Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


չձևափոխվող գործվածքներից (բրդյա, բամբակյա, բնական մետաքսե) հագուստ: Սինթետիկ գործվածքները, որոնք լավ են պաշտպանում մարմինը մթնոլորտային խոնավությունից և քամուց, նպատակահարմար է օգտագործել միայն հագուստի արտաքին շերտի համար: Տարվա տաք եղանակներին խորհուրդ է տրվում կրել քիչ ջերմաթափանց և քրտինքը լավ կլանող գործվածքից պատրաստված հագուստ։ Չափավոր կլիմայով շրջանների բնակիչների ամառային հագուստը պետք է օժտված լինի ուլտրամանուշակագույն ճառագայթների առավելագույն թափանցելիությամբ (արհեստական և պոլիամիդային թելերից հագուստ): Շոգ երկրների բնակիչների հագուստը պետք է ապահովի արևի ճառագայթային ջերմության էկրանավորումը: Այդ նպատակով խորհուրդ է տրվում կրել բաց երանգներով հարթ գործվածքից պատրաստված հագուստ: Ամառային հագուստն առավել նպատակահարմար է պատրաստել բրդյա, բամբակյա գործվածքներից և արհեստական մետաքսից: Սինթետիկ գործվածքներն արագ են կեղտոտվում, քիչ խոնավածուծ են, կուտակում են հաստատուն էլեկտրական լիցքեր և խանգարում մաշկի շնչառական ֆունկցիան, իսկ երբեմն՝ նպաստում ալերգիական հիվանդությունների առաջացմանը:

Մարզական հագուստը պատրաստվում է բարձր օդաթափանցությամբ օժտված և քրտինքն արագ հեռացնող թեթև գործվածքներից: Առավել հիգիենիկ են տրիկոտաժե գործվածքները: Ձմեռային մարզաձևերի համար և ցուրտ եղանակին բացօթյա պայմաններում մարզվելիս նպատակահարմար է ջերմապաշտպան և թեթև գործվածքներից բամբակյա (բայկա, վելվետ), բրդյա և սինթետիկ գործվածքներից, լայն ձևվածքներով հագուստը։ Ալպինիստների, տուրիստական արշավորդների համար անհրաժեշտ են պաշտպանող հագուստներ: Մանկական հագուստի համար հաշվի են առնվում տարիքային առանձնահատկությունները և հատկապես երեխաների ջերմակարգավորման ֆունկցիայի ու շարժողական ակտիվության անկատարելությունը: Հարմար են օդաթափանց, փափուկ, խոնավածուծ գործվածքներից կարված, շարժումները չսահմանափակող ձևվածքով և երեխայի մարմինը ցրտից ու գերտաքացումից պաշտպանող հագուստները, որոնց կարերը, կոճակները և կապիչները պետք է նուրբ լինեն, չվնասեն երեխայի մաշկը (կյանքի առաջին ամիսներին): Քրտնախաշությունից և մաշկի գրգռումներից խուսափելու նպատակով խորհուրդ չի տրվում հագցնել սինթետիկ գործվածքներից պատրաստված հագուստ: Արտադրությունում աշխատողների համար, որպես աշխատանքի անբարենպաստ պայմաններից պաշտպանվելու միջոց, գործածվում է պաշտպանական հագուստ:

Հայկական լեռնաշխարհում հնագույն հագուստի վերաբերյալ պատկերացում ենք կազմում դեռևս միջին քարի դարի ժայռապատկերներում հանդիպող ուրվագծային, բրոնզի և երկաթի դարերի գոտիների և այլ առարկաների վրայի պատկերներից: Ուրարտական ժամանակաշրջանի հագուստի տարրերը պարզելու համար աղբյուրներ են հիմնականում ուրարտական և ասորական որմնանկարները, արձանները, գոտիների, սաղավարտների, կապարճների, կնիքների, մեդալիոնների և այլ առարկաների վրայի պատկերները, որոնք, սակայն, ներկայացնում են հիմնականում պալատական, կրոնական, զինվորական հանդերձանքը՝ առասպելական և պաշտամունքային իմաստավորմամբ որոշ տարրերի հավելումներով: Ուրարտական թագավորների արտահագուստը եղել է ամփոփ, կարճ, արմնկամասից վերև թեզանիքով, ասեղնագործ պատմուճանը, որի հետ կրել են խույր կամ ապարոշ, լայն զարդարուն գոտի և զանազան զարդեր (մատանի, ապարանջան) ու զենքեր (գավազան, սուր և այլն): Քաղաքացիական հագուստի մեջ առանձնանում է պարեգոտը, գոտին, սռնապանն ու կոշիկը: Զինվորական հանդերձի համար այս ամենի հետ կրում էին նաև հիշյալ ժամանակաշրջանին յուրահատուկ զենքեր և պաշտպանական միջոցներ (աշտե, սուր, սաղավարտ, վահան և այլն): Կանացի հագուստի վերաբերյալ տեղեկություններն ու փաստերը սակավ են. աստվածուհիների և այլ պատկերներից երևում է, որ մեծատոհմիկ տիկնանց հագուստը բաղկացած է եղել երկար, քառակուսի հյուսկեն նախշերով, կարճ թեզանիքով, ներքևում՝ ժապավենազարդ պարեգոտից, ճակատի ստորին կեսը ծածկող և մինչև գոտկամասը ձգվող թանձր քողից՝ կոշիկի, լայն գոտու և զարդերի (մատանի, ապարանջան, վզնոց) զուգակցությամբ: Այսպիսի նմուշներից են աստվածուհու կամ թագուհու և խնդրարկու կնոջ պատկերով ոսկե մեդալիոնը (Թոփրախ-կալե), պտղաբերության դիցուհու արձանիկը և այլն:

Հայկական հնագույն հագուստի վերաբերյալ աղբյուրներ են հայկական և օտար մատենագիրների աշխատությունները, քանդակները, որմնանկարները, մանրանկարները և այլն: Հայաստանում առավել ճոխ ու բազմազան են եղել արքայական և իշխանական հագուստները: Հայաստանի և հարևան երկրների թագավորներն ու իշխանները հագուստներ են ընծայել արժեքավոր ծառայություններով աչքի ընկած պալատականներին ու զինվորականներին: Պարսից Շապուհ արքան հայոց Զարմանդուխտ թագուհուն ուղարկում է թագ և պատմուճան, Մանվել սպարապետին՝ պատմուճան և սամույրենի, իսկ Հազկերտը՝ Վասակ սպարապետին՝ հանդերձներ: Արշակունի թագավորների օրոք արքան զգեստ էր նվիրում իր պալատականներին: Հագուստները ցույց էին տալիս նախարարի տեղը, պաշտոնն ու դիրքը արքունիքում: Արքայի հանդերձավորումը կատարվում էր հատուկ սրահում («տուն պատմուճակաց»): Արքունիքում եղել են հանդերձները պահպանողների (պատմուճակ) և զգեստավորողների (զգեցուցանող) պաշտոններ (վերջինս երբեմն կատարում էր սենեկապետը), որոնք գոյություն են ունեցել նաև Կիլիկյան Հայաստանում: Բնակչության Հագուստի վերաբերյալ ևս կան որոշ տեղեկություններ: Ստրաբոնը հաղորդում է, որ Հայաստանի հյուսիսային ցուրտ գավառները թելադրեցին գլխանոցը, թեգանավոր երկար պարեգոտն ու վարտիքը: Հագուստի պատմության ամբողջացման համար կարևոր նշանակություն ունի ժողովրդական հագուստը: Ծագելով պատմական հնագույն ժամանակներում՝ այն որոշ տարրերով կամ ամբողջությամբ գոյատևել է նաև հետագայում՝ արտացոլելով ազգային համապատասխան մշակույթի առանձնահատկությունները: Հագուստի օգնությամբ պարզաբանվում են պատմության, ժողովրդի կրոնական պատկերացումների հետ կապված մի շարք հարցեր: Հայերի հագուստը գաղթավայրերում գոյատևելով դարեր շարունակ՝ կրել է հիշյալ միջավայրում բնակվող ժողովուրդների մշակութային ազդեցությունը: Հայկական հագուստի առանձին տարրեր, իրենց հերթին, յուրացրել են տեղացի ժողովուրդները: Տեսքով, ձևով և ծիսական նշանակությամբ առանձնանում են եկեղեցականների հագուստները, որոնք հիմնականում պատրաստվել են սև ասվեից կամ թավիշից: Եկեղեցականների հագուստի առանձին տարրեր ծառայում են որպես աստիճանակարգի տարբերանշաններ, դպիրները կրել են շապիկ, սարկավագը՝ ուրար, քահանան՝ գոտի, շուրջառ և սաղավարտ, եպիսկոպոսը՝ եմիփորոն (խաչաձև, ծոպավոր ուսազարդ), կաթողիկոսը՝ կոնքեռ (գոտուց ձախ կողքին կախելու կերպասե, ծոպավոր, քառանկյունի զարդ): Պատարագներից և տոներից դուրս հագել են նաև վերարկու, փիլոն, վեղար և այլն:

