անձի, սեփական ուժերի և ընդունակությունների հանդեպ, առաջացնում է նոր եռանդ և ձգտում։ Գոյություն ունեն Խ–ի տարբեր ձևեր։ Նախադպրոցական տարիքի երեխաների նկատմամբ հիմնականում կիրառվում է բանավոր ձևը, դպրոցում օգտագործվում են բանավոր, գրավոր, ինչպես նաև անհատական և կոլեկտիվ ձևերը։ Պետք է միշտ պահպանել մանկավարժական տակտը, լինել հիմնավորված և արդարացի, խրախուսել ոչ միայն ձեռք բերած հաջողությունները, այլև երեխայի ջանասիրությունը, աշխատասիրությունը, նախաձեռնությունը ևն։ Խ. երեխաներին պարտավորեցնում է լինել կատարյալ, բարձրացնում պատասխանատվության զգացումը, նոր հեռանկարներ բացում նրանց առջև։ Չափից ավելի Խ. առաջացնում է մեծամտություն և էգոիզմի զգացում։
ԽՐԱՄ, ավան Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Նախիջևան գավառում, համանուն քաղաքից հարավ, Արաքսի աջ ափին։ Առաջին անգամ հիշատակում է Մովսես Խորենացին, ապա պատմիչներ Սեբեոսը և Ղևոնդը՝ արաբների արշավանքի կապակցությամբ։ 643-ին, գրում է Սեբեոսը, արաբները պաշարում են Նախիջևանը և, չկարողանալով գրավել, հարձակվում են Խ–ի բերդի վրա, ոչնչացնում և գերեվարում մեծ թվով կանանց և երեխաների։ 689-ին արաբները նորից ներխուժում են Հայաստան, ավերում Խ., Ջուղան և բնակիչներին հարկադրում ծանր հարկերով։ Հայկ. զորքերին հաջողվում է Աշոտ Բագրատունու գլխավորությամբ երկրից դուրս վտարել արաբներին։ 703–704-ին Նախիջևան քաղաքը և Խ. նորից ենթարկվում են Հայաստան ներխուժած արաբական զորքերի ավերածություններին։ Ղևոնդ պատմիչի վկայությամբ, արաբ, զորքերի հրամանատար Կասըմը նենգությամբ ձերբակալում է հայ նախարարներին, լցնում Նախիջևվանի և Խ–ի եկեղեցիները և ողջակիզում։ Այնուհետև Խ–ի մասին հիշվում է 972-ին, երբ ավերված գյուղից տեղափոխվել է Ս. Հովհաննես Կարապետի նշխարաց մագաղաթյա հիշատակարանը։
Գրկ. Մելիք–Բախշյան Ս., Հայաստանը VII –IX դարերում, Ե., 1968։
ԽՐԱՄ, Կցիյա–Խրամի, գետ Վրացական ՍՍՀ–ում, Կուրի աջ վտակը։ Երկարությունը 220 կմ է, ավազանը՝ 8340 կմ2։ Սկիզբ է առնում Թրիալեթի լեռնաշղթայի հվ. լանջից, 2422 մ բարձրությունից։ Խոշոր վտակներն են Դեբեդը և Մաշավերան։ Ունի խառը սնում, հորդանում է գարնանը։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Խ–ի վրա կառուցված են Ծալկայի ջրամբարը և 2 ՀԷԿ։
ԽՐԱՄԱՌՈՒ, ավտոմոբիլային կամ երկաթուղային ճանապարհի երկայնքով ձգվող առու՝ մակերևութային ջրերը հավաքելու և հեռացնելու համար։
ԽՐԱՄԱՏ, հողե շինություն, որ ծառայում է որպես անձնակազմի և ռազմական տեխնիկայի պարզ թաքստոց և կրակակետ։ Լինում է առանձնացած (մեկ զինվորի) և ջոկի համար, ինչպես նաև գնդացրային, հրանոթային, տանկային ևն։ Կազմված է բաց խանդակից, հողաթմբից, հրաձիգների խրամաբջիջներից, մթերքներ պահելու որմնախորշերից, զենքի տեղադրման հարթակներից ևն (նկ.)։ Խ–ի պատերը, մանավանդ թույլ գրունտի դեպքում, ամրակապվում են ճմով, փայտերով, տախտակներով։ Խ. կիրառվում է ռազմական բոլոր տիպի գործողությունների և առանձնապես պաշտպանության ժամանակ։
Նկարում` Ջոկի խրամատ
Խրամորթ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանում, շրջկենտրոնից 14 կմ արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկային կուլտուրաների մշակությամբ և խաղողագործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, կինո, փոստի բաժանմունք։ Խ–ում կա Ս. Աստվածածին եկեղեցի (XVIII դ.)։
ԽՐԱՏ, ժողովրդական իմաստությունը, փորձը, գիտելիքները սերունդներին փոխանցելու նախնական պարզ ձև, որը գեղարվեստական խոսքի արժեք ունի։ Խ. ընդհանրապես հատուկ է միջնադարյան գեղարվեստական գրականությանը։ Տարածված է եղել Հայաստանում («Խրատք և իմաստութիւն Խիկարայ», «Խոսք իմաստասիրաց» ևն)։ Խ. մեծ մասամբ ունի «Որդեակ…» սկիզբը, հաճախ կապվում է որևէ օժանդակ սյուժեի հետ և ուղղվում հորից որդուն կամ ուսուցչից աշակերտին։ Երբեմն, դառնալով պատվիրան, օրենքի ուժ է ստանում։ Խ. լայն սահմաններում մտնում է առակի ժանրի մեջ, հաճախ կոչվում է և առակ, որից, սակայն, տարբերվում է նրանով, որ չունի այլաբանություն և սեփական սյուժե։ Խ., առակը և առածը հաճախ վերաճում են իրար։ Ա. Մարտիրոսյան
ԽՐԲԱՍՈՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Դութաղ գավառում։ 1909-ին ուներ 99 տուն բնակիչ, որից 19-ը՝ հայ, մնացածը՝ մահմեդական։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։ Խ. այժմ թրքաբնակ գյուղ է։
ԽՐԵՆՆԻԿՈՎ Տիխոն Նիկոլաևիչ [ծն. 28.5(10.6).1913, ք. Ելեց], ռուս սովետական կոմպոզիտոր և հասարակական գործիչ։ ՍՍՀՄ ժող. արտիստ (1963)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1973)։ ՍՄԿԿ անդամ 1947-ից։ 1936-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ 1961-ից դասավանդում է նույն կոնսերվատորիայում (պրոֆեսոր 1966-ից)։ 1948-ից ՍՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության գլխավոր (1957-ից՝ առաջին) քարտուղար։ Գրել է օպերաներ («Փոթորկի պահին», բեմադրվել է 1939-ին, 2-րդ խմբագրություն՝ 1952, «Ֆրոլ Սկոբեև», 1950, «Մայրը», բեմադրվել է 1957-ին ևն), օպերետներ («Սպիտակ գիշեր», 1965 ևն), «Մեր բակը» մանկական բալետը (1970)։ Արժանացել է լենինյան (1947), ՍՍՀՄ պետ. մրցանակների (1942, 1946, 1952, 1967)։
Գրկ. Mapтинов И.И., Tихон Хренников, M., 1967.
ԽՐԻՄՅԱՆ Մկրտիչ (Խրիմյան Հայրիկ, Հայրիկ, 1820–1907), հայ հասարակական–քաղաքական և հոգևոր–մշակութային գործիչ, գրող։ 1892-ին ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Տես Մկրտիչ Ա Վանեցի։
ԽՐԻՍՈԷԼԵՖԱՆՏԻՆԱՏԻՆ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ (ոսկե–փղոսկրե քանդակագործություն, < հուն. χρυσός – ոսկի և έλέφας – փղոսկր), ոսկու և փղոսկրի կիրառմամբ քանդակագործություն։ Մ. թ. ա. V դ. Հին Հունաստանում այդ տեխնիկայով ստեղծվել են աստվածների վիթխարի արձաններ (քանդակագործ Ֆիդիասի Օլիմպիական Զևսը, Աթենաս Պարթենոսը ևն)։ Մերկ մարմին պատկերելու համար փղոսկրի թերթերը փակցնում էին փայտե հիմնակմախքին, իսկ ոսկուց պատրաստում էին մազերը և հագուստը։
ԽՐԻՄՈԽԻՐ, Խրիսոքիր [հուն. Χρυαόχειρ – ոսկեձեռնյան (ծն. թ. անհտ. – 872)], պավլիկյանների (տես Պավլիկյան շարժում) գլխավոր զորահրամանատարը 863–72-ին։ Խ. հավանաբար նույն սպաթար Հովհաննես Խրիսոքիրն է, որին Փոտ պատրիարքը նամակներ է հղել։ Խ–ի հայրը նույնպես պավլիկյան էր։ Խ. հաջորդել է հորեղբորորդուն (կամ մորեղբորորդի)՝ Կարրեասին։ Խ–ի օրոք պավլիկյանների զինվորական հզորությունը հասել է բարձրակետին։ Խ–ի գլխավորությամբ նրանք ներխուժել են Բյուգանդական կայսրություն՝ հասնելով մինչև Անկյուրա, Նիկիա և Նիկոմեդիա։ Վասիլ I 869-ին և 871-ին արշավել է Խ–ի դեմ և պարտվել։ Խ–ի և կայսեր դեսպան Պետրոս Սիկիլիացու բանակցությունները (869) Դիվրիգում հաջողություն չեն ունեցել. Բյուզանդիան չի ընդունել Խ–ի պայմանը՝ հրաժարվել արլ–ում ունեցած տիրապետությունից։ Այնուհետև Խ. ծրագրել է քարոզիչներ ուղարկել քրիստոնեությունը նոր ընդունած (866) Բուլղարիա՝ պավլիկյան գաղափարներն այնտեղ տարածելու նպատակով։ 872-ին Վասիլ I Արմենիակների և Խարսիանոն բանակաթեմերի զորքերով Խ–ի դեմ է ուղարկել զորապետ Քրիստափորին, որը Վաթիռիաքս վայրում (Սեբաստիայից հս–արմ.) հաղթել է պավլիկյաններին։ Խ. ընկել է մարտի դաշտում՝ դավաճան Պուլադեսի (Փոլադ) ձեռքով։ Կիսամեռ Խ–ի գլուխը կտրել և ուղարկել են կայսրին։ Դրանից հետո բյուգանդական զորքերը գրավել են պավլիկյանների կենտրոն Դիվրիգը և մի շարք բերդեր։ Խ–ի կերպարը՝ հանձին «Խրիսոխերպոսի», արտացոլվել է բյուգանդական «Դիգենիս Ակրիտաս» էպիկական պոեմում։