Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

ԽԻԺԱՃԱՐՃԱՏՈՒԿ, ծամանիկ (Chondrilla), բարդածաղկավորների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի բազմաձև ցեղ: Մինչև 1 մ բարձրություն ունեցող բույսեր են, ճյուղավորվում են հիմքից: Տերևները նեղ են, հարթ կամ խողովակաձև: Ծաղիկները մանր են, դեղին գույնի, հավաքված զամբյուղում: Պտուղը սերմիկ է: Արմատային համակարգը հզոր է: Հայտնի է 42 տեսակ, որից 36-ը՝ ՍՍՀՄ–ում: Աճում է Հարավային Եվրոպայի, Միջին Ասիայի տափաստաններում, կիսաանապատներում, մասամբ՝ անապատային շրջաններում: Պարունակում է կաուչուկ, որը բարձր որակի չէ:

Նկարում` «Խիկար» ամսագրի շապիկը


«ԽԻԿԱՐ», երգիծական ամսագիր: Լույս է տեսել 1884–85, 1886–88-ին, Կ. Պոլսում և Ադրիանուպոլսում: Խմբագիր–հրատարակիչ՝ Հ. Պարոնյան: 1880-ական թթ վերջերի համիդյան խստագույն գրաքննության պայմաններում «Ծիծաղ» և «Թատրոն» հանդեսների քաղ. երգիծանքը այստեղ հիմնականում իր տեղը զիջել է կենցաղային թեմատիկային: Խարազանել է եվրոպական նորամուծություններս կենցաղում, քաղքենիական սովորությունները, պաշտպանել արհեստավոր խավին: Առաջին անգամ այստեղ են տպագրվել Պարոնյանի «Քաղաքավարության վնասները», «Պաղտասար աղբար», «Խիկար և ծիծաղ», «Ծիծաղ և Բարոյական», «Առտնին տեսարաններ» և այլ ստեղծագործություններ: Կարևոր արժեք է ներկայացնում նաև «Այլակերպություն բառարանի» աֆորիզմների շարքը ուր քննադատվում են ազցային մարմինների գործունեությունը, հոգևորական դասը: «Խ.» ժամանակի երիտասարդության ամենակարդացվող պարբերականներից էր: Աշխատակցել են Կ. Պոլսի, Զմյուռնիայի, Ադրիանուպոլսի և այլ քաղաքների հայ մտավորականները` ինքնուրույն և թարգմանական գործերով:


ԽԻԿԱՐ (Ախիկար, Աքաիկարոս, Խիկար Իմաստուն) (ծն. և մահ. թթ. անհտ.), ապրել է մ. թ. ա. V դարում, Ասորեստանի Սենեքերիմ թագավորի ժամանակ, եղել նրա ատենադպիրը: Խ–ի անվամբ մեզ է հասել «Պատմութիւն և խրատք Խիկարայ Իմաստնոյ» զրույցը, որը դարերի ընթացքում մեծ փոփոխություններ է կրել: Այն պատմում է Խ–ի և իր քեռորդու՝ Նաթանի մասին, Խ. որդեգրել, սնուցել է Նաթանին, մինչդեռ սա չարությամբ է հատուցել Խ.-ին: Բնագիրը զուգորդվում է հետաքրքրական արկածներով ու խրատներով: Զրույցի հնագույն մի օրինակ (մ. թ. ա. V դ.), պապիրուսի վրա, արամեերեն, հայտնաբերվել է էլեֆանտին կղզու հրեական համայնքում: Զրույցը հիշվում է Աստվածաշնչում, վերապատմվում Եզովպոսի կենսագրության երկրորդ մասում: Խ–ի հետ է առնչվում արաբական Լոխմանը: Բնագիրն ամբողջական կամ հատվածաբար պահպանվել է ասորական, հայկ., արաբ., եթովպական, սլավ., վրաց., թուրք. խմբագրումներով: Հայկ. բնագիրը թարգմանվել է ասորերենից, V դ.: Հայերեն խմբագրված տեքստի հատվածներ մեզ հասել են XI–XII դարերից, իսկ ձեռագիր ամբողջական օրինակ՝ XIV դ.: Այն, միաժամանակ, հնագույնն է պահպանված բոլոր խմբագրումներից: Հայերենից են ծագում սլավ., վրաց., թուրք. խմբագրումները: Խ. տեղայնանալով՝ մեծ ժողովրդականություն է վայելել միջնադարյան Հայաստանում իբրև ազգային իմաստուն: Նրա անվան շուրջ հյուսվել են առակներ ու զրույցներ: Խ–ի զրույցն առաջին անգամ հայերեն տպագրվել է 1708-ին, «Պատմութիւն Պղնձէ քաղաքին» ժողովածուի մեջ և, այնուհետև, մինչև 1911-ը վերատպվել 14 անգամ: 1968-ին հրատարակվել է Խ–ի գիտա–համեմատական բնագիրը՝ ընդգրկելով ավելի քան 100 ձեռագիր:

Գրկ. Տաշյան Հ., Ւփկար և յուր իմաստությունն, տես նրա «Մատենագիտական, մանր ուսումնասիրությունք», մաս 2, Վնտ., 1901: Պատմութիւն և Խրատք Ւփկարայ Իմաստնոյ, աշխատասիրությամբ Ա. Մարտիրոսյանի, ԳԻՐՔ 1, [բնագիր], Ե., 1969, գիրք 2, [ուսումնասիրություն], 1972: Ա. Մարւոիրոսյան


