Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շաքարի 90%-ը վերածում են կիտրոնաթթվի: Սննդարդյունաբերության մեջ կիրառվող կիտրոնաթթուն ստացվում է մանրէակենսաբանական ճանապարհով:

Քացախաթթվային Խ., Aceto-bacter ցեղի բակտերիաները էթիլսպիրտը օքսիդացնում են (քացախաթթվի միջանկյալ միացությունը քացախալդեհիդն է): Քացախաթթվային շատ բակտերիաներ, բացի սպիրտի օքսիդացումից իրականացնում են գլյուկոզի օքսիդացումը գլյուկոնաթթվի և կետոգլյուկոնաթթվի: Գլյուկոնաթթուն կիրառվում է դեդագործական արդ. նւ բժշկության մեջ: Լ. Երզինկյան, Լ. ՝Հակոբյան.

ԽՅՈՒՍ, ջրի և մանրացված (1–0,5 մմ–ից փոքր մասնիկներ) օգտակար հանածոյի խառնուրդ: Խ. առաջանում է, երբ հանքաքարը մանրացվում է հարստացնելու, արդյունահանելու և այլ նպատակներով: Հոդային աշխատանքներում Խ ջրի և գրունտի խառնուրդն է: Խ–ի խտության (պինդ և հեղուկ զանգվածների հարաբերություն) և մանր մասնիկների քանակի մեծացմանը զուգընթաց Խ–ի մածուցիկությունը մեծանում է, իսկ պինդ մասնիկների նստվածք տալու արագությունը՝ նվազում:

ԽՆԱԾԱԽ, գյուղ Հայկական ՍՍՀ Գորիսի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս–արևելք: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ և այգեգործությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, կինո, մսուր–մանկապարտեզ, հիվանդանոց: Գյուղի տարածքում պահպանվել են եկեղեցի, խաչարձան, գյուղատեղիներ, գերեզմանոցներ:

ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, քաղաքացիների անձնական և գույքային շահերի իրավական պաշտպանության ձև ՍՍՀՄ–ում: Սահմանվում է ծնողական իրավունքներից զրկելու (տես Ծնողական իրավունքներ պարտականություններ) դեպքում, ծնողների հիվանդության կամ այլ պատճառներով ծնողական խնամքից զրկված (15 տարին չլրացրած) երեխաների, դատարանի որոշմամբ անգործունակ ճանաչված հոգեկան հիվանդների կամ տկարամիտների, ինչպես նաև քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված կարգով՝ մահացած կամ անհայտ կորած անձանց գույքի նկատմամբ՝ նրանց խնամքը, դաստիարակությունը ապահովելու, գույքային և անձնական շահերը պաշտպանելու նպատակով: Խ. սահմանում են շրջանային, քաղաքային, գյուղական և ավանային սովետների գործկոմները, իսկ ֆունկցիան իրականացնում են ժողովրդական կրթության բաժինները՝ անչափահասների նկատմամբ, առողջապահության բաժինները՝ հոգեկան հիվանդների նկատմամբ: Խնամակալները խնամարկյալների օրինական ներկայացուցիչներն են, նրանց անունից ու հօգուտ նրանց կնքում են գործարքներ՝ ղեկավարվելով ՀՍՍՀ քաղաքացիական և ընտանեկան օրենսդրություններով: Խնամակալ չեն կարող նշանակվել 18 տարին չլրացրած, դատարանով ծնողական իրավունքից զրկված, օրենքով անգործունակ ճանաչված անձինք: Ս. Հովհաննիսյան

ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, պայլություն, արքունի գործակալություն Կիլիկյան Հայաստանում (XII դ. 1-ին կեսից): Գործակալը կոչվել է «պայլ» կամ «հայր»: Նա կրել է «ավագ պարոն» տիտղոսը՝ ի տարբերություն երկրի մյուս իշխանների կամ պարոնների: Պայլը եղել է թագավորի առաջին խորհրդականը և գահաժառանգի խնամարկուն, իսկ գահակալի անչափահասության դեպքում՝ նրա հովանավորն ու պետության կառավարիչը: Խ. պետությունը կառավարել է նաև երկրից թագավորի բացակայության ժամանակ, հաճախ վարել է Սեղանապետության գործակալությունը:

ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ, ծնողազուրկ երեխաների հանձնումը աշխատավորական ընտանիքների դաստիարակությանը՝ վարձատրությամբ: Խ–յան պայմանագիրը կնքվում է խնամակալության ու հոգաբարձության մարմնի և երեխայի խնամքը ստանձնած քաղաքացու միջև: Խ. շարունակվում է մինչև երեխայի 15, բացառիկ դեպքերում՝ 18 տարեկան դառնալը: Խ. նախատեսում են միայն Լատվիական և Ուզբեկական ՍՍՀ–ների ամուսնության և ընտանիքի օրենսգրքերը:

Նկարում` Խնածուխ

ԽՆԱՄՔ ՑԱՆՔԵՐԻ, ագրոտեխնիկական միջոցառումների համալիր, կիրառվում է գյուղատնտեսական կուլտուրաների ցանքերում բույսերի աճը, զարգացումը բարելավելու և բերքատվությունը բարձրացնելու նպատակով: Խնամքի ձևերը, դրանց համադրումը, ժամկետները և կատարման հաջորդականությունը կախված են բույսերի (աշնանացան կամ գարնանացան) կենսաբանական առանձնահատկություններից, մշակման նպատակից (հատիկի, կանաչ զանգվածի համար ևն), ցանքի եղանակից (շարային, բնային, լայնաշար), բույսի հասակից, հողային, բնակլիմայական պայմաններից ևն: Հիմնական ձևերն են՝ աշնանացան բույսերի համար՝ աշնանային սնուցումը հանքային պարարտանյութերով (բարձրացնում է բույսերի ցրտադիմացկունությունը), ձնակուտակում, գարնանային սնուցում, փոցխում: Գարնանացան բույսերի համատարած ցանքի դեպքում՝ ետցանքային տափանում (երաշտի շրջաններում), փոցխում, սնուցումներ: Շարահերկ բույսերի համար՝ հողի միջշարային մշակում, փնջավորում, ծիլերի նոսրացում, սնուցումներ: Բազմամյա խոտաբույսերի համար՝ գարնանային և ետքաղյա փոցխումներ, սնուցում: Առանձին բույսերի համար կիրառվում են խնամքի հատուկ ձևեր՝ բուկլից, ծերատում, բճատում ևն: Խնամքի միջոցառումներից են նաև մոլախոտերի, վնասատուների և հիվանդությունների դեմ ագրոտեխ., կենսբ., քիմ. և պայքարի այլ ձևերը, ոռոգումը: Տես նաև Ագրոտեխնիկա:

ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԴՐԱՄԱՐԿՂՆԵՐ, վարկային հիմնարկություններ. հիմնական ֆունկցիան բնակչության դրամական խնայողությունների և ժամանակավորապես ազատ դրամական միջոցների ներգրավումն է: Կազմակերպվել են XVIII դ. վերջին– XIX դ. սկզբին՝ մասնավոր ընկերությունների, մունիցիպալիտետների և պետության կողմից: Ռուսաստանում Խ. դ. հիմնադրվել են 1841-ին: Կապիտալիստական երկրներում Խ. դ–ի միջոցներն օգտագործվում են ռազմ. ծախսերը ֆինանսավորելու, բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար: Ավանդների մեծ մասը պատկանում է ռանտյեներին (տես Ռանտյե), մանր ու միջին ձեռնարկատերերին: ՍՍՀՄ Խ. դ. համամիութենական կենտրոնացված վարկային հիմնարկներ են և տնտհաշվարկով աշխատող իրավաբանական անձ: Ստեղծվել են ՌՍՖՍՀ ԺԿԽ–ի 1922-ի դեկտ. 26-ի որոշմամբ, մինչև 1963-ը գտնվել ՍՍՀՄ ֆինանսների մինիստրության, 1963-ի հունվ. 1-ից՝ ՍՍՀՄ Պետբանկի ենթակայության տակ: Խ. դ–ում ներգրավված միջոցներն օգտագործվում են ՍՍՀՄ ժողտնտեսության հետագա զարգացման համար: Ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, դրամական եկամուտների աճի շնորհիվ Խ. դ–ում ավանդներն անընդհատ ավելանում են: Ավանդների թիվը 1940-ին և 1977-ին, համապատասխանաբար, կազմել է 17,3 և 120 մլն, ընդհանուր գումարը՝ 0,7 և 116,7 մլրդ ռ., միջին չափը՝ 42 և 972 ռ.: Խ. դ. ավանդներ են ընդունում ցպահանջ, ժամկետային (6 ամսից ոչ պակաս ժամկետով), պայմանական, շահող և ընթացիկ հաշիվներով: Ժամկետային ավանդի համար եկամուտ է վճարվում տարեկան 3%, մյուս տեսակների համար՝ 2% : Շահող ավանդների համար եկամուտը վճարվում է շահումների ձևով: Ավանդներից ստացված եկամուտները չեն հարկվում: Դրամական միջոցների անձեռնմխելիությունը, ավանդների գաղտնիությունը և դրանց վերադարձնելը ավանդատուի առաջին իսկ պահանջով երաշխավորված է պետության կողմից: Ավանդատուն իրավասու է ավանդը ետ վերցնել մաս–մաս կամ ամբողջովին, տնօրինել անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով՝ կտակել մեկ կամ մի քանի անձանց, պետ. կամ հասարակական կազմակերպությունների: