Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


յին, ոճական, հուզարտահայտչական գործառական տարբերություններ։ Ըստ իմաստային մերձավորության հոմանիշները բաժանվում են երկու խմբի՝ նույնանիշներ (բացարձակ հոմանիշներ) և համանիշներ (հարաբերական հոմանիշներ): Նույնանիշները ձևով տարբեր, իմաստով լրիվ նույնական լեզվական միավորներն են, որոնք կարող են ունենալ միայն գործառական-ոճական տարբերություններ կամ գտնվել լրացուցիչ բաշխման հարաբերության մեջ (հմմտ. դրամ-վաղ, պարանոց-վիզ, տվեցի-տվի, ձյան-ձյունի, ի-ու-վա ևն): Համանիշները ձևով տարբեր, իմաստով մոտ լեզվական միավորներն են։ Արտահայտելով նույն առարկայի, հատկանիշի հասկացությունը, ինչպես նաև նույն քերականական հարաբերությունները՝ համանիշները տարբերվում են իրարից իմաստային նրբերանգներով, հատկանիշի դրսևորման որոշ աստիճանավորումով, տվյալ իմաստի դրսևորման ինտենսիվության աստիճանով, հուզարտահայտչական երանգավորումով, ոճական-գործառական առանձնահատկություններով (հմմտ. սիրուն-գեղեցիկ-հրաշագեղ, համարձակ-հանդուգն, ծիծաղել-հռհռալ, դեմք-մռութ, կոտրատել կտոր-կտոր անել ևն): Ի տարբերություն նույնանիշների, համանիշները լեզվում ունեն կիրառության մեծ ոլորտ և լեզվի հարստության, ճկունության չափանիշ են։ Ն Պառնասյան

ՀՈՄԵՈ… (<հուն.  ὅμοιος նմանություն, միատեսակություն), բարդ բառերի սկզբնամաս, նշանակում է նման, միատեսակ (օրինակ, հոմեոստազ, հոմեոպատիա ևն):

ՀՈՄԵՈՄՈՐՖԻԶՄ (հոմեո… և հուն μορφή տեսք ձև), երկու տոպոլոգիական տարածությունների կետերի միջև փոխմիարժեք (բիեկտիվ) համապատասխանություն, որով որոշվող արտապատկերումը և դրան հակադարձ արտապատկերումն անընդհատ են։ Հ. անվանում են նաև հոմեոմորֆ կամ տոպոլոգիական արտապատկերում։ Երկու տոպոլոգիական տարածություններ կոչվում են իրար հոմեոմորֆ կամ տոպոլոգորեն համարժեք, եթե դրանցից մեկը կարելի է հոմեոմորֆ կերպով արտապատկերել մյուսի վրա։

ՀՈՄԵՈՍՏԱԶ (հոմեո… և < հուն στάσις), վիճակ ֆիզիոլոգիայում, մարդու, կենդանիների և բուսական օրգանիզմների հիմնական ֆիզիոլոգիական ֆունկցիաների կայունության, ներքին միջավայրի բաղադրության ու հատկությունների հարաբերական հաստատունության պահպանում։ «Հ.» տերմինն առաջարկել է ամերիկացի ֆիզիոլոգ Ու. Կեննոնը, 1929-ին։ Բարձրակարգ կենդանիների օրգանիզմում Հ. առավել կատարելության է հասել շնորհիվ նրանց նյարդա-հումորալ, հորմոնային, պատնեշային և արտաթորող համակարգերի փոխազդեցության, որն իրականանում է ինչպես ամբողջ օրգանիզմում, այնպես էլ առանձին օրգաններում, բջիջներում, ենթաբջջային և մոլեկուլային մակարդակներում։ Մարդու, կաթնասուն կենդանիների և թռչունների մոտ Հ. ընդգրկում է ջրածնային իոնների կոնցենտրացիայի (pH), օսմոտիկ ճնշման, արյան ճնշման, մարմնի ջերմաստիճանի ևն կայունության պահպանումը։ Բույսերի Հ-ի օրինակ է տերևների խոնավության կայունության պահպանումը հերձանցքների բացման և փակման միջոցով։ «Հ.» տերմինը կիրառվում է նաև գենետիկայում, էկոլոգիայում, կիբեռնետիկայում։

