Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տերիտորիալ մեկ շրջան՝ տրիբուս: 2. Միջնադարյան Արևմտյան Եվրոպայում սենիորի խորհրդակցությունը վասալների հետ: 3. Հռոմի պապին ենթակա հիմնարկների ամբողջություն: 4. Բուրժուական երկրներում և նախահեղափոխական Ռուսաստանում ընտրողների հատուկ դասակարգումներ (ընտրական կուրիա)՝ ունեցվածքային, ազգային և այլ հատկանիշներով:

ԿՈՒՐԻԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ, արշիպելագ Օխոտի ծովի և խաղաղ օվկիանոսի սահմանագծում: Գտնվում է Հոկայդո կղզու և Կամչատկա թերակղզու միջև: Կազմված է 30 մեծ և բազմաթիվ փոքր կղզիներից: Տարածությունը 15,6 հազ. կմ² է: Բաժանվում է Կուրիլյան Մեծ (1200 կմ) և Կուրիլյան Փոքր (120 կմ) շղթաների: Կրուզենշտեռնի և Բուսոլ նեղուցները կղզիների Մեծ շղթան բաժանում են 3 խմբի՝ հյուսիսային, միջին, հարավային: Յուրաքանչյուր կղզի հրաբուխ է կամ հրաբուխների շղթա: Օգտակար հանածոներից կան ծծումբ, ոսկի, սնդիկ, պղինձ, անագ: Ռելիեֆը լեռնային է՝ 500-1000 մ, առավելագույնը՝ 2339 մ բարձրությամբ: Ափերը զառիթափ են կամ դարավանդավոր: Կլիման չափավոր ցուրտ է, մուսսոնային: Փետրվարի միջին ջերմաստիճանը –6°С-ից –7°C է, նվազագույնը՝ մինչև –25°C, օգոստոսինը 10–17°C է, տարեկան տեղումները՝ 600–1000 մմ խոշոր կղզիները կտրտված են բազմաթիվ գետերով ու գետակներով: Շատ կան լճեր: Հողերը գերազանցապես ճմային են, մարգագետնային, անտառներում՝ թույլ պոդզոլային: Բուսածածկույթը բաղկացած է ծառատեսակներից, թփուտներից և խոտաբույսերից: Կենդանիներից կան աղվես, արջ, կնգում, շերտավոր սկյուռ: Շատ են թռչունները, ձկներն ու ծովային գազանները: Բնակչությունն զբաղվում է ձկնորսությամբ և անտառատնտեսությամբ: Կա ձկնարդյունաբերություն: Քաղաքներն են՝ Կուրիլսկը, Սևերո–Կուրիլսկը:

ԿՈՒՐԻԼՈՎԻՉ (Kurylowicz) Եժի (1895 թ. օգոստոսի 26, Ստանիսլավուվ–1978 թ. հունվարի 28, Կրակով), լեհ լեզվաբան, հնդեվրոպական, սեմական և ընդհանուր լեզվաբանության մասնագետ: Լեհական ԳԱ անդամ (1931 թ–ից): Ժամանակակից կառուցվածքային լեզվաբանության հիմնադիրներից: ԼԺՀ–ի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1955 թ., 1964 թ.): Արտասահմանյան մի շարք ակադեմիաների պատվավոր անդամ, Սորբոնի (1957 թ.-ից) և Դուբլինի (1959 թ.-ից) համալսարանների դոկտոր: Սովորել է Լվովում, Վիեննայում և Փարիզում (Ա. Մեյեի մոտ): Լվովի (1929–1945 թթ.), Վրոցլավի (1946–1948 թթ.) և Կրակովի Յագելոնի (1948 թ.-ից) համալսարանների պրոֆեսոր: Հրատարակել է հնդեվրոպական լեզուների հնչյունաբանությանը և ձևաբանությանը նվիրված մի շարք ուսումնասիրություններ, որոնցում օգտագործվում են նաև հայերենի, որպես հնդեվրոպական լեզվի, իրողությունները:

Երկեր՝ Etudes indoeuropéennes, Kraków,1935; L'accentuations des langues indoeuropéennes, Kraków, 1952; L'apophonie en indoeuropéen, Wroclaw, 1956; Esquisses linguistiques, Wroclaw-Krakow, 1960; L’apophonie en sémitique, Wroclaw-Warsz.–Kraków, 1961; The Inflectional categories of Indo-European, Heidelberg, 1964. Թ. Ղարագյուլյան

ԿՈՒՐԻՆՍԿԱՅԱ, ստանիցա ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Ապշերոնսկի շրջանում, Փշիշ գետի ափին, շրջկենտրոնից 40կմ արևմուտք: Բնակչությունը՝ հայեր, ռուսներ, հույներ, ադըղեներ: Զբաղվում են անտառատնտեսությամբ: Ունի միջնակարգ և ութամյա դպրոցներ, ակումբ–կինո, փոստի բաժանմունք, բուժմանկաբարձական կայան, երկաթուղային կայարան: Հիմնադրվել է 1912 թ.-ին: Հայերը եկել են Սամսունի շրջանից, 1915 թ.-ին:

ԿՈՒՐԻՇԿՈ Պյոտր Վասիլևիչ (1894–1921 թթ.), քաղաքացիական պատերազմի հերոս, հեծյալ դիվիզիայի հրամանատար: Մասնակցել է Ցարիցինի պաշտպանությանը (հեծյալ բրիգադի հրամանատար), Դենիկինի զորքերի ջախջախմանը, Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում սովետական իշխանության հաստատման պայքարին (11-րդ բանակի կազմում), Զանգեզուրի գավառում՝ դաշնակների տիրապետության դեմ կռիվներին (հարվածային խմբի հրամանատար): Սպանվել է դավաճանաբար, Սղնախում: Պարգևատրվել է Կարմիր դրոշի երկու շքանշանով (մեկը՝ հետմահու):

Գրականություն՝ Мнацаканян А. Н., Посланцы Советской России в Армении, Е., 1959. Գ. Մանուկյան

ԿՈՒՐԻՍ, գյուղ Հայկական ՍՍՀ Մեղրու շրջանում, շրջկենտրոնից 8 կմ հյուսիս–արևելք: Միավորված է Կարճևանի սովետական տնտեսության հետ:

Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, մանկապարտեզ: Կուրիսից հյուսիս պահպանվել են գյուղատեղի, եկեղեցի, գերեզմանոց:

ԿՈՒՐԾ, գյուղատնտեսական կենդանիների կաթնագեղձը: Որոճողների և զամբիկների կուրծը գտնվում է ազդրերի միջև, աճուկային հատվածում, իսկ մերուններինը՝ որովայնի «սպիտակ» գծի երկարությամբ (սիմետրիկ) աջ և ձախ մասերում: Արուների մոտ կուրծը կճատ է: Կովերի, ուղտերի և հյուսիսային եղջերուների կուրծը բաղկացած է իրարից բաժանված երկուական առջևի (որովայնային) և ետևի (ազդրային) մասերից: Կաթը սինթեզվում է ալվեոլներում (մանրագույն խոռոչների արտազատող էպիթելներում): Դրանք կաթնածորանների շուրջը տեղադրված են ճառագայթաձև: Կաթնածորանները միանալով խոշորանում են և բացվում կաթնամբարի մեջ: Կաթը կուրծում պահվում է մազականության, ինչպես նաև պտուկներում սֆինկտերների առկայության շնորհիվ: Կուրծը մատակարարվում է մեծ քանակության արյունով, քանի որ 1 կգ կաթի առաջացման համար կուրծով պետք է անցնի մոտ 500 լ արյուն: Երինջների մոտ կուրծի գեղձային հյուսվածքն սկսում է աճել սեռական հասունացման սկզբնաշրջանում և ավելի ինտենսիվ՝ ծնից մեկ ամիս առաջ, իսկ հղի կովերի մոտ՝ ցամաքի շրջանի երկրորդ կեսին (ծնից մեկ ամիս առաջ): Մաքիների, այծերի, զամբիկների կուրծը կազմված է գեղձերի երկու համալիրից և երկու պտուկներից:

Տես նաև Կիթ:

ԿՈՒՐԿՈՒՄԱՆԵՐ, բյուգանդական հայազգի նշանավոր տոհմ: 9–12-րդ դդ. պետական զինվորական ու եկեղեցական գործիչներ է տվել Բյուգանդական կայսրությանը: Հովհաննես Կուրկուաս 1-ին (ծննդյան և մահվան թթ. անհայտ), տոհմի հիմնադիրը, պատրիկ և զորավար: Աչքի է ընկել Վասիլ 1-ինի (867–886 թթ.) ժամանակ: 886 թ.-ին նշանակվել է կայսերական գվարդիայի հրամանատար: Մեղադրվելով կայսեր դեմ դավադրության մեջ՝ կուրացվել է ու աքսորվել: Հովհաննես Կուրկուաս 2-րդ (ծննդյան և մահվան թթ. անհայտ), նախորդի թոռը: Ռոմանոս 1-ին Լակապենոս կայսեր (920–944 թթ.) օրոք՝ Կ. Պոլսի կայսերական գվարդիաներից մեկի հրամանատար, ապա՝ արևելյան զորքերի սպարապետ: Ճնշել է Խաղտիք բանակաթեմի զորավար Վարդ Բոյիլասի և նրան միացած ոմն մեծատուն Տաճատի ապստամբությունը: Երկարատև պատերազմներ է մղել արաբների դեմ Հայաստանում և Միջագետքում: Ստացել է մագիստրոսի տիտղոս: 922 թ.-ին արշավել է Դվինի ամիրայի դեմ: Աշոտ Բ Երկաթը նրան վտարել է Հայաստանից: 934 թ.-ին գրավել է Մելիտենեն և կցել Բյուզանդիային: 941 թ.-ին պարտության է մատնել իշխան Իգորի գլխավորությամբ Կ. Պոլսի վրա հարձակված ռուսական նավատորմիղը: Ոմն Մանուիլ ութ գրքով շարադրել է Հովհաննես Կուրկուաս 2-րդի քաջագործությունները: Թեոփիլոս Կուրկուաս, տես Թեոփիլոս: Ռոմանոս Կուրկուաս (ծննդյան և մահվան թթ. անհայտ), Թեոփիլոս Կուրկուասի որդին: Ստացել է պատրիկի պատվաստիճան և հաջորդաբար նշանակվել մի շարք բանակաթեմերի զորավար: Հովհաննես Կուրկուաս 3-րդ (ծննդյան թ. անհայտ–971 թ.), նախորդի որդին, մագիստրոս: Հովհաննես 1-ին Չմշկիկի ժամանակ մասնակցել է ռուս իշխան Սվյատոսլավի դեմ կռիվներին՝ Բուլղարիայում և սպանվել Դորոստոլի պաշարման ժամանակ:

Գրականություն՝ Կոստանդին Ծիրանածին, Ե., 1970 թ. (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 6, Բյուզանդական աղբյուրներ, 2): Каждан А. П., Армяне в составе господствующего класса Византийской империи в 9–12 вв., Е., 1975, с. 13-14; Theophanes Continustus, Bonnae, 1839. Հ.Բարթիկյան

ԿՈՒՐՂԻՆՅԱՆ (Փոպոլճյան) Շուշանիկ Հարությունի [18(30).1876 թ., Ալեքսանդրապոլ (Լենինական, այժմ՝ Գյումրի)–1927 թ. նոյեմբերի 24, Երևան], հայ բանաստեղծուհի: Սովորել է ծննդավայրի՝ Ալեքսանդրապոլի Արղության օրիորդաց դպրոցում, ռուսական պրոգիմնազիայում: 1893 թ.-ին մտել է հնչակյան կուսակցության շարքերը, մի քանի աղջիկների հետ կազմել առաջին հնչակ օրիորդաց խումբը: Առաջին բանաստեղծությունը տպագրել է «Տարազ»-ում, 1899 թ.-ին, առաջին պատմվածքը՝ «Աղբյուր»-ում, 1900 թ.-ին: Կուրղինյանը Հ. Հակոբյանի հետ դաձավ