աղիությունը 6-8°/°° է: Չորային կլիմա ունեցող երկրներով շրջապատված Ծ-երի աղիությունը բարձր է, Միջերկրական Ծ-ինը 38–39°/°° է, Կարմիր Ծ-ինը՝ մինչև 41,5°/°°: Ծ-ի և օվկիանոսի միջև տեղի է ունենում ջրափոխանակություն (նեղուցներով): Սառցակալումն ինտենսիվ է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծայրամասային Ծ-ում, որտեղ սառույցները պահպանվում են նաև ամռանը: Բարեխառն գոտու հս. մասի Ծ-երում սառցապատումն ավելի վաղ է սկսվում (հոկտեմբեր-նոյեմբեր)՝ ջրի նվազ աղիության և ցամաքի շուտ սառչելու հետևանքով: Ամռանը, ցամաքի տաքացման և գետային տաք ջրերի ներհոսքի շնորհիվ, սառցապատումը շուտ է վերանում, քան օվկիանոսում: Ծ-ի ջրի գույնը բարձր ջերմաստիճանի և զգալի աղիության պայմաններում կապույտ է, մերձբևեռային սառը և նվազ աղիության դեպքում՝ կանաչավուն: Ծովային հոսանքներ առկա են համարյա բոլոր ծովերում: Դրանց առաջացման պատճառը քամիները և գետերն են: Գերակշռող ուղղությունը ցիկլոնային է: Ծ-ի օրգ. աշխարհը, ի տարբերություն բաց օվկիանոսի, ներկայացված է զգալի թվով էնդեմիկ տեսակներով և հաճախ ավելի բազմազան է, որի պատճառները, բացի մեկուսացվածությունից, հանդիսանում են Ծ-ում կյանքի բազմազան պայմաններն ու ջրավազանների երկրաբանական առանձնահատկությունները :
Գրկ. Шокальский Ю. М. Океанография, 2 изд., 1959; Леонов А. К., Региональная океанография ч. 1, 1960; Море [Сб.] пер. с франц., М., 1960․
ԾՈՎԱԳՅՈՒՂ (մինչև 1935-ը՝ Չիբուխլու), գյուղ Հայկական ՍՍՀ Սևանի շրջանում, Սևանա լճի ափին, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս-արևմուտք: Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների, կարտոֆիլի, կաղամբի մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի պալատ, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կինո, մսուր-մանկապարտեզ, բուժկայան: Ծ-ում և շրջակայքում պահպանվել են Քառատափ գյուղատեղին, եկեղեցի, ամրոցի ավերակներ (մ. թ. ա. առաջին հազարամյակ), գերեզմանոցներ, խաչքարեր: Հիմնադրել են Բայազետի Արծափ գյուղից եկածները, 1830-ին:
ԾՈՎԱԳՆԱՑԱՏԻՆ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գործնական աստղագիտության հնագույն բաժինը: Կիրառվում է ծովագնացության մեջ՝ հիմնականում նավերի տեղը որոշելու և շարժման ուղղությունը ցույց տվող սարքերի ցուցմունքները ճշգրտելու համար: Նավերի տեղը (աշխարհագրական երկայնությունն ու լայնությունը) որոշում են ծովի մակերևույթից երկնային լուսատուների ունեցած անկյունային բարձրությամբ: Դիտումները հիմնականում կատարվում են սեքստանտով: Շարժման ուղղությունը ցույց տվող սարքերի ցուցմունքները ճշգրտելու համար լուսատուի իրական ազիմուտը համեմատում են դեպի այդ լուսատուն ուղղված կողմնացույցի ցուցմունքի հետ:
ԾՈՎԱԶԱՐԴ (մինչև 1978-ը՝ Սուխան), գյուղ Հայկական ՍՍՀ Կամոյի շրջանում, Սևանա լճի արևմտյան ափին, շրջկենտրոնից 11 կմ հյուսիս - արևմուտք, Երևան - Կամո մայրուղու վրա: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան: Գյուղում և շրջակայքում պահպանվել են դամբարաններ (մ. թ. ա. II-I հազարամյակներ), եկեղեցի (վերակառուցված` XIX դ.), խաչքարեր (XII-XV դդ.), գերեզմանոց:
ԾՈՎԱԼՃԱԿ, լագուն (իտալ. laguna, լատ. lacus-լիճ), 1. բնական ծանծաղ ջրավազան՝ ծովից անջատված բերվածքային ցամաքալեզվակով կամ ծովի հետ կապված անձուկ նեղուցով: Ծ. ունի ծովի ջրից տարբեր (բարձր կամ ցածր) աղիություն, ինչպես նաև ուրույն բուսական և կենդանական աշխարհ, նստվածքներ: 2. Ծովի մաս՝ պարփակված կորալյան խութերի և ցամաքի կամ կղզիների, ինչպես նաև ատոլների միջև:
ԾՈՎԱԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ, ծովային տասնոտանի խեցգետնանմանների երկու սեռ (Homarus և Nephrops): Ծ. մարմնի կազմությամբ նման են գետային խեցգետիններին: Փորիկը երկարավուն է, մկանոտ, քայլող ոտքերի առաջին զույգն ունի հզոր ճանկեր, իսկ հաջորդ երկու զույգը՝ ավելի փոքր ճանկեր: Զուն 7-11 ամիս պահում են փորային ոտքերի վրա: Սեռահասուն են դառնում կյանքի 5-6-րդ տարում: Ապրում են մինչև 20 տարի: Ցերեկը թաքնվում են քարերի տակ, տիղմի մեջ փորած բներում, գիշերը դուրս են գալիս որսի: Սնվում են անողնաշարավոր մանր կենդանիներով: Homarus սեռից առավել տարածված են եվրոպական (H. vulgaris) և ամերիկական Ծ. (H. americanus), Nep-hrops-ից՝ նորվեգական Ծ. (H. norvegicus): Եվրոպական Ծ-ի մարմնի երկարությունը մինչև 50 սմ է, քաշը՝ 11 կգ, ապրում են Եվրոպայի ափերը ողողող ծովերում, դնում մինչև 32 հզ. ձու: Ամերիկական Ծ–ի մարմնի երկարությունը մինչև 60 սմ է, քաշը՝ 15 կգ, ապրում են Հյուսիսային Ամերիկայի ափերի երկայնքով: Դնում են մինչև 80 հզ. ձու: Նորվեգական Ծ. ունեն մինչև 32 սմ երկարություն, 7 կգ քաշ: Դնում են մինչև