XIX դարում Անդրկովկասի հայ մտավորականությունը հետևել է ռուսական, իսկ Թուքիայինը՝ ֆրանսիական մոդային: Գյուղերում մինչև XX դարի 1-ին քառորդը հակում կար պահպանելու ազգային տարազը, որն ամեն մի ազգագրական շրջանում ուներ տեղական առանձնահատկություններ՝ կապված գույների, ձևվածքի և գործվածքների հետ: Արևելյան Հայաստանի տղամարդու հագուստը որոշակի ընդհանրություններ է ունեցել Անդրկովկասի մյուս ժողովուրդների հագուստի հետ: Կրել են նեղ, ձախ կողքից կոճկվող օձիքով շապիկ, վրայից հագել մետաքսե կամ բամբակե գործվածքից, մինչև ծնկները ձգվող արխալուղ, որը գոտկատեղում կոճկվել է հյուսածո գունավոր թելերից սարքած կոճակ-օղակներով: Արխալուղի վրայից հագել են մինչև կրունկները հասնող, սև կամ մուգ շագանակագույն, փոթավոր, գոտկատեղում կոճկվող չուխա: Կապել են բարակ, ոսկուց, արծաթից կամ կաշվից, մեծ, զարդարուն ճարմանդով, իսկ խոշոր առևտրականները՝ վառ գույներով ատլասից լայն գոտի: Նույն ատլասից (շուռ տված վիճակում) դրվել է թևքերին: Կրել են նաև լայն փոթավոր, այսպես կոչված՝ խոնջանով անդրավարտիք, որն ունեցել է 2 սմ լայնությամբ, ծայրերը փնջավոր, մեջքին փաթաթելու նախշկար գոտի: Անդրավարտիքը գյուղերում կարել են մուգ կապույտ, նաև՝ մոխրագույն, իսկ քաղաքներում՝ միայն սև բրդյա կամ բամբակյա կտորից: Ձմռանը հագել են ոչխարենու քուրք: Կանայք հագել են երկար, կարմիր շապիկ և լայն, փոթավոր անդրավարտիք, փողքերին՝ թանկարժեք փայլուն, ոսկե, արծաթե թելերով ու գունավոր ժապավեններով նախշակարված կտորներ: Վրայից կրել են երկար, մինչև կրունկները ձգվող և գոտկատեղում կոճկվող մետաքսե, սատինե կամ չթե արխալուղ: Տոնական օրերին հագել են մինթան, որը, ի տարբերություն