րում Խ–ները տարբերակվում են բարձրությամբ և ճարտ. բեկվածքով: Հունական օրդերների Խ–ները սովորաբար հավասար են մեկ մոդուլի: Այսպես կոչված՝ ատտիկական Խ. բաղկացած է սալից (պլինթոսից) և իրարից ստվերինով բաժանված երկու գլաններից (տես Բեկվածքներ ճարտարապետական, Օրդերներ ճարտարապետական): Որմնասյան կամ որմնամույթի պատվանդանները անվանվում են որմնախարիսխ:
Նկարում` Ատտիկական խարսխի սխեմա
ԽԱՐԻՍԽ էլեկտրական մեքենայի, էլեկտրական մեքենայի (սովորաբար հաստատուն հոսանքի) շարժական մասը, որի փաթույթներում պտտման ժամանակ մակածվում է Էլշու: Խ–ի լիսեռի վրա տեղակայված է էլեկտրատեխնիկական պողպատի թիթեղներից հավաքված միջուկ, որն ունի փաթույթների դասավորման փորակներ: Փաթույթի ծայրերը միացվում են կոլեկտորի թիթեղներին, որոնց միջոցով էլ, խոզանակների օգնությամբ, Խ–ի փաթույթները միացվում են արտաքին շղթային: Խ–ի տեսակից և ձևից են կախված հաստատուն հոսանքի էլեկտրական մեքենայի մի շարք բնութագրեր՝ հզորությունը, արագագործությունը, կարգավորման ճշտությունը:
ԽԱՐԽԻՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջան գավառում: 1909-ին ուներ 60 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Աստվածածին): Խ–ի բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:
ԽԱՐԽՈՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիզան գավառում: 1909-ին ուներ 24 տուն բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Խ–ի բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:
ԽԱՐԿԵՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճեշ գավառում: 1909-ին ուներ 23 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են Արևելյան Հայաստան:
ԽԱՐԿԵՎ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիզան գավառում: 1909-ին ուներ 36 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:
նկարում` Չերժինսկու անվան հրապարակը
ԽԱՐԿՈՎ, քաղաք, Ուկրաինական ՍԱՀ Խարկովի մարզի վարչական կենտրոնը (մինչև 1934-ը՝ Ուկրաինական ՍԱՀ մայրաքաղաքը): Գտնվում է Խարկով, Լոպան և Ուդա գետերի միախառնման տեղում: ՍՍՀՄ արդ., մշակութային և գիտական խոշոր կենտրոններից է, տրանսպորտային երրորդ հանգույցը (Մոսկվայից և Լենինգրադից հետո): 1444 հզ. բն. (1979): Հիմնել են ուկրաինացի կազակները մոտ 1655–56-ին: Անունն ստացել է Խարկով գետից: XIX դ. 70-ական թթ. Խ. նարոդնիկական շարժման կենտրոններից էր, 90-ական թթ. սկզբին այստեղ ստեղծվեցին մարքսիստական առաջին խմբակները, 1898-ին՝ ՌՍԴԲԿ կոմիտե, 1917-ի մարտի 2 (15)-ին՝ Բանվորների և զինվորների դեպուտատների Սովետ: Սովետական իշխանություն հաստատվեց 1917-ի նոյեմբ. 10(23)-ին: 1941-ի հոկտ. 24-ին Խ. գրավեցին գերմանա–ֆաշիստական զորքերը, 1943-ի օգոստ. 23-ին ազատագրվեց: 1970-ին Խ. պարգևատրվել է Լենինի շքանշանով:
