Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է։ Փրկվածները ապաստանել են Արևելյան Հայաստանում։

ԽՈՌԽՈՌՆ, Խոռխոն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սվազի (Սեբաստիայի) վիլայեթում, համանուն քաղաքից 24 կմ արևելք։ XX դ. սկզբին ուներ 50 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կային եկեղեցի (Ս. Կարապետ) և վարժարան (խորխոռունյաց անունով)։ Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։

ԽՈՌՈՎԵՐԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասեն գավառում։ 1909-ին ուներ 27 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը բնաջընջվել է բռնագաղթի ճանապարհին։

Նկարում՝ Խոսելու գործարանները. 1. ռնգային խոռոչ, 2. կոշտ քիմք, 3. փափուկ քիմք 4. բերանի խոռոչ, 5. շրթունքներ, 6. կտրիչներ, 7. լեզ վի ծայր, 8. լեզվի մեջք, 9. լեզվի արմատ, 10. ըմպան, 11. մակկոկորդ, 12. խռչակ, 13. շնչափող, 14. աջ բրոնխ, 15. աջ թոք, 16. ստոծանի, 17. կերակրափող, 18. ողնաշար, 19. գլխուղեղ, 20. ողնուղեղ

ԽՈՍԵԼՈՒ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ, արտասանական օրգաններ, արտասանական ապարատ, ֆիզիոլոգիական տարբեր գործառություններ ունեցող օրգաններ, որոնց միջոցով ձևավորվում է նաև հնչյունական խոսքը։ Բաժանվում են երկու մեծ խմբի՝ ղեկավարող և կատարող։ Արտասանական օրգանների ողջ աշխատանքը ղեկավարում է գլխուղեղը՝ զգայական և շարժողական նյարդերի միջոցով։ Կատարող օրգաններն են՝ ա. թոքերը և շնչափողը, բ. կոկորդը՝ ձայնալարերով, գ. խոռոչները (կոկորդի, քթի և բերանի), բերանի խոռոչում են գտնվում արտասանության շարժուն (լեզու, շրթունքներ, փափուկ քիմք՝ փոքր լեզվակով, ստորին ծնոտ) և ոչ շարժուն (ատամներ, լնդեր, կոշտ քիմք) օրգանները։ Քթի խոռոչը հաղորդակցվում է բերանի խոռոչին և մասնակցում հնչարտաբերությանը քմային վարագույրն իջնելու հետևանքով։ Թոքերում կարգավորվում և բրոնխներով դեպի շնչափողն է ուղղվում օդի հոսքը, որը, անցնելով կոկորդով (խռչակով), ենթարկվում է ձևափոխությունների։ Խռչակում են գտնվում երկու զույգ ծալքերը՝ վերին (կեղծ) և ստորին (իսկական) ձայնալարերը. վերջինների թրթռումներից առաջացած ձայնը նախադրյալներ է ստեղծում ձայնավորների և ձայնեղ բաղաձայնների արտասանության համար։ Այն վերջնականապես ձևավորվում է բերանի խոռոչում՝ շարժուն օրգանների գործողությամբ, որոնք փոխում են բերանային և ռնգային արձագանքարանների ձևերն ու ծավալը։ Եթե ձայնավոր հնչյունների կազմավորման հիմնական աղբյուրը ձայնալարերն են, ապա բաղաձայն հնչյունների կազմավորումը կատարվում է օդի հոսքի ճանապարհին՝ արտասանական ուղու տարբեր տեղերում ստեղծված փակվածքների ու նեղվածքների հետևանքով։ Ա. Խաչատրյան, Ռ. Թոխմախյան

ԽՈՍԽԵՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բարվարի գավառակում։ 1909-ին ուներ մոտ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և նասնապահությամբ։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։

ԽՈՍՆԱԿ», գրական, հասարակական և տեղեկատու ամսագիր։ ՀԲԸՄ Լիբանանի շրջանային հանձնաժողովի և Հայ երիտասարդաց ընկերության (ՀԵԸ) կենտրոնական վարչության օրգան։ Լույս է տեսնում 1957-ից, Բեյրութում։ Խմբագիրներ՝ Ա. Մակարյան, Ս. Մինասյան։ Լուսաբանում է ՀԲԸՄ–ի և ՀԵԸ–ի գործունեությունը Լիբանանում և Սիրիայում։ Նյութեր է տպագրել Սովետական Հայաստանի տնտեսության, գիտության ու մշակույթի նվաճումների մասին։ Հայաստանը համարելով ազգապահպանման հիմնական կռվան՝ ձգտում է ամրապնդել հայրենիք–սփյուոք կապերը։

ԽՈՍՆԱԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառում։ XX դ. սկզբին ուներ 58 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Մինաս)։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, թուրք ջարդարարների ձեռքով՝ Կամախի կիրճում։

ԽՈՍՊ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Հայոց ձոր գավառում։ 1909-ին ուներ 43 տուն (223 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և նասնապահությամբ։ Գյուղը ուներ եկեղեցի (Ս. Սարգիս), իսկ մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվում էր Ս. Աստվածածին անունով փոքրիկ, առանց գմբեթի վանքը, որի շուրջը կային խաչքարեր։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։

ԽՈՍՊԻԱ, Խոսպիո, գյուղ Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, շրջկենտրոնից 4 կմ հարավ, Աբուլ լեռան արևելյան կողմում։ Գյուղի միջով հոսում է Փարվանա գետը։ Բնակչությունը՝ հայեր, վրացիներ, հույներ։ 1950-ից Խ․ մտնում է Վաչիանի մսա–կաթնային սովետական տնտեսության մեջ։ Ունի հայկ. և վրաց. ութամյա դպրոցներ, երեք եկեղեցի։ Խ–ի հայերը գաղթել են Էրզրումի վիլայեթի Շինետ գյուղից։

ԽՈՍՏԱ, կլիմայական առողջարան Սոչի–Մացեստայի շրջանում։ Գտնվում է Սև ծովի ափին, Սոչիից 21 կմ, Նոր Մացեստայից 10 կմ հվ–արլ.։ Բուժման միջոցները և ցուցումները տես Սոչի հոդվածում։

ԽՈՍՏԱԿ (միջին պարսկ. խվասթաք–ունեցվածք, անշարժ գույք), ֆեոդալական պայմանական հողատիրության ձև պարթև Արշակունիների, Սասանյանների պետությունում և Հայաստանում։ Միջնադարյան Հայաստանում Խ. է համարվել այն հողաբաժինը կամ անշարժ գույքը, որը խոշոր ֆեոդալները տվել են մանր ազնվականներին՝ զինվորական և այլ ծառայությունների դիմաց։ Խ․, ստացողը կոչվել է խոստակդար։ Գոյություն են ունեցել նաև եկեղեցական խ․-ներ, որոնք առաջացել են IV դ.։ Դրանց գերագույն սեփականատերը եկեղեցին էր, որը հոգևորականի եկեղեցական ծառայությունն ընդհատվելու դեպքում իրավունք ուներ ետ գրավել Խ։ Ն. Արզումանքան

ԽՈՍՏԱԿԴԱՐ (միջին պարսկ. խվասթաք–դար–ավատատեր), խոստակ ստացող ավատատեր պարթև Արշակունիների, Սասանյանների պետությունում և Հայաստանում։ խ. իրավունք չուներ առանց խոշոր ֆեոդալի վաճառել կամ նվիրել խոստակը։ Խ․ իր խոստակը կարող էր ժառանգել որդիներին կամ մերձավորներին՝ ըստ օրենքի և կտակի։ Ժառանգությունը որդիներին տրվել է ամբողջությամբ կամ յուրաքանչյուրին՝ իր բաժինը։ Խ–ի պարտքը պարտավոր էին վճարել նրա որդիները՝ ժառանգության իրենց բաժնին համապատասխան։ Այլադավանները Խ․-ի ժառանգորդ չէին ճանաչվում։ Ն. Արզումանյան

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ, ապաշխարություն, քրիստոնեական եկեղեցու խորհուրդներից։ Խ–յամբ հավատացյալը (ապաշխարողը) զղջումով մեղքերն է հայտնում հոգևորականին (խոստովանահորը), իսկ վերջինս թողություն է տալիս մեղքերին։ Այժմ տարածվում է խմբային Խ., որը կրում է մեղքերի թողության հավաքական աղոթքի բնույթ։ Հայ առաքելական եկեղեցում ընդունված է և՝ անհատական, և՝ հավաքական Խ.։ Խ–յան ընթացքում հոգևորականը կամ հավատացյալը ընթերցում են Գրիգոր Տաթևացու Խ–յան բանաձևը, ուր նշված են մարդկային հանցանքները և մեղքերը։ Խ. հետադիմական երևույթ է, իսկ «մեղքերի թողությունը» երբեմն վերածվել է հարստություն ձեռք բերելու միջոցի, ինչպես ինդուլգենցիան։

ԽՈՍՐՈՎ ԱՆՁԵՎԱՑԻ (ծն. թ. անհտ.– մահ. մոտ 964), հայ եկեղեցական գործիչ, մատենագիր։ Աշակերտել է Արամ մատենագրին։ Գրիգոր Նարեկացու հայրը։ Սկզբում եղել է աշխարհական, կնոջ վախճանվելուց հետո ստացել է հոգևորական աստիճան։ Անանիա Մոկացի կաթողիկոսից 940-ական թթ. ձեռնադրվել է Վասպուրականի Անձևացիք գավառի եպիսկոպոս (նույն կաթողիկոսը նրան հորջորջում է «այր համեստ և գիտնավոր»)։ Որդիներին՝ Հովհաննեսին և Գրիգորին, Խ. Ա. հանձնել է Նարեկա վանք՝ Անանիա Նարեկացու մոտ կրոնավորելու (միջնակ որդին՝ Սահակը, հավանաբար եղել