Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դուկտոր) անշարժ է (ստատոր), իսկ միջուկը փաթույթով (2, խարիսխ), ուր ինդուկցվում է էլշու, պտտվում է (ռոտոր)։ Դա կապված է հատուկ կառուցվածքի պատվող մեխանիկական ուղղիչի (3, կոլեկտոր) օգնությամբ ինդուկցվող փոփոխական էլշուի ուղղման անհրաժեշտության հետ։ Հոսանքը դուրս է բերվում անշարժ ամրացված էլեկտրագրաֆիտային կամ պղնձագրաֆիտային խոզանակներով (4), որոնք, շփվելով կոլեկտորի մակերևույթի հետ, ապահովում են անհրաժեշտ կոնտակտ։ Ինդուկտորի էլեկտրամագնիսները գրգռվում են՝ կախված բեռնվածքի հոսանքից կամ անկախ դրանից։ Առաջին դեպքում, նայած էլեկտրամագնիսների և խարսխի փաթույթների միացման եղանակին, տարբերում են՝ զուգահեռ (շուն–տային), հաջորդաբար (սերիես) և խառը (կոմպաունդ) գրգռումով հաստատուն հոսանքի Գ․ է–ներ։ Երկրորդ դեպքում էլեկտրամագնիսները սնվում են առանձին աղբյուրից։ Տաստատուն հոսանքի Գ․ է–ները կիրառվում են էլեկտրաքիմիայում՝ շարժիչ–գեներատորային փոխակերպիչների կազմում, էլեկտրաեռակցման, գլոցման հաստոնների շարժիչների սնման համար ևն։ Կան փոփոխական հոսանքի սինխրոն (նկ․ 2․) և ասինխրոն (անկոլեկտոր և կոլեկտորային) Գ․ է-ներ։ Սինխրոն Գ․ է-ներում, ի տարբերություն ասինխրոնների՝ գեներացվող, լարման հաճախականությունը համեմատական է ռոտորի պտտման արագությանը։ Առավել տարածված են եռաֆազ հոսանքի սինխրոն Գ․ է–ները։ Փոփոխական հոսանքի Գ․ է-ների ինդուկտորը (1) պտտվող է (ռոտոր), իսկ խարիսխը (2)՝ անշարժ (ստատոր)։ Դա ապահովում է հուսալի հոսանքահանումը՝ առանց շփվող կոնտակտների։ Ինդուկտորի սնման համար անհրաժեշտ ոչ մեծ հզորությունը (Գ․ է-ի հզորության 1–3%) տրվում է կոնտակտային օղակների (3) միջոցով։ Անկոլեկտոր ասինխրոն Գ․ է․ ռոտորի վրա փաթույթ չունի (հոծ ռոտոր), կամ էլ ունի կարճ միացված փաթույթ (կարճ միացված ռոտոր)։ Ներկայումս շահագործման մեջ գտնվող ամենահզոր Գ․ է–ի հզորությունը 800 հզ․ կվտ է (Սլավյանսկի պետ․ շրջանային էլեկտրակայանի տուրբագեներատորը)։ Կառուցվում է 1,2 մլն կվտ հզորությամբ տուրբագեներատոր։ Նախագծվում են 1,5-2,5 մլն կվտ հզորությամբ շոգեգեներատորներ։ ՀՍՍՀ–ում մինչև 100 կվտ հզորությամբ սինխրոն Գ․ է․ արտադրում է «Հայէլեկտրամաշ» միավորումը։

Գրկ․ Պիոտրովսկի Լ․ Մ․, էլեկտրական մեքենաներ, Ե․, 1951։ Алексеев А․ Е․, Конструкция электрических машин, 2 изд․, переработ․, М,– Л․, 1958; Костенко М․ П․, Пиотровский Л․ М․, Электрические машины, 2 изд․, ч․ 1–2, М․- Л․, 1964–65․ 
Ս․ Բոխյան

