քային խնդիրների լուծումից։ Ի., միաժամանակ, կոնկրետ գիտությունների համար կատարում է մեթոդաբանական ֆունկցիա։ Հայ միջնադարյան փիլիսոփայության մեջ Ի-յան հարցերի մշակումը մի կողմից կրել է քրիսաոնեական-ասավածաբանական փիլիսոփայության ազդեցությունը, իսկ մյուս կողմից, սերտորեն շաղկապված է եղել տրամաբանության հարցերի մշակման հետ։ Առաջին միտումը, որը սկզբնավորվում է Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ով, հետագայում արտացոլվել է դավանաբանական վեճեր արծարծող գործերում (Հովհան Մանդակունի, Գրիգոր Մագիստրոս և ուրիշներ): Երկրորդ միտումը, որն իր ակունքներն ունի անտիկ փիլիսոփայության մեջ և ցայտունորեն դրսևորվել է հայ փիլիսոփայության մեջ, սկզբնավորել է Դավիթ Անհաղթը։ Դրա ականավոր ներկայացուցիչներն են Հովհաննես Երզնկացին, Գրիգոր Տաթևացին, Հովհան Որոտնեցին, Վահրամ Րաբունին, Սիմեոն Ջուղայեցին և ուրիշներ։ Միջնադարյան հայ Ի-յան զարգացման ընթացքում ձևավորվում է նոմինալիստական գիծը, որը դառնում է գերիշխող։ Նոր շրջանի հայ փիլիսոփայության մեջ (XVIII դ. վերջից սկսած) ներկայացված են Արևմուտքի իմացաբանական դասական դպրոցները։ XIX դ. արդեն գոյություն ունեն ձևավորված ինդուկտիվիստական (Ա. Բագրատունի, Գ. Կոստանդյան) և դեդուկտիվիստական (Պ. էմմանուելյան, Ա. Գարագաշյան, Ա. Գուրգենյան, է. Սիրունյան) ուղղությունները, իրենց չափավոր և ծայրահեղ դրսևորումներով։ Կազմավորվում է Ի-յան մատերիալիստական ուղղությունը (Մ. Նալբանդյան, Հ. Ավաճյան): Հայ իրականության մեջ մարքսիզմի տարածման հետ է կապված Ի-յան դիալեկտիկամատերիալիստական ըմբռնման ձևավորումը (Ա. Շահումյան, Մ. Սպանդարյան): Այդ շրջանի համար հիշարժան է պայքարը հայկ. մախիզմի իմացաբանական դպրոցի դեմ (Ֆրանգյան և նրա շուրջը համախմբվածներ): Սովետական շրջանում Ի. ստացել է ընդգծված դիալեկտիկամատերիալիստական բնույթ (Արիսյան, Հ. Գյուլիքևխյան): Բուն իմաստով իմացաբանական խնդիրները սկսում են մշակվել 50-ական թթ.։ 60-ական թթ. Ի-յան մշակումը սերտորեն առնչվել է տրամաբանական-մեթոդաբանական խնդիրների հետ։
Գրկ. տես Դիալեկտիկական մատերիալիզմ, Դիալեկաիկա հոդվածների գրականությունը։
ԻՄԲԻՐ տես Կոճապղպեղ։
ԻՄԵՐԵԹԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ հայ մատենագրության մեջ՝ Բաշիաչուխ ուշ միջնադարի վրացական ֆեոդալական քաղաքական միավորում։ Առաջացել է XV դ. վերջին։ Մայրաքաղաքն էր Քութայիսին։ Հիմնական բնակիչները իմերելներն էին։ Ի. թ. ֆեոդալական միապետություն էր։ Սկզբնական շրջանում ընդգրկում էր Արևմտյան Վրաստանի ամբողջ տերիտորիան, հետագայում սահմանափակվեց նրա արլ. հատվածով։ XVI դ. սկզբից Ի. թ. վասալական կախման մեջ ընկավ օսմանյան Թուրքիայից։ Երկիրը տնտ. և քաղ. ծանր վիճակի հասցրին միջֆեոդալական երկպառակությունները։ Տարածվեց գերեվաճառությունը։ Անկում ապրեց մշակույթը։ Ալեքսանդր III թագավորը (1639-60) թուրք, կախումից ազատվելու համար օգնություն խնդրեց Ռուսաստանից և հավատարմության ուխտ կնքեց ռուս, ցարի