Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


հոդվածներն ու ուսումնասիրությունները:Մեծ տեղ է հատկացրել արևմտաեվրոպական գրականությանը, թարգմանաբար լույս ընծայել Շեքսպիրի, Դանթեի, Գյոթեի, Մոպասանի, Բալզակի, Զուդերմանի, Ֆրանսի, Իբսենի երկերից, նյութեր հրատարակել ականավոր գրողների (Սերվանտես, Շիլլեր, Գյոթե, Հայնե, Տոլստոյ, Հաուպտման, Չեխով) մասին:

Մ.Հակոբյան

«ԾԱՂԻԿ», գրական, հասարակական–քաղաքական տասնօրյա, ապա՝ կիսամսյա հանդես: Լույս է տեսել 1861–67-ին, Զմյուռնիայում և Կ. Պոլսում: Խմբագիրներ՝ Գ. Չիլինկիրյան, Ա. Հայկունի, Մ. Մամուբյան: Պրոպագանդել է առաջադիմական–դեմոկրատական, սոցիալ–քաղ. և ազգային–ազատագրական հայացքները, ձաղկել պահպանողական մամուլը: Սատարել է աշխարհաբարի և հայ նոր գրականության զարգացմանը: Ընթերցողներին ծանոթացրել է Մ. Նալբանդյանի աշխարհայացքին, նյութեր հրապարակել նրա կյանքի ու գործունեության մասին: Պարզաբանել է Ազգային սահմանադրության էությունը, պայքարել նրա գործադրության համար: Տպագրել է Ն. Հայկունու, Գ. Չիլինկիրյանի գրական–հրապարակախոսական գործերը, Մ. Մամուրյանի «Անգլիական նամականի», «Զմյուռնիական նամականի» երկերը, Վ. Հյուգոյի, Ալ. դը Մյուսեի, էմ. դը ժերարդենի, Վ. Լանգլուայի, Ռասինի ստեղծագործությունները, նյութեր՝ նվիրված կրթության ու դաստիարակության, թատրոնի զարգացման, մամուլի դերի, տնտեսագիտության, կանանց ազատագրության, ազգապահպանման ու համախմբման հարցերին: Լուսաբանել է Զմյուռնիայի հասարակական և մշակութային կյանքը:

Մ. Հակոբյան

ԾԱՂԿԱԲԵՐ (մինչև 1967-ը՝ Ծաղկաշեն), գյուղ Հայկական ՍՍՀ Սպիտակի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հարավ–արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, ճակնդեղի, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և բանջարաբուծությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կենցաղսպասարկման տաղավար, մսուր–մանկապարտեզ, բուժկայան:

ԾԱՂԿԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, բուսաբուծության բնագավառ: Խնդիրն է՝ աճեցնել արժեքավոր դեկորատիվ, գունավոր, բուրավետ ծաղիկներով կամ գեղեցիկ տերևներով բույսեր՝ պուրակներում, փողոցներում և հրապարակներում ծաղկանոցներ ստեղծելու, բնակչությանը ծաղիկ մատակարարելու, ինչպես նաև բնակարաններն ու շենքերը ծաղկազարդելու համար: Լինում է բաց և փակ (ջերմատներ, ջերմոցներ) գրունտի: Ջերմատներում աճեցնում են ջերմասեր բույսեր (վարդ, ռեմոնտանտ մեխակ, եղրևանի, փողաշուշան և այլն), իսկ բաց գրունտում՝ միայն երկամյա և բազմամյա ծաղկաբույսեր՝ քաղելու և ծաղկային ձևավորումների համար: Կան նաև սենյակային բույսեր՝ ֆիկուս, արմավենի, կակտուս, ֆիլոդենդրոն, պտղատուներից՝ ցիտրուսայինները (կիտրոն, մանդարին): ՍՍՀՄ–ում Ծ–յամբ զբաղվում ՝են մասնագիտացված տնտեսությունները, որոնք թողարկում են թարմ ծաղիկներ, ինչպես նաև տնկանյութ և սերմանյութ: Ծ–յամբ զբաղվում են նաև անհատ ծաղկասերներ: Ծ. հազարամյակներ առաջ զարգացած է եղել Մերձավոր Արևելքի երկրներում և Չինաստանում: Հայտնի է, որ Պարսկաստանի պարտեզներում (պարադիզ) աճեցվել են վարդ, շուշան, մանուշակ, կակաչ, եղրևանի և այլն, իսկ Չինաստանի պարտեզներում՝ վարդ և քրիզանթեմ: Ծ. զարգացած է եղել նաև հին Հայաստանում: Ուրարտուի մայրաքաղաք Տուշպան հայտնի էր որպես քաղաք–պարտեզ: Դեռևս Տիգրան Բ Մեծի օրոք հայերը վարդից յուղ էին ստանում և արտահանում: ՀՍՍՀ–ում տարեկան աճեցվում է 5 մլն–ից ավելի սածիլ (1977), ստեղծվում զանազան ծաղկատեսակների նոր բարձրորակ սորտեր: Ձմռանը բնակչությանը թարմ ծաղիկներով ապահովելու համար ըստեղծվել է պետ. ջերմոցային ցանց, կառուցվել են 30 հզ. մ2 մակերեսով ջերմատներ, որտեղ աճեցվում են ռեմոնտանտ մեխակ, վարդ, փողաշուշան և այլն:

