Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

34 ԽԱՎԱՐԱԾԻՐ

սելջուկների պետության սահմանամերձ իշխանությունների կենտրոնը։

XIII դ. առաջին քառորդում Կիլիկիայի պետության ու Իկոնիայի սելջուկյան սուլթանության սահմանը անցնում էր Խ–ով։ Այստեղով էր անցնում նաև Կեսարիայից Սիս տանող ճանապարհներից մեկը։ Մինչև 1915-ը Խ–ի շրջակայքում եղել են բազմաթիվ հայաբնակ գյուղեր։ Դրանցից մեկն էր Ավերակը, որի բնակիչները XIX դ. կեսերին գաղթել էին Խ–ից (Դևելուից)։

Գրկ. Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Ե., 1973։

Մ. Ճևահիրճյան

ԽԱՎԱՐԱԾԻՐ, էկլիպտիկա (հուն. έκλειψις - խավարում), երկնոլորտի մեծ շրջան, որով կատարվում է Արեգակի տեսանելի տարեկան շարժումը։ Անվանումը պայմանավորված է նրանով, որ Արեգակն ու Լուսինը խավարում են այն ժամանակ, երբ Լուսինը մոտ է իր ուղեծրի և խավարածրի հատման կետերին (հանգույցներին)։ Խավարածրով են դասավորված Կենդանաշրջանի համաստեղությունները։


ԽԱՎԱՐԱԾՐԱՅԻՆ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐ, տես Երկնային կոորդինատների համակարգեր։


ԽԱՎԱՐԱՍԵՐՆԵՐ, տարականներ (Blattoptera կամ Blattodea), միջատների կարգ ոչ լրիվ կերպարանափոխությամբ։ Մարմինը հարթ է, ձվաձև, երկարությունը՝ 4 մմ–9,5 սմ։ Բերանային օրգանները կրծող են, բեղիկները՝ բազմահատված։ Վերնաթևերը եղջերացած են, կաշեկերպ, ամուր։ Թաղանթային թևերը երբեմն կարճացած են կամ բացակայում են։ Ոտքերը վազող են՝ 5 հատվածանի թաթերով։ Հայտնի է մոտ 3000 տեսակ, հատկապես արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։ ՍՍՀՄ–ում կա 55, Հայաստանում՝ 5 տեսակ։ Խավարասեները ակտիվ են գիշերը, ցերեկը թաքնվում են քարերի, թափված տերևների տակ, հողի մակերևույթի ճեղքերում, կրծողների բներում։ Սնվում են կենդանական և բուսական մնացորդներով։ Ձվադրում են հատուկ պատիճների մեջ, որոնք կպած են փորին։ Թրթուրը զարգանում է մի քանի ամսից մինչև 4 տարում։ Արևադարձային առանձին տեսակներ կենդանածին են։ Որոշ խավարասերներ ապրում են բնակարաններում և փչացնում մթերքը, կաշվե իրերը, բրդեղենը, գրքերը ևն։ Մի քանի տեսակներ վարակիչ հիվանդությունների (օրինակ, դիզենտերիայի) տարածողներ են։ Պայքարի միջոցներից է վարակված վայրերը միջատասպաններով փոշոտելը։

Գ. Ավագյան


ԽԱՎԱՐԾԻԼ (Rheum), հնդկացորենազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Խոշոր բազմամյա խոտաբույսեր են՝ հզոր արմատներով։ Ծաղկակիր ցողունի բարձրությունը 1,5 - 2,0 մ է, մերձարմատային տերևները խոշոր են՝ հաստ, մսալի, հյութալի տերևակոթուններով։ Ծաղկաբույլը հուրան է կամ հասկիկ, ծաղիկները՝ երկսեռ, երբեմն միայն արական, պտուղը՝ թևավոր սերմիկ։ Հայրենիքը Հարավ–Արևելյան Ասիան է, Հյուսիսային Մոնղոլիան, Հյուսիսային Չինաստանը, Ալթայը, Սիբիրը։ Հայտնի է մոտ 30 տեսակ (այլ աղբյուրներով՝ 49), ՍՍՀՄ–ում՝ 22։ Խավարծիլի որոշ տեսակներ մշակվում են որպես բանջարային, դաբաղային, դեղորայքային բույսեր։ Անեղի մեջ օգտագործվում են տերևակոթունները, որոնք սննդարար են, պարունակում են մինչև 2,5% շաքարներ, 3,5% օրգանական թթուներ, կալիումի, կալցիումի, ֆոսֆորի, մագնեզիումի աղեր և վիտամիններ: Խավարծիլից պատրաստում են կոմպոտ, կիսել, մուրաբա, ջեմ, գինի: Խավարծիլը ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է աղիքների, լյարդի հիվանդությունների բուժման համար, ինչպես նաև որպես հակացինգային միջոց (արմատները): Մշակության մեջ առավել տարածված են 4 տեսակ խավարծիլեր՝ սովորական (Rheum undulatum), կոմպակտ (Rheum compactum), պատվաստային (Rheum rhaponticum) և ցածրաճ (Rheum nanum): Ցրտադիմացկուն, խոնավասեր բույս է, լուսասեր չէ: Բազմացվում է սերմերով, ինչպես նաև վեգետատիվ ճանապարհով՝ մայր թփի բաժանմամբ: Բերքատվությունը՝ 300–400 ց/հա։ ՀՍՍՀ–ում կարելի է մշակել գյուղատնտ. բոլոր գոտիներում։


ԽԱՎԱՐՈՒՄՆԵՐ, աստղագիտական երևվույթներ, որոնց դեպքում երկնային մարմինները, մեկը մյուսին ծածկելու պատճառով, երկրային դիտորդին ամբողջությամբ կամ մասամբ որոշ ժամանակ չեն երևում:

