Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


շինարարությունը (4–5-հարկանի շենքեր): Ծ–ում է ծնվել Լ. Օրբելին, այաոեղ է նրա և Հ. Օրբելու տուն–թանգարանը: Ապրել և գործել են Գրիգոր Մագիստրոսը, Վեցիկ Վարպետը, Խաչատուր Կեչառեցին: Պատկերազարդումը տես 112-րդ էջից հետո՝ ներդիրում:

ԾԱՂԿԱՆՑ ԼԵՌՆԵՐ, Ալա–դաղ, գտնըվում են Հայկական լեռնաշխարհում, Արածանիի վերին հոսանքի շրջանում, Վանա լճից հյուսիս–արևելք, Մանազկերտի և Աբաղայի դաշտերի միջև: Աղեղնաձև են (ուռուցիկ մասը դեպի հս.): Կազմված են կավճի, պալեոգենի և պլիոցենի ապարներից: Հս. լանջերը մեղմ են, ալիքավոր, հվ–ը՝ խզումնային, աստիճանաձև: Արլ–ում բարձրանում են Թոնդրակ (3542 մ), արմում՝ Մուրատբաշի (Ծաղկո լեռ, 3519 մ), մերձգագաթնային սարավանդի վրա՝ Նպատ (2332 մ), Ալա–դաղ(3351 մ), Կալտիկ (3200 մ), Կերդահոլ (3255 մ) գագաթները՝ սառցադաշտային տրոգներով և կարերով: Ծ. լ. մասնատված են Արածանի, Արճեշ և Բերկրի գետերի հովիտներով: Կլիման ցամաքային է, կարճատև զով ամառներով և երկարատև ցուրտ ձմեռներով, գագաթնային գոտում և մերձգագաթնային սարավանդում՝ նիվալլեռնատունդրային, հզոր ձնածածկույթով: Տարեկան տեղումները լեռնալանջերին 400–800 մմ են, գագաթնա– յին գոտում՝ մինչև 900 մմ: Տիրապետում են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները: Ծ. լ. եղել են հայ Արշակունիների ամառանոցը: Իսկ Շահապիվանը հիշատակվում է «Բանակատեղ Հայոց թագա– վորաց»: Փավստոս Բուզանդը վկայում է, որ հայ ժողովուրդն այնտեղ է խմբվել՝ նշելու համար Նավասարդի տոնը:

Ս. Բալյան

ԾԱՂԿԱՇԱՏ (մինչև 1935-ը՝ Խաչիդուռ), գյուղ Հայկական ՍՍՀ Թումանյանի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հարավ–արևելք: Միավորված է Հաղպատի անաս նապահական սովետական տնտեսության հետ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժմանկաբարձական կետ:

ԾԱՂԿԱՇԵՆ, Հայկական ՍՍՀ Արտաշատի շրջանի Մրգավետ գյուղի նախկին (մինչև 1967-ը) անվանումը:

ԾԱՂԿԱՇԵՆ, Հայկական ՍՍՀ Սպիտակի շրջանի Ծաղկաբեր գյուղի նախկին (մինչև 1967-ը) անվանումը:

ԾԱՂԿԱՇԵՆ, Հայկական ՍՍՀ Ղուկասյանի շրջանի Սիզավետ գյուղի նախկին (մինչև 1967-ը) անվանումը:

ԾԱՂԿԱՇԵՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Ապարանի շրջանում, շրջկենտրոնից 9 կմ հարավ: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: Հիմնադրել են Դիադինից եկածները, 1829-ին:

ԾԱՂԿԱՇԵՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Կամոյի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հարավ–արևմուտք: Միավորված է Բատիկյանի անասնապահական սովետական տնտեսության հետ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: Գյուղում պահպանվել է Ս. Հովհաննես Ծաղկաշեն եկեղեցին (IX–X դդ.): Հիմնադրվել է 1859-ին:

