Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

12 Ղազախական
Ժանատաս, Մակատ-Շևչենկո–Ուզեն երկաթուղիները։ Ավտոճանապարհների երկարությունը 97,3 հզ․ կմ է (1979), որից 64,3 հզ․ կմ–ը կոշտ ծածկով։ Առավել խոշոր ավտոճանապարհներն են․ Ալմա Աթա–Ֆրունզե–Ջամբուլ–Չիմքենդ, Ալմա Աթա–Տալդի Կուրգան–Ուստ Կամենոգորսկ, Չիմքենդ–Կզըլ Օրդա–Ակտյուբինսկ–Ուրալսկ, Սեմիպալատինսկ–Պավլոդար։
Նավարկություն կա Կասպից, Արալյան ծովերում, Բալխաշ, Զայսան լճերում և Իրտիշ, Ուրալ, Սիրդարյա, Իլի գետերի վրա։ Կարևոր գետային նավահանգիստներ են Պավլոդարը, Սեմիպալատինսկը, Ուստ Կամենոգորսկը (Իրտիշի վրա), Ուրալսկը, Գուրևը (Ուրալ գետի վրա)։ Ավիագծերով հանրապետությունը կապված է ՍՍՀՄ–ի բոլոր խոշոր քաղաքների հետ։ Կարևոր նշանակություն ունի խողովակաշարային տրանսպորտը։ Գործում են Գուրև–Օրսկ (մոտ 900 կմ), Ուզեն–Մակատ–Կույբիշև (1700 կմ), Ուզեն–Ժետըբայ–Շևչենկո (141 կմ) նավթամուղները, Մուբարեկ–Տաշքենդ–Չիմքենդ–Ֆրունզե–Ալմա Աթա (1317 կմ) գազամուղը։ Կառուցվում է (1979) Օմսկ–Պավլոդար–Չիմքենդ (ավելի քան 2000 կմ) նավթամուղը։ Ղ–ով են անցնում Միջին Ասիա–Կենտրոն, Բուխարա–Ուրալ գազամուղները։
Տնտեսական կապերը Հայկական ՍՍՀ–ի հետ։ Ղ–ի տնտ․ կապերը Հայկ․ ՍՍՀ–ի հետ արտահայտվում են արտադրատեսակների փոխադարձ մատակարարման, առաջավոր փորձի փոխանակման, տեխնոլոգիական պրոցեսների մշակման, բնական ռեսուրսների յուրացման և շատ այլ բնագավառներում։ Ղ․ Հայկ․ ՍՍՀ–ին մատակարարում է գունավոր մետաղներ (բրոնզ, արճիճ, անագ, արույր, պղնձի գլոցվածք, բիսմութ), մեքենաշինության արտադրատեսակներ (մետաղահատ հաստոցներ ևն), որոշ տեսակի տրանսֆորմատորներ։ Հայկ․ ՍՍՀ–ից Ղ․ ստանում է շարժական էլեկտրակայաններ, ուժային տրանսֆորմատորներ, գեներատորներ, էլեկտրաշարժիչներ, էլեկտրաճշգրիտ չափիչ սարքեր, հիդրոպոմպեր, կոմպրեսորներ, մամլիչներ, գայլիկոնիչ, ռանդիչ, ունիվերսալ շրջատաշիչ հաստոցներ, ցիանամիդ, նաիրիտ, պոլիվինիլացետատային սպիրտ, լաքեր ու ներկեր, ավտոդողեր, սննդարդյունաբերության արտադրանք (հատկապես ծխախոտ)։ 1976–1979 թվականին միջին հաշվով Ղ–ին տարեկան մատակարարվել է 16 մլն շիշ տարբեր տեսակի հանքային ջրեր («Դիլիջան», «Ջերմուկ», «Արզնի» ևն)։ Հայկ․ ՍՍՀ–ից միութենական մյուս հանրապետություններին մատակարարվող արդ․ արտադրանքի ամբողջ ծավալի ավելի քան 6% –ը բաժին է ընկնում Ղ–ին։
X․ Բժշկա–աշխարհագրական բնութագիրը։
1976 թվականին Ղ–ում ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 24,3, ընդհանուր մահացությունը՝ 7,2։ Նախահեղափոխական Ղ–ում հաճախակի էին բնական ծաղկի, խոլերայի, ժանտախտի, մալարիայի համաճարակները, տարածված էին տուբերկուլոզը, բծավոր, ետադարձ և որովայնային տիֆերը, դիֆթերիան, բակտերիային դիզենտերիան։ Սովետական կարգերի հաստատումից հետո վերացվել են բնական ծաղիկը, խոլերան, ժանտախտը, մալարիան, գոնջությունը։ Զգալիորեն նվազել են դիֆթերիան, կապույտ հազը, քոսը և մաշկի սնկիկային հիվանդությունները։ 1979 թվականին Ղ–ում կար 1,7 հզ․ հիվանդանոցային հիմնարկ՝ 192,6 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 12,9 մահճակալ), ամբուլատոր–պոլիկլինիկային 2,2 հզ․ հիմնարկ․ 1979 թվականին աշխատել են 45,7 հզ․ բժիշկ (1000 բնակչին՝ 3,1 բժիշկ), 145,6 հզ․ միջին բուժաշխատող։
1977 թվականին գործել են հակատուբերկուլոզային 55, մաշկա–վեներական 65, ուռուցքաբանական 18, նյարդա–հոգեբուժական 18, հակախպիպային 2, նարկոլոգիական 2 դիսպանսերներ, շտապ օգնության 287 կայան, 1,8 հզ․ դեղատուն (այդ թվում՝ 262 հիվանդանոցային), 5,4 հզ․ դեղատնային կետ։ Բժշկ․ կադրեր են պատրաստում բժշկ․ 5 ինստ–ներ (Ալմա Աթա, Սեմիպալատինսկ, Կարագանդա, Ցելինոգրադ, Ակտյուբինսկ), միջին բուժանձնակազմ՝ բժշկ․ 26 ուսումնարաններ։ Գործում են (1977) բժշկ․ 10 ԳՀԻ, ինչպես նաև բժիշկների կատարելագործման ինստ․։ 1977 թվականին Ղ–ում կար 323 առողջարան և հանգստյան տուն։ Հայտնի են Բորովոյե, Ալմա Արասան, Արասան Կապալ, Կամենսկոյե պլատո, Մույալդը, Չիմգան, Յանըկուրգան, Աուլ առողջարանները։
XI․ Ժողովրդական կրթությունը և կուլտուր–լուսավորական հիմնարկները
Մինչև XIX դ․ կեսը Ղ–ի տարածքում կային միայն մահմեդական դպրոցներ՝ մեկթեբներ և մեդրեսեներ, որտեղ երեխաներին սովորեցնում էին արաբերեն գրել–կարդալ, կրթում կրոնական դոգմաների ոգով։ XIX դ․ 60-ական թթ․, Ռուսաստանին միանալուց հեաո, Ղ–ում բացվել են ղազախական առաջին աշխարհիկ դպրոցները։ Ղազախական մտավորականության առաջավոր ներկայացուցիչներ Չ․ Վալիխանովը, Ի․ Ալթընսարինը, Աբայ Կունանբաևը պրոպագանդել են ռուս. մշակույթը, պայքարել աշխարհիկ կրթության տարածման համար։ XIX դ․ վերջին Ղ–ում ձևավորվել է դպրոցական 2 համակարգ (դպրոցներ ռուս. վարչական աշխատողների և ղազախական հարուստ վերնախավի երեխաների համար)։ Նախասովետական տարիներին գրագետ էր ղազախների 2%-ը։
Սովետական կարգերի հաստատումից հետո Ղ–ում ժողկրթությունը արմատապես փոխվեց։ Բացվեցին նոր ուս․ հաստատություններ, կազմակերպվեցին անգրագիտության վերացման կետեր։ Կարճ ժամկետում պատրաստվեցին ուսուցիչներ և լուսավորության բնագավառի աշխատողներ։ Ուսուցումը տարվում էր մայրենի լեզվով։ 1930 թվականին մտցվեց համընդհանուր տարրական ուսուցում, 1931 թվականին՝ 7-ամյա ուսուցում քաղաքներում, բանվորական ավաններում, 1951/1952 ուս․ տարում իրականացվեց 7-ամյա պարտադիր կրթությունը։
Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը Ղ–ում նախադպրոցական հիմնարկներ չկային։ 1920 թվականին կազմակերպվել է 20 մանկապարտեզ։ 1980 թվականին գործում էր 6000 նախադպրոցական հիմնարկ։ 1979/80 ուս․ տարում բոլոր տիպի հանրակրթական դպրոցներում սովորել է 4 մլն մարդ։ Ղ․ ունի (1980) 53 բուհ՝ Ս Մ․ Կիրովի անվ․ ղազախական համալսարանը (հիմնադրվել է 1934-ին), Ղազախական պոլիտեխնիկական (1960), Ղազախական գյուղատնտ․ (1930), Աբայի անվ․ մանկավարժական (1928) ինստ–ները (բոլորն էլ՝ Ալմա Աթայում) ևն։
Հանրապետությունում գործում է ավելի քան 9400 մասսայական գրադարան (խոշորագույնն է Ա․ Ս․ Պուշկինի անվ․ պետ․ գրադարանը), 30 թանգարան, այդ թվում՝ Ղ–ի Պետ․ կենտրոնական, Տ․ Գ․ Շևչենկոյի անվ․ հանրապետական գեղարվեստական պատկերասրահը, Մ․ Աուեզովի (բոլորն էլ՝ Ալմա Աթայում), Աբայ Կունանբաևի, Ֆ․ Մ․ Դոստոևսկու (Մեմիպալատինսկ) ևն, գավառագիտական թանգարաններ։ Գործում են շուրջ 8600 ակումբային հիմնարկներ, 250 պիոներների տուն և պալատ, պատանի տեխնիկների 40, պատանի բնախույզների 25 կայան, ավելի քան 3000 մանկապատանեկան մարզադպրոց։
XII․ Գիտությունը և գիտական հիմնարկները
1․ Բնական և տեխնիկական գիտությունները
XIX դ․ 2-րդ կեսին ռուս. մշակույթի ազդեցությամբ ձևավորվել է առաջին ղազախ գիտնական–լուսավորիչներ Չ․ Վալիխանովի, Ի․ Ալթընսարինի, Աբայ Կունանբաևի գիտական աշխարհայացքը։ Նախահեղափոխական Ղ–ում օդերևութաբանական մի քանի կայաններից և փորձադաշտերից բացի, գիտական որևէ հիմնարկ չի եղել։
Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակը լայն հնարավորություններ է ստեղծել Ղ–ի գիտության և մշակույթի զարգացման համար։ 1920–30-ական թթ․ կազմակերպվել են