Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


գործիչներ: Գործում էին նաև Հռիփսիմեանց աղջկանց վարժարանը, եկեղեցիներին կից (ինչպես Կապուցին միաբանության դպրոցները) մանկապարտեզներ: 1865-ին կազմակերպվեց կրթական և մշակութային «Սմբատյան ընկերություն», որը բացեց երկսեռ վարժարան: 1880-ական թթ. Խ–ում բեմադրվեց առաջին ներկայացումը՝ «Քաջն Վարդան»-ը: 1889-ին հայերն այնտեղ հիմնադրեցին տպագրական գործը, 1909-ին հրատարակվեց «Եփրատ» թերթը: Կանանց շրջանում իր գործունեությունը ծավալեց «Արաքս» ընկերությունը (հիմնադրվել է 1908-ին):

Տնտ. և մշակութային վերելքին զուգընթաց 1880-ական թթ. արագորեն աճում էր Խ–ի բնակչությունը, որի մեծ մասը հայեր էին: Բնակվում էին նաև թուրքեր, ասորիներ, քրդեր: Այդ ժամանակից էլ ծայր առավ խարբերդցիների արտագաղթը՝ նախապես դեպի Կանադա, ապա՝ ԱՄՆ և այլ երկրներ: Արտագաղթը ուժեղացավ հատկապես համիդյան ջարդերի ժամանակ (1895–96): 1914-ին Խ. ուներ 18-20 հզ. բնակիչ, որից մոտ 10 հզ. հայ: 1915-ի եղեռնի հետևանքով Խ–ում հայ բնակիչ չմնաց: Դեռևս 1915-ի հունվարին թուրք իշխանությունները զինված ջոկատների միջոցով հայերից բռնագրավեցին այն ամենը, ինչ կարելի էր օգտագործել որպես զենք (նույնիսկ կացինները, դանակները, ուրագները), այնուհետև փակվեցին հայկ. դպրոցները, ձերբակալվեցին հարյուրավոր հասարակական գործիչներ, մտավորականներ, երիտասարդները քշվեցին բանակ, ամենուր տարածվեց թալանն ու կողոպուտը: 1915-ի հուլիսին սկսվեց հայերի զանգվածային բնաջնջումը: Խ–ի գզիր Մահմուտ Չավուշը փողոցներն ընկած գոռում էր իշխանության հրամանը. «Բոլոր հայերը, օրորոցի երեխայեն մինչև 101 տարեկան, պիտի աքսորվեն Ոլրֆա, երեք օր պայմանաժամ կտրվի, երեք օրեն վերջ ով որ չհնազանդի օրենքին՝ իր տանը առջև կախաղան պիտի բարձրացվի»: Հայերը 2500 և 3000 մարդուց բաղկացած 2 քարավանով, Խարբերդ – Մեզիրե – Տիգրանակերտ – Ռաս էլ Այն ճանապարհով, բռնագաղթեցվեցին դեպի Դեյր Էզ–Զոր (տես Դեր Էզ– Զորի կոտորած 1915–1916) և ոչնչացվեցին անապատներում: Թուրք հրոսակները միաժամանակ հրդեհեցին Խ–ի բանտը՝ կրակի զոհ դարձնելով հայ համայնքի երևելի դեմքերի: Փրկվեցին միայն միսիոներական որբանոցներում գտնվող երեխաները, սրանց վերջին մնացորդները իրենց ծննդավայրը լքեցին 1922-ի հոկտեմբերին:

Ներկայումս խարբերդցիներ են բնակվում ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Սիրիայում, Լիբանանում, Հունաստանում և ուրիշ երկրներում: Նրանք արտասահմանում համախմբված են հայրենասիրական–մշակութային կազմակերպություններում, որոնք միավորված են Համախարբերդցիական մի ու թյան մեջ; Շուրջ 3 հզ. խարբերդցիներ, քաղաքից և շրջակայքից, բնակություն են հաստատել Սովետական Հայաստանում: Սովետական կառավարության հովանավորությամբ և արտասահմանում գտնվող խարբերդցիների օգնությամբ նրանք կառուցել են Նոր Խարրերդը (հիմնադրվել է 1929-ին):

Գրկ. տես Խարբերղի վիլայեթ հոդվածի գրականությունը: Ա, Սիմոնյան

Նկարում` Վարի թաղ, Ս. Սաեփանոս եկեղեցին, նախակրթարանը, կաթոլիկների եկեղեցին և վարժարանը Նկարում` հին բնակարան


ԽԱՐԲԵՐԴԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, հիմնվել է 1887-ին, Խարբերդի Ս. Հակոբ եկեղեցուն կից ծխական դպրոցի հիման վրա: Հայտնի է եղել առաջին տնօրեն Թլկատինցու անունով: Հիմնադրման տարում ունեցել է 300 աշակերտ: Ավանդվել են հայոց լեզու (գրաբար, աշխարհաբար), անգլ. (լեզու և գրականություն), տրամաբանություն, մաթեմատիկա, թուրք., ֆրանս. (լեզու և գրականություն), երաժշտություն, եկեղեցու պատմություն, ընդհանուր պատմություն ևն: Մեծ մասամբ դասավանդել են Եփրատ կոլեջի շրջանավարտները: Վարժարանը պահվել է սաների ուսման վարձով, հարուստների նվիրատվություններով, Խարբերդցիների միության նպաստով և Մելքոնյան տան օժանդակությամբ: Առաջին շրջանավարտները տվել է 1890-ին: Դասավանդել են Հ. Թլկատինցին, Հ. Սիմոնյանը, Հ. Գապոզյանը, Ռ. Զարդարյանը (նախկին շրջանավարտ): Նշանավոր շրջանավարտներից էին Ն. Թյուֆենկճյանը, Կ. Գալուստյանը, Ս. Մալեմեզյանը, Բ. Նուրիկյանը, Թ. Մանկասարյանը, Ն. Կոստանյանը, Մ. Գասպարյանը, Հ. Գազանճյանը, Վ. Հայկը, Մ. Նալբանդյանը և ուրիշներ: 1909-ին աշակերտների ջանքերով լույս է տեսել «Ծովակ» ձեռագիր գրական թերթը: Վարժարանը փակվել է 1915-ին:


ԽԱՐԲԵՐԴԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ: Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «կը» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ Փոքր Ասիայի կամ արևմտյան բարբառախմբին: Գրական հայերենի ձայնավորներից բացի ունի ա, ու, օ քմայիններ (վերջին երկուսը միայն փոխառյալ բառերում): Գրաբարի ձայնավորները Խ. բ–ում համարյա փոփոխություն չեն կրել: Երկբարբառները պարզեցվել են՝ այ>ա, ոյ>օ, իւ>ի (հայր>հար, քոյր> քօր, ալիւր>ալիր): Բառասկզբի ձայնեղ պայթականներին համապատասխանում են խուլեր, խուլերին՝ ձայնեղներ (բերան> >պէրան, տուն>դուն): Բառամիջում՝ հ>յ (սահման>սայման): Տն հնչյունակապակցության դիմաց առկա է նն, տր–ի և եր–ի դիմաց՝ յր (գտնել>կըննէլ, կոտրել>գօյրէլ, ծանր>ձայր): Բառասկզբում սպ, ստ հնչյունակապակցությունների ս ընկել է (սպանել>բաննէլ, ստեպղին> >դէղբինդ):

Խ. բ–ի հոգնակիակերտներն են՝ էր, նէր, վի/վընի/վըներ, աոան: Գոյականը հանդես է գալիս չորս հոլովաձևով՝ ուղղական–հայցական, սեռական–տրական, բացառական, գործիական: Բացառականի թեքույթներն են՝ էն, մէն, մընէ, գործիականինը՝ օվ, մօվ: Կան ի, ու, օչ, վա, ան, ց, ա, օ և, հոգնակի թվում, ու հոլովումները: Առատ է ցուցական դերանուններով՝ աս, ասի, ըս, սը, սըվի, սըվիլ: Բայը հանդես է գալիս երեք լծորդությամբ՝ է, ի, ա, որոնք իբրև խոնարհիչներ պահպանվում են խոնարհման համակարգում: Դերբայներն են՝ անորոշ (էլ, իլ, ալ), վաղակատար (էր, ար), հարակատար (ած), ենթակայական (օղ), ժխտման (էր, իր, ար), ընթացակցական (էն): Բայը խոնարհվում է երեք եղանակով՝ սահմանական, ըղձական, հրամայական: Ներկա ժամանակում կը նախադաս է: Ապառնի ժամանակը կազմվում է դը, դի (<պիտի) մասնիկով: Կը–ով և դը–ով ձևերը բազմիմաստ են: Առաջինն արտահայտում է նաև բուն ապառնիի և պայմանական եղանակի ժամանակների, երկրորդը՝ հարկադրական եղանակի իմաստներ: Դ. Կոստանդյան


ԽԱՐԲԵՐԴԻ ԴԱՇՏ, էլյազըղ, գտնվում է Հայկական լեռնաշխարհում, Արևելյան Եփրատի ստորին հոսանքում: 900–1000 մ բարձրության բարդ աստիճանաձև իջվածք է Հայկական Տավրոսի լեռնային համակարգում: Հիմքի ալյուվիալ դարավանդային մասը ելուստներով բաժանվում է 2 մասի՝ էլյազըղի (երկարությունը՝ 14 կմ, լայնությունը՝ 8 կմ) և Մոլլաքենդի (համապատասխանաբար՝ 35 և 10 կմ): Արլ–ում Արածանու հովտով միանում է Բալուի դաշտին, արմ–ում՝ Եփրատի կիրճով Մալաթիայի դաշտին: Օգտակար հաՄեզիրե կուսակալանիստ քաղաքը Խարբերդի դաշտում