Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այն պարունակվում է կիտրոնաթթվի հետ 0,3–1,2% քանակությամբ: Ունի ածխածնի ասիմետրիկ ատոմ և հայտնի է օպտիկական երկու և մեկ ռացեմիկ խառնուրդի ձևով: Օպտիկական իզոմերներն անգույն բյուրեղներ են, լավ են լուծվում ջրում և սպիրտում, հալվում են 100°C-ում: Ռացեմիկ Խ. հալվում է 130– 131°C-ում: Ստացվում է, օրինակ, խաղողաթթուն վերականգնելով: Կիրառվում է բժշկության մեջ որպես լուծողական դեղամիջոցների բաղադրիչ մաս և խռպոտության դեմ:

ԽՆՁՈՐԵԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուս գավառում: 1909-ին ուներ 55 տուն, որից 30-ը՝ հայ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Խ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:

Նկարում` Խնձորենի. 1. ծաղկած ճյուղը, 2. սերմնարանի կտրվածքը, 3. պտուղը և նրա երկայնակի կտրվածքը, 4. պտղի լայնակի կտրվածքը

ԽՆՁՈՐԵՆԻ (Malus), վարդազգիների ընտանիքի պտղատու ծառերի և թփերի ցեղ: Հայտնի է 36 տեսակ, ՍՍՀՄ–ում՝ 15: Առավել տարածված են Խ. կուլտուրական (M. domestica), անտառային (M. sylvestris), արևելյան (M. orientalis), Խ. ցածրաճ (M. pumila), Խ. սիբիրական (M. baccata), Խ. չինական (M. prunifolia): Մշակովի Խ.-ու բարձրությունը 2–10 մ է, ունի լայն բրգաձև սաղարթ: Տերևները խոշոր են և տարբեր ձևի: Միատուն բույս է, երկսեռ ծաղիկներով, պսակաթերթիկները սպիտակ են, հիմքի մասում՝ վարդագույն, սերմնարանը ցածրադիր է: Խաչաձև փոշոտվող և ինքնաստերիլ է: Պտուղը՝ կեղծ, կլոր, կլոր–տափակավուն, օվալաձև, ձևաձև, տձև: Գույնը կանաչա–դեղնավուն է, դեղին, դեղնականաչավուն: Կշռում է 30–500, երբեմն՝ 600 գ: Պարունակում է շաքարներ (5–15%), թթուներ (0,2–1,5%), պեկտիններ, սպիտակուցներ, վիտամիններ (A, B, C): Օգտագործվում է թարմ, մասամբ չորացրած: Պտղից պատրաստում են կոմպոտ, ջեմ, պովիդլո, պաստեղ, ժելե, ստանում հյութեր, գինի, օղի: Խ. զով կլիմայի, ցրտադիմացկուն, խոնավասեր բույս է: Բազմանում է պատվաստներով: Բերքատվությունը 150–200 ց/հա է: Կարելի է մշակել Հայաստանի բոլոր գոտիներում: Հատկապես լավ է աճում Գուգարքի, Սպիտակի, Թումանյանի, Ստեփանավանի, Նոյեմբերյանի, Իջևանի, Հայաստանի հվ–արլ., ինչպես նաև Սևանի ավագանի և Լենինականի սարահարթի շրջաններում: ՍՍՀՄ–ում կա Խ–ու 500 սորտ: Վաղահասներից են՝ Պապիրովկա, Վիրգինկա, վարդագույն, Աստրախանի, Կարմիր, աշնանայիններից՝ Ռենետ, Լանդսբերգա, Պարմեն, Զիմնի զոլոտոյ, Բելֆլոր դեղին, ձմեռայիններից՝ Ռենետ սիբիրական, Ռենեա բումաժնի, Պեպին–լոնդոնկա, Ռենեա օռլյանի: Ա. Մարգարյան

Նկարում` Հին Խնձորեսկը

ԽՆՁՈՐԵՍԿ, գյուղ Հայկական ՍՍՀ Գորիսի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ արևելք: «Խ.» անունով է կոչվում և՝ հին գյուղատեղին, որ տարածված է լեռնահովտում, և՝ նոր գյուղը, որ սփռված է նրանից վեր՝ ձախ կողմում ընկած սարահարթում: Ըստ ժող. ստուգաբանության, «Խ.» անվան արմատը «խնձոր» բառն է: Մեկ այլ ստուգաբանությամբ՝ Խ. նախապես անվանվել է Խորձոր կամ Խորձրրևսկ, որը հետագայում որոշ հնչյունափոխության ենթարկվելով՝ ընդունել է ներկայիս ձևը: Երկու կարծիքներն էլ, անշուշտ, ընդունելի են. այդտեղ և՛ ձորերն են խոր, և՜ խնձորն է առատ:

