Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


1958-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում։ Գրել է «Խաչատուր Աբովյան» (1958, լիբր․ Գ․ Արմենյանի և Ա․ Պողոսյանի, բեմ․ 1960) և «Խորտակում» (լիբր․ Գ․ Արմենյանի և Ռ․ Դավոյանի, բեմ․ 1968, երկուսն էլ՝ Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնում) օպերաները, «Ասք Հայաստանի մասին» կանտատը (խոսք՝ Ա․ Պողոսյանի, 1950), կոնցերտ ֆլեյտայի և սիմֆոնիկ նվագախմբի համար (1954), ռոմանսներ, երգեր, խմբերգեր, կինոնկարների երաժշտություն («Հայֆիլմ»-ի «Երաժշտախմբի տղաները», «Տերտերին ուխտը»)։
Ռ․ Աթայան


ԱՐՄԵՆՆԵՐ, օտարների՝ հայերին տրված անուններից մեկը (տես Արմենիա


ԱՐՄԵՆՈԻԴ (armenoid), մարդաբանական տիպ։ Պատկանում է եվրուցեոիդ ռասայի բալկանա–կովկասյան ճյուղին։ Բնորոշվում է կարճ կլոր գանգով (բրախոցեֆալ), աչքերի և մազերի սև նրբերանգով, կոր քթով ևն։ Ա․ Առաջավոր Ասիայի հնագույն մարդաբանական տիպն է, որ փաստարկվում է Շենգավիթից (Հայաստան), Տրոյա 2-րդ շերտից, Տարսոնից (Կիլիկիա), Բաբաքյոյից (Կապադովկիա), Թեփե–Սիալքից (Իրան), Ուրից, Քիշից (Միջագետք) և այլ հնավայրերից գտնված կարճ, կլոր գանգերով։ Ա․ տիպը ներկայացված է Հյուսիսային Միջագետքի ասորական, խեթական բարձրաքանդակներում և եգիպտական դամբարանային որմնանկարներում։ Հայկական լեռնաշղթայի խուրրի–ուրարտական տեղաբնիկ ցեղերը պատկանել են Ա–ի առաջավոր ասիական ճյուղին։ Ա․ մարդաբանական տիպը շարունակում է ապրել հայերի մեջ։
Գրկ․ Ալեքսեև Վ․, Ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանի Հայաստանի բնակչության երկու խմբի մասին, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս․ գիտ․», 1964, 1։ Фон Лугаан, Народы, расы и языки, т․ 1, Л․, 1925; Бунак В․ В․, Crania armenica, «Труды антропологического наупно-исследовательского института при МГУ, 1927», в ․2; Де6ец Г․, Заселение южной и Передней Азии по данным антропологии, в кн․։ Происхождение человека и древнее расселение человечества, М․, 1951․
Ս․ Սարդարյան


ԱՐՄԵՆՈՊՈԼԻՍ, տես Գեռլա։


ԱՐՄԵՆՈՊՈՒԼՈՍ Կոստանդին (’Αρμενόπολες - Հայորդի, 1320-1380 կամ 1383), բյուզանդական օրենսգետ, Թեսալոնիկի դատավոր։ Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Եղել է իրավունքի դասախոս, կայսրության գերագույն դատական ատյանի անդամ, հետագայում՝ Հովհաննես Կանտակուզինոս կայսեր իրավախորհրդատու։ 1356-ին պալատական տնտեսվարի պաշտոնում փոխարինել է հորը։ 1361-ին Ա–ին շնորհվել է «Թեսալոնիկի գլխավոր ավագ», «օգոստոսյան կղեր» և«օրենքի մեծ պահապան» պատվավոր տիտղոսները։ Հեղինակ է մի շարք իրավագիտական ուսումնասիրությունների։ Ա–ի լավագույն իրավագիտական երկը «Առձեռն օրենսգիրք»-ը կամ «Վեցամատյան»-ն է, որը հայտնի է «Արմենուպուլոսի վեցամատյան» անունով։
Երկ․ Constantini Harmenopuli Manualelegum․․․, ed․ G․E․ Heimbach, Lipsiae, 1851․ Գրկ․ Азаревич Д․, История византийского права, т․ 1, ч․ 1, Ярославль, 1876, с․ 299-311; Сметанин В․ А․, Византийское законодательство XIV в․ о крестьянстве (по Арменопулу) и отражение его вактах, «Ученые записки Пермского гос․ университета», 1966, N: 143․
Հ․ Բարթիկյան


