Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/699

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խ, հայերեն այբուբենի տասներեքերորդ տառը։ Անունն է խե։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը՝ տառակերտման՝ սեփական սկզբունքով։ Կազմված է երեք ուղղաձիգ՝ երկար և դրանից աջ, կենտրոնում, միմյանցից հավասար հեռավորության վրա գտնվող կարճ և լայն տարրերից։ Հորիզոնական նուրբերով կարճը վերևից միանում է երկարին, իսկ լայնը ներքևից միանում է կարճին՝ խ։ Ունի բոլոր հինգ տառատեսակները, որոնցում պահպանել է գծագրական յուրահատկությունները՝ ենթարկվելով տառատեսակի առանձնահատկություններին։

Գրչագիր Խ գրվում է երկու տողերի միջև։ Ներդաշնակության համար լայնը հավասարվել է կարճին՝ խ, հաճախ աջ կողմի երկու տարրերը իջել են մինչև ստորին տողագիծը և հավասարվել երկարին։ Գրվում է ուղղաձիգ և աջ թեքված՝ խ։ Օգտագործվում է բոլորգրում որպես գլխագիր, հաճախ երկարը սրությամբ իջնում է տողից ցած։

Երկաթագիր Խ ստեղծվել է գրչագրի հենքից, որտեղ կարճը և լայնը իրար են միանում կոր նուրբով՝ Խ․ գեղագրության նկատառումներով հաճախ նրանք ևս կորանում են։ Երկաթագիրն օգտագործվում է նաև որպես գլխագիր, որտեղ երկարը ձգվում է վերև, իսկ ստորին մասը իջնում տողագծից ցած՝ բարակող ծայրով։

Բոլորգիր Խ, որը նույնպես ստեղծվել է գրչագրի հենքից, ի տարբերություն նախորդների, գտնվում է մի տողագծի վրա, ընդ որում, կարճով և լայնով նստում է տողագծին՝ Խ, իսկ երկարը վերին մասից երկարում է վերև, ստորին մասով իջնում ցած։ Բոլորգրից ստեղծվել է շղագիրը՝ ապա նոտրգիրը (XIV դարում)՝ խ։

Խ նշանագրում է հայերենի ետնալեզվային պարզ շփական խուլ բաղաձայն հնչյունը (հնչույթը)։ Ե'վ գրաբարում, և՝ միջին հայերենում, և՝ ժամանակակից հայերենում Խ պահպանում է իր հնչույթային արժեքը։ Երբեմն սահմանափակ թվով բառերում ղ ձայնեղ հնչյունը, խլանալով, հնչում է խ (թուխտ<թուղթ, մախթէլ<մաղթել)։ Բարբառներում կան խ>հ և հ>խ փոփոխություններ (խաղալ>հաղալ, խուրձ>հուրձ, նախիր >նահիր և հագար > խազար, հինգ>խինգ ևն)։

Խ նշանակել է քառասուն և քառասուներորդ, բյուրի նշանով (Խ)՝ չորս հարյուր հազար։ Արաբ, թվանշանների գործածությունից հետո էլ օգտագործվել է քանակական և դասական թվականի արժեքներով։ Այժմ օգտագործվում է միայն դասական թվականի նշանակությամբ (Գլուխ Խ= Գլուխ քառասուներորդ)։ Ա․ Մաթևոսյան․


ԽԱԲԱՐՈՎՍԿ, քաղաք, ՌՍՖՍՀ Խաբարովսկի երկրամասի կենտրոնը։ Տրանսպորտային խոշոր հանգույց է, նավահանգիստ Ամուրի ափին։ 524 հզ․ բն․ (1977)։ Կան մեքենաշինական, նավթավերամշակման, փայտամշակման, թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, պոլիտեխնիկական, երկաթուղային տրանսպորտի ինժեներների, բժշկ․, մանկավարժական, կուլտուրայի և ֆիզկուլտուրայի ինստ–ներ, 3 թատրոն, հայրենագիտական թանգարան և պատկերասրահ։ Հիմնադրվել է 1858-ին։


ԽԱԲԱՐՈՎՍԿԻ ԵՐԿՐԱՄԱՍ, ՌՍՖՍՀ կազմում, ստեղծվել է 1938-ի հոկտեմբերի 20-ին։ Գտնվում է Հեռավոր Արևելքի հվ․ կեսի կենտրոնական մասում, Խաղաղ օվկիանոսի ափին։ Սահմանակից է Չինաստանին, ողողվում է Օխոտի և Ճապոնական ծովերով, Թաթարական և Նևելսկու նեղուցներով անջատվում է Սախալինից։ Տարածությունը 824,6 հզ․ կմ2 է, բն․՝ 1524 հզ․ (1977)։ Բաժանվում է 21 վարչական շրջանի, ունի 9 քաղաք, 42 քտա։ Կենտրոնը՝ Խաբարովսկ։ 1965-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Բնությունը։ Ափագիծը 2500 կմ է, թույլ կտրտված։ Գերակշռում է լեռնային ռելիեֆը (ավելի քան 70%-ը)։ Հվ–արմ–ում Տուրանի, Էզոպի, Փոքր Իփնգանի, Բուրեյան լեռներն են (750–2640 մ բարձրությամբ), հվ–արլ–ում՝ Սիխոտե–Ալինի մի շարք լեռնաշղթաներ (700–1400 մ, բարձր գագաթը՝ Տարդոկի–Ցանի լեռն է, 2077 մ), հս–ում՝ Զագդի, Սելեմջայի, Մայսկի, Ստանովոյ, Սունտար–Խայատա լեռները (ամենաբարձր գագաթը երկրամասում 2933 մ է), Օխոտի ծովին զուգահեռ՝ Ուլինսկի և Զուգջուրի լեռներն են (մինչև 2000 մ), ապա՝ Ցուդոմո–Մայսկիի բարձրավանդակը (800–1200 մ), հվ–ում՝ Ստորին ու Միջին Ամուրյան, Էվորոն–Տուգուրյան, իսկ հս–ում՝ Օխոտի բարձրավանդակները։ Կլիման մուսոնային է։ Հունվարի միջին