Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայաստանի և հայոց գաղթավայրերի, հայոց գրական լեզուների ու բարբառների, հայ հին ու միջնադարյան մատենագրության, ազգագրության ու հնագրության, բանաստեղծության, արվեստի, բժշկության, հայ մշակույթի նշանավոր գործիչների մասին: Առաջին անգամ այստեղ են հրատարակվել մի շարք բնագրեր հայ հին ու միջնադարյան ձեռագրերից, հայերեն թարգմանությամբ տպագրվել եվրոպացի հայագետների ուսումնասիրությունները: Պարբերաբար հրապարակվում են մատենագիտություններ տարբեր երկրներում լույս տեսած հայագիտական ուսումնասիրությունների վերաբերյալ («Ազգային հրատարակությունք», «Նոր հրատարակությունք» բաժիններում): «Հ. ա.»-ի համարները հայագիտական բացառիկ արժեք ունենալով՝ մեծապես օգտագործվում են աշխարհի բոլոր հայագետների կողմից: Տպագրված նյութերի զգալի մասը (ավելի քան 230 անուն) Մխիթարյանները հրատարակել են առանձին գրքերով՝ «Ազգային մատենադարան» մատենաշարով: Միաբանության մյուս անդամներից աշխատակցել են Գ. Գովրիկյանը, Ն. Ավգերյանը, Ս. Տերվիշյանը, Թ. Կեսփկյանը, Գ. Գարանֆիլյանը, Պ. Ֆերհադյանը, Ս. Վարդանյանը, Պ. էսպալյանը, Վ. Ինգլիզյանը, Ս. Կոգյանը, Հ. Մատիկյանը, Հ. Ոսկյանը, Պ. Տեր-Պողոսյանը և ուրիշներ: 1900-ական թթ. մինչև 1960-ական թթ. հանդեսում գերակշռում են Ն. Ակինյանի ուսումնասիրությունները: Պարբերականին աշխատակցել են նաև հայագետներ Գ. Խալաթյանը, Ա. Աարուխանը, Կ. Բասմաջյանը, Հ. Աճառյանը, Ն. Ադոնցը, Մ. Օրմանյանը, Լեոն, Նորայր Բյուզանդացին, Ն. Աղբալյանը, Գ. Տեր–Մկրտչյանը, Հ. Մանանդյանը, Գ. Հովսեփյանը, Մ. Աբեղյանը, Ա. Ալպոյաճյանը և ուրիշներ, այլազգի արևելագետ–հայագետներից՝ Հ. Հյուբշմանը, Ա. Մեյեն, Ն. Մառը, Ա. Կարիերը, 8. Կարստը, Ֆ. Մյուլլերը, Ֆ. Կոնիբերը, Հ. Մարկվարտը, Ֆ. Մակլերը, Հ. Ֆետերը, 6. Ֆրիդրիխը, Ֆ. Քյոնիգը, Կ. Լեհման Հաուպտը, Ե. Բենվեննստը, Գ. Գարիտը, Ֆ. Ֆեյդին: Եվրոպացի հայագետների աշխատությունները 1915-ից սկսել են ավելի հաճախ տպագրվել բնագրերի լեզուներով (գերմ., անգլ., ֆրանս.): Լույս են ընծայվել «Հ. ա.»-ի բացառիկ համարներ՝ նվիրված հանդեսի 25, 40, 50, 75-ամյա հոբելյաններին, հայ գրերի գյուտի 1500 և հայ տպագրության 400-ամյակին (1913, № 12), Մխիթար Սեբաստացու մահվան 200-ամյակին (1949, № 4–12) և ծննդյան 300-ամյակին (1976, № 1–12), Աստվածաշնչի հայերեն տպագրության 300-ամյակին (1966, № 1–12) ևն: «Հ. ա.»-ի նյութերի տեղեկատու ցանկերն ըստ հեղինակների ազգանունների այբբենական կարգի կազմել են. առաջին 25 տարիներինը՝ Վ. Բունկունցյանը («Հ. ա.», 1912, էջ 370–576), 50 տարիներինը՝ Հ. Ոսկյանը («Հ. ա.», 1962-ի հավելված): Հանդեսի խմբագիրները. Ղ. Հովնանյան (1887–89), Հ. Տաշյան (1890–1895), Գ. Գալեմքյարյան (1895–98), Վ. Մելիքսեդեկյան (1898–01), Թ. Կեաիկյան (1901–06), Հ. Համբարյան (1906–09), Ն. Ակինյան (1909–13, 1920–1937, 1946–63), Ա. Մատիկյան (1913–1920), Հ. Ոսկյան և Ս. Վարդանյան (1924–30), Հ. Ոսկյան (1938–46, 1964–68), Պ. Տեր–Պողոսյան (1968-ից):Գրկ, Հուշարձան, Վնն., 1911: Ակնարկ մը վիեննական Մխիթարյան միաբանության գրական գործունեության վրա, Վնն., 1912:

Ռ. Իշխանյան

ՀԱՆԴԵՍ ԳՐԱԿԱՆԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ», տարեգիրք: Լույս է տեսել 1888–1890, 1894–96-ին, Մոսկվայում: խմբագիր՝ Մ. Բարխուդարյան: Կարևոր դեր է կատարել հայ մշակույթի, մասնավորապես բանասիրության պատմության մեջ:

Տպագրել է Մ. Նալբանդյանի բազմաթիվ բանաստեղծություններ, «Երկու խոսք…» հոդվածը, «Կրիտիկա Սոս և Վարդիթեր ազգային վիպասանության Պ. Պռոշյանցի» առաջին տարբերակը, նաև՝ նրա կենսագրությունը (Ե. Շահազիզի հեղինակությամբ): Հանդեսում տեղ են գտել Ռ.Պատկանյանի, Հ. Հովհաննիսյանի և Ա. Ծատուրյանի բանաստեղծությունները, հոդվածներն ու թարգմանությունները, Րաֆֆու, Պ. Պռոշյանի, Նար–Դոսի պատմվածքներն ու վիպակները, հայրենասիրական բնույթի թարգմանական գործեր ռուս և եվրոպացի հեղինակներից (Մամին-Սի–բիրյակ, Մարտով, Բայրոն, Մուր,Պետեֆի,Հայնե, Տուրգենև, Մոպասան, Սալտիկով– Շչեդրին և ուրիշներ), Ս. Նազարյանցի բազմաթիվ նամակները:

Մ. Մխիթարյան

ՀԱՆԴԵՍ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ» («Zeit- schrift fur armenische Philologie»), գիտական հանդես: Հրատարակվել է 1901 – 1902-ին, երկու գիրք (տպագրությունը Մարբուրգում՝ Գերմանիա, խմբագրավայրը՝ Թիֆլիս):Պատասխանատու խմբագիր՝ Ֆրանց Ն. Ֆինկ, ընկերակցությամբ՝Ե. Գյանջեցյանի և Հ. Մանանդյանի: Տպագրել է նյութեր պատմության, լեզվաբանության, ազգագրության ևն վերաբերյալ: Ուշագրավ են հայագետ խմբագրի «Հայ միջնադարյան մանրապատումներ», Հ. Աճառյանի «Վանի բարբառի հնչյունաբանությունը» ուսումնասիրությունները, Ս. Մալխասյանի մենագրությունը Փ. Բուզանդի պատմության վերաբերյալ, Ա. Մեյեի,Հ. Գելցերի և այլոց գործերը: Ներկայացրել է նաև գեղարվեստական աշխատանքներ: Պարբերագրքի հոդվածների մի մասը գերմաներեն է:

Մ. Բաքլոյան

ՀԱՆԴԵՍ ՄՇԱԿՈՒՅԹԻ», գրական, գեղարվեստական և բանասիրական հանդես: Ստամբուլի Կեդրոնական սանուց միության հրատարակություն: Լույս է տեսել 1948–67-ին (անկանոն պարբերականությամբ), Ստամբուլում: Պատասխանատու տնօրեն և արտոնատեր՝ Վ. Պեկյան: Ներկայացրել է ստամբուլահայ գրողների բանաստեղծություններն ու պատմվածքները, Ա. Չոպանյանի, Պ. Դուրյանի, Հ. Աճառյանի և այլոց գործունեությունը: Առանձին համարներ է նվիրել Հ. Մնձուրուն և Սայաթ–Նովային: «Հայ գեղարվեստ» բաժնում անդրադարձել է երաժշտությանը, գեղանկարչությանը, ճարտարապետությանը և այդ բնագավառների հայ և օտար անվանի արվեստագետների կյանքին ու ստեղծագործություններին: Հանդեսը հոդվածներ է տպագրել գիտ. հայտնագործությունների և նշանավոր գիտնականների վերաբերյալ: Լուսաբանել է առողջապահության հարցեր, Կեդրոնական սանուց միության գործունեությունը: Ծանոթացրել է թուրք, նորագույն գրականությանը:

Տ. Վարդանյան

ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀ», ըստ կրոնադիցաբանական պատկերացումների երևակայական աշխարհ, որտեղ մարդկանց մահվանից հետո իբր շարունակվում է նրանց կյանքը (հոգին կամ նաև մարմնապես): «Հ. ա.» գաղափարն առաջ է եկել դեռևս այն ժամանակ, երբ մարդն իր և շրջապատի մասին ունեցած պարզունակ պատկերացումներով կարծել է, թե մարդկային կյանքը տեղափոխվում է նաև իրական աշխարհից դուրս, որ, մասնավորապես, անմահ է նրա հոգին: Այդ պրոցեսում մեծ դեր են կատարել նաև մարդկանց հոգեբանական ապրումները՝ հատկապես սարսափը մահվան և սերը կյանքի նկատմամբ: «Հ. ա.» հաճախ արտահայտել է աշխարհի կատարյալ լինելու ցանկությունը և ընդունվել է որպես երկրային կյանքի շարունակություն, սակայն առանց վերջինիս թերությունների: Պատմական զարգացման ընթացքում մահը և «Հ. ա.» մեկնաբանվել են յուրովի: Հին եգիպտացիների համար երկրային կյանքը միջոց էր ապագա կյանքի համար՝ այստեղից էլ մահացածների մումիացման սովորույթը և նրանց պաշտամունքը: Հուն. մշակույթի ծաղկման շրջանում անհատը դիտվում էր որպես իրական աշխարհում գործող հասարակական քաղ. էակ, այդ պատճառով «Հ. ա.» համարվում էր ստվերների թագավորություն: Հին հայերի պատկերացմամբ, մարդու մահից հետո հոգին անջատվում է մարմնից և շարունակում իր կյանքը: Իշխել է նաև«Հ. ա.»-ում մարմնապես ապրելու գաղափարը: Այս պատճառով մահացածների համար դամբարաններ են կառուցել, նրանց հետ թաղել ստրուկներին, հարազատներին, զենք, ուտելիք ևն: Հասարակության սոցիալական շերտավորման հետևանքով առանձնացել են դժոխքի և դրախտի գաղափարները: «Հ. ա.»-ի պատկերացումը սկսել է կատարել մարդկանց սոցիալդասակարգային վարքի կարգավորման ու գնահատման ֆունկցիա և մարդկանց ապակողմնորոշել կյանքի իրական խնդիրներից: Կյանքի իմաստը, մարդկության գոյության նպատակը կապվել է «Հ. ա.»-ի հետ, կյանքը