Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/587

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արհեստավորները, մանր առևտրականները: Լևելլերների կողմնակից էին դեմոկրատական հանրապետության՝ միապալատ պառլամենտով, համընդհանուր ընտրական իրավունքով, օրենքի առաջ բոլոր քաղաքացիների հավասարությամբ: Պահանջում էին առևտրի ազատություն, հարկերի թեթևացում, եկեղեցական տասանորդի վերացում, բայց կտրականապես դեմ էին մասնավոր սեփականության և ազնվականական հողատիրության վերացմանը: Լևելլերների նման դիրքորոշումը վանեց նրանցից չքավոր բնակչությանը, որը և եղավ Լևելլերների պարտության գլխավոր պատճառը: 17-րդ դ. 50-ական թթ. Լևելլերները տրոհվելով մանր խմբերի, աստիճանաբար հեռացան քաղաքական ասպարեզից:

ԼԵՎԵՆՀՈՒԿ (Lecuwenhock) Անտոնի Վան (1632 թ. հոկտեմբերի 24, Դելֆթ – 1723 թ. օգոստոսի 26, նույն տեղում), հոլանդացի բնագետ, գիտական միկրոսկոպիայի ստեղծողը: Լոնդոնյան թագավորական ընկերության անդամ (1680-ից թ.): Լևենհուկը պատրաստել է ոսպնյակներ, որոնք 150–300 անգամ խոշորացնում էին դիտվող օբյեկտը: Այդպիսի «մանրադիտակով» Լևենհուկը առաջին անգամ տեսավ սպերմատոզոիդները (1677 թ.), բակտերիաները (1683 թ.), էրիթրոցիտները, ինչպես նաև ինֆուզորիաները, առանձին բուսական ու կենդանական բջիջներ: Լևենհուկն առաջինը ուտիճների մոտ նկարագրեց կուսածնությունը (1695–1700 թթ.): Իր հայացքներով Լևենհուկը պրեֆորմիստ էր (տես Պրեֆորմիզմ), ընդունում էր

որ սպերմատոզոիդում պարունակվում է արդեն ձևավորված սաղմը և ժխտում էր ինքնածնության հնարավորությունը:

ԼԵՎԵՐԻԵ, Լը Վերիե (Le Verrier) Ուրբեն Ժան Ժոզեֆ (1811 թ. մարտի 11, Սեն–Լո – 1877 թ. սեպտեմբերի 23, Փարիզ), ֆրանսիացի աստղագետ: Փարիզի ԳԱ ակադեմիկոս (1846 թ.): Ավարտել է Պոլիտեխնիկական դպրոցը (1833 թ.): 1846 թ.-ից ղեկավարել է Փարիզի համալսարանի երկնային մեխանիկայի ամբիոնը: 1854 թ.-ից եղել է Փարիզի աստղադիտարանի դիրեկտորը: Աշխատանքները վերաբերում են երկնային մեխանիկայի հարցերին: 1845 թ.-ին ուսումնասիրել է Ուրան մոլորակի շարժման անճշտությունները և ցույց տվել, որ դրանց պատճառը Ուրանի ուղեծրից դուրս անհայտ մոլորակն է: 1846 թ.-ին հաշվել է այդ մոլորակի դիրքը: Նույն թվականին, ըստ Լևերիեի հաշվարկած կոորդինատների, գերմանացի աստղագետ Յ. Գալլեն հայտնաբերեց այդ մոլորակը, որը հետագայում անվանվեց Նեպտուն:

ԼԵՎԻ (Levi) Կարլո (1902 թ. նոյեմբերի 29, Թուրին), իտալացի գրող, նկարիչ, հասարակական գործիչ, կրթությամբ բժիշկ: 1935 թ.-ին աքսորվել է հակաֆաշիստական գործունեության համար: Դիմադրության շարժման մասնակից: «Քրիստոսը կանգ է առել Էբոլում» (1945 թ.) գրքում Լևին պատմում է ֆաշիզմի օրոք գյուղացիների ծանր կյանքի մասին: Հրատարակել է «Քար բառեր» (1955 թ.), «Ամբողջ մեղրն արդեն վերջացել է» (1964 թ.) ակնարկների ժողովածուները: «Ապագան հին, բարի հոգի ունի» (1956 թ.) գիրքը գրողի ՍՍՀՄ կատարած այցելության օրագիրն է: Լևին որպես նկարիչ ձևավորվել է 1920-ական թթ., 1950-ական թթ. դարձել սոցիալ–ռեալիստական ուղղության ականավոր ներկայացուցիչը: Ստեղծել է Լուկանիայի գյուղացիների ընդհանրացված կերպարներ: Լևին ժամանակակից Իտալիայի հասարակական առաջադիմական շարժման ակտիվ գործիչ է:

ԼԵՎԻ (Loewi) Օտտո (1873 թ. հումիսի 3, Մայնի Ֆրանկֆուրտ – 1961 թ. դեկտեմբերի 25, Նյու Յորք), ավստրիացի ֆիզիոլոգ, դեղաբան, բժշկագիտության դոկտոր (1896 թ.): 1909–1938 թթ.-ին եղել է Գրացի համալսարանի պրոֆեսոր, 1940 թ.-ից Նյու Յորքի համալսարանի բժշկական կոլեջի պրոֆեսոր: Նյարդային դրդման քիմիական հաղորդման տեսության ստեղծողներից է: Լևին ցույց տվեց, որ սրտի աշխատանքի կարգավորումն իրականանում է նյարդային վերջույթներից արտազատվող ֆիզիոլոգիական ակտիվ նյութերով՝ մեդիատորներով: 1936 թ.-ին (Հ. Դեյլի հետ համատեղ) ստացել է նոբելյան մրցանակ:

