թյունները պատերազմներում, ինչպես նաև հայրենասիրական այն համոզմունքը, թե Պարսկաստանի ու Թուրքիայի և ղրանց թիկունքում կանգնած անգլոֆրանս. զավթիչների դեմ ուղղված հաղթական պատերազմները կամրացնեն և կապահովեն Ռուսաստանի հվ. սահմանները։ Դ. ծանոթ են եղել և բարեկամական կապեր են հաստատել մի շարք հայ գործիչների՝ Հարություն Ալամդարյանի, Ներսես Աշտարակեցու, Հակոբ Շահան Ջրպետյանի, Բարսեղ Բեհբութովի, Վալերիան Մադաթովի, Լազար Լազարևի և ուրիշների հետ։ Տարիներ շարունակ գտնվելով Անդրկովկասում՝ Դ. շփվել են տեղի բնակիչների հետ, մոտիկից ծանոթացել նրանց կյանքին ու կենցաղին, թողել են (Ա. Բեստուժև-Մարլինսկի, Ե. Լաչինով, Ս. Գլինկա և ուրիշներ) արժեքավոր ու բազմակողմանի տեղեկություններ երկրի և, մասնավորապես, Հայաստանի տնտ. կյանքի, ժողովրդի նիստ ու կացի, ավանդույթների մասին։ Դ. խորացրին և նոր աստիճանի բարձրացրին ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ 1975-ի դեկտեմբերին նշվեց Դ-ի ապստամբության 150-ամյակը։ Երևանում տեղի ունեցավ գիտական նստաշրջան՝ նվիրված այդ տարեթվին։
Գրկ. Լենին Վ. Ի., երկ., հ. 5, էջ 44, 47, հ. 21, էջ 118, հ. 23, էջ 320: Դեկաբրիստներ, Ընտիր երկեր, Ե., 1975: Восстание декабристов. Материалы и документы, т. 1-12, М.-Л., 1925-69; Плеханов Г. В., 14 декабря 1825г., Соч., т. 10, М.-Л., 1924; Габов Г. И., Общественно-политические и философские взгляды декабристов, М., 1954; Нечкина М. В., Движение декабристов, т. 1-2, М., 1955; Движение декабристов. Указатель литературы, 1928-1959, М., 1960; Нерсисян М. Г., Декабристы в Армении, Е., 1975.
ԴԵԿԱԴԱ տես Տասնօրյակ։
ԴԵԿԱԴԵՆՏՈՒԹՅՈՒՆ տես Անկումային արվեստ։ԴԵԿԱՆ (լատ. decanus, սկզբնապես՝ տասը մարդու պետ, decern՝ տասը բառից), 1. զինվորական աստիճան Հին Հռոմում, տասնապետ։ 2. Միջնադարում վանքի կառավարման գործում վանահոր օգնական։ 3. Բարձրագույն ուսումնական հաստատությունում ֆակուլտետի ղեկավար և խորհրդի նախագահ։ ՍՍՀՄ-ում ընտրվում է բարձրագույն ուս. հաստատության ֆակուլտետի խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, պրոֆեսորներից կամ առավել փորձված դոցենտներից՝ 3 տարի ժամկետով։ Ղեկավարում է ֆակուլտետի ուս., դաստիարակչական և գիտ. աշխատանքները։
ԴԵԿԱՆԻ ՍԱՐԱՀԱՐԹ դեկան (սանսկր. Դակշին հարավ), գրավում է Հինդուստան թերակղզու ներքին մասը՝ Նարբադա և Կավերի գետերի միջև։ Տարածությունը մոտ 1 մլն կմ2 Է։
ԴԵԿԱՏՐՈՆ <դեկա… և …տրոն թվարկության տասնական համակարգում՝ թվային հաշվարկ կատարող և Էլեկտրական շղթան հոսանքափոխող բազմաէլեկտրոդ իոնային սարք։ Դ-ի աշխատանքի հիմքում ընկած է մարմրող պարպման ուղղորդված Փոխանցումը մի էլեկտրոդից մյուսին։ Փոխանցումը պայմանավորված է էլեկտրոդների պոտենցիալների տարբերությամբ, որը ստեղծվում է կառավարող իմպուլսներով։ Դ-ները լինում են համաչափ և անհամաչափ էլեկտրոդներով, միաև երկիմպուլս, հաշվային ևն։ Հայրենական Դ-ների (1968) հիմնական պարամետրերն են. վերահաշվարկի գործակիցը (մուտքի և ելքի իմպուլսների թվերի հարաբերությունը)՝ 10, հաշվման արագությունը՝ մինչև 1 Մհց և աշխատանքային հոսանքի ուժը՝ մինչև 1,5 մա։ Դ. կիրառվում է ավտոմատիկայում, չափիչ տեխնիկայում, միջուկային և արդյունաբերական էլեկտրոնիկայում։
Գրկ. Липкин В. М., Декатроны и их применение, М.-Л., 1960.
ԴԵԿԱՐԲՕՔՍԻԼԱՑՈՒՄ դե…+ կարբօքսիլացոնմ oրգանական թթուների կարբօքսիլխմբից СО2-ի պոկում։ Կարբօքսիլացման հակադարձ ռեակցիան է։ Թթվի բնույթից կախված՝ Դ. կատարվում է տարբեր ճանապարհներով։ Ալիֆատիկ շարքի թթուները (RCOOH) նատրոնակրի հետ տաքացնելիս անջատում են СО2 և առաջացնում ածխաջրածին։ Մալոնաթթվի, ցիանքացախաթթվի և դարչնաթթվի տիպի թթուները СО2 անջատում են ուղղակի տաքացնելիս, իսկ թրթնջկաթթուն խիտ H2SO4-ի ազդեցությամբ դեկարբօքսիլացվում է՝ առաջացևելով СО, СО2 և ջուր, մրջնաթթուն՝ СО2 և ջրածին, պիրոխաղողաթթուն՝ СО2 և քացախալդեհիդ։ Արոմատիկ թթուների Դ. կատարվում է քինոլինի միջավայրում, պղնձի փոշու առկայությամբ տաքացնելիս։ Դ. կատարվում է նաև ֆերմենտատիվ ճանապարհով, որը նյութափոխանակության պրոցեսի կարեվոր փուլերից մեկն է։ Օրգանիզմում ամինաթթուների Դ. կատարվում է դեկարբօքսիլազ ֆերմենտի ազդեցությամբ։
ԴԵԿԱՐՏ Descartes Ռընե լատինացված անունը՝ Կարտեզիուս 31.3.1596 Լաե 11.2.1650 Ստոկհոլմ ֆրանսիացի բնագետ, մաթեմատիկոս և փիլիսոփա։ Սերում է հնագույն ազնվական տոհմից։ Կրթությունն ստացել է Անժուի լա Ֆլեշ ճիզվիտական դպրոցում։ 1629-ից հաստատվել է Նիդերլանդներում, իսկ 1649-ից՝ Շվեդիայում։ Դ-ի փիլիսոփայությունը կապված է մաթեմատիկայի, ֆիզիկայի և տիեզերածնության բնագավառներում նրա հետազոտությունների հետ։ Մաթեմատիկայում Դ. ներմուծել է փոփոխական մեծության և ֆունկցիայի գաղափարը։ Տվել է կորերի դասակարգումը՝ դրանք ստորաբաժանելով հանրահաշվական և տրանսցենդենտ դասերի։ «Երկրաչափություն» (1637) աշխատության մեջ շարադրել է ուղղանկյուն կոորդինատների մեթոդը՝ հիմք դնելով անալիտիկ երկրաչափությանը։ Ֆիզիկայում Դ. բացահայտել է ոչ առաձգական մարմինների հարվածի դեպքում շարժման քանակի պահպանման օրենքը, հիմնավորել լուսային ճառագայթների բեկման օրենքը։ Կենսաբանության մեջ առաջինն է փորձել պարզել «ոչկամայական» ու «կամայական» շարժումների էությունը և նկարագրել ռեֆլեկտորային ռեակցիայի սխեման։ Տիեզերածնության
մեջ Դ. մշակել է ուսմունք արեգակնային համակարգի զարգացման բնական ընթացքի մասին, ըստ որի աշխարհի կառուցվածքը և երկնային մարմինների ծագումը պայմանավորված են տիեզերական մատերիայի մասնիկների մրրկաձև շարժումով։ Դ-ի աշխարհայացքի բնորոշ կողմը մատերիայի և հոգու դուալիզմն է։ Դ. հոգեկան սուբստանցի հիմնական հատկություն՝ ատրիբուտ, համարում էր մտածողությունը, իսկ մատերիական սուբստանցի ատրիբուտ՝ տարածականությունը։ Ըստ Դ-ի, այս երկու ատրիբուտներն ամեն ինչով հակոտնյա են և չեն բխում մեկը մյուսից։ Սակայն և՛ մատերիան, և՛ հոգին միայն վերջավոր սուբստանցներ են և, ի վերջո, երկուսն էլ հանգում են անվերջ սուբստանցին՝ աստծուն՝ «գերագույն», ինքնաբովանդակ արարածին։ Մարդու մասին Դ-ի ուսմունքը նույնպես դուալիստական է. մարդը անհոգի և անկենդան մարմնային մեխանիզմի ու կամքով օժտված, մտածող հոգու միասնություն է։ Դ. իմացության հիմնական խնդիրը համարում էր բնության նկատմամբ մարդու իշխանության հաստատումը, բնության պատճառ-հետևանքային կապերի բացահայտումը և իր՝ մարդու կատարելագործումը։ Դ-ի փիլ. դատողությունների ելակետը համընդհանուր ճանաչում գտած գիտելիքների ճշմարտացիության մասին կասկածն է, սակայն այն ագնոստիկի համոզմունք չէ, այլ նախնական մեթոդաբանական միջոց։ Կարելի է կասկածի տակ առնել արտաքին աշխարհի և նույնիսկ սեփական մարմնի գոյությունը, բայց կասկածն ինքնին, որպես մտածողական ակտ, ամեն դեպքում գոյություն ունի, այստեղից՝ «մտածում եմ, ուրեմն կամ»: Իմացաբանության մեջ Դ. ռացիոնալիզմի նախահայրն է, որի հիմքը մաթեմատիկական գիտելիքների տրամաբանական բնույթին հետևելն է և նրանց համընդհանուր, անհրաժեշտ ու հավաստի բնույթի մասին ունեցած անխախտ հավատը։ Այդ գիտելիքները, ըստ Դ-ի, բխում են մտածող ինտելեկտից և ծավալվում դեդուկտիվ եղանակով։ Ուստի նա իմացության մեջ բացառիկ տեղ է հատկացնում ապացուցման և շարադրման դեդուկտիվ ձևին, որը հենվում է միանգամայն հավաստի ելակետային դրույթների (աքսիոմաների) և հավաստի տրամաբանական անցումների վրա։ Դ-ի ուսմունքը շարունակվել է կարտեզիականություն անունով և խոր հետք թողել գիտական ու փիլ. մտքի հետագա ընթացքի վրա։ Դ-ի ազդեցությունը հայ փիլ. ու տրամաբանական մտքի վրա սկսվում է XIX դարի 2-րդ կեսից։