ՀՈՄԵՈՍՏԱՏ (հոմեո… և < հուն στατός), կանգնած անշարժ ինքնակազմակերպվող համակարգ, որը մոդելում է կենդանի օրգանիզմների ֆիզիոլոգիական որոշ մեծություններ օրինակ, մարմնի ջերմաստիճանը) թույլատրելի սահմաններում պահպանելու հատկությունը (տես Հոմեոստազ): Անգլիացի գիտնական, Հ-ի գյուտարար Ու. Ռ. էշբիի կառուցած (1948) Հ. բաղկացած է եղել խաչաձև հակադարձ կապեր ունեցող մագնիսական չորս համակարգից։ Յուրաքանչյուր կապ կարգավորվում է օղակաձև ռեոստատով, որի արտուղումները մագնիսների տեղաշարժման ժամանակ փոխարկվում են և ապահովում համակարգի մի քանի հարյուր հազար տարբեր վիճակներ։ Անկայուն վիճակ առաջանալիս մագնիսները տեղաշարժվում են՝ պատահականորեն փոփոխելով Հ-ի միացումների սխեման և գտնում կայուն հավասարակշռություն ապահովող նոր դիրք։ Հ. ունի ինքնակազմակերպման հատկություն, կարող է ինչ-որ չափով սովորել և իր վարքով հարմարվել արտաքին միջավայրի հետ, այսինքն՝ ներքին կառուցվածքում որևէ պատահական փոփոխության (օրինակ, ջերմաստիճանի փոփոխության) դեպքում բերում է կայուն հավասարակշռության։ՀՈՄԵՐ (Homer) Ունիսլոու (1836-1910)» ամերիկյան նկարիչ։ 1854-ից աշխատել է որպես վիմագրիչ, 1857-74-ին՝ ամսագրեր նկարազարդող, 1861-65-ի քաղաքացիական կռիվների ժամանակ՝ զինվորական թղթակից։ 1862-ից զբաղվել է գեղանկարչությամբ։ Մասնագիտացել է ինքնակրթությամբ, ուսումնասիրել ամերիկյան և ֆրանս. ռեալիստական գեղանկարչությունը։ «Գերիներ ռազմաճակատից» (1866, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք) վաղ շրշանի աշխատանքում երկու բանակների ներկայացուցիչների վավերականությունը համադրել է հոգեբանական սուր բնութագրումներին։ Հետագայում ստեղծագործության հիմնական թեմա է դարձրել Ամերիկայի հասարակ ժողովրդի կյանքը (ֆերմերներ, որսորդներ, ծովայիններ, նեգրեր): Խոշոր ֆիգուրները պատկերելով ամերիկյան բնապատկերի ֆոնի վրա՝ Հ. ընդգծել է նրանց արիությունը, բնականությունը, աշխատասիրությունը («Գոլֆստրիմ», 1899, Մետրոպոլիտեն թանգարան):

ՀՈՄԵՐԱԿԱՆ ՉԱՓ, չափական այն կառուցվածքը, որով գրված են Հոմերոսի «Իլիական»-ը և «Ոդիսական»-ը [պոեմները գրված են վեցաչափով (հեկզամետրով)՝ անտիկ տաղաչափության ամենատարածված չափով]: Կիրառվել է նաև Վիրգիլիոսի, Օվիդիուսի, Հորացիոսի և ուրիշների երկերում։

ՀՈՄԵՐՈՍ  (Ὅμηρος), Հին Հունաստանի էպիկական լեգենդար բանաստեղծ։ Հ-ին վերաբերող անտիկ հաղորդումներում թափառաշրջիկ կույր երգչի պատմականորեն իրական տիպական կերպարը միահյուսվում է ֆանտաստիկ հորինվածքների հետ, որոնք վկայում են Հ-ի անձի մասին արժանահավատ տեղեկությունների բացակայությունը։ Հ-ի ծննդավայր համարվելու պատվի համար, ըստ անտիկ ավանդության, վիճել են «յոթ քաղաքներ»՝ Զմյուռնիան, Քիոսը, Կոլոֆոնը, Սալամինը, Հռոդոսը, Արգոսը, Աթենքը։ Տարբեր կարծիքներ են եղել նաև Հ-ի ապրած ժամանակի մասին՝ մ. թ. ա. XII և VII դդ. միջև։ Հ. անունը անտիկ և նոր ժամանակներում հաճախ մեկնաբանվել է որպես հասարակ անուն՝ «պատանդ» կամ «կույր»: Հ-ին է վերագրվել վիպերգը կատարողների երգացանկի մի զգալի մասը։ Հետագայում անտիկ քննադատությունը իբրև Հ-ի իսկական ստեղծագործություններ առանձնացրել է երկու էպիկական պոեմ՝ «Իլիական»-ը. և «Ոդիսական»-ը, ինչպես նաև ավելի փոքր ծավալի ստեղծագործություններ («Հոմերոսյան հիմներ», «Մարգիտ» կատակերգական պոեմը ևն): Հ-ի վերաբերյալ ավանդությունների և նրան վերագրվող ստեղծագործությունների առաջացման հետ կապված խնդիրները, ի մի վերցրած, ստացել են «հոմերոսյան հարց» անունը։ Դեռևս հնում ենթադրվել է, որ Հոմերոսն ապրել է անգիր ժամանակներում, և նրա պոեմներն ավանդվել են բանավոր, դրա հետ կապվել են այն հաղորդումները, որ մ. թ. ա. VI դ. աթենացի բռնակալ Պիսիստրատոսը հանձնարարել է ստեղծել հոմերոսյան պոեմների պաշտոնական տեքստը։ Սակայն հոմերոսյան հարցի իսկական առաջադրումը կապված է ժող. պոեզիայի նկատմամբ Լուսավորականության դարաշրջանի հետաքրքրության հետ։ Գերմ. բանասեր Ֆ. Վոլֆը իր «Ներածություն Հոմերոսի հարցի շուրջը» (1795) աշխատության մեջ եկել է այն եզրակացության, որ «Իլիական»-ը և «Ոդիսական»-ը առանձին երգերի ժողովածուներ են, իսկ գերմ. քննադատ Ֆ. Շլեգելը հոմերոսյան վիպերգն ուղղակի ճանաչել է (1796) որպես ժող. ասացողների կոլեկտիվ ստեղծագործության արգասիք։ Սակայն նմանօրինակ բոլոր ենթադրությունները եղել են սուբյեկտիվ ու կամայական։ Հոմերոսյան պոեմների ստեղծման կոնկրետ պատմության հարցը՝ դրանց միասնականության անտարակուսելի պահերով ու նույնքան անտարակու֊