ԼԵՎԻ–ԲՐՅՈՒԼ (Levy-Bruhl) Լյուսիեն (1857 թ., Փարիզ – 1939 թ., Փարիզ), ֆրանսիացի փիլիսոփա և հոգեբան–պոգիտիվիստ: Առավելապես հայտնի է իր նախնադարյան «մինչտրամաբանական մտածողության» տեսությամբ: Հակադրվելով Է. Թեյլորի և մյուս էվոլյուցիոնիստների տեսակետին, որի համաձայն նախնադարյան մարդը («փիլիսոփայող վայրենին») մտածել է նույնքան տրամաբանորեն, որքան ժամանակակիցը, Լևի–Բրյուլը հաստատել է, որ «ցածր հասարակության» մեջ տիրապետում են «անհատական պատկերացումներից» սկզբունքորեն տարբեր «խմբային պատկերացումները»: Թեև Լևի–Բրյուլը ենթադրում էր, որ տարբեր հասարակական կառուցվածքներին հատուկ է տարբեր մտածելակերպ, այնուամենայնիվ, «մինչտրամաբանական մտածողությունը» հատուկ չէր համարում միայն հետամնաց ժողովուրդներին. անձնական փորձի սահմաններում «նախնադարյան մարդը» մտածում և գործում է ժամանակակցի նման, իսկ ժամանակակից կյանքում ևս կան երևույթներ (կրոն, բարոյականություն), ուր դրսևորվում են խմբային պատկերացման գործողությունները, կիրառելի չեն տրամաբանական օրենքները: Չնայած որոշ սխեմատիզմին և միակողմանիությանը, Լևի Բրյուլի հայացքները հետաքրքիր են իբրև մտածողության հոգեբանության պատմական փոփոխությունների ուսումնասիրման փորձ:

ԼԵՎԻՆԵ (Levine) Էյգեն (Եվգենի) (1883–1919 թթ.), գերմանական բանվորական շարժման գործիչ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ակտիվորեն մասնակցել է «Սպարտակ միության» գործունեությանը, այնուհետև՝ 1918 թ.-ի Նոյեմբերյան հեղափոխությանը և 1919 թ.-ի Հունվարյան ապստամբությանը: Եղել է ԳԿԿ–ի հիմնադիր համագումարի (1918 թ.-ի դեկտեմբերի 30–1919 թ.-ի հունվարի 1) պատգամավոր: Բավարական Սովետական Հանրապետության հռչակումից հետո Լևինեն գլխավորել է նրա Գործադիր խորհուրդը (գերագույն գործադիր մարմինը): Հանրապետության ջախջախումից հետո գնդակահարվել է ռազմա–դաշտային դատարանի վճռով:

ԼԵՎԻՆՍՈՆ–ԼԵՍԻՆԳ Ֆրանց Յուլիևիչ [1861 թ. փետրվարի 25 (մարտի 9), Պետերբուրգ – 1939 թ. հոկտեմբերի 25, Լենինգրադ], սովետական երկրաբան և պետրոգրաֆ: ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1925 թ.): 1883 թ.-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը:

1892–1902 թթ.-ին եղել է Յուրիևի (այժմ Տարտու) համալսարանի, իսկ 1902–1930 թթ.-ին՝ Պետերբուրգի (Լենինգրադ) պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր: 1921 թ.-ից ղեկավարել է Լենինգրադի համալսարանի պետրոգրաֆիայի ամբիոնը: 1925–1939 թթ.-ին Լևինսոն Լեսինգը ՍՍՀՄ ԳԱ–ում կատարել է գիտակազմակերպական մեծ աշխատանք. եղել է Քարային շինանյութերի բաժնի և Բնական արտադրողական ուժերի հետազոտման հանձնաժողովի հողերի բաժնի կազմակերպիչ և նախագահ, Երկրաբանական թանգարանի և Վ. Վ. Դոկուչաևի անվան հողերի ինստիտուտի դիրեկտոր (1925–1929 թթ.), Պետրոգրաֆիայի ինստիտուտի կազմակերպիչ և դիրեկտոր (1930–1938 թ.), Կամչատկայի Հրաբխագիտական կայանի կազմակերպիչ և առաջին դիրեկտոր, Կասպից ծովի համակողմանի հետազոտման հանձնաժողովի նախագահ (1934–1939 թթ.), ՍՍՀՄ ԳԱ Ադրբեջանական և Հայկական մասնաճյուղերի նախագահ: Նա գլխավորել է Անդրկովկասի (Հայաստան) ակադեմիական հանձնաժողովը: Լևինսոն–Լեսինգ մի քանի անգամ այցելել է ՀՍՍՀ և ղեկավարել ՍՍՀՄ–ը ականավոր երկրաբաններից կազմված համալիր արշավախմբերի աշխատանքները Արագածում և Սևանա լճի ավազանում (1927–1929 թթ.): Նրա բազմաթիվ (ավելի քան 200) աշխատություններում լուսաբանված են պետրոգրաֆիայի, միներալոգիայի, բյուրեղագիտության, հրաբխագիտության և երկրաբանության այլ բնագավառների մի շարք տեսական հարցեր:

Երկեր՝ Петрография, 5 изд. Л.– M., 1940; Избр. труды 1–4, M.–Л., 1949–1955 гг.

ԼԵՎԻ–ՉԻՎԻՏԱ (Levi-Civita) Տուլիո (1873 թ. մարտի 29, Պադուա–1941 թ.դեկտեմբերի 29, Հռոմ), իտալացի մաթեմատիկոս և մեխանիկ: Պադուայի (1898–1918 թթ.) և Հռոմի (1918–1938 թթ.) համալսարանների պրոֆեսոր: Ի մի է բերել տենզորական անալիզը (1901 թ.): Առաջադրել և լուծել է երեք մարմնի