«ԱՐՄԵՆՈՊՈՒԼՈՍԻ ՎԵՑԱՄԱՏՅԱՆ», բյուզանդական իրավունքի նորմերի ժողովածու։ Կազմել է Արմենոպուլոս Կոստանդինը մոտ 1345-ին։ Ժողովածուն պարունակում է քաղաքացիական և քրեական իրավունքի նորմեր և դատավարական դրույթներ, որոնք լայն կիրառություն ունեին Բյուզանդիայում։ Կայսրության կործանումից հետո «Վեցամատյանը» օգտագործվել է Թուրքիայում հուն. եկեղեցական դատարանների կողմից՝ որպես քաղաքացիական գործերի ուղեցույց։ Հունաստանը թուրք. լծից անկախ հռչակվելուց (1822) հետո, 1828-ի դեկտ․ 15-ին, Հունաստանի պրեզիդենտ Ի․ Կապոդիստրիասի հատուկ հրամանագրով «Վեցամատյանն» ընդունվեց որպես քաղաքացիական իրավունքի օրենսդրության հիմք։ Այն մեծ դեր է խաղացել Բյուզանդիայում և Հունաստանում իրավագիտական մտքի զարգացման գործում։ Նրա նորմերից շատերը կիրառվել են նաև Բեսարաբիայում, Վալախիայում և Մոլդավիայում։ «Ա․ վ․» առաջին անգամ լույս է տեսել 1540-ին, Փարիզում։


ԱՐՄԵՆՈՍ Թեսալացի, առասպելական արգոնավորդ, Թեսալիայի Արմենիոն քաղաքից։ Ըստ առասպելի, Ա–ի ուղեկիցները վերաբնակվել են Ակիլիսենե (Եկեղիք) և Սիսպիրիտես գավառներում՝ մինչև Կալաքենե և Ադիաբենե, որից էլ ծագել է Արմենիա երկրի անվանումը։ Ստրաբոնի բերած այս առասպելը հորինվել է մ․ թ․ ա․IV դ․ վերջում, Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքի ժամանակ և ըստ որոշ ուսումնասիրողների, զուրկ է պատմական հիմքից։ Հունա–մակեդոնական նվաճողները նման (Բալկանյան թերակղզուց գաղթելու) առասպելներ են հորինել նաև պարսիկների, մարերի և արևելյան այլ ժողովուրդների մասին։
Գրկ․ Страбон, География, М․, 1964; Пиотровский Б․, О происхождении армянского народа, Е․, 1946․


ԱՐՄԵՆՈՅԻԴ, տես Հայասպանություն:


