Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԿՈՒՎԵՃԼԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սվազի վիլայեթի Յոզղատի գավառում: 20-րդ դ. սկզբին ուներ 280 (45 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Հակոբ) և ազգային վարժարան: Կուվեճլիի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թ.-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:

ԿՈՒՏԱԿԻՉ, էներգիայի կուտակման սարք՝ այդ էներգիան հետագայում օգտագործելու նպատակով: Կախված կուտակվող էներգիայի տեսակից տարբերում են՝ էլեկտրական, հիդրավլիկական, ջերմային և իներցիոն կուտակիչներ:

Էլեկտրական կուտակիչ ծառայում է էլեկտրական էներգիա կուտակելու համար՝ քիմիականի վերածելու ճանապարհով, և անհրաժեշտության դեպքում կատարում էներգիայի հետադարձ փոխակերպում: Այդ կուտակիչների աշխատունակությունը կարելի է վերականգնել լիցքավորման միջոցով՝ բաց թողնելով հոսանք, որի ուղղությունը հակառակ է պարպման ժամանակ հոսանքի ունեցած ուղղությանը (տես Հոսանքի քիմիական աղբյուրներ): Էլեկտրական կուտակիչը բաղկացած է էլեկտրոլիտի լուծույթի մեջ խորասուզված 2 էլեկտրոդից, էլեկտրոդների պոտենցիալների տարբերությունը կուտակիչի էլշու–ն է: Առավել տարածված են կապարային (թթվային), կադմիում–նիկելային, երկաթ նիկելային (հիմնային), արծաթ–ցինկային և արծաթ–կադմիումային կուտակիչները:

Հիդրավլիկական կուտակիչը ծառայում է խիստ փոփոխական բեռնվածությամբ հիդրավլիկական տեղակայանքներում հեղուկի կամ գազի ճնշումն ու ծախսը հավասարեցնելու համար: Հիդրավլիկական կուտակիչի տարատեսակ է պնևմատիկ կուտակիչը, որը կիրառվում է բարդ պնևմատիկ ցանցերում՝ աշխատանքային ճնշումը հավասարեցնելու համար:

Ջերմային կուտակիչը ծառայում է ջերմային էներգիայի կուտակման, արդյունաբերական տեղակայանքներում ջերմային և ուժային բեռնվածքները հավասարեցնելու և գոլորշով ու էներգիայով անխափան մատակարարելու նպատակով:

Իներցիոն կուտակիչը շարժվող մարմին է, որի շարժման քանակը զգալիորեն գերազանցում է արտաքին ուժերի շարժման քանակին: Որպես իներցիոն կուտակիչ լայնորեն կիրառվում է պտտվող թափանիվը:

Գրականություն՝ Тереньтев Б.П., Электропитание радиоустройства, 2 изд., М., 1958; Батоцкий В.С., Флеров В.Н., Новейшие достижения в области химических источников тока, М.-Л., 1963.

ԿՈՒՏԱԿՄԱՆ ՖՈՆԴ, ազգային եկամտի մաս, որի նյութական մարմնացումը երկրի ազգային հարստության աճն է: Ձևավորման աղբյուրը հավելյալ արդյունքն է: Օգտագործվում է նյութական արտադրության ճյուղերի հիմնական ֆոնդերի, արտադրական պաշարների և ռեզերվների ավելացման համար: Հիմնական ֆոնդերի աճն իրականանում է կապիտալ ներդրումների, իսկ արտադրական պաշարներինը՝ շրջանառու միջոցների ավելացման հաշվին: Դրանց ֆինանսավորման աղբյուրներն են՝ ձեռնարկության սեփական և պետական բյուջեի միջոցները, բանկային վարկը: Կուտակման ֆոնդի մյուս մասն ուղղվում է կուլտուր–կենցաղային օբյեկտների շինարարությանն ու սպառման առարկաների պաշարների ավելացմանը: Ընդգրկում է նաև բնակչության անձնական երկարատև օգտագործման գույքը: ՍՍՀՄ–ում կուտակման ֆոնդը կազմում է ազգային եկամտի մոտ քառորդ մասը:

