Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/552

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արթիկի, Կիրովականի, Ալավերդու մասնաճյուղերը: Ունի ուսումնա–արաադրական կոմբինատ: Արտադրում է մանվածք և գործվածք: Արտադրանքն իրացվում է միութենական բոլոր հանրապետություններում: Միավորման գլխամասային ձեռնարկությունը Լենինականի Մայիսյան ապստամբության անվ. տեքստիլ կոմբինատն է, որը Հայկ. ՍՍՀ տեքստիլ արդյունաբերության առաջնեկը և ամենախոշոր ձեռնարկությունն է: Հիմնադրվել է 1924-ին Իվանովո–Վոգնեսենսկի նահանգի Վիչուգա քաղաքի տեքստիլագործների օգնությամբ: Նույն տարում կոմբինատը տվել է առաջին արտադրանքը: Կոմբինատի կազմավորման և ամրապնդման տարիներին (1920–30-ական թթ.) այնտեղ են եղել պետական և կուսակցական ականավոր գործիչներ Վ. Վ. Կույբիշևը, Մ. Ի. Կալինինը, Ա. Ֆ. Մյասնիկյանը, Դ. Կ. Օրջոնիկիձեն, Ա. Ի. Միկոյանը, Ս. Լուկաշինը, Ա. Խանջյանը, Ս. Համբարձումյանը, Ա. Մռավյանը: 1942-ին շահագործման է հանձնվել կոմբինատի ներկման ֆաբրիկան: Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941 –45) Լենինականի տեքստիլագործներն արտադրել են շուրջ 20 հզ. տ մանվածք և 104 մլն մ գործվածք: Նրանք պաշտպանական ֆոնդի օգտին հավաքել են ավելի քան 7 մլն ռուբլի: 2500 տեքստիլագործներ պարգևատրվել են «Հայրենական մեծ պատերազմում աշխատանքային արիության համար» և «Կովկասի պաշտպանության համար» մեդալներով: Կոմբինատի մանվածքային, գործվածքային, չթի, ներկման ֆաբրիկաները և այլ օժանդակ արտադրամասերը տարեկան թողարկում են ավելի քան 11 հզ. տ մանվածք և 81 մլն մ գործվածք (1977): Արտադրանքի շատ տեսակներ ստացել են որակի պետ. նշան: Կոմբինատի կոլեկտիվի օգնությամբ ՀՍՍՀ մի շարք քաղաքներում և շրջաններում հիմնվել են տեքստիլ ձեռնարկություններ: Կոմբինատի կոլեկտիվը բազմիցս արժանացել է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի, ՀԱՄԿԽ–ի, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի ու ՀԱՄԽ–ի փոխանցիկ դրոշներին: Հարյուրավոր առաջավորներ պարգևատրվել են ՍՍՀՄ շքանշաններով ու մեդալներով: Մի քանիսն ընտրվել են ՍՍՀՄ և ՀՍՍՀ Գերագույն սովետների դեպուտատ, ջուլհակուհի Ա. Պետրոսյանը, հրահանգիչ–ենթավարպետ Գ. Տոնոյանը արժանացել են սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման: Ենթավարպետ Մ. Ստեփանյանը պետական մրցանակի դափնեկիր է: Կոմբինատում լույս է տեսնում «Տեքստիլագործ» բազմատիրաժ թերթը: Կոմբինատն ունի իր կուլտուրայի պալատը, «Արագած» սպորտային ակումբը, մսուր–մանկապարտեզները, հանգստի պրոֆիլակտորիումը: Կոմբինատը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (1966), ժողովուրդների բարեկամության (1974) շքանշաններով:

ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ԳԱՎԱՌ, վարչական միավոր Հայկական ՍՍՀ–ում, 1924–1930 թթ.: Մինչ այդ Ալեքսանդրապոլի գավառ անվամբ եղել է Երևանի նահանգի (1849–1918), Հայաստանի Հանրապետության (1918-ի մայիս – 1920-ի նոյեմբեր) և ՀՍՍՀ (1920-ի դեկտեմբեր – 1924-ի փետրվար) կազմում: Լ. գ. իր մեջ միավորում էր ՀՍՍՀ Ախուրյանի (Դուզքենդի), Ամասիայի (Աղբաբայի), Անիի (Աղինի), Արթիկի, Թալինի, Ղուկասյանի (Ղզըլ–Ղոչի), Սպիտակի (Համամլուի) շրջանների և Լենինական, Արթիկ, Սպիտակ քաղաքների շրջագծերի մեջ մտնող բնակավայրերը:

ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ԳՈԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, Շիրակի գոգավորություն, բնամարզ Հայկական ՍՍՀ–ում: Ընդգրկում է Ախուրյանի շրջանը, Արթիկի և Անիի շրջանների մի մասը: Շրջանակված է Շիրակի, Փամբակի լեռնաշղթաներով և Արագած լեռնազանգվածով: Արմ.-ում միանում է Կարսի սարահարթին: Հատակը գտնվում է 1550–1600 մ բարձրության վրա: ՀՍՍՀ սահմաններում ունի 25–30 կմ երկարություն և 18–20 կմ լայնություն: Թեքված է դեպի հվ–արմ.: Տեկտոնական իջվածք է, լցված պլիոցենի և պլեյստոցենի մոտ 300–350 մ հզորության լճային, հրաբխային և նորագույն ալյուվիալ, պրոլյուվիալ և այլ նստվածքներով: Տարածված են տուֆերը: Բնակչությունն զբաղվում է հացահատիկի, շաքարի ճակնդեղի մշակությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ: Զարգանում է պտղաբուծությունը:

ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ԴԱՐԲՆՈՑԱ–ՄԱՄԼԻՉԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ, ՀՍՍՀ տեղական արդյունաբերության մինիստրության ձեռնարկություն, հիմնադրվել է 1912-ին, Հեքիմյանների մեխանիկական արհեստանոցի բազայի վրա: Մինչև 1958-ը կոչվել է մեխանիկական գործարան, թողարկել մետաղե մահճակալներ և կենցաղային առարկաներ: Վերակառուցվելով մեքենաշինական ձեռնարկության, զգալիորեն ընդարձակվել է և այժմ ունի հավաքման, մեխանիկական արտադրամասեր, նախապատրաստական, գործիքաշինական, փորձարարական, լայն սպառման առարկաների արտադրության, փաթեթավորման և ձուլման տեղամասեր: Հիմնական արտադրանքը 25 տոննանոց դարբնոցա–մամլիչ մեքենաներն են: Արտադրանքի մի մասն արտահանվում է արտասահմանյան երկրներ: Ձեռնարկությունը վերջին 20 տարում 6 անգամ արժանացել է համամիութենական և հանրապետական մրցանակների ու պարգևների: Գործարանի 30-ից ավելի աշխատողներ պարգևատրվել են ՍՍՀՄ շքանշաններով ու մեդալներով:

Նկարում` Տեսարան «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացումից (ըստ Հ. Պարոնյանի, 1934), ռեժ. Վ. Աճեմյան

Նկարում` Տեսարան Վ. Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» պիեսի ներկայացումից (1944), ռեժ. Վ. Աճեմյան

Նկարում` Տեսարան Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ» պիեսի ներկայացումից (1946), ռեժ. Վ. Աճեմյան

ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ, Ա. Մռավյանի անվան, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր պետական թատրոն (մինչև 1938-ը կոչվել է նաև Երկրորդ պետթատրոն), հիմնադրվել է 1928-ին, բացվել նոյեմբերի 1-ին «Խռովություն» ներկայացումով (ըստ Ֆուրմանովի, ռեժիսոր՝ Ա. Գուլակյան, նկարիչներ՝ Մ. Արուտչյան և Վ. Շերիշև): Նախապես ստեղծագործական խմբի կազմը հիմնականում բաղկացած էր տեղի Քաղլուսվարի թատրոնի և Մոսկվայի հայկ. դրամատիկական ստուդիայի նորավարտ սաներից՝ Ա. Արաքսյան, Բ. Գաբրիելյան, Ա. Ռշտունի, Ա. Մկրտումյան, Ս. Սուրենյան, Արծ. Հարությունյան, Ա. Երամյան և ուրիշներ: Ռեժիսորներ՝ Թ. Սարյան, Վ. Աճեմյան, նկարիչ՝ Վ. Շերիշև: Շուտով այն համալրվեց նոր ուժերով՝ Ա. Արմենյան, Լ. Զոհրաբյան, Ց. Ամերիկյան, Ե. Դուրյան–Արմենյան, Ա. Ասրյան, Մ. Գավռոշ, Մ. Հայկասար, Գ. Հարությունյան, Հ. Բադալյան, Ա. Սանամյան, Կ. Արծրունյան, Ա. Փաշայան, Ժ. Էլոյան, Ա. Բերոյան: Այստեղ աշխատել են նաև Լ. Երամյանը, Մ. Ջանանը, Սուր են Քոչարյանը, Դ. Մալյանը, Մ. Կոստանյանը: Բեմադրություններ են ունեցել Ռ. Սիմոնովը, Ս. Խաչատրյանը, Լ. Քալանթարը, Ա. Գուլակյանը, Դ. Անտաձեն, Վ. Վաղարշյանը, Վ. Փափագյանը, Ա. Արմենյանը, Տ. Շամիրխանյանը: Թատրոնի ստեղծագործական կյանքում մեծ է հատկապես Վ. Աճեմյանի վաստակը: Բ. Լավրենյովի «Բեկում», Ս. Բաղդասարյանի «Մարոկկո» (1929), Վ. Կիրշոնի «Հաց» (1931), Ն. Պոգոդինի «Իմ բարեկամ» (1938), Զ. Զաբարլիի «1905 թվին» (1937), Ա. Կապլերի և