հետ (1651), սակայն որևէ իրական արդյունքի չհասավ։ Ի. թ. վերելք ապրեց Սողոմոն 1-ի (1752-84) օրոք, որն ամրապնդեց թագավորական իշխանությունը, Խրեսիլի ճակատամարտում (1757) հաղթեց թուրքերին, հակաթուրքական ռազմ, դաշինք կնքեց (1758) Քարթլի-Կախեթի թագավոր Հերակլ II-ի հետ։ 1774-ի Քյուչուկ-Կայնարջիի ռուս-թուրքական հաշտության պայմանագրով վավերացվեցին այդ հաջողությունները։ Սողոմոն I 1784-ին ձեռնամուխ եղավ նաև Գուրիայի ազատագրմանը, սակայն պարտություն կրեց։ 1804-ին Սողոմոն II ընդունեց Ռուսաստանի հովանավորությունը և դարձավ ինքնավար կառավարիչ, սակայն 1811-ին Ի. թ. վերածվեց Ռուսական կայսրության Իմերեթիայի մարզի, իսկ հետագայում կազմեց Քութայիսիի նահանգի մի մասը։
Գրկ. Вахушти Багратиони, История царства Грузинского. Тб., 1976. Կ. ԿԿ Չխատաբայշվիլի, Ս Երեմյան
ԻՄԵՐԵԹԻԱ Իմերեթ, Իմերեթի, պատմական մարզ Արևմտյան Վրաստանում (Ռիոն գետի և նրա վտակների միջին հոսանքում ընկած ավազանը): Կենտրոնը՝ Քութայիսի։ XV դ. վերջին ինքնուրույն ֆեոդալական թագավորություն էր (տես Իմերեթական թագավորություն):
ԻՄԵՐԵԼՆԵՐ Վրաստանի Իմերեթիա պատմական մարզում ապրող վրացիներ։ Խոսում են վրացերենի իմերեթական բարբառով։ Անցյալում զանազանվում էին մշակույթի և կենցաղի տեղական առանձնահատկություններով։
ԻՄԵՐԽԵՎԻ (ն. Կովալևսկ, Կովալեցկի), հայաբնակ գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գագրայի շրջանում, շրջկենտրոնից 27 կմ հյուսիս-արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, շերամապահությամբ, մեղվաբուծությամբ։ Ունի հայկ. տարրական դպրոց։ Գյուղը հիմնել են Չարշամբայից եկած հայերը, 1894-ին։
ԻՄԵՐՄԱՆ (Immermann) Կարլ Լեբրեխտ (1796-1840), գերմանացի գրող, դրամատուրգ, թատերական գործիչ։ Կրթությամբ իրավաբան։ Հրատարակել է «Բանաստեղծություններ» (1822) ժողովածուն, «Կարդենիոն և Ցելինդան» (1826) ողբերգությունը, «Ալեքսիս» (1833) դրամատիկական եռերգությունը, «Մյունխհաուզենը» (1838) վեպը։ Ի. 1832-ին Դյուսելդորֆում կազմակերպել է թատրոն (աշխատել մինչև 1837-ը), որտեղ բեմադրվել են ազգային և համաշխարհային դրամատուրգիայի լավագույն գործերը։ Ի. մշակել է «Կանոններ»՝ սահմանելով դերասանների պարտականությունները։ Գրել է ուսումնասիրություններ թատրոնի մասին։
ԻՄԻՏԱՑԻԱ նմանակում (լատ. imitatio նմանակում, նմանեցում), 1. որևէ մեկին, ինչ-որ բանի նմանակում, վերարտադրում, կրկնություն։ 2. Կեղծում։ 3. Երաժշտության մեջ. բազմաձայն երաժշտական ստեղծագործություններում որևէ ձայնում շարադրված մեղեդային կառուցվածքի (թեմայի) անմիջական կրկնությունը մեկ այլ ձայնում։ Ի-ները միմյանցից տարբերակվում են սկսող և նմանակող ձայների դիրքային, ինտերվալային և ժամանակային հարաբերությամբ։ Նմանակող ձայնում թեման հանդես է գալիս անփոփոխ, տարբերակված կամ զգալի ձևափոխված։ Ի. երաժըշտական թեմատիկ նյութի պոլիֆոնիկ զարգացման, ինչպես նաև պոլիֆոնիկ ձևերի կառուցման կարևորագույն միջոցներից է (տես Ֆուգա, Կանոն): Է. Փաշինյան.
ԻՄԻՐՋԵԿ հնագիտական հուշարձան համանուն վայրում (Գեղարդից արևելք, Խոսրովի անտառում), հին գյուղատեղի։ Ի-ից արլ. պահպանվել են Գեղի (Քեղի) բերդը և վանքը։ Շրջակայքում կան հինգ հնագույն վիշապ-կոթողներ (4-5,20 մ երկարությամբ), որոնց վրա փորագրված են զանազան կենդանիների (եզներ, թռչուններ) պատկերներ։ Վիշապ-կոթողներից երկուսի վրա պատկերված եզների բերաններից ջուր է հոսում։
ԻՄՇԵՆԵՑԿԻ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ [ծն. 26.12.1904 (8.1.1905), Կիև], սովետական մանրէաբան, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1962): Ավարտել է Վորոնեժի համալսարանը (1926): 1930-ից աշխատում է ՍՍՀՄ ԳԱ մանրաբանության ինստ-ում (1949-ից՝ դիրեկտոր): Հիմնական աշխատանքները վերաբերում են միկրոօրգանիզմների մորֆոլոգիային, էկոլոգիական ֆիզիոլոգիային, բնության մեջ նյութերի շրջապտույտում նրանց կատարած դերին, ինչպես նաև տիեզերական կենսաբանության հարցերին։ Ի. հաստատել է բակտերիաների կորիզային ապարատի և բարձրակարգ օրգանիզմների բջջային կորիզների միջև գոյություն ունեցող տարբերությունը։ Ապացուցել է (1954) ամոնիակի օքսիդացման հնարավորությունը նիտրիֆիկացնող բակտերիաներից ստացվող ոչ բջջային պատրաստուկներով, ստացել որոշ բակտերիաների և Candida ցեղի խմորասնկերի պոլիպլոիդ կուլտուրաներ։
ԻՄՊԵԴԱՆՍ անգլ. impedance լատիներեն impedio խոչընդոտել 1. էլեկտրական իմպեդանս, սինուսոիդային լարումների և հոսանքների դեպքում էլեկտրական ցանկացած բարդ գծային շղթայի լրիվ դիմադրության (տես Դիմադրություն էլեկտրական շղթայի), ներկայումս քիչ օգտագործվող անվանումը։ 2. Ձայնական իմպեդանս, տարբեր միջավայրերում և ձայնագիտական համակարգերում ձայնային դաշտը բնորոշող կոմպլեքս դիմադրություն՝ ձայնային ճնշման և մասնիկների տատանողական արագության կոմպլեքս ամպլիտուդների հարաբերությունը։ Կոմպլեքս իմպեդանսի իրական մասը բնորոշում է ձայնային դաշտի էներգիայի կորուստները շփման և ճառագայթման հետևանքով, իսկ կեղծ բաղադրիչը՝ իներցիայի և առաձգական ուժերի հակազդեցությունը։ Մասնիկների շեղման կետային (կամ միավոր մակերեսին վերաբերող) արագության դեպքում Ի. կոչվում է տեսակարար ձայնական Ի.։