ԿՈՒՏԱԿՈՒՄ, 1.երկրի մակերևույթի վրա փխրուն նյութերի կուտակման բոլոր պրոցեսների ընդհանուր անվանումը: Լինում է հրաբխային և նստվածքային տիպի: Ըստ ծագման առանձնացնում են ծովային, լճային, գետային, հողմային, սառցադաշտային, օրգանական և այլ կուտակումներ: Կուտակման հետևանքով առաջանում են հրաբխային նստվածքային ապարներ և կուտակումային ռելիեֆի տարբեր ձևեր: 2.Կուտակում, հավաքում, օրինակ, էներգիայի կուտակում:

ԿՈՒՏԱԿՈՒՄԱՅԻՆ ՀԱՐԹԱՎԱՅՐ, առաջանում է տարբեր ծագման՝ ծովային (ծովային կուտակումային հարթավայր), գետային (ալյուվիալ հարթավայր), լճային (լճային հարթավայր), սառցադաշտային (մորենային, ջրասառցադաշտային կամ զանդրային հարթավայր) փխրուն ապարների շերտերի երկարատև կուտակման հետևանքով: ՀՍՍՀ–ում կուտակումային հարթավայրեր են Արարատյան, Շիրակի դաշտերը, Մասրիկի, Արգիճիի հարթավայրերը:

ԿՈՒՏԻԿՈՒԼԱ ( < լատ. cuticula – նրբամաշկ), 1.կենդանիների կուտիկուլա, հաստ գոյացություն էպիթելային հյուսվածքի բջիջների մակերևույթին: Կատարում է հիմնականում պաշտպանական և հենարանային ֆունկցիա: Որդերի, հոդվածոտանիների և այլն կուտիկուլան առաջացնում է մարմնի ամուր ծածկույթ և կազմված է խիտինից, լիպիդներից, որոնք տալիս են մեխանիկական ամրություն ու անջրաթափանցելիություն: Ողնաշարավորների կուտիկուլան գտնվում է ներքին օրգանները (աղիքներ, շնչառական համակարգի օդատար ուղիներ և այլն) պատող էպիթելային բջիջների մակերևույթին:

2. Բույսերի կուտիկուլան բարակ թաղանթ է, ծածկում է տերևների և ցողունների էպիդերմիսը, կատարում պաշտպանական ֆունկցիա: Կուտիկուլան բացակայում է ջրային բույսերի՝ ջրում ընկղմված օրգաններում, թույլ է զարգացած ստվերում և խոնավ հողում աճող և լավ՝ սահմանափակ գոլորշիացում ունեցող բույսերում:

ԿՈՒՏԻՆԱ, ներկայումս՝ Քյոթահյա, քաղաք Արևմտյան Թուրքիայում: Հայտնի է խեցեգործությամբ, հատկապես հախճապակե կերտվածքների արտադրությամբ: Կուտինայի 34 արհեստագործական թաղամասերի զգալի մասում աշխատել են հայերը և հույները: Կուտինայի խեցեգործության մեջ առաջնահերթ էր դեկորատիվ սալիկների պատրաստումը, որոնք կիրառվել են հայկական և հունական եկեղեցիները, օսմանյան մզկիթները հարդարելու համար: Նշանավոր են Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի Հարության տաճարի (1719 թ.), Կեսարիայի Ս. Կարապետ վանքի Ս. Հրեշտակապետ եկեղեցու (1797 թ.), Ս. Կարապետի գերեզմանի մատուռի (1757 թ.), Կ. Պոլսի մի շարք եկեղեցիների ներքնամասը գարդարող՝ կուտինահայերի պատրաստած հախճապակիները: Իշխողը կապույտ և սպիտակ երկրաչափական զարդանախշն է: Կուտինայի խեցեգործական կարևոր արտադրանքը կենցաղային իրերն էին, որոնք դուրս էին գալիս համաշխարհային շուկա, սափորներ, ամաններ, պնակներ, որոնք աչքի էին ընկնում նրբագեղ ուրվագծով, բուսական և երկրաչափական զարդանախշով, կանաչի, կապույտի, դեղինի և սպիտակի մաքուր համադրություններով: Կուտինայում արտադրված բազմաթիվ իրեր պահվում են աշխարհի խոշորագույն թանգարաններում (Լոնդոն, Լենինգրադ, Փարիզ, Բրյուսել, Ստամբուլ, Վենետիկ, Երուսաղեմ), որոնցից մի քանիսի վրա պահպանվել են «Այվազ», «Աբրահամ» և այլ վարպետների անունները: Կուտինայում է ծնվել Կոմիտասը:

