Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նկարում` 1. Կեչառիսի վանքը (XI-XIII դդ. ) հարավ–արևմուտքից, 2. Ս. Հարություն եկեղեցին (1220), 3. Ս. Նշան եկեղեցին (1051) Նկարում` Կեչառիսի վանքի խաչքարերից (XII–XIII դդ.)

են Ժամանակի խոշոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ: Համալիրը գտնվում է Հրազդանի շրջանի Ծաղկաձոր ավանի հս–արմ. մասում: Կազմված է չորս եկեղեցիներից, զավթից և երկու մատուռից: Գլխավոր՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ըստ հվ. մուտքի վերևի արձանագրության, 1033-ին կառուցել է Գրիգոր Մագիստրոսը: Հորինվածքով գմբեթավոր դահլիճ է՝ բեմի երկու կողմերին երկհարկանի ավանդատներով: 1828-ի երկրաշարժից քանդված գմբեթից պահպանվել է թմբուկի մի մասը, որը, սակայն, նախնականը (12-նիստանի, դեկորատիվ կամարաշարով) չէ: Արտաքին հարդարանքը զուսպ է, արլ. ճակատը մշակված է երկու «հայկական խորշերով», որոնցից լուսամուտներ են բացված դեպի բեմ: Ողջ հորինվածքում իշխողը եղել է 10,4 մ տրամագծով գմբեթը: Եկեղեցուն արմ–ից կից է ուղղանկյուն հատակագծով (14,8 մ X 16,5 մ), չորս սյուներով կենտրոնակազմ գավիթը (XII դ. վերջ), որի կենտրոնական մասը ծածկված է երդիկավոր ութնիստ գմբեթով, անկյունային մասերը՝ քարե հարթ սալերով, իսկ մյուսները՝ թաղով: Ի տարբերություն ճակատների պարզության, ինտերիերը հարուստ է ձևավորված: Գլխավոր եկեղեցուց հվ. գտնվում է սլացիկ համաչափություններով գմբեթավոր Ս. Նշան ոչ մեծ եկեղեցին: Այն որոշակի թվագրված չէ, սակայն, ելնելով XI դ. ճարտ. բնորոշ ձևերից և այն պատմական տեղեկությունից, որ Գրիգոր Մագիստրոսը Կեչառիսում 1051-ին ևս մեկ եկեղեցի է կառուցել, ենթադրվում է, որ վերջինս Ս. Նշանն է: Երրորդ՝ Կաթողիկե եկեղեցին տեղադրված է համալիրի հվ. մասում, Ս. Նշանի կողքին, որը կառուցել է իշխան Վասակ Խաղբակյանը 1203–14-ին (հավանաբար՝ Վեցիկ վարդապետի ձեռքով): Ուղղանկյուն, ներքուստ խաչաձև գմբեթավոր շենք է՝ չորս անկյուններում երկհարկանի ավանդատներով: Կաթողիկեն իր հարդարանքով Կ. վ–ի եկեղեցիներից ամենաշքեղն է: Հիմնական հուշարձանախմբից արմ., 120 մ հեռու, կանգուն է վանքի չորրորդ՝ Ս. Հարություն փոքրիկ եկեղեցին, որը, ըստ շինարարական արձանագրության, կառուցվել է 1220-ին: Նրա գլանաձև թմբուկով գմբեթը նստած է երկայնական պատերին կից որմնամույթերը բեմի անկյուններին և միմյանց կապող կամարների վրա: Արմ. ճակատին կից գավիթը եկեղեցու հորինվածքի հետ արտաքինից մի ամբողջություն է կազմում: Կեչառիսում կան XII–XIII դդ. բազմաթիվ խաչքարեր, որոնք գունագեղություն են հաղորդում վանքի անսամբլին՝ դառնալով նրա բաղկացուցիչ տարրերը: Համալիրի կարևոր կառույցներից է Վեցիկ ճարտ–ի մահարձան–խաչքարը (XIII դ.), որը կանգնեցրել են նրա ճարտ. եղբայրները: Կ. վ–ում են թաղված նաև սելջուկների դեմ մղված ճակատամարտում զոհված Ապիրատյան Գրիգոր իշխանը (1099), Մեծ իշխան Պռոշը (1284): Անսամբլի արտահայտչականությունը ստացվել է կառույցների բազմապիսի ու տարբեր չափերի ծավալների փոխադարձ ներդաշնակ համաչափությունների շնորհիվ: Այս ամբողջը խմբավորում և կազմավորում է Ս. Գրիգոր եկեղեցին՝ համալիրի դոմինանտը: Միաժամանակ Կ. վ. ողջ կերպարով համահնչուն է բնապատկերին: Վանքը դարերի ընթացքում բազմիցս ավերվել ու վերանորոգվել է: 1223-ին Պատրոն Վաչեն նորոգել է Ս. Նշան եկեղեցին, 1248-ին Խաչենի Խոյախան բերդի տեր Վախթանգի որդի Հասան իշխանը իր կնոջ՝ Բաղաց թագավորի դուստր Մամքանի հետ վերանորոգել է թաթար–մոնղոլների ավերած Կեչառիսի շենքերը: 1947–49-ին վանքի տարածքը բարեկարգվել է ու պարսպապատվել, շենքերի տանիքները ծածկվել են քարե սալերով:

Պատկերազարդումը տես 384-րդ էջից հետո՝ ներդիրում:

Գբկ, Ալիշան Ղ., Այրարատ, Վնտ., 1890: Լալայան Ե., Կեչառիսի վանքը, «ԱՀ», 1912, գիրք 22, № 1, գիրք 23, № 2: Հովսեփյան Գ., Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ, մաս 1–2, Վաղ–պատ, 1928–42: Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ.] 2, Ե., 1948: Арутюнян В. М„ Сафарян С. А., Памятники армянского зодчества, М., 1951; Токарский Н. М., Архитектура Армении IV-XIV вв., Е., 1961 Մ.Հասրաթյան

ԿԵՉԻ (Betula), կեչազգիների ընտանիքի տերևաթափ միատուն ծառերի և թփերի ցեղ: Բնի կեղևը սպիտակ է կամ այլ գույնի: Ծառերի բարձրությունը՝ մինչև 30 մ, տրա–մագիծը՝ 1,2 մ: Տերևները հերթադիր են, պարզ, ամբողջական, ատա մնա եզր: Ծաղիկները կատվիկներ են, արականները գլանաձև են, առաջանում են ընձյուղների ծայրին, իգականները զարգանում են գարնանը, կարճ ընձյուղներից: Պտուղը ընկուզանման է, միասերմ: Սերմերը հասունանում են ամռանը կամ աշնանը: Արագ է աճում հատկապես երիտասարդ հասակում: Հայտնի է շուրջ 120 տեսակ՝ հիմնականում տարածված Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում: ՍՍՀՄ–ում աճում է 50, ՀՍՍՀ–ում՝ 3 տեսակ՝ ելունդավոր (B. pendula), թավոտ (B. pubescens) և Լիտվինովի (B. Litwinowii): Ելունդավոր Կ. տարածված է Ստեփանավանի, Իջևանի, Ապարանի, Գառնիի, Վայքի, Մեղրիի, Զանգեզուրի անտառների վերին եզրերում, քարքարոտ