Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Գործիականի վերջավորությունն է օք/մօք: Բայը ունի 3 լծորդություն՝ ա, է, ի, 4 եղանակաձև՝ ըղձական, սահմանական, հարկադրական, հրամայական: Սահմանական ներկան ու անկատարը ունեն շարունակականի ձևեր, որոնք կազմվում են ըղձականին (յ)ա մասնիկի հավելմամբ. ձայնավորով սկսվող բառերը ստանում են նաև գ նախադաս մասնիկ (քըրիմ ա, քըրէյի յա, գավլիմ ա, գավլէյի յա): Սրանց ժխտականը կազմվում է դրական խոնարհման ձևերի և օժանդակ բայի ժխտական ձևերի հարադրությամբ (չիմ քըրիմ ա, չիս քըրիս ա): Սահմանական ապառնին կազմվում է ապառնի դերբայով (քըրէլույիմ): Պայմանական եղանակաիմաստն արտահայտվում է ընդհանրական ներկայի ձևերով (գըքըրիմ), որի ժխտականը կազմվում է ժխտական դերբայով (չիմ քըրիր): Հարկադրական եղանականիշն է բիդի (բիդի քըրիմ), ժխտականը՝ չիբի (չիբի քըրիմ):
Գրկ. Աճառյան Հ., Հայոց լեզվի պատմություն, մաս 2, Ե., 1951: Դանիելյան Թ., Մալաթիայի բարբառը, Ե., 1967: Ջահուկյան Գ., Հայ բարբառագիտության ներածություն, Ե., 1972:Ա. Հանեյան ՄԱԼԱԹԻԱՅԻ ԴԱՇՏ, միջլեռնային հարթավայր փոքրասիական բարձրավանդակի արևելյան մասում, Նուրհակ, Ենգիզեկ, Մալաթիա լեռների միջև, Եփրատ գետի աջ ափին: Երկարությունը մոտ 68 կմ է, լայնությունը՝ մոտ 34 կմ: Ձգվում է հս–արլ–ից հվ–արմ. ուղղությամբ: Ունի հվ–արլ. թույլ թեքություն, 600-1000 մ բարձրություն: Ծածկված է ջրաբերուկներով: Օգտակար հանածոներից կան երկաթ, պղինձ, քարածուխ, շինանյութեր, կերակրի աղ: Ունի բարեխառն կլիմա՝ տաք ամառ, ցուրտ ձմեռ: Հունվարի միջին ջերմաստիճանը մոտ –4°C է, հուլիսինը՝ 20-22°C, տարեկան տեղումները՝ 400-600 մմ: Գլխավոր գետը Թոխման (Մելաս) է: Տարածված են շագանակագույն և լեռնամարգագետնային հողերը՝ իրենց բնորոշ բուսածածկույթով: Լեռնաշղթաների ստորոտներում տեղ–տեղ կան անտառային պուրակներ: Ոռոգվող հողերում մշակում են հացահատիկ, բանջարեղեն, բամբակ, ծխախոտ, զբաղվում խաղողագործությամբ և պտղաբուծությամբ:
ՄԱԼԱԹԻԱՅԻ ԿՐԹԱՍԻՐԱՑ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, հայրենակցական միություն: Հիմնադրվել է 1904-ի հունվ. 30-ին, Նյու Յորքում, մալաթիացիների նախաձեռնությամբ: Նպատակն էր օգնել ծննդավայրի հայկ. դպրոցներին, իսկ 1915-ից հետո՝ Մեծ եղեռնից փրկված հայրենակիցներին: Մ. կ. ը–յան նախաձեռնությամբ ու խնդրանքով, Սովետական Հայաստանի կառավարության որոշմամբ 1927-ին հիմնադրվեց Նոր Մալաթիա ավանը, որի առաջին բնակիչները դարձան ներգաղթած մալաթիացիները (Ֆրանսիայից, Հունաստանից, Թուրքիայից ևն): Ընկերության միջոցներով Նոր Մալաթիայում հիմնադրվեց տրիկոտաժի արհեստանոց (որի հիմքի վրա հետագայում կառուցվեց Շահումյանի շրջանի № 1 տրիկոտաժի ֆաբրիկան): Մ. կ. ը. միջոցներ հատկացրեց նաև Լենինականի երկրաշարժից տուժածների օգնության ֆոնդին, իսկ 1941-45-ի երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և դրանից հետո՝ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյանը և ներգաղթի հանգանակությանը: 1960-ական թթ. սերտացան Մ. կ. ը–յան կապերը Սովետական Հայաստանի, Նոր Մալաթիայի միջնակարգ դպրոցի, «Մալաթիա» հիվանդանոցի (որին ընկերությունը նվիրել է շուրջ 100 հզ. դոլլարի արժողության բժշկ. սարքավորումներ) հետ: Նոր Մալաթիայի հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ ընկերության նախաձեռնությամբ ու միջոցներով Նոր Մալաթիայում կառուցվել է հուշարձան:
Մ. կ. ը. մասնաճյուղեր ունի ԱՄՆ–ի, Հարավային Ամերիկայի, Ֆրանսիայի հայաշատ քաղաքներում, Կուբայում, Լիբանանում, Սիրիայում, Երուսաղեմում ևն: Ընկերությունն ամեն տարի հրավիրում է պատգամավորական ժողով: Կենտրոնական վարչությունը, որ երկար տարիներ գտնվում էր ԱՄՆ–ի Ֆիլադելֆիա քաղաքում, փոխադրվել է Ուստր: Նախագահն է Գ. Մուրադյանը, քարտուղարը՝ Ս. Պաղտասարյանը:
1935-ից Մ. կ. ը. հրատարակում է «Նոր Մալաթիա» պաշտոնաթերթը: 1961-ին հրատարակել է «Պատմություն Մալաթիո հայոց» (հեղ. Ա. Ալպոյաճյան) պատմա-ազգագրական գիրքը:Պ. Մարտիրոսյան ՄԱԼԱԹՅԱՆ Նշան Ավետիսի (20.11.1896, ք. Մուշ – 12.3.1977, Երևան), հայ սովետական անասնաբույծ: Գյուղատնտ. գիտ. դոկտոր (1951), պրոֆեսոր (1952), ՀՍՍՀ գիտ. վաստ. զործիչ (1965): Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1919) և Երևանի համալսարանի գյուղատնտ. ֆակուլտետը (1924): 1925-28-ին աշխատել է Երևանի համալսարանում, 1928-76-ին՝ Երևանի անասնաբուծական–անասնաբուժական ինստ-ում, 1944-ից գյուղատնտ. կենդանիների կերակրման ամբիոնի վարիչ, միաժամանակ՝ (1944-46) Հայկական անասնաբուծության և անասնաբուժության ԳՀԻ սեկտորի վարիչ:
Մ–ի աշխատանքները վերաբերում են գյուղատնտ. կենդանիների կերակրման, կերերի ընդհանուր հետազոտման, դրանց ու լեռնային արոտավայրերի արդյունավետ օգտագործման և այլ խնդիրներին:
Երկ. Գյուղատնտեսական կենդանիների կերակրումը, Ե., 1963: Տեղական կերերի քիմիական բաղադրությունը և սննդարարությունը (հեղինակակիցներ՝ Կոստիկյան Գ. Կ., Ղազարյան Վ. Ա.), Ե., 1974: Անասնաբուծական տերմինների ոուս–հայերեն բառարան, Ե., 1974:Ա. Ռուխկյան ՄԱԼԱԿԿԱ (Malacca), թերակղզի Ասիայի հարավ–արևելքում, Հնդկաչին թերակղզու հարավային մասը, պատկանում է Թաիլանդին և Մալայզիային: Երկարությունը մոտ 1300 կմ է, տարածությունը՝ մոտ 190 հզ. կմ²: Մակերևույթը կազմված է ցածր և միջին բարձրության (մինչև 2190 մ) լեռներից, ափերը՝ ճահճապատ հարթավայրերից: Կան անագի, վոլֆրամի, ոսկու, պղնձի, երկաթի, մոլիբդենի, կապարի, ցինկի, բոքսիտի, քարածխի հանքավայրեր: Կլիման հվ–ում հասարակածային է, հս–ում՝ մերձհասարակածային, մուսսոնային: Տարեկան տեղումները 1000-4000 մմ են: Տարածքի մոտ 3/4-ը ծածկված է մերձարևադարձային խոնավ մշտականաչ անտառներով, ափամերձ վայրերը՝ մանգրովային անտառներով: Կենդանիներից կան գիբոն, լեմուր, մալայական գետակինճ, ռնգեղջյուր, փիղ:
ՄԱԼԱԿԿԱ (Malacca), քաղաք և նավահանգիստ Մալայզիայում, Մալակկա թերակղզում: Մալակկա նահանգի վարչական կենտրոնն է: 101 հզ. բն. (1981): Կան յուղի արտադրության, կաուչուկի նախնական մշակման ձեռնարկություններ: Արտահանում է կոպրա, կաուչուկ: Հիմնադրվել է 1402-ին:
ՄԱԼԱԿԿԱՅԻ ՆԵՂՈՒՑ, Մալակկա թերակղզու և Սումատրա կղզու միջև: Միացնում է Անդամանյան և Հարավ–Չինական ծովերը: Երկարությունը մոտ 1000 կմ է, նվազագույն լայնությունը՝ 40 կմ, խորությունը նավարկուղում՝ 25 մ: Հարավային մուտքի մոտ է Սինգապուր նավահանգիստը (Սինգապուր պետության մայրաքաղաքը):
ՄԱԼԱԿՈԼՈԳՒԱ (< հուն. μαλάκίον — փափկամորթ և … լոգիա), կենդանաբանության բաժին, ուսումնասիրում է փափկամորթներին:
ՄԱԼԱ–ՄՍՏԱՖԱ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մանազկերտի գավառում: 1909-ին ուներ 30 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին:
ՄԱԼԱՅԱ ԶԵՄԼՅԱ, տեղամաս Նովոռոսիյսկ քաղաքի հարավային ծայրամասում, Ցեմեսի ծովախորշի արևմտյան ափին, որտեղ 1943-ի փետրվարի 4-ից սեպտեմբերի 16-ը սովետական դեսանտային զորքերը ծանր մարտեր են մղել հենակետ գրավելու և այն ընդլայնելու համար: Օպերացիայի նպատակն էր օգնել Հյուսիս–Կովկասյան ռազմաճակատի 47-րդ բանակին, որն ազատագրում էր Նովոռոսիյսկն ու Թամանի թերակղզին: Դեսանտի (հիմնական ու ցուցադրական՝ օժանդակ) իջեցումը սկսվել է փետր. 4-ին նշված շրջանում, որտեղից և սկսվել է թշնամու դեմ մարտը: Հենակետը ձգվել է մինչև 4 կմ ճակատով և 2,5 կմ խորությամբ: Հետագայում այն կոչվել է Մալայա զեմլյա: Չնայած գհրմանա–ֆաշիստական զորքերի բազմաթիվ գրոհներին, ավիացիայի հարվածներին, դեսանտայինները պահել են հենակետը: Գնահատելով ստեղծված իրադրությունը՝ սովետական հրամանատարությունը հիմնական դեսանտային ուժերն իջեցրել է ցուցադրականի՝ Ց. Կունիկովի ջոկատի իջած վայրում, Ցեմեսի ծովախորշի արմ. ափին: Մի