Գրականություն՝ Առնակ (Համբարձում Պ. Զորթյան), Հախճապակի, տես՝ Թեոդիկ, Ամենուն տարեցույցը, գիրք 17, ԿՊ, 1923, էջ 198–228: Ալպոյաճյան Ա., Հուշամատյան կուտինահայերու, Կահիրե, 1961: Миллер Ю.В., Художественная керамика Турции, Л., 1972. Մ. Ղազարյան

ԿՈՒՏՅՈՒՄՆԵՐ (ֆրանսերեն coutume – սովորույթ), ֆեոդալական Ֆրանսիայի առանձին գավառների, օկրուգների ու քաղաքների իրավական սովորույթներ: Կուտումները հին գերմանական իրավունքի, կանոնական իրավունքի, տեղական դատարանների պրակտիկայի և այլնի խառնուրդ է: 13-րդ դ. սկզբին երևան եկան կուտումների առաջին գրավոր ժողովածուները («Նորմանդիայի մեծ Կուտյումներ», 1255 թ., և այլն): Բազմաթիվ կուտյումների հիման վրա 1389 թ.-ին կազմվեց «Ֆրանսիայի սովորույթների մեծ ժողովածուն», սակայն իրավունքի մասնավոր (պարտիկուլյար) բնույթը պահպանվեց մինչև ֆրանսիական քաղաքացիական օրենսգրքի ուժի մեջ մտնելը:

ԿՈՒՏՈՆ (Couthon) Ժորժ Օգյուստ (1755–1794 թթ.), Ֆրանսիական մեծ հեղափոխության գործիչ: Մասնագիտությամբ փաստաբան, յակոբինյան: 1791 թ.-ին ընտրվել է Օրենսդիր ժողովի, 1792 թ.-ին՝ Կոնվենտի անդամ: 1793 թ.-ին Հասարակական փրկության կոմիտեի անդամ էր: Մ. Ռոբեսպիերի և Լ. Ա. Սեն–Ժյուստի հետ ղեկավարել է յակոբինյան դիկտատուրայի հեղափոխական կառավարությունը: 1793-ի օգոստոս–հոկտեմբերին մասնակցել է Լիոնի հակահեղափոխական խռովության ճնշմանը: Տերմիդորյան հեղաշրջումից հետո գլխատվել է:

ԿՈՒՏՐԱՇԵՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմ գավառում: 1909 թ.-ին ուներ 40 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ: Գյուղում կար եկեղեցի: Կուտրաշենի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թ.-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:

ԿՈՒՏՈՒԶՈՎ, Գոլենիշչև–Կուտուզով, Միխայիլ Իլլարիոնովիչ (1745–1813 թթ.), ռուս զորավար, գեներալ ֆելդմարշալ (1812 թ.): Մասնակցել է 1768–1774 թթ.-ի և 1787–1791 թթ.-ի ռուս–թուրքական պատերազմներին: 1792–1794 թթ.-ին ղեկավարել է Կ. Պոլսի ռուսական արտակարգ դեսպանությունը: 1805 թ.-ի ռուս–ավստրո–ֆրանսիական պատերազմում եղել է ռուսական զորքերի հրամանատար: