Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հ. ռ-ի ձևավորման վրա ազդում են հողի մասնավոր սեփականության ու հողի՝ որպես տնտեսության օբյեկտի, մենաշնորհները։ Առաջինը բացարձակ ռենտայի, երկրորդը՝ դիֆերենցիալ ռենտայի առաջացման պատճառն է։ Հ. ռ-ի ձևերից է նաև մենաշնորհային ռենտան, որը կազմավորվում է գյուղատնտ. մթերքները մենաշնորհային գնով վաճառելու հետևանքով։ Հ. ռ., որպես բաղկացուցիչ մաս, ներառնվում է գյուղատնտ. մթերքների գնի մեջ և իրացվում գնի միջոցով։ Ռենտայի աճի հետևանքով գյուղատնտ. արտադրանքի գները բարձրանում են և դառնում հողի սեփականատիրոջ անաշխատ եկամուտների աղբյուր։ Դրանց զգալի մասը, որպես կանոն, արտադրողական կիրառություն չի գտնում (հատկապես այն դեպքում, երբ հողի սեփականատերն ու վարձակալը տարբեր են) և օգտագործվում է պորտաբույծ սպառման նպատակով։ Իմպերիալիզմի փուլում, երբ հողասեփականությունը սերտաճում է ֆինանսական կապիտալի, խոշոր բանկերի ու գյուղատնտ. ընկերությունների հետ, Հ. ռ-ի որոշ մասը վերաբաշխվում է նաև բանկերի ու «ագրոբիզնեսի» մյուս մասնակիցների միջև։ ՍՍՀՄ-ում, հողի ազգայնացման պայմաններում, Հ. ո. իրացնում են պետությունը և կոլտնտեսությունները։ Սոցիալիստական այն երկրներում, ուր հողի մի մասը կոոպերատիվ սեփականություն է, այն բաշխվում է պետության ու կոոպերատիվ գյուղացիության միջև, օգտագործվում հօգուտ հասարակության շահերի։

Գրկ. Մարքս Կ., Կապիտալ, հ. 3, մաս 2, Ե., 1949: Նույնի, Теория прибавочной стоимости (IV том «Капитала»), ч. 2, 3; Маркс K. Энгельс Փ., Соч., 2 изд., т. 26, ч. 2 и 3; Լենին Վ. Ի., Կապիտալիզմը գյուղատնտեսության մեջ, երկ., հ. 4: Նույնի, Ագրարային հարցը և «Մարքսի քննադատները», նույն տեղում, հ. 5: Козлодоев И.И., Земельная рента при капитализме, М., 1958; Նույնի, Земельная рента в социалистических странах, М., 1958; Болгов A.B., Дифференциальная земельная рента в условиях социализма. (Очерки теории), М., 1963.

Ն. Մանասերյան

ՀՈՂԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐ, երկրի մակերևույթի վրա հողերի տարածվածությունը, դրանց առանձնահատկություններն ու հատկություններն արտացոլող քարտեզներ։ Ստորաբաժանվում են. ընդհանուր, պատկերված է հողերի գենետիկորեն դասակարգված խմբերի աշխարհագրական տարածվածությունը, հողային-մելիորատիվ, լրացուցիչ տրվում են հողերի մելիորատիվ առանձնահատկությունները (աղերի պաշարները, ծծանցող ունակությունը, հողում քարերի առկայությունը ևն), հողային էրոզիոն, հողերի էրոզիացման (կամ դեֆլիրացման) աստիճանը, էրոզիոնվտանգավոր սահմանները ևն։ Բացի նշված համադրական Հ. ք-ից կազմում են նաև վերլուծական քարտեզներ՝ քարտեզագրամներ, օրինակ, ագրոքիմիական քարտեզագրամ, որոնց վրա տրվում են հողի մեկ կամ մի քանի հատկությունների տարբեր նշանակության սահմանները, օրինակ, թթվայնություն, աղակալվածություն, ալկալիություն, մեխանիկական կազմ ևն։ Ըստ մասշտաբների Հ. ք-ները լինում են՝ մանրամասն (1:5000), խոշորամասշտաբ (1:10000-1:50000), միջին մասշտաբի (1:100000-1:300000), փոքրամասշտաբ (1:500000-1:2000000), ամփոփիչ (1-2.500000 և ավելի փոքր): ՍՍՀՄ-ում մանրամասն Հ. ք. կազմում են փորձադաշտերի, սորտափորձարկման հողամասերի ևնի, իսկ խոշորամասշտաբը՝ տարածքի ներտնտեսային կազմակերպման և ագրոտեխնիկական ու մելիորատիվ միջոցառումների պլանավորման համար, միջինմասշտաբայինը, իսկ երբեմն նաև խոշորամասշտաբայինը՝ գյուղատնտեսության և անտառային տնտեսության շրջանային, մարզային և հանրապետական պլանավորման, ամփոփիչը՝ ժող. տնտեսության պլանավորման և ուսումնական նպատակների համար։ Հ. ք. կազմում են հողային նկարահանումների հիման վրա, որոնց հիմնական դրույթները և մեթոդները մշակել են Վ. Վ. Դոկուչաևը և Ն. Մ. Սիբիրցևը։ Հողային նկարահանումները ընդգրկում են դաշտային հետազոտությունները (հողային ծածկոց, հողերի ցուցակների կազմումը, հաշվի առնելով հողառաջացնող գործոնները՝ մայրական ապարը, ռելիեֆը, բուսականությունը, ստորգետնյա ջրերը, կլիման ևն), հողային կոնտուրների անցկացումը՝ օգտագործելով օդալուսանկարահանման, տեղագրական քարտեզների նյութերը։ Հ. ք. կազմվում են աշխարհի բոլոր երկրներում։ ՀՍՍՀ-ում Հ. ք. ստեղծվել են հողագիտության և ագրոքիմիայի ԳՀԻ-ում։ Քարտեզը տես 544-րդ էջից հետո՝ ներդիրում։ Պատկերազարդումը տես 272-273-րդ էջերի միջև՝ ներդիրում։

ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ, ՍՍՀՄ-ում հողային օրենսդրության հանրապետական ժողովածու։ Մշակվել է ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների հողային օրենսդրության հիմունքների հիման վրա՝ հանրապետության հողային հարաբերությունների առանձնահատկություններին համապատասխան։ ՀՍՍՀ առաջին Հ. օ. ընդունվել է 1923-ին։ Գործող Հ. օ. (ընդունվել է 1970-ի դեկտ. 18-ին, գործողության մեջ դրվել 1971-ի հունվ. 1-ից) սահմանում է նրա խնդիրները, հողային օրենսդրության տարածման շրջանակները, հողի նկատմամբ պետ. սեփականության և հողի միասնական ֆոնդի հիմնական դրույթները, հողային հարաբերությունների կարգավորման հարցում ՍՍՀՄ և ՀՍՍՀ իրավասությունները, հողերի հատկացումը և ետ վերցնելը, հողօգտագործման կարգը, նրա դադարման հիմքերը, հողօգտագործողների իրավունքներն ու պարտականությունները, պետ. միասնական հողային ֆոնդի առանձին կատեգորիաների իրավական դրությունը, հողային վեճերի լուծման կարգը, հողային օրենսդրությունը խախտողների պատասխանատվությունը (տես նաև Հողային իրավունք): Ա. Իսկոյան

ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ, ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների հողային օրենսդրության հիմունքներ, միութենական ընդհանուր օրենսդրական ակտ։ Ընդունվել է ՍՍՀՄ Գերագույն սովետի օրենքով՝ 1968-ի դեկտ. 13-ին, ուժի մեջ է մտել 1969-ի հուլիսի 1-ից։ Ունի ներածական մաս, 50 հոդված (11 հատվածում): Հիմունքներն ամրապնդում են հողային օրենսդրության հիմնական սկզբունքները, սահմանում ՍՍՀՄ-ում հողային հարաբերությունների կարգավորման ընդհանուր կարգ։ ՍՍՀՄ-ում հողային հարաբերությունները կարգավորող բոլոր նորմատիվ ակտերը բխում են հիմունքներից և չպետք է հակասեն նրան։ Հիմունքների հիման վրա միութենական հանրապետությունները 1970-71-ին ընդունել են հողային օրենսգրքեր (տես Հողային օրենսգիրք): Ա. Իսկոյան

ՀՈՂԱՆԴԱԿՆԵՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ, գյուղատնտեսական որոշակի տեսակի արտադրանքի արտադրության համար մշտական (պլանաչափ) օգտագործվող հողամասեր (զանգվածներ): Դրանցից են՝ վարելահողերը (ներառյալ բանջարանոցները և ցելերը), բազմամյա տնկարկները, խոպան հողերը, խոտհարքներն ու արոտավայրերը (բացառությամբ տունդրայինի), ինչպես նաև անտառները, թփուտները, ճահիճները, ավազուտները։

ՀՈՂԱՆՑՈՒՄ, էլեկտրական, մեքենաների, ապարատների, սարքերի էլեկտրական միացումը հողին։ Ըստ նշանակման լինում է պաշտպանական, որը պահպանում է մարդկանց էլեկտրական հոսանքով վնասվելուց (օրինակ, էլեկտրական մեքենաների ու ապարատների իրանների Հ.) և աշխատանքային (օրինակ, տրանսֆորմատորների կամ ռադիոտեխնիկական անտենաների չեզոք շղթաների Հ.): Հ. իրականացվում է շղթայի որևէ կետը անմիջականորեն (խուլ միացում) կամ կայծային պարպիչի, ապահովիչի, էլեկտրական դիմադրության, ինդուկտիվության կոճի (բարձր լարման սարքավորումներում) միջոցով հողին միացնելով։ Հ. կատարվում է հողանցիչներով (պողպատե խողովակներ, շերտեր ևն):

ՀՈՂԱ-ՋՐԱՅԻՆ ՌԵՖՈՐՄՆԵՐ, Միջին Ասիայում և Ղազախստանում, սովետական իշխանության սոցիալ-տնտեսական վերափոխություններ 1920-ական թթ.՝ ցարիզմի գաղութային հողային քաղաքականության հետևանքները ոչնչացնելու, կալվածատիրական հողօգտագործումը վերացնելու և բայակուլակային հողօգտագործումը սահմանափակելու համար՝ հօգուտ աշխատավոր գյուղացիության։ 1921-22-ին ռեֆորմը անցկացվեց Թուրքեստանի ԻՍՍՀ-ում և Ղազախստանում, իսկ 1925-29-ին, Միջին Ասիայի ազգային-պ եսական բաժանումից հետո, բոլոր նորաստեղծ հանրապետություններում։ Ռեֆորմով տեղական (կիրգիզ, ղազախ, ուզբեկ) և ռուս գյուղացիները հողի ու ջրի նկատմամբ իրավահավասար էին դառնում։ Հ. ջ. ռ-ի շնորհիվ Միջին Ասիայում վերացվեցին բայերի, խոշոր առևտրականների, հոգևորականների, վաշխառուների, նախկին աստիճանավորների տնտեսությունները, սահմանափակվեց կուլակների հողօգտագոր֊