ԱՐՄԵՆՊՐԵՍ, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր պետական տեղեկատու գործակալություն։ 1920-22-ին կոչվել է Արմենկավռոստա, ապա՝ Արմենռոստա, 1922-72՝ ՀՀԳ (Հայկական հեռագրական գործակալություն), 1972-ին վերանվանվել է Ա․։ Գործակալությունը լուսաբանում է հանրապետության աշխատավորության նվաճումները տնտեսության, գիտության և մշակույթի, ժողովրդական կրթության և առողջապահության բնագավառներում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին գործակալությունը թողարկել է ավելի քան 100 «ՀՀԳ–ի պատուհան», որոնք նպաստել են թշնամու դեմ մղած պայքարին։ Ետպատերազմյան տարիներին տեղեկատու ծառայությունը հետագա զարգացում է ապրել․ 1959-ին ստեղծվել է ՀՀԳ–ի ֆոտոխրոնիկան՝ ՏԱՍՍ–ի հետ ունեցած լուսահեռագիր կապով։ Ա․ հեռատիպ կապ ունի հանրապետության շրջանների, Մոսկվայի, Վրացական ՍՍՀ և Ադրբեջանական ՍՍՀ հեռագրական գործակալությունների հետ և տարեկան թողարկում է ավելի քան 7 հզ․տեղեկատվություն ու 3 հզ․ ֆոտոտեղեկատվություն՝ միութենական և արտասահմանյան մամուլի, հանրապետության թերթերի և տեղեկատու այլ օրգանների համար։ 1967-ից գործակալությունը օգտվում է Երևան–Մոսկվա–Բեյրութ, 1970-ից՝ Երևան–Մոսկվա–Նյու Յորք և 1972-ից՝ Երևան–Մոսկվա–Փարիզ հեռատիպ կապերից, որոնք հանրապետության մասին նյութեր են հաղորդում սփյուռքահայ պարբերական մամուլին։ Թարգմանում է Սովետական Միության հեռագրական գործակալությունից (ՏԱՍՍ) ստացված նյութեր, միութենական և արտասահմանյան տեղեկատվություն և տրամադրում մամուլի տեղական օրգաններին, հեռուստատեսությանն ու ռադիոյին։ Ա․ ստեղծել է շատ տերմիններ և նորաբանություններ, որոնք մտել են արդի հայերենի բառապաշարի մեջ։
Ռ․ Անանիկյան


«ԱՐՄԵՆՈՒՀԻ», գրական, պատմագիտական և արվեստի ամսօրյա հանդես։ Լույս է տեսել 1949 -55-ին, Թեհրանում (Իրան)։ Արտոնատեր–խմբագիր՝ Ա․ Տեր–Օհանյան։ Նպատակն էր գրական, պատմական, գիտական–առողջապահական, արվեստաբանական և դաստիարակչական հանրամատչելի հոդվածներով նպաստել Իրանի հայերի, հատկապես կանանց հոգեկան զարգացմանը, ի հայտ բերել գրական–գեղարվեստական կարողություն ունեցողներին։ Տպագրել է հայ և համաշխարհային դասական հեղինակների գործերը (Լ․Տոլստոյ, Ջ․ Բայրոն, Ա․ Պուշկին, Ս․Եսենին, Վ․ Թեքեյան, Ա․ Արփիարյան, Օ․ Խայյամ, Ի․ Տուրգենև, Ֆ․ Վերֆել, Վ․ Բրյուսով), լայն տեղ հատկացրել հայ սովետական գրականությանը, ինչպես նաև իրանցի և իրանահայ անվանի և սկսնակ գրողների բանաստեղծություններին ու պատմվածքներին։ «Ա․» յուրաքանչյուր համարում տեղեկություններ է տվել իրանահայ կրթական, մշակութային, ազգային կյանքի մասին։


ԱՐՄԹԱՂ, Արմութաղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի (Սվազի) վիլայեթում, Եփրատի վտակ Տևրիկի արգավանդ հովտում։ 1909-ին ուներ 600 հայ բնակիչ (70 տուն), որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ։ Գյուղը տեղական ճանապարհով կապված էր Եփրատի առափնյա գյուղերի և Տևրիկ գյուղաքաղաքի հետ։ Ուներ եկեղեցի (Ս․ Գևորգ) և նախակրթական ուսումնարան։ Ա–ի բնակչության զգալի մասը զոհվել է Մեծ եղեռնի ժամանակ, իսկ մյուս մասը տարագրվել։


ԱՐՄԻԶՈՆ, Արմիզոնք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթում, Արճեշի գավառում, Վանա լճի հյուսիսային կողմում։ 1895-ին ուներ 43 տուն՝ մոտ 400 հայ բնակիչներով, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Գյուղը տեղական ճանապարհով կապված էր Արճեշ քաղաքի հետ։ Ա–ում կար եկեղեցի (Ս․ Սարգիս)։ Գյուղն ավերվել ու ամայացվել է 1895-96-ի կոտորածների ժամանակ։


ԱՐՄԻՆԻԱ, արաբական խալիֆայության նահանգ VIII-IX դարերում։ Ընդգրկել է