ․ ա․ VI դ․) Ա․ են անվանել մարերն ու պարսիկները։ Այնուհետև այդ անունը տարածվել է աշխարհի բազմաթիվ ժողովուրդների մեջ։ Ա․ անվան ծագումը հունա–մակեդոնական ավանդությունը կապել է արգոնավորդ Արմենոս Թեսալացու, հայկական ավանդությունը՝ հայկազուն Արամի անունների հետ։ Գիտության մեջ դեռևս վերջնականորեն չի պարզված Ա․անվան ծագումնաբանությունը։ Ոմանք այն կապում են արամեացիների, ոմանք՝ «արմե» կամ «արմեն» ցեղի հետ (տես Հայաստան


ԱՐՄԵՆԻՍ (Armenia), քաղաք Կոլումբիայում, Քինդիո նահանգի վարչական կենտրոնը, Կորդիլիերայի արևմտյան լանջին։ 174, 5 հզ․ բն․ (1974)։ Կլիման մերձարևադարձային է։ Հիմնադրվել է 1880-ին՝ Վիլլա Հոլդուին անվամբ։ Արձագանքելով Արևմտյան Հայաստանում 1894-96-ի հայկական կոտորածներին և ի հավերժացումն հայ նահատակների հիշատակի՝ քաղաքը վերանվանվել է Արմենիա, ուր կանգնեցվել է հուշարձան։ Ա․ է կոչվում նաև քաղաքը Պուենավենդուրա նավահանգստին միացնող երկաթուղին։ Սուրճի արտադրության մշակման և արտահանման կենտրոն է։ Երկրի արդյունաբերական խոշոր հանգույց։ Գործում են մետաղյա կառուցվածքների, ավտոմեքենաների թափքերի, մետաղյա իրերի, գարեջրի գործարաններ, կաշվի, տեքստիլ, փայտամշակման ձեռնարկություններ։


«ԱՐՄԵՆԻԱ», քաղաքական և գրական լրագիր։ Լույս է տեսել 1885-1923-ին, Մարսելում։ Խմբագիրներ՝ Մ․ Փորթուգալյան, ապա՝ Ե․ Թորոսյան։ 1907-08-ին խախտվել է պարբերականությունը։ «Ա․» նկարագրել է արևմտահայերի ծանր վիճակը և նրանց պատրաստել ագգային–ազատագրական պայքարի։ Արևմտահայերի կյանքի բարվոքման գործում հույսեր չկապելով եվրոպական տերությունների հետ՝ «Ա․» ցույց է տվել նրանց շահախնդիր նպատակները Թուրքիայում և ընդգծել ազատությունը սեփական ուժերով ձեռք բերելու գաղափարը։ Թերթը տպագրել է լուրեր արևմտահայ գավառների իրականության, Կ․ Պոլսի ազգային վարչության գործունեության, հայ գաղթավայրերի (Հնդկաստան, Պարսկաստան, Բիրմա, Եգիպտոս, Հունաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Ավստրիա, ԱՄՆ ևն) մասին, անդրադարձել արևելահայ իրականությանը և բողոքել ցարիզմի ազգային քաղաքականության դեմ։ Ողջունելով 1905-ի ռուսական հեղափոխությունը՝ «Ա․» դրա մեջ է տեսել ապագա «Ժողովրդական Ռուսիայի սաղմնավորումը»։ 1908-ի թուրքական սահմանադրության նկատմամբ թերթը սկզբում ունեցել է համակրական կեցվածք, սակայն, իրադարձությունների զարգացման համեմատ, ըմբռնել է այդ սահմանադրության սնանկությունը։
«Արմենիա» թերթի գլխագիրը
Քաղաքական–հաասրակական բնույթի հոդվածների կողքին «Ա․» տպագրել է նաև բանասիրական և հայագիտական նյութեր, գեղարվեստական ստեղծագործություններ ևն։ 1890-ին «Ա․»-ին կից լույս է տեսել «Արմենիա»-ի հուշարար» հավելվածը, ուր ընդգրկվել են Մ․ Փորթուգալյանի 1885-86 տարեշրջանում «Ա․»-ում տպագրված առաջնորդողները։
Հ․ Վարդանյան


«ԱՐՄԵՆԻՍ», գրական և քաղաքական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1929 -1933-ին (ընդհատումներով), Լոս Անջելեսում (ԱՄՆ)։ Պատասխանատու տնօրեն՝ Մ․ Էլվան։ «Ա․» պաշտոնապես չի հարել որևէ կուսակցության։ Տպագրել է նյութեր հայ գաղթօջախների, մասնավորապես Կալիֆոռնիայի կյանքից, լուրեր և զանազան տեղեկություններ Սովետական Հայաստանից, որի հանդեպ բարեկամական դիրք է գրավել, միջազգային լուրեր ևն։ 1932-ի մարտ–հունիսին «Ա․» հրատարակվել է դաշնակցությունից հեռացած Մ․ Ֆերահյանի ղեկավարությամբ՝ հակվելով դեպի ազգայնական ուղղությունը։
Մ․ Բաբլոյան


«ԱՐՄԵՆԻՍ» («Armenia»), հունգարերեն հայագիտական ամյսագիր։ Լույս է տեսել 1887-1907-ին, Տրանսիլվանիայի Գեռլա քաղաքում (այժմ՝ ՌՍՀ Կլուժի գավառում)։ Խմբագիրներ՝ Գերգեյ Գովրիկ (Գ․ Գովրիկյան), Կրիշոֆ Սոնգոտ (Խ․ Սոնկոտյան), վերջում՝ Ա․ Հերման և Կ․ Բոբյան։
«Արմենիա» ամսագրի շապիկը
Ունեցել է հայագիտական բովանդակություն․ տպագրել է հոդվածներ և ուսումնասիրություններ՝ նվիրված հայ բնօրրանին ու նրա կյանքին, Տրանսիլվանիայի և հայ մյուս գաղութների իրականությանը, պատմա–բանասիրական, ազգագրական, հայ արվեստին վերաբերող նյութեր, հայ մատենագիրներից, գեղարվեստական արձակից ու չափածոյից արված թարգմանություններ։ «Ա․»-ի նյութերից առանձնապես արժեքավոր էին Խ․ Սոնկոտյանի՝ Գեռլա հայաքաղաքի պատմությանը և Տրանսիլվանիայի հայերի ազգագրությանն ու տոհմանուններին նվիրված ուսումնասիրությունները։ Ամսագիրը նշանակալի վաստակ է ունեցել հունգարահայերին և օտարներին հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին ու արվեստին ծանոթացնելու գործում։ «Ա․»-ին աշխատակցել են գեներալ Յա․ Ցեցը (Հ․ Ցեցյան), հունգարական պետական գործիչ, հայազգի Լ․ Գոպչան, ժ․ Մերզան, Յա․ Սիմային, Լ․ Պատրուբանը (Ղ․ Բադրուպանյան), Հ․ Չիլինգարյանը և ուրիշներ։
Ս․ Քոլանջյան


ԱՐՄԵՆԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԱԹԵՄԵՐ (’Αρμενιαχά θέματα), IX դարի վերջում և X դարի առաջին կեսին Բյուզանդական կայսրության արևելյան սահմաններում, հայկական հողերի վրա ստեղծված բանակաթեմեր, որոնց բնակիչները մեծ մասամբ հայեր էին։ «Ա․ բ․» հասկացությանը զուգահեռ բյուզանդական աղբյուրներում հիշվում են «Հռոմեական (հոռոմական, հունական) բանակաթեմեր» և «Բուլղարական