Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անդրկովկասյան», «Կարմրասև կոկված խեցեղենի» և այլ անվանումներով:

Կուր–արաքսյան մշակույթին հատուկ առաջին նյութերը հայտնաբերվել են 1869 թ.-ին, Զագլիկում (Գանձակի մոտ) և 1879 թ.-ին, Արմավիրում (Հոկտեմբերյանի շրջան): Կուր–արաքսյան մշակույթն առաջին անգամ բնութագրվել է Բ. Ա. Կուֆտինի աշխատություններում: Կուր–արաքսյան մշակույթի ուսումնասիրությունը ինչպես ՍՍՀՄ–ում, այնպես էլ Իրանում, Թուրքիայում և Սիբիրում, լայն ծավալ է ստացել վերջին 20 տարում: Պեղումներով հետազոտված կուր–արաքսյան մշակույթի կարևորազույն հուշարձաններն են. ՀՍՍՀ–ում՝ Մոխրաբլուրը (Էջմիածնի մոտ), Ջրահովիտը, Շենգավիթը, Հառիճը, Արևմտյան Հայաստանում՝ Կարազը, Փուլուրը, Քորուչութեփեն, Վրացական ՍՍՀ–ում՝ Կվացխելեբին, Ամիրանիսգորան, Խիզանահատգորան, Ադրբեջանական ՍՍՀ–ում՝ Քյուլթափա 1-ին (Նախիջևանի մոտ): Կուր–արաքսյան մշակույթի ազդեցության ոլորտները տարածվում են Հյուսիսային Կովկասում, Սիրիայում և Պաղեստինում: Կուր–արաքսյան մշակույթի ծագումը քիչ է լուսաբանված: Եղած տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ նախնական տարրերը ձևավորվեւ են մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջին քառորդում, իսկ զարգացման հիմնական օջախները եղել են Արաքս գետին հարող երկրամասերը (հատկապես՝ Արարատյան դաշտի): Կուր–արաքսյան մշակույթին յուրահատուկ են փայլեցված սև մակերեսով, վարդագույն, դարչնագույն կամ գորշ աստառով, գնդաձև կանթերով խեցեղենը և օջախի պայտաձև կավե հենակները: Տիպաբանական այս տարրերը ընդհանուր են շատ լայն տարածքի համար: Կուր–արաքսյան մշակույթն ունեցել է զարգացման երկու հիմնական շրջան, որոնցից առաջինը տևել է մինչև մ.թ.ա. 2600–2400-ը: Հայկական լեռնաշխարհում կուր–արաքսյան մշակույթի վաղ փուլն իր զարգացման գագաթնակետին է հասել մ. թ. ա. 4-րդ հազարամյակի վերջին և 3-րդի 1-ին կեսին: Կուր–արաքսյան մշակույթի տնտեսությունը հիմնվել է ոռոգովի հողագործության և անասնապահության վրա: Բնակավայրերը կենտրոնացվել են գետափնյա շրջաններում: Մ. թ. ա. 3-րդ հազարամյակի կեսին մետաղագործությունն ու առևտրի առանձին ճյուղեր անջատվեցին երկրագործությունից, և կուր–արաքսյան մշակույթի տարածման սահմաններում ձևավորվեցին վաղ քաղաքային մշակույթի տարրեր: Պեղումների ընթացքում Մոխրաբլուրի կենտրոնում բացվեց մ. թ. ա. 3-րդ հազարամյակի 1-ին կեսին պատկանող տաճար, բնակավայրը շրջափակող հզոր պարիսպ և ջրամատակարարման բարդ կառույց: Մ. թ. ա. 2600–2400-ին կուր–արաքսյան մշակույթի տարածման սկզբնական ոլորտից՝ Հայկական լեռնաշխարհից աստիճանաբար թափանցել է հարևան երկրամասեր, որտեղ այն չի կապվում մշակութային նախորդ շերտերի հետ:

Զարգացման երկրորդ շրջանում (սկսած մ. թ. ա. 26–24-րդ դդ.) կուր–արաքսյան մշակույթի տարածման ոլորտը նորից սահմանափակվել է Հայկական լեռնաշխարհում և Կովկասում: Զգալիորեն փոփոխվել են տնտեսության ձևերը: Քաղաքակրթության զարգացման հիմնական օջախները դաշտավայրերից տեղափոխվել են նախալեռնային գոտի: Այս ժամանակաշրջանից մեզ հասել են առանձին հարուստ դամբարաններ, մեծ քանակությամբ մետաղե զենքեր, կիկլոպյան ամրոցներ, որոնք վկայում են տոհմիկ ավագանու ձևավորումն ու տոհմատիրական կարգերի քայքայումը: Մ.թ.ա. մոտ 2100–1900-ին կուր–արաքսյան մշակույթին փոխարինել է միջին բրոնզեդարյան մշակույթը:

Գրականություն՝ Խանզադյան Է. Վ., Հայկական լեռնաշխարհի մշակույթը մ. թ. ա. III հազարամյակում, Ե., 1967: Куфтин Б. А., Урартский «Колумбарий» у подошвы Арарата и куро-аракский энеолит, «Вестник Гос. музея Грузии», 1944, т. 13-в; Мартиросян А. А., Армения в эпоху бронзии и раннего железа, Е., 1964; Мунчаев Р. М., Кавказ на заре бронзового века, М., 1975. Գ. Արեշյան

ԿՈՒՐԲԱՆՈՎԱ Հոքյումա Աբասալի կըզի [1913 թ. մայիսի 29 (հունիսի 11), Բաքու–1988 թ. նոյեմբերի 2, Բաքու], ադրբեջանցի սովետական դերասանուհի: ՍՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1965 թ.): 1938 թ.-ից աշխատում է Բաքվի Մ. Ազիզբեկովի անվան ադրբեջանական դրամատիկական թատրոնում: Խաղում է քնարական, հերոսական, ողբերգական, կենցաղային և կատակերգական դերեր՝ Շիրին (Վուրղունի «Ֆարհադ և Շիրին»), Ռեյհան (Հուսեյնի «Ջավանշիր»), Խումար, Սուդաբա (Ջավիդի «Շեյխ Սանան», «Սիյավուշ»), Սոլմազ (Ջաբարլիի «Հրո հարս»), Սևինջ (Կուրբանովի «Առանց քեզ»), Սուսան (Շիրվանզադեի «Նամուս»), Խանումա (Ցագարելիի «Խանումա), Սերեբրյակովա (Չեխովի «Քեռի Վանյա»), Կլեոպատրա (Շեքսպիրի «Անտոնիոս և Կլեոպատրա»), Մարի Թյուդոր (Հյուգոյի «Մարի Թյուդոր»), Ժաննա դ’Արկ (Շիլլերի «Օռլեանի կույսը»): Նկարահանվել է «Մի ընտանիք» (1943 թ.), «Ես պետք է պարեմ» (1963 թ.) և այլ կինոնկարներում: Արժանացել է Ադրբեջանական ՍՍՀ Մ. Ֆ. Ախունդովի անվան պետական մրցանակի (1965 թ.): Ա. Իսմաիլովա

ԿՈՒՐԲԱՍ Լես (Ալեքսանդր Ստեպանովիչ, 1887–1942 թթ.), ուկրաինացի սովետական ռեժիսոր, դերասան, թատերական գործիչ: ՈւՍՍՀ ժողովրդական արտիստ (1925 թ.): Ուկրաինական սովետական թատրոնի հիմնադիրներից: Սովորել է Վիեննայի և Լվովի համալսարաններում: Եղել է «Տերնոպոլի թատերական երեկոներ» (1915 թ.), «Երիտասարդ թատրոն» (1916 թ.), «Բերեզիլ» (1922 թ., 1934 թ.-ից՝ Տ. Շևչենկոյի անվան ուկրաինական թատրոն) թատերախմբերի կազմակերպիչը: Կուրբասի լավագույն դերերից են՝ Աստրով (Չեխովի «Քեռի Վանյա»), Խլեստակով (Գոգոլի «Ռևիզոր»), էդիպ (Սոֆոկլեսի «Էդիպ արքա»), Մակբեթ (Շեքսպիրի «Մակբեթ»): Կուրբասը փորձարար–ռեժիսոր էր. նրա արվեստը ստուդիական թատրոնի պայմանական ձևերից («Էդիպ արքա», 1918 թ.), պայմանականի ու հոգեբանականի սինթեզից («Գայդամակներ», ըստ Շևչենկոյի, 1920 թ.) զարգացել է մինչև փիլիսոփայական թատրոնը (Միկիտենկոյի «Դիկտատուրա», 1930 թ.): Կուրբասը «Վենդետա», «Մակդոնալդ» (երկուսն էլ՝ 1924 թ.) ֆիլմերի ռեժիսորն է:

Գրականություն՝ Кориенко Н., Лесь Курбас, «Театр», 1968, № 4.

ԿՈՒՐԲԱՑԿԻ, խուտոր ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Անապայի շրջանում, շրջկենտրոնից 13 կմ հյուսիս: Բնակչությունը՝ ռուսներ, հայեր: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ: Ունի տարրական դպրոց, ակումբ–կինո, բուժկայան, մանկապարտեզ: Հիմնադրվել է 1905 թ.-ին:

ԿՈՒՐԲԵ (Courbet) Ժան Դեզիրե Գյուստավ (1819 թ. հունիսի 10, Օռնան, Ֆրանշ–Կոնտե – 1877 թ. դեկտեմբերի 31, Տուր դե Պեյլց, Շվեյցարիա), ֆրանսիացի նկարիչ: 1837 թ.-ից հաճախել է Շ. Ա. Ֆլաժուլոյի նկարչական դպրոցը (Բեզանսոն): Գեղարվեստական կանոնավոր կրթություն չի ստացել: Կրել է 17-րդ դ. իսպանական և հոլանդական գեղանկարչության ազդեցությունը: 1848 թ.-ի հեղափոխությունը մեծապես կանխորոշել է Կուրբեի արվեստի դեմոկրատական ուղղվածությունը: Հակադրվելով ռոմանտիզմին և ակադեմիական կլասիցիզմին՝ Կուրբեն առաջադրել է նոր տիպի «պոզիտիվ» (Կուրբեիի արտահայտությունն է) արվեստ, որն արտացոլում է կյանքն իր ընթացքի մեջ, հաստատում աշխարհի նյութական նշանակալիությունը և ժխտում գեղարվեստական այն արժեքը, ինչ հնարավոր չէ մարմնավորել առարկայորեն շոշափելի: Ձգտելով բացահայտել

Ֆրանսիայի բնության և առօրեական կյանքի բանաստեղծականությունը՝ Կուրբեն ստեղծել է ռեալիստական պաթոսով տոգորված մոնումենտալ կտավներ («Թաղումը Օռնանում», 1849 թ., Լուվր, Փարիզ): Այդ շրջանի կոմպոզիցիաներն առանձնանում են տարածական սահմանափակվածությամբ, կայուն հավասարակշռությամբ, մեղմ գունաշարով: Մեծ հետաքրքրություն ցուցաբերելով աշխատանքի թեմայի նկատմամբ՝ Կուրբեն ստեղծել է հերոսականացված, պլաստիկորեն արտահայտիչ, ընդգծված բնավորություններով կերպարներ («Քար ջարդողները», 1849 թ., նկարը ոչնչացել է, նախկինում եղել է Դրեզդենի պատկերասրահում), ճշմարտացիությամբ է պատկերել հասարակ ժողովրդի կանանց («Լողացող կանայք», 1853 թ., Ֆաբրի թանգարան, Մոնպելիե)՝ համարձակորեն համադրելով