հիմքերից՝ ուղղական՝ ես – տրական՝ ինձ, եզակի՝ ես – հոգնակի՝ մենք: Անվանական Հ–ման մեջ բառի հիմքը կրում է միայն հնչյունական փոփոխություններ: Ըստ թեքույթների բնույթի տարբերակվում են հոլովման տարբեր տիպեր, հիմքի հերթագայություններով կազմված տիպերը կոչվում են ներքին թեքման, վերջավորություններով կազմված տիպերը՝ արտաքին թեքման Հ–ներ: Հ–ման տիպերը կամ Հ–ները որոշվում են եզակի սեռական–տրական հոլովաձևից, որը ժամանակակից գրական արևելահայերենում ունի կազմության հետևյալ տարբերակները. 1. վերջավորություններ՝ ա–աղջկա, ի–քաղաքի, ո–սիրո, ու–ձիու, ան–գարնան, ոջ–կնոջ, վա–օրվա, վան–մահվան, յան-կորստյան, 2. հիմքի հերթագայություններ՝ հայր–հոր, դուստր–դստեր, գինի-գինու, տուն–տան, անուն–անվան: Նշված տիպերից տարածված են արտաքին թեքման ի, ու և ներքին թեքման ու, ա Հ–ները, մնացածներն ունեն սահմանափակ կիրառություն: Լ. Հովսեփյան.
ՀՈԼՈՑԵՆ տես Ժամանակակից բաժին:
ՀՈԿԱՄ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանում: 1976-ին ուներ 356 (74 ընտանիք) բնակիչ՝ հայեր և վրացիներ: Սովետական տնտեսությունն զբաղվում է հողագործությամբ և անասնաբուծությամբ: Գյուղում գործում է ութամյա դպրոց՝ հայկ. և վրաց. բաժիններով: Հ–ի հայերը գաղթել են 1830-ին, Արևմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթի համանուն գավառից:
ՀՈԿԱՅԴՈ մինչև 1868 ը՝ Իեսսո Էձո Մացմայ կղզի ճապոնիայում: Տարածությունը 77,7 հզ. կմ2 է (մեծությամբ երկրորդը Ճապոնիայում), բն.՝ 5,2 մլն (1972): Ռելիեֆում տիրապետում են ցածր և միջին բարձրության լեռները: Առավել բարձր լեռնաշղթաները (մինչև 2290 մ, Ասախի լեռ) գտնվում են կղզու կենտրոնական մասում: Կա գործող 8 հրաբուխ: Ունի քարածխի, երկաթի և ծծմբի հանքավայրեր: Կլիման մուսսոնային է՝ տարեկան 800-1500 մմ տեղումներով: Գետերը (Իսիկարի, Տեսիո ևն) ջրառատ են՝ հարուստ հիդրոէներգիայով: Հ–ում են Սարոմա (ծովլճակ), Կուտյարո, Սիկոցու, Տոյա (խառնարանային) լճերը: Տարածքի 60%–ը ծածկված է անտառներով, ցածրադիր շրջանները՝ մարգագետիններով և ճահիճներով: Խոշոր քաղաքներն են Սապպորոն և Հակոդատեն: Հ. առանձին տնտ. շրջան է, ճապոնիայի անտառանյութի հիմնական մատակարարողը:
ՀՈԿԵՅ անգլ. Hockey հավանաբար հին ֆրանս. hoquet հովվի ցուպ՝ կեռով սպորտային թիմային խաղ՝ մականներով (կլյուշկա) և գնդակով կամ տափօղակով, որի նպատակն է անհատական վարման և փոխանցումների միջոցով առավել թվով գնդակներ անցկացնել հակառակորդի դարպասը: Գոյություն ունի Հ–ի 3 հիմնական տեսակ. Հ. տափօղակով (միջազգային պաշտոնական տերմինաբանությամբ՝ Հ. սառույցի վրա), Հ. գնդակով և Հ. խոտի: Խաղում են հատուկ դաշտերում (հրապարակներում): Գնդակով Հ–ի և խոտի Հ–ի դեպքում յուրաքանչյուր թիմում լինում են 11 խաղացող (դարպասապահով), տափօղակով Հ–ի դեպքում՝ 6 խաղացող (կազմը, բացի դարպասապահից, խաղի ընթացքում անընդհատ փոփոխվում է): Խաղի ժամանակը համապատասխանաբար՝ 90, 70 (1 ընդմիջում) և 60 ր (այսպես կոչված մաքուր խաղաժամանակ, 2 ընդմիջումով): Հ. խոտի, հայտնի է եղել դեռևս մ.թ.ա. II հազարամյակում, Եգիպտոսում, Պարսկաստանում, Հունաստանում, Ամերիկայում, Ճապոնիայում, Եվրոպայում, XIX դ. կեսին: 1908-ից (բացի 1912 և 1924) խոտի Հ–ի մրցումները (տղամարդկանց) ընդգրկվել են օլիմպիական խաղերի ծրագրում, 1980-ից ընդգրկվեցին նաև կանանց թիմերը: 1924-ին հիմնվել է Հ–ի միջազգային ֆեդերացիան: 1971-ից, 2 տարին մեկ, անցկացվում են աշխարհի առաջնություններ տղամարդկանց, իսկ 1976-ից՝ նաև կանանց թիմերի միջև, 1969-ից՝ Եվրոպայի երկրների գավաթի, 1970-ից՝ Եվրոպայի առաջնության խաղեր (տղամարդկանց միջև): ՍՍՀՄ–ում խոտի Հ. մտցված է 1960-ական թթ. կեսերից: 1967-ին ստեղծվել է գնդակով Հ–ի և խոտի Հ–ի ֆեդերացիան: 1970-ից ամեն տարի անցկացվում են ՍՍՀՄ առաջնություններ: Խոտի Հ. Հայաստանում հայտնի է եղել «մականախաղ» անվանումով: Հ. գնդակով, Եվրոպայի մի շարք երկրներում հայտնի է դեռևս միջին դարերից: ժամանակակից Հ. առաջացել է Մեծ Բրիտանիայում՝ XIX դ. 2–րդ կեսին, Ռուսաստանում՝ XIX դ. 60-ական թթ.: 1928-ին հիմնվել է Հ–ի համամիութենական սեկցիա (այժմ գնդակով Հ–ի և խոտի Հ–ի ՍՍՀՄ ֆեդերացիա): 1937––47-ին անցկացվել են ՍՍՀՄ գավաթի մրցումներ (տղամարդկանց և կանանց թիմերի համար), 1950-ից՝ ամենամյա ՍՍՀՄ չեմպիոնատ (տղամարդկանց): 1955-ին ձևակերպվել և հաստատվել են միջազգային միասնական կանոններ, հիմնվել է միջազգային ֆեդերացիա: 1957-ից անցկացվում են աշխարհի չեմպիոնատներ (9 անգամ հաղթել են ՍՍՀՄ հոկեյիստները): Գնդակով Հ–ի զարգացմանը և ՍՍՀՄ հավաքական թիմերի հաղթանակներին նպաստել են Վ.Ի. Ատամանիչևը, Ե.Վ. Գերասիմովը, Ե.Խ. Գորբաչյովը, Ն.Ա. Դուրակովը և ուրիշներ: Հ. տափօղակով, ծագել է XIX դ. 60-ական թթ.