Խ. Դոնեցկ–Մերձդնեպրյան տնտ. շրջանի կարևոր ինդուստրիալ կենտրոնն է: Տնտեսության հիմնական ճյուղերն են մեքենաշինությունը, մետաղամշակությունը, թեթև և սննդի արդյունաբերությունը: Զարգացած է նաև շինանյութերի, քիմ. և քիմիադեղագործական, փայտամշակման արդյունաբերությունը: Կան էներգետիկական մեքենաշինության, էլեկտրատեխնիկական, գյուղատնտ. (տրակտորների) և տրանսպորտային մեքենաշինության, հաստոցաշինության, սարքաշինության և գործիքաշինության, կոմունալ տնտեսությունների տեխնոլոգիական և լեռնահանքային սարքավորումների, թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ: Ունի մետրոպոլիտեն, 20 բուհ (այդ թվում՝ Խարկովի համալսարանը), գիտահետազոտական ինստ–ներ: Գործում են պատմության և գեղարվեստի թանգարաններ, Ն. Լիսենկոյի անվ. օպերայի և բալետի թատրոնը, 5 այլ թատրոն, ֆիլհարմոնիա, 67 հիվանդանոց (19,7 հզ. մահճակալով, 1976):
Խ–ի ճարտ. հուշարձաններից են Պոկրովսկի (1689) և Ուսպենսկի (1771) տաճարները, Եկատերինյան պալատը (XVIII դ., այժմ՝ ինստ–ի մասնաշենք), Վ. Գ. Կորոլենկոյի անվ. գրադարանը (1898), գեղարվեստական ինստ–ը (1913): Նշանավոր են Ձերժինսկու հրապարակի ճարտ. անսամբլը (1920–30-ական թթ., կենտրոնում՝ Վ. Ի. Լենինի հուշարձանը, բրոնզ, գրանիտ, 1963, քանդակագործներ՝ Մ. Կ. Վռոնսկի, Ա. Պ. Օլեյնիկ), Տ. Գ. Շևչենկոյի հուշարձանը (բրոնզ, գրանիտ, 1935, քանդակագործ՝ Մ. Գ. Մանիզեր, ճարտ. Ի. Գ. Լանգբարդ), Ուկրաինայում սովետական իշխանության հաստատմանը նվիրված կոթողը (գրանիտ, 1974): Ժամանակակից Խ. կառուցապատվում է 1972-ին հաստատված գլխավոր հատակագծով:
Հայերը Խարկովում: Խ–ի հայ գաղութը եղել է Ուկրաինայում ամենահներից մեկը և, հավանաբար, բնակչության թվով մեծաքանակը: 1920-ական թթ. ուներ ավելի քան 3 հզ. մարդ: Գաղութը ստվարացավ 1915-ի Մեծ եղեռնից հետո՝ Վանից, Արևմտյան Հայաստանի այլ վայրերից, ապա Կարսից, Ալաշկերտից, Արդահանից գաղթած հայերի հաշվին: Հատկապես շատ էին խոտորջուրցիները, որոնք 1921-ին իրենց I համագումարում քննարկեցին կոմունա ստեղծելու հարցը: Քաղաքի կենտրոնում է գտնվում «Հայկական» անունով նրբանցքը, որտեղ սկզբնապես բնակություն էին հաստատել հայերը, իսկ «Խոլոդնայա գորա» թաղամասում մինչև այժմ պահպանվում է Խ–ի երկու հայկ. եկեղեցիներից մեկը: Գործում էր հայկ. միջնակարգ դպրոց: 1930-ական թթ. կաթի տեխնիկումում դասավանդումը ապրվում էր նաև հայերեն: Հայ բնակչություն կուլտուրական զարգացումը խթանելու համար 1922-ին Ուկրաինական ՍՍՀ կառավարության որոշմամբ բացվեց Հայկական ակումբ, որին կից կային թատերական, երաժշտական և այլ ինքնագործ խմբեր: Այնտեղ բազմիցս ելույթներ են ունեցել հայ արվեստի գործիչները, այդ թվում Վ. Փափազյանը և Շ. Տալյանը: Տարբեր տարիներ Խ.-ում սովորել կամ աշխատել են գրող Ա. Բակունցը, կուսակցական–պետական գործիչ Յա. Զարոբյանը, հռչակված բժիշկներ եղբայրներ Վարդապետովները, ստոմատոլոգ Է. Գուլանյանը, գրականագետ–քննադատ Հ. Սալախյանը, լրագրող–հրապարակագիր Ա. Կակոսյանը, կոմպոզիտոր Ա. Հեքիմյանը և ուրիշներ:
1926-ին Խ–ում հիմնադրվել է արևելագետների Համաուկրաինական գիտական ասոցիացիան (BYHAC), որը մեծ աշխատանք է տարել հայոց պատմությունը և մշակույթը պրոպագանդելու գործում: Այդ նպատակին է ծառայել նաև նրա հրատարակած «Cxiдний cbim» («Արևելքի արշալույս») ամսագիրը. 1927–31-ին