են կադաստր՝ տեղանքում քամու ռեժիմները բնութագրող տեղեկությունների հաշվառման համակարգ։ ՍՍՀՄ-ում սերիապես թողարկվող ՏՎ-8, ՏՎ-5, Դ-12 հողմաշարժիչներն ունեն 0,7-ից մինչև 11 կվտ հզորություն և գործածվում են էլեկտրամատակարարման ցանցերից հեռու գտնվող շրջաններում։ Սովետական գիտնականներն ստեղծել են մինչև 100 կվտ հզորության հողմաէներգետիկական տեղակայանքներ, որոնք կիրառվում են հիմնականում Պովոլժիեի, Ալթայի, Ղազախստանի, Թուրքմենիայի, Ուզբեկստանի արոտավայրերում ու ֆերմաներում։ Հողմաէներգետիկական տեղակայանքների օգտագործման առավել հեռանկարային եղանակը կապված է էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ դրանց զուգահեռ աշխատանքի ապահովման հետ։ Հ. Ադոնց
ՀՈՂՄԱԿՈՂՄ ԿՂԶԻՆԵՐ, Կարիբյան կղզիներ, հրաբխային կղզիների խումբ Վեստ Ինդիայում, Փոքր Անտիլյան կղզիների արևելյան մասը։ Տարածությունը մոտ 6 հզ. կմ2 է, բն.՝ ավելի քան 1,1 մլն (1972): Խոշոր կղզիներն են Գվադելուպան, Մարտինիկան, Դոմինիկան, Սենտ Լյուսիան, Սենտ Վինսենտը, Գրենադան, Անտիգուան։ Ունեն լեռնային մակերևույթ (բարձրությունը՝ մինչև 1586 մ, Դոմինիկա կղզում): Կան գործող հրաբուխներ։ Կլիման խոնավ արևադարձային պասսատային է։ Մշակում են շաքարեղեգ, ցիտրուսային կուլտուրաներ, կակաո, բանան։ Առավել խոշոր քաղաքներն են Ֆոր դե Ֆրանսը (Մարտինիկա կղզում), Պուենտ ա Պիտրը և Բաս Տերը (Գվադելուպա կղզում):
ՀՈՂՄԱՀԱՐՄԱՆ ԿԵՂԵՎ, կոնտինենտալ երկրաբանական ֆորմացիա, առաջանում է Երկրի մակերևույթին՝ ապարների հողմահարման հետևանքով։ Փոփոխության արգասիքները, որոնք մնում են սկզբնական տեղադրման վայրում, անվանում են մնացորդային Հ. կ., իսկ փոքր տարածություն տեղափոխված, սակայն մայր ապարի հետ կապը պահպանած արգասիքները՝ վերանստեցված Հ. կ.։ Ըստ տեղադրման ձևի լինում են՝ մակերեսային Հ. կ., որը զրահով ծածկում է արմատական ապարները (հզորությունը՝ տասնյակ սմ-ից մինչև տասնյակ մ), և գծային Հ. կ., երբ ձգված է մի ուղղությամբ և ճեղքերով թափանցում է արմատական ապարի խորքը (մի քանի տասնյակ մ Երկրի մակերևույթից, սակավ՝ 100-200-1500 մ): Կախված կլիմայական և երկրաբանական պայմաններից՝ ձևավորվում են Հ. կ-ի տարբեր տիպեր՝ լատերիտային, կաոլինային ևն։ Հ. կ.-ի առաջացումը տեղի է ունեցել երկրաբանական բոլոր ժամանակաշրջաններում։ Հին Հ. կ-ի հետ ՍՍՀՄ տարածքում կապված են նիկելի, երկաթի, քրոմի, հազվագյուտ տարրերի, մագնեզիտի, կաոլինի և այլ հանքավայրեր։
ՀՈՂՄԱՀԱՐՈՒՄ, ապարների քայքայման ու փոփոխման պրոցեսը Երկրի մակերևութային պայմաններում՝ մեխանիկական, քիմիական և օրգանական գործոնների ազդեցության հետևանքով։ Ըստ ապարների վրա ներգործույան բնույթի տարբերում են՝ ֆիզիկական Հ. (ապարների մեխանիկական տրոհումը բեկորների), քիմիական Հ. (փոխվում է ապարի քիմ. կազմը, առաջանում են երկրային մակերևույթի պայմաններում ավելի կայուն միներալներ), օրգանական (կենսաբանական) Հ. (ապարների մեխանիկական ջարդումը կամ քիմ. փոփոխությունը օրգանիզմների կենսագործունեության շնորհիվ): Հ-ման յուրահատուկ տիպ է հողառաջացումը։ Այդ դեպքում ակտիվ դեր են խաղում կենսաբանական գործոնները։ Ապարների Հ. կատարվում է ջրի (մթնոլորտային տեղումներ և գրունտային ջրեր), ածխաթթվի և թթվածնի, ջրային գոլորշիների, մթնոլորտային և գրունտային օդի, ջերմության սեզոնային և օրական տատանումների ազդեցության, մակրո- և միկրոօրգանիզմների ու դրանց քայքայման արգասիքների կենսագործունեության հետևանքով։ Հ-ման արագությունը և աստիճանը, բացի նշված գործոններից, կախված են նաև տեղանքի ռելիեֆից և երկրաբանական կառուցվածքից, մայր ապարների կազմից և ստրուկտուրայից։ Երբ Հ-ման արգասիքները չեն մնում իրենց առաջացման տեղում, այլ տարվում են ջրի կամ քամու օգնությամբ, հաճախ առաջանում են ռելիեֆի յուրօրինակ ձևեր, որոնք կախված են ինչպես Հ-ման բնույթից, այնպես էլ ապարների հատկանիշներից։ Հ-ման պրոցեսները հանգեցնում են տարբեր նստվածքային ապարների և բազմաթիվ օգտակար հանածոների (կաոլինի, հրակայուն կավի, ավազի, երկաթի, մանգանի, նիկելի, կոբալտի, ոսկու և պլատինի ցրոնային) հանքավայրերի առաջացմանը։