՝ Կանադայում: 1870-ին Տորոնտոյում ստեղծվել է Հ–ի առաջին ասոցիացիան: 1879-ին առաջին անգամ ձևակերպվել և 1886-ին հրապարակվել են խաղի կանոնները: 1890-ական թթ. սկսած Կանադայում և ԱՄՆ–ում անցկացվել են պրոֆեսիոնալ թիմերի կանոնավոր մրցումներ, 1892-ից՝ Ստենլիի գավաթի համար: 1899-ին Մոնրեալում կառուցվել է աշխարհում առաջին փակ սահադաշտը (արհեստական սառույցով): 1908-ից խաղարկվում է Ալշանի գավաթի (այժմ՝ սիրողական ակումբների համար), 1925-ից՝ ՆԽԼ–ի չեմպիոնատը: XX դ. 1-ին կեսի հյուսիս–ամերիկյան Հ–ի ականավոր վարպետներ են եղել Բ.Կուկը, Պ.Բուշարը, Բ.Գարնենը, Մ.Ռիշարը, Ժ.Բելիվոն, Դ.Հերվին, Պ.Պիլոտը, 60-70-ական թթ.՝ Գ.Հոուն, Ռ.Հալլը, Մ.Միկիտան, Ռ.Օրրը, Ֆ.Էսպոզիտոն, Ռ.Կլարկը և ուրիշներ: XX դ. սկզբին Տափօղակով Հ. սկսեց տարածվել Եվրոպայում: 1908-ին հիմնվեց սառույցի վրա Հ–ի միջազգային լիգան, որը 1976-ին միավորում էր 30 երկրների ազգային ֆեդերացիաներ, 1924-ից տափօղակով Հ. ընդգրկվել է ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում: 1956-ի օլիմպիական խաղերին տափօղակով Հ–ի ՍՍՀՄ հավաքականի դարպասապահն է եղել ՍՍՀՄ սպորտի վարպետ Գ.Մկրտչյանը: Օլիմպիական չեմպիոններ են եղել հետևյալ թիմերը. Կանադա–6, ՍՍՀՄ-5, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ մեկ անգամ: 1930-ից կանոնավոր անցկացվում են աշխարհի չեմպիոնատներ (1924-ի և 1928-ի օլիմպիական տուրնիրները հռչակվել են որպես աշխարհի չեմպիոնատներ): ՍՍՀՄ–ում տափօղակով Հ. սկսել է տարածվել 1946-ից: 1947-ին հիմնվել է տափօղակով Հ–ի համամիութենական սեկցիա (այժմ՝ ՍՍՀՄ ֆեդերացիա, 1953-ից՝ սառույցի վրա Հ–ի միջազգային լիգայի անդամ): 1946–47-ին անցկացվում են ՍՍՀՄ չեմպիոնատներ: Տափօղակով Հ–ի սովետական դպրոցի հիմնադրմանը և զարգացմանը նպաստել են ՍՍՀՄ վաստակավոր մարզիչներ Ա.Վ.Տարասովը, Ա.Ի.Չերնիշյովը, Բ.Պ.Կուլագինը, Վ.Տիխոնովը և ուրիշներ:
ՀՈԿՏԵՄԲԵՐ մինչև 1935 ը՝ Սարդարապատ գյուղ Հայկական ՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանում, շրջկենտրոնից 2 կմ հարավ: Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, խորդենու մշակությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի պալատ, գրադարան, մսուր–մանկապարտեզ, կինո, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման Հոկտեմբեր գյուղի կուլտուրայի տունը տաղավար, հիվանդանոց: Հ–ում է Սարդարապատ ամրոցը (XVIII դ.): Հիմնադրել են Մուշից, Վանից, Ալաշկերտից եկածները, 1917–18-ին:
ՀՈԿՏԵՄԲԵՐ Լենինականի բանվորա–գյուղացիական գրողների «Հոկտեմբեր» միություն, հիմնվել է 1925-ի ապրիլին՝ Գ.Մահարու նախաձեռնությամբ: Միության կազմի մեջ մտնում էին Մ.Արմենը, Ս.Տարոնցին, Գ.Սարյանը, Սարմենը (սկզբում) և ուրիշներ: Պատվավոր նախագահ էր Ե.Չարենցը: Ապրիլի 26-ին