Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լռական խաղաոճի միտումներով։ Արևմտահայ դպրոցն են ներկայացնում Ա․ Փաւիազյանը, Ս․ Էքշյանը, Պ․ Մաղաքյանը, Թ․ Ֆասուլյաճյանը և ուրիշներ։ Արևելահայ դպրոցի սկզբնավորողներն են Գ․ Չմշկյանը, Ս․ Չմշկյանը, Մ․ Ամրիկյանը, Ք․ Արամյանը, Ա․ Մանդինյանը և ուրիշներ։ 1880 ական թթ․ այդ երկու ստեղծագործական ոճերի համատեղումով կազմավորվել է ազգային միասնական դերասանական դպրոցը։ Այն կապված է Պ․ Ադամյանի, Մ․ Մնակյանի, Դ․ Թրյանցի, Ե․ և Վ․ Գարագաշյանների, Ա․ Հրաչյայի, Մ․ Նվարդի և այլ անունների հետ, որոնցից նշանավորագույնը Պ․ Ադամյանն է՝ XIX դ․ հայ Դ․ ա–ի ամենաբարձր երևույթը։ XIX դ․ վերջի և XX դ․ սկզբի հայ բեմում, որպես դասական ռեալիզմի վարպետներ առանձնանում են Սիրանույշը, Տ․ Աբելյանը, Գ․ Պետրոսյանը, Ս․ Ադամյանը, Տ․ Զարիֆյանը։ XX դ․ առաջին կեսի հայ Դ․ ա–ում բացառիկ է Վ․ Փափազյանի դերը, որը դասական արվեստի փորձը հարստացրեց դարասկզբի թատերական արվեստի նորագույն ըմբռնումներով։ Սովետական շրջանի հայ Դ․ ա․ նշանավորվում է Հասմիկի (Թ․ Հակոբյան), Ա․ Ոսկանյանի, Մ․ Ջանանի, Օ․ Գուլազյանի, Վ․ Վաղարշյանի, Ա․ Ավետիսյանի, Մ․ Մանվելյանի, Հ․ Ներսիսյանի, Հ․ Խաչանյանի, Լ․ Զոհրաբյանի, Թ․ Սարյանի, Գ․ Ջանիբեկյանի, Ա․ Ասրյանի և այլոց անուններով։ Գրկ․ Շամիրխանյան Տ․, Դերասանական արվեստի հիմունքները, Ե․, 1938։ Հովհաննիսյան Հ․ Վ․, Բեմական խոսքի պոետիկան, Ե․, 1973։ Кокленстарший Б․, Искусство актера, Л․ –М․, 1937; Дидро Д․, Парадокс об актере, Л․ –М․, 1938; Станиславский К․ С․, Работа актера над собой, ч․ 1–2, Собр․ соч․, т․ 2-3, М․, 1954-55; Ершов П․ М․, Технология актерского искусства, М․, 1959; Захава Б․Е․, Мастерство актера и режиссера, 3 изд․, М․, 1973․ Հ․ Հովհաննիսյան

ԴԵՐԱՎԵԼ գյուղ Արևմտյան Հայասաանում, Բիթլիսի վիլայեթի Սղերդ գավառի Շիրվան գավառակում։ 1909-ին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

ԴԵՐԱՏԻԶԱՑԻԱ (ֆրանս․ deratisation, լատ․ de նախածանց, որ նշանակում է վերացում, ֆրանս․ rat առնետ), կրծողների ոչնչացում, որոնք վարակիչ հիվանդությունների (տուլարեմիա, ժանտախտ, լեյշմանիոզ) աղբյուր կամ փոխանցող են։ Դ․ հիմնականում տարվում է մկնակերպերի և համստերանմանների դեմ, որոնք ապրում են տափաստաններում, անտառներում, բնակավայրերում, ինչպես նաև ինքնաթիռներում և նավերում։ Լինում է կանխարգելիչ և բնաջնջող։ Կանխարգելիչ Դ․ կրծողներին սննդից զրկելը և նրանց բների ավերելն է․ բները ցեմենտապատում են կամ լցնում ապակու փշրանքներով։ Էլեկտրահաղորդալարերի, ջրատար, կոյուղու և ջեռուցման խողովակների անցման տեղերում ճեղքերը փակում ևն, իսկ օդափոխման անցքերը՝ պատում մետաղյա ցանցերով։ Բնաջնջող Դ․ իրակա–նացնում են հատուկ կանխարգելիչ հիմնարկությունները (ախտահանման–դերատիզացիոն կայաններ, անասնաբուժական ծառայություն)։ Դ–ի նպատակով օգտագործում են քիմ․ (զոոկումարին, ռատինդան, ցինկի ֆոսֆիդ, կրիսիդ), կենսաբանական (շներ, կատուներ, բակտերիային կուլտուրա) և մեխանիկական (թակարդներ, ճզմիչներ) միջոցներ։ Բեռնատար նավերը Դ–ի են ենթարկվում գազանման նյութերով՝ կապտաթթու, բրոմմեթիլ, ծծմբաթթու։

ԴԵՐԲԱՅ բայի անդեմ ձև, որն արտահայտում է գործողության ընթացք, առանց ժամանակային կոնկրետացման։ Օժտված է բայիմաստով և բայ խոսքի մասի հիմնական կարգերով՝ սեռով ու խնդրառությամբ։ ժամանակակից հայերենն ունի ութ Դ․, որոնք ըստ գործառական արժեքի բաժանվում են երկու խմբի՝ անկախ կամ ինքնուրույն կիրառություն ունեցող (անորոշ, զուգընթացական, հարակատար, ենթակայական) և կախյալ կամ ինքնուրույն կիրառություն չունեցող (անկատար, կատարելի, վաղակատար, ժխտման)։ վերջինները միայն ձևակազմական արժեք ունեն և մասնակցում ևն բայի վերլուծա–կան ժամանակային ձևերի կազմությանը (գրում եմ, գրելու եմ, գրել եմ, չեմ գրի)։ Բուն Դ–ներից անորոշը (գրել, կարդալ) բայի ուղիղ ձևն է, հարաբերակցում է գոյականին, նախադասության մեջ հան–դես է գալիս նրան հատուկ պաշտոններով և հոլովվում է: Հարակատարը և ենթակայականը (գրած, կարդացած, գրող, կարդացող) հարաբերակցում են ածականին և նախադասության մեջ կատարում ածականին հատուկ պաշտոններ։ Կրավորական, ինչպես նաև չեզոք սեռի մի շարք բայերի հարակատարը մասնակցում է բայի սահմանական եղանակի հարակատար ժամանակների կազմությանը (կանգնած եմ, գրված է)։ Զուգընթացական Դ․ (գրելիս, կարդալիս) հարաբերակցում է մակբային և նախադասության մեջ կատարում ժամանակի պարագայի պաշտոն՝ ցույց տալով հիմնական գործողությանը զուգընթաց կատարվող գործողություն։ Տարակատար և զուգընթացական Դ–ները մասնակցում են նաև երկրորդական վերլուծական ժամանակների կազմությանը (գրած եմ լինում, գրելիս եմ լինում)։ Գրաբարն ունի անորոշ կամ աներևույթ (գրել, խօսիլ, գնալ, թողուլ), ներկա (գրող), անցյալ (գրեալ) և ապառնի (գրելոց) Դ–ներ։

Գրկ․ Աբրահամյան Ա․, Հայերենի դերբայները և նրանց ձևաբանական նշանակությունը, Ե․, 1962։ Ջահուկյան Գ․, Ժամանակակից անդեմ բայաձևերը («դերբայներ»), «ԲԵՀ», 1975, No 3։

