Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բեկորներով, ամուր, նուրբ իրերով: Այս շրջանում հայտնի է նաև առավել «հասարակ» խեցեղենը, որը, սակայն, որակապես զիջում մյուս տեսակներին: Դրանցից են դրվագված, կենդանակերպ, գոտեզարդ, կարմրափայլ կարասները և մետաղյա կաղապարով ձուլածո ձվաձև անոթները: Ջնարակված ափսեների և թասերի հատակը, բացի գծանախշից, զարդարվում էր նաև մարդկային և առասպելական կենդանիների պատկերներով: X–XIII դդ. է վերագրվում շողյունապատ, ինչպես նաև գունավոր, թափանցիկ, ջնարակապատ բարձրորակ հախճապակու արտադրությունը: Դրանց մեջ կարելի է հանդիպել չինական ճենապակու և նմանվող հախճապակե իրերի: Հատուկ տեղ ունեին նրբապատ, փորագրված ցանցկեն թասերը: Ավելի ուշ շրջանում (XIII դ.) արտադրվում են վերադիր դիմաքանդակներով երկնագույն և կապույտ հախճապակե սկահակներ: Սկսած XIII դ., թաթար–մոնղոլական, այնուհետև թուրք–սելջուկյան արշավանքների հետևանքով, Հայաստանի տնտեսական անկմանը զուգընթաց գրեթե դադարում է Խ–յան հետագա զարգացումը, սկսում է գերակշռել չոր, ընդհանուր նախշը: Չնայած դրան, XIII –XVIII դդ. Սպահանի, Իկոնիայի հայ խեցեգործ վարպետները պատրաստում էին շինարարական գեղատես սալիկներ, հախճապակե ջնարակապատ խեցե իրեր: XVII դ., երբ Խ. Թուրքիայում անկում էր ապրում, միակ կենտրոնը մնում էր Քյոթահյան (Կուտինա), որտեղ կային հայկական բրուտագործության ամբողջ թաղամասեր: Քյոթահյայի վարպետները իրենց աշխատանքներում թուրքական զարդանախշը լրացնում էին քրիստոնեական թեմատիկ և սիմվոլիկ պատկերներով, ինչպես նաև մակագրություններով, որոնք հավաստում էին հայ վարպետների ինքնությունը: Այդ իրերը զարդարում էին եկեղեցիների ինտերիերներ, սուլթանի ապարանքը, արտահանվում Եվրոպա, որի շնորհիվ Քյոթահյան հռչակված էր իբրև «Արևելքի Սևր»:

Չնայած Հայաստանի խեցեգործական արվեստի հարուստ ավանդույթներին, հայ սովետական Խ. զարգացել է 1950-ական թթ. կեսից: Մինչև այդ կարելի է միայն նշել գյուղի և քաղաքի շուկան մատակարարող ժողովրդական բրուտագործությունը, որը բացառապես կրկնում էր կժերի, ամանների, «պուլիկների»՝ դարերի ընթացքում մշակված ձևերը: Խ–յան առաջնթացին նպաստեց Երևանի հախճապակու գործարանը (հիմնադրվել է 1954-ին), որը երկրի հախճապակու և ճենապակու մի շարք ձեռնարկությունների նմուշաձևերի կրկնօրինակմանը զուգընթաց իր տեսականին հարստացրեց ինքնուրույն արտադրանքով: Այս գործարանում արտադրված կժերը, ջրամանները և ավանդական զարդերով դեկորատիվ ափսեները, մանրաքանդակը (Հ. Սիմոնյանի «Հայկական ժողովրդական պարեր» արձանաշարը) կիրառական արվեստի ուշագրավ երևույթերից են: Հանրապետությունում խեցեգործության զարգացմանը նպաստել է նաև Հայկ. ՍՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտին կից ստեղծված (1958) խեցեգործական փորձարարական արհեստանոցը: Արվեստանոցի լաբորատորիաներում հետազոտական աշխատանքներ են տարվել տեղական կավի որակի ուսումնասիրման, ներկանյութերի փորձանմուշների ստուգման, թրծման կանոնների մշակման ուղղությամբ, ուսումնասիրվել են ազգային ձեռքբերումները: Նոր կադրերի պատրաստման առումով Խ–յան զարգացումը խթանեց Երևանի գեղարվեստա–թատերական ինստիտուտում ստեղծված (1958) խեցեգործական բաժինը: 1960-ական թթ. ստեղծվեցին Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի ինտերիերի սևաթույր անոթները (հեղ.՝ Հ. Բդեյան), Հայաստանի գեղարվեստական ֆոնդի դեկորատիվ սկուտեղները և հուշանվերները, փոքրաքանակ, զուսպ զարդապատումով ազգագրական բնույթի արձանիկները (հեղ.՝ Ռ. Շահվերդյան): Այդ տարիներին մեծ տարածում է գտել հրակավը, որի պլաստիկությունը, տեխնոլոգիական հատկությունները, կապտավուն մակերեսը զուգադրվել են ղեկորատիվ–կիրառական արվեստի առաջադրած խնդիրներին: Այն մուտք է գործել ճարտարապետական միջավայր, հասարակական ինտերիերներ, պուրակներ, փողոցներ և հրապարակներ: Փաստորեն առաջ են եկել կոմպլեքս նախագծման, արվեստի և ճարտարապետության համադրման խնդիրներ: Այդ նոր միտումների վկայություններ են Գ. Սունդուկյանի անվ. հայկական դրամատիկական թատրոնի ձմեռային այգու, Աբովյան և Սայաթ–Նովա փողոցներում գտնվող ծաղկի խանութների (երկուսի հեղ.՝ Հ. Բդեյան), Երևանի շախմատի տան և«Արգիշտի» սրճարանի ձևավորումները (հեղ.՝ Հ. Բդեյան, Դ. Բաբայան): Սովետահայ Խ–յանը բնորոշ են մոնումենտալ ճարտարապետական ձևերը, ինչպես նաև կամերային բնույթի աշխատանքներ, որոնք ունեն առավել դեկորատիվ, քան կիրառական նշանակություն: Ինչպես հայ, այնպես էլ սովետական խեցեգործների համար մի այլ դպրոց էին ՍՍՀՄ նկարիչների միության նախաձեռնությամբ ստեղծված խեցեգործական հատուկ բազաները (մասնավորապես Ձինտարին, Լատվ. ՍՍՀ), ուր աշխատելու էին մեկնում ստեղծագործական խմբեր: Այստեղ արվեստագետները փորձի փոխանակում էին կատարում, փորձանմուշներն իրականացնում արտադրական բազաներում: 1960-ական թթ. ՍՍՀՄ–ը ներգրավվում է Խեցեգործների միջազգային ակադեմիա (Ժնև): Սովետական խեցեգործ վարպետները ցուցադրվում են նաև Ֆաենցայի (Իտալիա) ամենամյա ցուցահանդեսներում, որոնց մասնակցում են նաև հայ ստեղծագործողները:

Խեցեգործական արտադրություն: Խեցեգործական իրերը և նյութերը դասակարգում են ըստ նշանակության և հատկությունների, ինչպես նաև օգտագործվող հիմնական հումքի կամ եռակալված խեցեղենի ֆազային բաղադրության: Ըստ հումքի բաղադրության և թրծման ջերմաստիճանի խեցեգործական իրերը բաժանվում են երկու դասի, լրիվ և մասամբ եռակալված: Տարբերում են՝ կոպիտ (օրինակ շինարարական և շամոտային աղյուս) և նուրբ (օրինակ, ճենապակի, հախճապակի) խեցեղեն: Խ–յան հիմնական հումքը կավն է և կաոլինը: Նուրբ խեցեղենի նախնական զանգվածի կարևոր բաղադրիչներն են դաշտային սպաթները և քվարցը: Ըստ պատրաստման եղանակի խեցե զանգվածները լինում են փոշենման, պլաստիկ և հեղուկ: Խեցեղենի կաղապարման եղանակն ընտրում են՝ ելնելով շինվածքի կամ իրի ձևից: Պարզ ձև ունեցող շինվածքները (հրակայուն աղյուս, երեսպատման սալիկներ) պատրաստվում են փոշենման զանգվածից՝ պողպատե մամլիչ կաղապարներում: Որմնանյութերը (աղյուս, երեսպատման սալիկներ, կղմինդր ևն) կաղապարում են պլաստիկ զանգվածներից՝ շնեկավոր վակուումային մամլիչներում, իսկ տնտեսական ճենապակին և հախճապակին՝ գիպսե կաղապարներում: Կաղապարված իրերը այնուհետև չորացվում են չորանոցներում: Խեցեգործական արտադրության ամենակարևոր տեխնոլոգիական պրոցեսը թրծումն է, որն ապահովում է եռակալման անհրաժեշտ աստիճանը: Եռակալման հետևանքով փոքրանում են շինվածքների և իրերի չափերը, մեծանում դրանց մեխանիկական ամրությունն ու խտությունը: Ճենապակե, հախճապակե և այլ նուրբ խեցեղեն իրերը թրծումից առաջ պատում են ջնարակով, որը թրծման բարձր ջերմաստիճաններում (1000–1400°C) հալվում է՝ առաջացնելով անջրաթափանց և անգազաթափանց ապակենման շերտ:

Պատկերազարդումը տես 4-րդ հատորի 352–353-րդ էջերի միջև՝ ներդիրում:

Գրկ. Բայբույթյան Ե., Հայաստանի գունազարդ կերամիկայի պրոբլեմը, «Տեղեկագիր ՀԽՍՀ պատմության և գրականության ինստ–ի», 1937, գիրք 2: Шелковников B. A., Художественная керамическая промышленность средневековой Армении, «Տեղեկագիր ՍՍՌՄ ԳԱ հայկ. ֆիլիալի», 1942, № 3–4 (17–18): Ղաֆադարյան Կ., Դվին քաղաքը և նրա պեղումները, Ե., 1952: Առաքելյան Բ., Քաղաքները և արհեստները Հայաստանում IX–XIII դդ., հ. 1, Ե., 1958: Мартиросян A., Армения в эпоху бронзы и раннего железа, E. 1964; Ղանզադյան Կ., հայկական լեռնաշխարհի մշակույթը մ. թ. ա. III հազարամյակում, Ե., 1967: Սարղարյան Ս., Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Ե., 1967: Թորոսյան Ռ., Թեղուտի վաղ երկրագործական բնակավայրերը, Ե., 1976: Исскуство керамики, cб. под ред. H. C. Cтепаняа, M., 1970; Խաչատրյան Ժ., Հայաստանի անտիկ շրջանի ջնարակած խեցեղենը, «ՊԲՀ>, 1977, N° 3: Carswell J., Dowsett C.J.F., Kutahya tiles and pottery from the Armenian cathedral of St. James Jerusalem, t. 1–2, Oxf., 1972.


ԽԵՔ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Հայոց ձոր գավառում: 1909-ին ուներ 148 (29 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Սարգիս): Խ–ի հվ–արմ. մասում էր գտնվում կիսավեր վանքը (Ս. Գևորգ): Խ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:


ԽԶՄԱԼՅԱՆ Դավիթ Մելիքսեթի [ծն. 9(22).11.1909, Ալեքսանդրապոլ], հայ սովետական էներգետիկ: Տեխ. գիտ. դ–ր