ՀՈՂՄԱՂԱՑ, քամու ուժով աշխատող աղաց։ Առաջին Հ-ները երևացել են ավելի քան 2000 տարի առաջ, Չինաստանում և եղել են մարդու ստեղծած առաջին մեխանիկական շարժիչները։ Անցյալում Հ-ները լայնորեն կիրառվել են գյուղատնտեսության մեջ։ Զարգացման երկար ճանապարհ անցնելուց հետո Հ-ները դարձան բարդ ու հզոր աղացային մեքենաներ։ Տես նաև Աղացներ։
ՀՈՂՄԱՇԱՐԺԻՉ մեխանիկական էներգիա արտադրելու համար քամու կինետիկ էներգիան օգտագործող շարժիչ։ Հողմանվի հաշվարկի տեսական հիմունքները շարադրել է Ն. Ե. ժուկովսկին (1914-22): Նա բացահայտել է, որ իդեալական Հ-ի համար քամու էներգիայի օգտագործման գործակիցը հավասար է 0,593: Որպես Հ-ի աշխատանքային օրգան,որն ընդունում է քամու հոսքի էներգիան և այն փոխակերպում լիսեռի պտտման մեխանիկական էներգիայի, կիրառում են ռոտոր, թիակներով թմբուկ, հողմանիվ ևն։ Կախված աշխատանքային օրգանի տեսակից և հոսքի նկատմամբ նրա առանցքի դիրքից՝ Հ-ները լինում են թևավոր (քամու էներգիայի օգտագործման գործակիցը մինչև 0,48), կարուսելային կամ ռոտորային (օգտագործման գործակիցը 0,15-ից ոչ ավելի) և թմբուկավոր։
ՀՈՂՄԱՎԱՐ, սովորական հողմավար (Falco tinnunculus), բազեների ընտանիքի գիշատիչ թռչուն։ Մարմնի երկարությունը 31-38 սմ է, քաշը՝ 160-240 գ։ Էգերն արուներից խոշոր են։ Տարածված է Եվրոպայում, Ասիայում (բացի ծայր Հյուսիսից) և Աֆրիկայում։ Հանդիպում է բոլոր գոտիներում, բացի տունդրայից։ Հս-ում ապրողները չվող են, հվ-ում՝ նստակյաց։ Բնադրում է ծառերին, ժայռերի վրա, հաճախ զբաղեցնում է ուրիշ թռչունների լքված բները, քանդված շինությունները։ Դնում է 4-5 ձու։ Թխսում են և՝ էգը, և՝ արուն (28 օր): Սնվում է մանր կրծողներով, թռչուններով, միջատներով, մողեսներով։
ՀՈՂՄԱՏԱԿ ԿՂԶԻՆԵՐ, Հարավ Անտիլյան կղզիներ, Փոքր Անտիլյան կղզիների հարավային մասը Կարիբյան ծովում։ Բաղկացած են Արուբա, Կյուրասաո, Բոնայրե (պատկանում են Նիդերլանդներին), Ավես, Լոս Ռոկես, Օրչիլա, Բլանկիլիա և Լոս էրմանոս (պատկանում են Վենեսուելային) կղզիներից։ Տարածությունը 1200 կմ2 է, բն.՝ 230 հզ. (1972): Կղզիների մեծ մասն ունի հրաբխային ծագում, ծածկված է չոր անտառներով ու թփուտներով։ Մշակում են սորգո, բատատ, բանան։ Կյուրասաո և Արուբա կղզիներում կան նավթավերամշակման գործարաններ, Լոս Ռոկես և Օրչիլա կղզիների մոտ՝ մարգարտի հանույթ։ Առավել խոշոր քաղաքն ու նավահանգիստը Վիլլեմստադն է։ Անվանումը բացատրվում է հս-արլ. պասսատների ազդեցության տակ գտնվելու հանգամանքով։
ՀՈՂՄԱՑՈՒՅՑ, քամու ուղղությունն ու արագությունը որոշող օդերևութաբանական սարք։ Քամու ուղղությունը ցույց է տալիս պտտման ուղղաձիգ առանցք ունեցող և քամու ուղղությամբ պտտվող թիթեղիկը։ Քամու արագությունը չափվում է մ/վրկ-ով, քամու ճնշման տակ թիթեղիկի շեղումներին համապատասխան։ Հ. տեղադրում են կայմին՝ գետնից 10-12 մ բարձրության վրա։ Այն չափում է քամու արագությունը մինչև 40 մ/վրկ։
ՀՈՂՄԻԿ, (մինչև 1978-ը՝ Իլլի), գյուղ Հայկական ՍՍՀ Ամասիայի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հարավ-արևելք։ Կոլտըն֊