Արեգակի խավարումներ: Նորալուսնի ժամանակ (տես Լուսնի փուլեր), երբ Արեգակը, Լուսինը և Երկիրը գտնվում են գրեթե մի ուղղի վրա, Լուսնի ստվերն ընկնում է Երկրի վրա և Երկրի մակերևույթի որոշ մասերից դիտելիս Արեգակն ամբողջությամբ (c տիրույթ) կամ մասամբ (b և d տիրույթներ) չի երևում, որն էլ Արեգակի լրիվ կամ մասնակի խավարումն է (նկ. 1): Տվյալ վայրում Արեգակի լրիվ խավարումը տևում է 2 - 3 (առավելագույնը՝ 8) ր, իսկ մասնակին՝ 2 - 3 ժ: Երբ խավարման ընթացքում Լուսինը գտնվում է իր ուղեծրի երկրահեռ, իսկ Երկիրը իր ուղեծրի արևամերձ մասերում, Լուսնի անկյունային տրամագիծը դառնում է Արեգակինից փոքր և ծածկում է Արեգակի միայն կենտրոնական մասը (օղակաձև խավարում):

Լուսնի խավարում: Լիալուսնի ժամանակ, երբ Արեգակը, Երկիրը և Լուսինը գտնվում են գրեթե մի ուղղի վրա, Երկրի ստվերն ընկնում է Լուսնի վրա և տեղի է ունենում Լուսնի լրիվ կամ մասնակի խավարում (նկ. 2): Լուսնի լրիվ խավարումը առավելագույնը տևում է 1 ժ 45 ր, իսկ մասնակին՝ մի քանի ժամ: Խավարումներին են վերաբերում նաև աստղերի և մոլորակների ծածկումները Լուսնով, Արեգակի սկավառակով ներքին մոլորակների (Մերկուրիի և Վեներայի) անցումները, մոլորակի սկավառակով արբանյակների անցումները:

Երկրի մթնոլորտի վերին շերտերում Արեգակի ճառագայթների մի մասը (հիմնականում կարճալիքային) կլանվում է, ցրվում, իսկ երկարալիքային մասը բեկվում է և լուսավորում Լուսինը: Այդ պատճառով Լուսնի խավարած մասերը ստանում են դեղնակարմրավուն երանգ: Խավարման ընթացքում Լուսնի երանգով ուսումնասիրում են մթնոլորտի վերին շերտերի կառուցվածքը: Լուսնի ուղեծրի և խավարածրի հարթությունները կազմում են 5°9՝ անկյուն: Այդ պատճառով նորալուսնի ընթացքում հաճախ Լուսնի ստվերը Երկրի վրա չի ընկնում, իսկ լիալուսնի ժամանակ Լուսինը գտնվում է Երկրի ստվերից վերև կամ ներքև, այսինքն խավարումներ տեղի չեն ունենում: Մեկ տարում տեղի է ունենում Արեգակի առնվազն 2 և ամենաշատը՝ 4 խավարում: Լուսնի խավարում այդ տարում կարող է ընդհանրապես չլինել: Մեկ տարում կարող է լինել Լուսնի ամենաշատը 2 խավարում: Խավարումների կրկնվելը կախված է Արեգակի նկատմամբ Լուսնի դիրքի վերականգնման (սինոդական ամիս), ինչպես նաև լուսնահանգույցներով հաջորդաբար անցումների միջև եղած ժամանակամիջոցից (դրակոնյան ամիս): Արեգակի և Լուսնի խավարումները միևնույն հաջորդականությամբ կրկնվում են յուրաքանչյուր 18 տարի 11⅓ (կամ 10⅓, հազվադեպ էլ՝ 12⅓, կախված այդ ժամանակամիջոցում եղած նահանջ տարիների քանակից) օրը մեկ: Խավարումների կրկնման պարբերության ընթացքում՝ 6585,32 օրում, լինում է 223 սինոդական և 242 դրակոնյան ամիս: Այդ պարբերությունը հայտնի է եղել դեռևս հնում և անվանվել է սարոս: Մեկ սարոսի ընթացքում տեղի է ունենում 70 խավարում, որոնցից 41-ը՝ Արեգակի, իսկ 29-ը՝ Լուսնի: Երկրի տվյալ վայրից Արեգակի լրիվ խավարում դիտվում է 300 - 400 տարին մեկ:

Հայ մատենագրությունում պահպանվել են խավարումների դիտման բազմաթիվ վկայություններ, որոնցից մեզ հասած ամենահինը վերաբերում է XV դ. Արեգակի խավարմանը: Անանիա Շիրակացին (VII դ.) ճիշտ է բացատրել Արեգակի և Լուսնի խավարումների պատճառները: Բացի սարոսից, միջնադարյան Հայաստանում օգտվել են խավարումների 613 տարի 5 ամիս, ինչպես նաև հաճախ տեղի ունեցող 177 օր պարբերություններից:

Գրկ. Թումանյան Բ., Վաթյան Լ., Ընդհանուր աստղագիտություն, Ե., 1960: Михайлов А. А., Теория затмений, 2 изд., М., 1954. Բ. Թումանյան


ԽԱՎԵԹ, գյուղ Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, Կուրի աջ ափին, շրջկենտրոնից 32 կմ հարավ–արևմուտք: Բնակչությունը՝ հայեր, վրացիներ: Խավեթը մտնում է Կարզախի սովետական տնտեսության մեջ: Զբաղվում են անասնապահությամբ, երկրագործությամբ և այգեգործությամբ: Ունի ութամյա դպրոց,