Հին Խնձորեսկը գտնվում է արմ.–արլ. գրեթե 3 կմ երկարությամբ ձգվող լեռնահովտի աջ և ձախ լանջերին, որոնք, իրենց հերթին, կտրտված են խոր ձորահովիտներով: Ձորերը միմյանցից բաժանվում են լեռնաբազուկներով, որոնց լանջերին տեղ–տեղ վեր են խոյանում 100–120 մ բարձրության ժայռեր: Լեռնահովիտների լանջերը, չնչին բացառությամբ, զուրկ են շինարարության համար հարթ տարածություններից: Այդ պատճառով մարդիկ, օգտագործելով տեղանքի ընձեռած հնարավորությունները, կառուցել են դարավանդներ և տները դասավորել լանջերն ի վեր այնպես, որ մեկի կտուրը հաճախ բակ է ծառայել նրանից վեր կառուցվածի համար:

Խ–ի պատմությունը հին է և հարուստ: Նրա տարածքում եղած մի շարք բնակատեղիներ, որոնք դեռևս չեն պեղված և ուսումնասիրված, գալիս են, հավանաբար, Սյունյաց աշխարհի սկզբնավորման շրջանից: Բուն Խ–ում ամենահինը Չահլուկն է, որի պատմությունը հասնում է դարերի խորքը: Ըստ երևույթին, XIV–XV դդ. է վերաբերում համեմատաբար հարթ ու մատչելի վայրերում գտնվող կենտրոնական թաղերի սկզբնավորումը: Խ–ի բնակիչները դարեր շարունակ հմտորեն օգտագործել են լեռնային բարդ տեղանքը ինչպես բնակության ու աշխատանքի, այնպես էլ ինքնապաշտպանության համար։ Խ. գործուն մասնակցություն է ունեցել ազատագրական այն պայքարին, որ Դավիթ Բեկի գլխավորությամբ ծավալվեց XVIII դ. 1-ին քառորդին Սյունիքում: Խ–ում է Մխիթար Սպարապետի գերեզմանը: Ազատագրական շարժման պարտությունից օգտվելով՝ պարսիկ և օսմանցի բռնակալները սկսեցին հետապնդել ու հալածել հայերին: Աբրահամ Կրետացի կաթողիկոսը, որ Թահմազ Ղուլի–Նադրխանին շահ կարգելուց հետո, 1735-ին, Մուղանի դաշտից Տաթևի վրայով Էջմիածին վերադառնալիս կանգ էր առել Խ–ում, իր «Պատմության» մեջ հանգամանորեն նկարագրում է տեսածը: Գիշեր թե ցերեկ, ամեն րոպե, ուժերի անհամեմատ մեծ գերակշռություն ունեցող հրոսակների կողմից հարձակման ենթարկվելու վտանգը խնձորեսկցիներին ստիպել է որպես կացարան հարմարեցնել այն քարանձավները, որոնք փորված էին ժայռի մեջ, հաճախ գետնից 20–30 մ բարձրության վրա: Կրետացին զարմանքով է դիտել, թե ինչպես պարանով քարանձավ էին մագլցում նույնիսկ կանայք՝ մեջքին կապած երեխա կամ քթոց:

Հին Խ. եղել է Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղը. 1913-ին ունեցել է 1800 տուն, ընդ որում դրանց մեջ կային բազմաթիվ գերդաստաններ, որոնք բաղկացած էին մի քանի տասնյակ մարդուց: Խնձորեսկցիները զբաղվում էին դաշտավարությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, արհեստներով. Խ–ի դարբինները, ներկարարները, որմնադիրները, գզրարները, դերձակները, հաղթուկները, պայտագործները, գորգագործները, զինագործները, հմուտ վարպետներ էին, որոնք հաճախ սպասարկում էին նաև հարևան գյուղերին: Հռչակված էին Խ–ի աշուղները, երգիչ–սազանդարները, որոնք