ԽԻՂՃ, բարոյագիտության կատեգորիա, իրականացված բարոյագիտակցություն, որ բնորոշում է իր բարոյական սկզբունքներ մշակելու, արարքները հսկելու և արժեքավորելու անհատի ունակությունը: Անհատի արարքների գնահատականը դրսևորվում է ոչ միայն որպես դրանց բանական գիտակցում, այլև ապրում՝ «խղճի խայթ»: Իդեալիստական փիլիսոփայությունում Խ. դիտվում է որպես «ներքին ես»-ի ձայն (Կանտ, Ֆիխտե), մարդուն ի ծնե հատուկ բարոյական հատկություն ևն: Մարքս–լենինյան բարոյագիտությունը հիմնավորում է Խ–ի հասարակական–պատմական բնույթը, ցույց տալիս, որ այն պայմանավորված է ոչ միայն անհաւոի ներաշխարհով, այլև հասարակական կեցությամբ՝ «Հանրապետականի խիղճն այլ է, քան ռոյալիստինը, հարուստինը՝ այլ, քան ընչազուրկինը, մտածողինը՝ այլ, քան նրանը, ով անկարող է մտածել» (Mapкс К. и Энгельс Ф., Coбр. соч., т. 6, c. 140):


ԽԻՄԿԻ, քաղաք ՌՍՖՍՀ Մոսկվայի մարզում, Մոսկվայի անվան ջրանցքի և երկաթուղային ճանապարհի հատման տեղում: 118 հզ. բն. (1979):


ԽԻՄՈՏՐԻՊՍԻՆ, հիդրուավսերի դասի, պեպտիդ–հիդրոլազների ենթադասի ֆերմենտ: Կատալիզում է սպիտակուցների, պեպտիդների, ամիդների, որոշ բարդ եթերների հիդրոլիզը: Խ–ի ազդեցությունը առավելապես դրսևորվում է այն միացությունների հիդրոլիզի նկատմամբ, որոնցում ներկայացված են արոմատիկ L–ամինաթթուների կարբօքսիլ խմբերը: Օրգանիզմում տրիպսինի հետ միասին մասնակցում է սպիտակուցների մարսմանը, հատկապես 12-մատնյա աղիքում: Արտադրվում է ենթաստամոքսային հյութի հետ, լավ է գործում pH–7,6–8,2 սահմաններում:

Նկարներում` Հ. Ն. Խիստոստուրյան, Ր. Մ. Խիտարով


ԽԻՍՏՈՍՏՈՒՐՅԱՆ Հովհաննես Նիկողոսի (ծն. 1910, Կրասնոդար), սովետական բանակի տեխնիկական զորքերի գեներալ–մայոր (1954): ՍՄԿԿ անդամ 1936-ից: Ավարտել է Դոնի Ռոստովի ռազմ. դպրոցը (1932), Քիմիական պաշտպանության ռազմ. ակադեմիայի հրամանատարական ֆակ–ը (1940): Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է 13-րդ բանակի քիմիական ծառայության պետ, 1944-ից՝ Բելոռուսական 2-րդ ռազմաճակատի քիմ. զորքերի պետի տեղակալ: Ետպատերազմյան տարիներին (1945–1954) աշխատել է Մոսկվայի, Հյուսիսային, ապա Մերձկարպատյան ռազմ. օկրուգներում, 1955-ից՝ ՍՍՀՄ պաշտպանության մինիստրությունում, 1960-ից՝ Քիմիական պաշտպանության ակադեմիայում: Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2 և Կարմիր աստղի 2 շքանշաններով:

Նկարում` Խիվայի Կալտամինոր մինարեթը («Կարճ մինարեթ», XIX դ.)


ԽԻՎԱ (մինչև XVIII դ.՝ Խիվակ), քաղաք Ուզբեկական ՍՍՀ Խորեզմի մարզում, Պալվան ջրանցքի մոտ: 26 հզ. բն. (1974): Հիմնադրվել է մ. թ. սահմանագծին: IV դ. սկզբին գրավել են պարսիկները, 712-ին՝ արաբները, 1221-ին՝ մոնղոլները, 1388-ին՝ Լենկթեմուրը: XVI դ. վերջերից մինչև 1920-ը եղել է Խիվայի խանության մայրաքաղաքը:


ԽԻՎԱՅԻ ԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ֆեոդալական պետություն Միջին Ասիայում: Հիմնադրել է ուզբեկ Իլբարս խանը, 1512-ին: Ընդգրկել է Հին Խորեզմը, Մանղշլաղի և Դիհիստանի թուրքմենական քոչավայրերը և Խորասանի հս. հատվածը: Մայրաքաղաքները (հաջորդաբար)՝ Վազիր, Ուրգենչ և Խիվա: Բնակվել են ուզբեկներ, կարակալպակներ և ղազախներ: Խ. խ–ում ֆեոդալական շահագործումը միահյուսված է եղել նահապետական–տոհմատիրականի և ստրկատիրականի հետ: Կրոնը իսլամն էր: XVI–XVIII դդ. տեղի են ունեցել երկպառակտչական կռիվներ, ազգամիջյան (ուզբեկների և թուրքմենների միջև) ընդհարումներ, երկարատև պատերազմներ հարևան Բուխարայի, Իրանի և քոչվոր թուրքմենների դեմ: 1740-ին Խ. խ. նվաճել է Նադիր շահը, որի մահից