ԳԵՆԵՐԱՏՈՐԱՅԻՆ ԳԱձ, գազային վառելանյութ։ Ստացվում է գազագեներատորներում պինդ և հեղուկ վառելանյութերի (տորֆ, քարածուխ, փայտանյութ, կոքս ևն) գազացումից։ Օգտագործվում է մետալուրգիայում, ապակու, կերամիկական և այլ արտադրություններում, կենցաղային գազային սարքերում, ներքին այրման շարժիչներում և այլուր։ Գ․ գ․ քիմ․ արդյունաբերության մեջ ջրածնի, ամոնիակի, մեթանոլի, լվացող միջոցների, արհեստական հեղուկ վառելանյութի, պարաֆինի, այլ նյութերի արտադրության հումք է։ Գ․ գ․ ստանալու համար կիրառվում են տարբեր տեսակի օքսիդիչներ՝ օդ, ջրային գոլորշիների և օդի կամ թթվածնի խառնուրդ։ Օգտագործվող օքսիդիչը հաճախ պայմանավորում է ստացված Գ․ գ–ի անվանումը։ Օրինակ՝ գազագեներատոր օդ փչելիս ստացվում է օդագագ, որի ջերմաստիճանը 700–800°С է։ Օգտագործվում է CO-ի բարձր կոնցենտրացիա պահանջող քիմ․ արտադրություններում (օրինակ՝ մրջնաթթվի ևն)։ Զրագազը հիմնականում ջրածնի և CO-ի խառնուրդ է։ Խառը (շոգեօդային) գազը ստացվում է օդով և ջրային գոլորշիներով վառելանյութի գազացումից։ Գ․ գ․ ստանալու համար կիրառվում է ցանկացած վառելանյութ։ Քաղաքային գազը ստանում են շոգեթթվածնային փչմամբ՝ բարձր ճնշման տակ (20–30 մթն)։ Այս դեպքում գազը հարստանում է մեթանով (14–18%), որն էլ որոշում է գազի ջերմատվությունը։ Ստանում են նաև հեղուկ վառելանյութից գազացման և պիրոլիզի միջոցով (ճնշման տակ)։

«ԳԵՆՁԻ ՄՈՆՈՀԱԹԱՐԻ», ճապոնական ազնվականական գրականության լավագույն հուշարձանը։ Գրել է պալատական տիկին Մուրասակի Սիկիբուն (1004)։ Աշխարհում առաջին վեպէպո-պեն է, բաղկացած 64 գլուխներից։ Հիմնական գաղափարը հատուցումն է՝ բուդդայական կարման։ Գլխավոր հերոսը՝ արքայազն Գենձին, իդեալականացված է, սակայն ճշմարտացի են պատկերված X–XI դդ․ ճապոնական ազնվականական բարքերը։ Այս վեպով ճապոնական գրականության մեջ նոր որակ է ստացել մոնոհաթարիի ժանրը։ Այն որոշակի ազդեցություն է ունեցել ճապոնական դրամայի և պոեզիայի հետագա զարգացման վրա։

Լ․ Շեխոյւսն

ԳԵՆՈՄ (գերմ․ Genom, անգլ․ genome), քրոմոսոմների հապլոիդ հավաք, տվյալ օրգանիզմի քրոմոսոմների մեկական հավաքակազմում տեղակայված գեների միագումար։ Տերմինն առաջարկել է գերմ․ կենսաբան Գ․ Վինկլերը (1920)։ Դիպլոիդ օրգանիզմների գամետներում, ինչպես նաև հապլոիդ օրգանիզմների բջիջներում պարունակվում է մեկ Գ․, դիպլոիդ օրգանիզմների մարմնային (նոմատիկ) բջիջներում՝ երկու Գ․։ Բեղմնավորման ժամանակ տեղի է ունենում հայրական և մայրական գամետների Գ․-երի միացում։ Քրոմոսոմների թվի Փոփոխությունը կոչվում է Գ․-ա–յին մուտացիաներ։ Այն օրգանիզմները, որոնք ունեն երկու և ավելի միատեսակ Գ․–եր, կոչվում են ավտոպոլիպլոիդ, իսկ տարբեր Գ․–ներ պարունակողները՝ ալլոպոլիպլոիդ։