Ն․ Պառնասյան

ԴԵՐԲԱՅԱԿԱՆ ԴԱՐՁՎԱԾ նախադասության՝ դերբայով արտահայտված անդամ՝ իր լրացումների հետ միասին։ Վերջիններս կոչվում են նախադասության երկրորդական անդամներ։ Դրանք կամ անմիջականորեն կապվում են դերբայի հետ որպես կողմնակի ենթակա (Պետրոսի գրած նամակը սրտառուչ էր), ստորոգելիական վերադիր (Ուսանող դառնալը նրա երազանքն էր), խնդիր, պարագա կամ լրացնում են վերջիններս որպես որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ։ Տրոհված Դ․ դ․ ստանում է հատուկ կետադրություն։

ԴԵՐԲԵՆԴ պարսկերեն դեր դուռ և բենդ կապ Դարբանդ, քաղաք Դաղստանի ԻՍՍՀ–ում։ Նավահանգիստ և երկաթուղային կայարան։ 59 հզ․ բն․ (1971)։ Դ․ հիմնադրվել է V դ․ որպես բերդ, VII–IX դդ․ եղել է Արաբական խալիֆաթի կազմում, X դ․ ֆեոդալական իշխանության կենտրոնն էր։ XIII դ․ գրավվել է մոնղոլների կողմից և անկում ապրել։ XVI XVII դդ․ և XVIII դ․ սկզբում եղել է Իրանի կազմում, 1722-ին միացել է Ռուսաստանին, բայց 1735-ին, Գյանջայի պայմանագրով, անցել է Իրանին։ Դերբենդի հայոց Աստվածածին եկեղեցին 1747-ին ստեղծվել է Դ–ի խանություն՝ Դ․ կենտրոնով, որը 1796-ին գրավել են ռուս, զորքերը։ 1813-ին Գյուլիստանի պայմանագրով վերջնականապես միացվել է Ռուսաստանին։ Բնակչությունն զբաղվում է այգեգործությամբ, խաղողագործությամբ և ձկնորսությամբ։ 1904-ի վերջերին Դ–ում հիմնադրվել է սոցիալ–դեմոկրատական խումբ, 1917-ի փետրվարին ստեղծվել է բանվորների և զինվորների դեպուտատների խորհուրդ։ 1917-ի դեկտեմբերին հաստատվեւ է սովետական իշխանություն։ 1918–20-ին Դ․ գտնվել է բուրժուական նացիոնալիստների ձեռքին։ 1920-ի մարտին Կարմիր բանակն ազատագրել է Դ․։ Ունի բրդյա մանվածքի ֆաբրիկա, որը հումք է մատակարարում ՌՍՖՍՀ–ի, Անդրկովկասի և Միջին Ասիայի գորգագործական ձեռնարկություններին, պահածոների, կոնյակի, մսի կոմբինատներ, հաստոցաշինական ու գյուղատնտ․ տեխնիկումներ, բժշկական, մանկավարժական ուսումնարաններ, գորգագործական դպրոց, լեզգիական թատրոն։ Դ․ հատակագծման բնույթով բաժանվում է վերին (հին, նեղ ու կորագիծ փողոցներով) և ներքին (XIXXX դդ․ երկրորդ կեսի կառուցապատումով ու փողոցների ուղղանկյուն ցանցով) մասերի։ Պահպանվել են՝ Ջումա մզկիթի (VIII–XIV դդ․) և մեդրեսեի (XVXIX դդ․) համալիրը, Մինարե (XIV–XIX դդ․), Կրխլյար (XVI ղ․) մզկիթները, թաղա–գմբեթածածկ բաղնիքներ (XVII –XVIII դդ․), խանի դամբարանը (XVIII դ․)։ Դերբենդ քաղաքի մասին վկայություններ ունեն Մովսես Խորենացին, Եղիշեն, Մովսես Կաղանկատվացին։ 1900-ական թթ․ սկզբներին Դ․ ունեցել է 16 հզ․ բնա–