ԾԱՂԿԱԲՈՒՅԼ (inflorescentia), ծ ա ղ կ ա փ թ թ ու թ յ ու ն, բույսերի տարեկան ընձյուղի ծաղիկներ կրող մաս: Կազմված է ճյուղավորված համակարգից և ծաղիկներից, որոնք զարգանում են տերևածոցերում: Տիպիկ Ծ–երը զուրկ են բնականոն զարգացած վեգետատիվ տերևներից, որոնց փոխարեն առկա են միայն ծածկող տերևներն ու ծաղկակիցները: Ծաղիկների թիվը Ծ–ում կարող է հասնել մի քանիսից մինչև 1 մլն: Ծ. առաջացել է հիմնականում ծաղիկների ծաղկակիր ընձյուղների կարճացմամբ: Ըստ ձևի Ծ–երը բաժանվում են 2 խմբի՝ մոնոպոդիալ կամ բոտրիկական (ծաղկումը ներքևից վերև) և սիմպոդիալ կամ ցիմոզային (ծաղկումը վերեվից ներքև): Մոնոպոդիալ Ծ–երն իրենց հերթին լինում են պարզ և բարդ: Պարզ Ծ-երից են՝ ողկույզը (հակինթ), վահանիկը (տանձենի), հասկը (եզան լեզու), կողրը (եգիպտացորեն), կատվիկը (ուռենի), գըլխիկը (երեքնուկ), զամբյուղը (արևածաղիկ) և այլն: Բարդ Ծ–եր են բարդ հասկը (ցորեն), հուրանը (եղրևանի), բարդ հովանոցը (գազար), բարդ վահանիկը: Սիմպոդիալ Ծ–երը բաժանվում են 3 խմբի. մոնոխազիումներ՝ յուրաքանչյուր առանցք տալիս է միայն մեկ ճյուղ, դիխազիումներ՝ յուրաքանչյուր առանցք տալիս է երկու ճյուղ, և պլեոխազիումներ, որոնց առանցքը վերջին ճյուղի տակ առաջացնում է իրեն գերազանցող ճյուղեր:

Ծաղկաբույլերի տիպերը. Պարզ ծաղկաբույլեր. 1.ողկույզ, 2. հասկ, 3. կողր, 4. հովանոց, 5. գլխիկ, 6. զամբյուղ, 7. վահանիկ: Բարդ ծաղկաբույլեր. 8. բարդ հովանոց, 9. հուրան: Ցիմոզային ծաղկաբույլեր. 10. գալարք, 11.դիխազիում, 12. ոլորք, 13. պլեոխազիում

ԾԱՂԿԱԳԻՐ, 1. ծաղկաձև, հյուսվածքաձև զ ա ր դ ա գ ի ր, զարդարուն գլխագիր, զարդատառ: 2. Զարդագրեր ստեղծող արվեստագետ: Տես նաև Գլխազարդ:

ԾԱՂԿԱԶԱՐԴ, ծ ա ռ զ ա ր դ ա ր, ծ ա ռ կ ո տ ր ու կ, գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն: Կատարվում էր զատկից մի շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի իբր «Երուսաղեմ մտնելու օրվա», երբ նրան դիմավորել են ձիթենու կանաչ ոստերով: Ծ–ի առթիվ եկեղեցական արարողություններն ու ժողովրդական ծեսերը հաստատում են, որ նրա ծագումը չի կապվում քրիստոնեական տոնացույցի հետ, այլ արտահայտում է ծառապաշտությանն առընչվող հնագույն ծիսակարգը: Ծ–ի օրը պատանիները ժողովրդին բաժանում էին