Մ․ Հովհաննիսյան

ԳԵՆՈՏԻՊ (գեն և տիպ բառերից), տվյալ օրգանիզմի քրոմոսոմներում տեղակայված բոլոր գեների համախմբվածություն։ Տերմինն առաջարկել է դանիացի կենսաբան Վ․ Իոհանսենը (1909)։ Գ․ օրգանիզմի կորիզային (գենոմ) և ոչ կորիզային կամ ոչ քրոմոսոմային բոլոր ժառանգական գործոնների միագումարն է։ Գ․ կրում է ժառանգական ինֆորմացիան, որը հաղորդվում է սերնդից սերունդ։ Գ․ համակարգ է, որը հսկում է օրգանիզմի զարգացումը, կազմությունը և կենսագործունեությունը՝ ֆենոտիպը։ Գ․ որոշում է ոչ թե կոնկրետ հատկանիշների ժառանգումը, այլև օրգանիզմի ռեակցիաների նորման միջավայրի բոլոր պայմանների նկատմամբ։ Տվյալ Գ․–ի կազմում տեղի է ունենում փոխազդեցություն ինչպես գեների տարբեր ալելների, այնպես էլ ոչ ալելային գեների միջև։

Մ․ Հովհաննիսյան

ԳԵՆՈՑԻԴ (հուն, – ցեղ և լատ․ caedo – սպանում եմ), ռասայական, ազգային կամ կրոնական պատճառներով բնակչության առանձին խմբերի կամ ամբողջ ժողովուրդների ոչնչացում, մարդկության դեմ ամենածանր հանցագործություն․ տես Ցեղասպանություն։

ԳԵՆՁ (Գենչղլյան) Լևոն Գևորգի (29․8․1897, Դոնի Ռոստով – 21․11․1974, Դոնի Ռոստով), հայ սովետական նկարիչ։ 1918–23-ին սովորել է Դոնի Ռոստովի գեղարվեստական ստուդիայում։ Մինչև 1966-ը ապրել է Մոսկվայում, Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ Երևանում։ Քաղ․ ծաղրանկարներ է տպագրել «Պրո–ժեկտոր» (1920-ական թթ․), «Կրոկոդիլ» (1928), «Սովետական Հայաստան», «Կոմունիստ» և այլ պարբերականներում։ Նկարազարդել է մի շարք գրքեր (Մ․ Գորկու «Կլիմ Սամգինի կյանքը», 1935)։ 1944-ին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։

ԳԵՆՋՅԱՆ Հակոբ Մինասի, տես Կարա-Դարվիշ։

ԳԵՆՋՅԱՆ Մագդալինա Ղուկասի (1863, Ստավրոպոլ – 4․9․1940, Երևան), հայ երգչուհի (քնարական սոպրանո), մանկավարժ։ 1890-ին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան։ Հանդես է եկել Դոնի Ռոստովում, Թիֆլիսում, Բաքվում և այլ քաղաքներում։ Մարգարիտի դերերգով մասնակցել է Գունոյի «Ֆաուստ» օպերայի հայերեն առաջին բեմադրությանը (1890) Բաքվում։ 1891-ին Պետերբուրգում կատարել է ռուս, և հայկ․ («Ո՜հ, ինչ անուշ», «Երազ» են) երգեր, մասնակցել սիմֆոնիկ համերգների։ Հանդես է եկել նաև Երևանում։ Օպերային դերերգերից են՝ Լեոնորա, Աիդա (Վերդիի «Տրուբդուր», «Աիդա»), Իզոլդա (Վագների «Տրիստան և Իզոլդա»)։ Երգեցողություն է դասավանդել Կազանում (1897–1927), Երևանում՝ Կոմիտասի անվ կոնսերվատորիայում (1927–39)։

Կ․ Մարկոսյան