ԾԱՂԿԱՊԱՏ, ծաղկաբաժակ, ծաղիկը արտաքինից պատող թերթիկներ, որոնք ծաղկի կարևոր մասերը (օրինակ, առէջքները, վարսանդը) պաշտպանում են արտաքին անբարենպաստ գործոնների ազդեցությունից: Ծ. կարևոր է նաև փոշոտման և բեղմնավորման պրոցեսում: Տարբերում են բարդ կամ կրկնակի Ծ., երբ թերթիկները տարբերակված են բաժակի ու պսակի, և պարզ Ծ., երբ բոլոր թերթիկները միանման են: Պարզ Ծ. իր հերթին կարող է լինել պսականման, վառ գունավորված թերթիկներով (օրինակ, վարդակակաչի, շուշանի, սագախոտի ծաղիկներինը) և բաժականման՝ թերթիկները մանր, կանաչ, ինչպես ճակնդեղի ծաղիկներինը: .

ԾԱՂԿԱՍԱՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Թալինի շրջանում, շրջկենտրոնից 16 կմ հյուսիս: Միավորված է Մաստարայի անասնապահական սովետական տնտեսության հետ: Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան: Ծ–ի տարածքում պահպանվել են Թադևոս Առաքյալ մատուռը, կիկլոպյան ամրոցի կառույցների մնացորդներ: Հիմնադրել են Մուշից, Կարսից, Ալաշկերտից եկածները, 1831-ին:

ԾԱՂԿԱՎԱՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Իջևանի շրջանում, շրջկենտրոնից 16 կմ հյուսիս–արևմուտք: Ծխախոտագործական անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև պտղաբուծությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, ավտոմատ հեռախոսակայան, կապի բաժանմունք, կինոթատրոն, բուժկայան: Ծ–ում և շրջակայքում պահպանվել են Ս. Հակոբ եկեղեցին, գերեզմանոցներ, գյուղատեղի, խաչքարեր (XIII–XVIII դդ.): Այստեղ է ծնվել Սովետական Միության հերոս Ի. Սարիբեկյանը:

ԾԱՂԿԱՎԱՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Շամշադինի շրջանում, Հախում գետի ձախ ափին, շրջկենտրոնից 9 կմ հյուսիս–արևմուտք: Սովետական տնտեսությունն զբաղվում է ծխախոտագործությամբ, անասնապահությամբ, կարտոֆիլի, հացահա տիկի մշակությամբ, այգեգործությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, մանկապարտեզ, կինո, բուժկայան: Գյուղի մոտ է Շխմուրադի վանքի համալիրը (XII–XIII դդ.)՝ կազմված եկեղեցուց, մատուռից և երկու գավթից: Եկեղեցին (1181) կառուցված է սպիտակագույն ֆելզիտից, լավ է պահպանված և ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ մեկ զույգ որմնամույթով: Ուղղանկյուն ավանդատների մուտքը բեմից է: Արլ. ճակատը մշակված է զույգ խորշերով: Համալիրի հվ–արլ–ում կիսավեր, միանավ մատուռն է: Վանքի գավիթները եկեղեցու հվ. և արմ. կողմերում են: Արմ. գավիթը քառակուսի հատակագծով դահլիճ է, մեկ զույգ ութանիստ մույթով, որոնցից դեպի եկեղեցու ճակատի որմնամույթերը ձգվող կամարների վրա բարձրանում է երդիկով ավարտվող կենտրոնական հատվածը: Գյուղի տարածքում պահպանվել են ամրոցների ավերակներ, գյուղատեղիներ, գերեզմանոցներ:

Ռ․ Խալաթյան

ԾԱՂԿԱՎԵՏ, հրաբխային սարահարթ Հայկական լեռնաշխարհում, Էրզրումի դաշտից հյուսիս: Բարձրությունը 2500–3000 մ է, առավելագույնը՝ 3147 մ, երկարությունը հս–արմ–ից հվ–արլ.՝ մոտ 50 կմ: Կազմված է պլիոցենի և անթրոպոգենի անդեզիտաբազալտներից, դացիտներից: