Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՀԱԲԵՐ (Haber) Ֆրից (1868-1934), գերմանացի քիմիկոս-անօրգանիկ: Կարլսրուեի պոլիտեխնիկ ինստ.-ի պրոֆեսոր (1898-ից): 1904-ից ուսումնասիրել է բարձր ջերմաստիճանների և ճնշումների պայմաններում ազոտից և ջրածնից ամոնիակի առաջացման ռեակցիայի հավասարակշռությունը: 1908-ին կիսագործարանային սարքավորմամբ Հ. առաջինն է ստացել հեղուկ ամոնիակ, իսկ 1913-ին նրա ղեկավարությամբ կազմակերպվել է մթնոլորտային ազոտի ֆիքսացման գործարան (նոբելյան մրցանակ, 1918): 1911-ից ղեկավարել է Բեռլին-Դալեմի ֆիզիկական քիմիայի և էլեկտրաքիմիայի ինստ.-ը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հ. Գերմանիայի ռազմա–քիմիական արդյունաբերության, մասնավորապես թունավոր նյութերի մշակման կազմակերպիչներից էր: Ֆաշիստների իշխանության հաստատումից հետո, 1933-ի գարնանը, Հ. հեռացել է Գերմանիայից:

ՀԱԲԻԲ ԻԲՆ ՄԱՍԼԱՄԱ (617-662), արաբ զորավար: Մասնակցել է Ասորիքի նվաճմանը, Բյուզանդիայի դեմ պատերազմներին, եղել է Հարավային Ասորիքի կառավարիչ: 654-ին արշավել է Հայաստան, այն ենթարկել խալիֆայությանը: Երաշխավորել է հայ նախարարների հողատիրական իրավունքները՝ հարկ տալու պայմանով:

ՀԱԲՍԲՈՒՐԳՆԵՐ (Habsburger), թագավորական դինաստիա, որը կառավարել է Ավստրիայում 1282–1918-ին, Չեխիայում և Հունգարիայում՝ 1526–1918-ին (1867-ից՝ Ավստրո-Հունգարիայում), Իսպանիայում և նրա տիրույթներում՝ 1516-1700-ին, եղել են Հռոմեական սրբազան կայսրության» կայսրեր 1438–1806–ին (բացի 1742– 1745-ից): 1090-ից Հ. եղել են կոմսեր, 1135-ից՝ լանդգրաֆներ Վերին Հռենոսում և Միջին Շվեյցարիայում, որտեղ մոտ 1020-ին կառուցել են Հաբսբուրգ ամրոցը (այստեղից էլ՝ Հ. տոհմանունը): Կարլոս V-ի օրոք (1500–58) Հ-ի իշխանությանն էր ենթարկվում հսկայական տարածք՝ Գերմանիան, Ավստրիան, Հոլանդիան, Չեխիան, Հունգարիան, Իտալիայի մի մասը, Իսպանիան և նրա ամերիկյան գաղութները: 1521–22-ի պայմանագրով Կարլոս V Հ–ի ավստ. ժառանգական տիրույթները զիջեց եղբորը՝ Ֆերդինանդ I-ին, որը դարձավ Հ–ի ավստ. ճյուղի հիմնադիրը: 1556-ին Կարլոս V իսպ. գահից հրաժարվեց հօգուտ իր որդի Ֆիլիպ II-ի, որը դարձավ Հ-ի իսպ. ճյուղի հիմնադիրը: 1740-ին, երբ. Հ–ի ավստ. արական ճյուղն ընդհատվեց Կարլոս VI կայսրով, վերջինիս դուստր Մարիա Թերեզայի (իշխել է 1740–80-ին) և Լոթարինգիայի Ֆրանց Մտեֆան դքսի ամուսնությամբ սկզբնավորվեց Հաբսբուրգ-Լոթարինգյան դինաստիան: 1867-ին Ֆրանց Իոսիֆ I-ի օրոք ավստ. կայսրությունը վերակազմավորվեց երկմիասնական Ավստրո-Հունգարական կայսրության: 1918-ի նոյեմբ. 11-ին, առաջին համաշխարհային պատերազմում Ավստրո-Հունգարիայի պարտության և հեղափոխական ու ազգային-ազատագրական շարժումների վերելքի պայմաններում Կարլոս I կայսրը (թագավորել է 1916–18-ին) հրաժարվեց գահից, և Հ–ի միապետությունն ընկավ: 1919-ի ապրիլի 3-ին Ավստրիայի հանրապետության սահմանադիր ժողովը օրենք ընդունեց Հ–ին բոլոր իրավունքներից զրկելու, երկրից նրանց վտարելու և ունեցվածքը բռնագրավելու մասին:

ՀԱԲՈՒ, հայաբնակ գյուղ Աբխազական ԻԱԱՀ Գուդաոէթայի շրջանում, շրջկենտրոնից 25 կմ հյուսիսարեելք: Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ: Ունի տարրական դպրոց: Հիմնադրել են Սամսունի շրջանից եկած հայերը, 1890-ին:

ՀԱԳԱԳ, խուլ շփական հնչյուն, որն արտաբերվում է ձայնալարերի մոտեցմամբ, երբ ձայնածերպով անցնող օդի հոսքը առաջացնում է թույլ աղմուկ: Հ–ի արտաբերման համար բերանի խոռոչը հատուկ ԴԻՐՔ չունի, այլ ընդունում է հաջորդ (կամ նախորդ) հնչյունի արտաբերման դիրքը: Հայերենի հ հնչյունը Հ. Է: Թույլ շնչի աղմուկ կարող են ունենալ նաև պայթական և կիսաշփական բաղաձայնները, որոնց երբեմն անվանում են հագագային հնչյուններ. սրանց համար գործածվում Է նաե շնչեղ կամ շնչեղացված տերմինը:

Ա. Խաչատրյան

ՀԱԳԱՐ (պանդուխտ), ըստ աստվածաշնչյան ավանդության, արաբների նախահայր Իսմայելի մայրը: Հ. իբր եղել Է Սառայի եգիպտուհի աղախինը և Աբրահամի հարճը: Հ–ից և Աբրահամից ծնված որդուն՝ Իսմայելին, Սառան որդեգրել, ապա շուտով արտաքսել է Եգիպտոս: Իսմայելը դարձել է արաբական ցեղերի նախահայր: Այդ պատճառով Հ–ի և Իսմայելի սերունդներին անվանել են «հագարացիներ», «իսմայելցիներ», երբեմն՝ «աղախնածիններ»:

ՀԱԳԱՐՈՒ, Աքերաչայ (պատմ. Աղվան, Աղավնո), գետ Հայկական լեռնաշխարհում, Որոտանի ձախ և ամենամեծ վտակը (Ադրբեջանական ԱԱՀ–ում): Երկարությունը՝ 113 կմ, ավազանը՝ 2570 կմ2: Սկիզբ Է առնում Ղարաբաղի բարձրավանդակի Դալիդաղ զանգվածի հվ. լանջից, 3080 մ բարձրության վրա, հոսում է հս-արմ-ից հվ-արլ: Վերին հոսանքում՝ Լաչինից վեր, ընդունում է ամենամեծ՝ աջակողմյան Գոչազսու (63 կմ) վտակը, դուրս է գալիս Հագարուի հարթավայրը և միանում Որոտանին 270 մ բարձրության վրա: Սնումը խառն է, ձնհալքի և ստորերկրյա ջրերի գերակշռությամբ (87%): Հորդանում է մայիս-հունիսին: Տարեկան միջին ծախսը 16,2 մ3 վրկ է, հոսքի ծավալը՝ 510 մլն մ3:

ՀԱԳԳԱՐԴ (Haggard) Հենրի Ռայդեր (1856–1925), անգլիացի գրող: Կրթությամբ՝ իրավաբան: Որպես պետ. պաշտոնյա շատ է ճանապարհորդել, ապրել է Հարավային Աֆրիկայում (1875–79): Գրել է առավելապես արկածային ու պատմական վեպեր՝ «Սողոմոն թագավորի հանքերը» (1885, հայերեն հրտ. 1965), «Մոնթեսումայի դուստրը» (1893, հայերեն հրտ. 1969), «Գեղեցկուհի Մարգարետը» (1907, հայերեն հրտ. 1966) ևն: Հ–ի ուշ շրջանի ստեղծագործություններում կան միստիկայի տարրեր («Փոթորկի զավակը», 1913, «Սուրբ ծաղիկ», 1915):

Երկ. Աշխարհի սիրտը, Ալնքսանդրիա, 1930 Թափառաշրջիկին մանյակը, Ալեքսանդրիա, 1932: Բլոսհոլմի տիրուհին, Ե., 1972:

ՀԱԳԵՑԱԾ ԱԾԽԱՋՐԱԾԻՆՆԵՐ, սահմանային ածխաջրածիններ, ալկաններ, պարաֆիններ, CnH2n+2 ընդհանուր բանաձևով ածխաջրածինների հոմոլոգիական շարք, որոնք պատկանում են ացիկլիկ միացությունների դասին: Շարքի առաջին անդամը մեթանն Է՝ CH4, յուրաքանչյուր հաջորդ անդամ իր բաղադրությամբ նախորդից տարբերվում է CH2 խմբով (հոմոլոգիական տարբերությամբ): Շարքի առաջին չորս անդամները կրում են պատահական անվանումներ՝ մեթան՝ CH4, Էթան՝ C2H6, պրոպան՝ C3H8, բուտան՝ C4H10: Հաջորդ հոմոլոգների անվանումները տրվում են հուն. թվական անունների միջոցով՝ պենտան C3H12, օկտան C8H18, դեկան C10H22: Հ. ա–ի մոլեկուլներում ածխածնի ատոմներն իրար միացած են պարզ կապերով և առաջացնում են չճյուղավորված կամ ճյուղավորված բաց շղթաներ: Դրանով է պայմանավորված կառուցվածքային իզոմերների գոյությունը Հ. ա–ի շարքում: Ածխածնի ատոմների թվի ավելացմամբ իզոմերների թիվը արագ աճում է, օրինակ, պենտանի իզոմերների թիվը 3 է, դեկանինը՝ 75, էյկոզանինը (C20H42)՝ 366319: Հեպտանից սկսած հանդես են գալիս նաև օպտիկական իզոմերներ (տես Իզոմերիա): Հ. ա. մինչև բուտան և նեոպենտան բենզինի հոտով, անգույն գազեր են, պենտանից մինչև հեպտադեկան (C17H36)՝ անգույն հեղուկներ, մյուսները՝ պինդ նյութեր: Ճյուղավորված շղթայով Հ. ա–ի եռ. ջերմաստիճանը ցածր է, իսկ հալ. ջերմաստիճանը՝ բարձր, քան չճյուղավորված իզոմերներինը: Հ. ա. գործնականորեն չեն լուծվում ջրում, լուծվում են մեծ թվով օրգ. հեղուկներում: Համեմատաբար խիստ պայմաններում ջրածնի ատոմները կարող են տեղակալվել այլ ատոմներով կամ ատոմական խմբերով: Այդ ռեակցիաներից շատերն ընկած են մի շարք կարևոր նյութերի ստացման արդ. եղանակների հիմքում: Այսպես, Հ. ա–ի քլորացմամբ ստացվում են մեթիլենքլորիղ, քլորոֆորմ, տետրաքլորածխածին, նիտրացմամբ՝ նիտրոպարաֆիններ, ծծմբագազի և քլորի հետ ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ՝ սուլֆոքլորիդներ CnH2n+1 S02CL, սուլֆոօքսիդացմամբ՝ սուլֆոնաթթուներ՝ CnH2n+iS020H, ցածր Հ. ա–ի օքսիդացմամբ՝ սպիրտներ, ալդեհիդներ, կետոններ, թթուներ: Կարևոր արդ. նշանակություն ունի նաև պինդ Հ. ա–ի օքսիդացումը որպես բարձր ճարպաթթուների ստացման եղանակ: Հ. ա–ի կատալիտիկ դեհիդրումից ստացվում են էթիլենային ածխաջրածիններ (պրոպիլեն, բուտեններ, ամիլեններ) և դիեններ (բուտադիեն, իզոպրեն), իզոմերացումից՝ իգոբուտան և իզոպենտան: Հ. ա–ի ստացման հիմնական աղբյուրը նավթն է, որի մեջ դրանց պարունակությունը 5–60% է: Ստացվում են նաև քարածխի և այրվող թերթաքարերի վերամշակման ժամանակ: Հ. ա. կան բույսերում, մեղրամոմում: Բնական գազի մինչև 99% –ը (ըստ ծավալի) մեթան է: