Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


1895-մի մասն ամփոփվել է «Մրմունջք» (1890) ժողովածուում: Աշխատակցել է «Արևելյան մամուլ», «Ծաղիկ», «Անահիտ», «Բանբեր գրականության և արվեստի», «Շիրակ» և այլ պարբերականների: Հրատարակել է «Հուշարձան մը Արփիարյանի» (1911) կենսագրական գրքույկը, «Անիծյալը» (1892) և «Կերոններ» (1912) չափածո, «Տարագրի մը հուշատետրը» (1915) արձակ գործերը: Ֆրանսիայում ապրած տարիներին լույս է ընծայել «Անցած օրեր…» (1927), «Կարապի երգը» (1949), «Հոգիի ձայներ» (1949), «Մեծ հայրս Հովսեփ Մալեզյան պատվելի» (1949), «Ճամբուս վրայ» (1950, հուշագրություններ, նամակներ և այլ նյութեր), «Ճամբուս ծայրը» (հ. 1-2, 1954-55, հուշեր, հոդվածներ, զանազան գրություններ) գործերը: Թարգմանություններ է կատարել Ա. Բարբյուսից, Վ. Հյուգոյից, Մ. Մետեռլինկից, Ա. Սամենից և ուրիշներից: Գրել է նաև ֆրանսերեն և թուրքերեն:
Գրկ. Բանաստեղծ Վահան Մալեզյանի ազգային ու գրական վաթսունամյա գործունեությունը, Փարիզ, 1951: Ձոնամատյան Վահան Մալեզյանի ութսունհինգամյակին աոթիվ, Փարիզ, 1956:Գ. Ստեփանյան ՄԱԼԵՂ, հայկական հնագույն գյուղատեղի Ադրբեջանական ՍՍՀ Քելբաջարի շրջանում, Թարթար գետի ձախ ափին, թավուտ անտառում: Պահպանվել են միջնադարյան եկեղեցու ավերակներ ու շիրմաքարեր: Գյուղն ավերել ու ամայացրել են օտար ասպատակողները XII դ.: Մ. հնում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Ծարավ գավառի մեջ:
ՄԱԼԵՎԻՉ Կազիմիր Սևերինովիչ (1878-1935), ռուս սովետական նկարիչ: 1904-1905-ին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, 1905-1909-ին՝ Ֆ. Ի. Ռերբերգի արվեստանոցում: Մասնակցել է «Բուբնովի վալետ» (1910), «Օսլինի խվոստ» (1912), ֆուտուրիստների «0,10» (1915-16) ցուցահանդեսներին: 1900-10-ական թթ. ձգտել է զուգորդել կուբիզմի և ֆուտուրիզմի սկզբունքները («Խոտհունձ», 1909): Հետագայում դառնալով աբստրակտ արվեստի հիմնադիրներից՝ առարկայական ձևը փոխարինել է հարթության վրա գույնով հակադիր երկրաչափական պարզագույն տարրերի համադրումներով (սուպրեմատիզմ): Դա հանգեցնում էր գեղարվեստական ստեղծագործության հասարակական և ճանաչողական բնույթի բացասման («Սև քառակուսի», 1913): 1918-ին ձևավորել է Վ. Վ. Մայակովսկու «Միստերիա–բուֆֆ»-ի առաջին բեմադրությունը: 1920-ից հարել է արտադրական արվեստ գեղարվեստական շարժմանը: 1923-27-ին եղել է Լենինգրադի Գեղարվեստական մշակույթի ինստ.-ի (Ինխուկ) դիրեկտոր: Այս շրջանում զբաղվել է պլաստիկ արվեստների ձևական խնդիրների ուսումնասիրմամբ, մշակել ձևաստեղծման, տարածական կոմպոզիցիաների նախագծեր: 1930-ական թթ. փորձել է վերադառնալ կերպարային գեղանկարչությանը՝ դիմելով սովետական թեմատիկային («Կարմիր փայտիկով աղջիկը», 1932, վերոհիշյալ աշխատանքները՝ Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա):
ՄԱԼԵՐԲ (Malherbe) Ֆրանսուա (մոտ 1555-1628), ֆրանսիացի բանաստեղծ, ֆրանսիական կլասիցիզմի հիմնադիրը պոեզիայում: Հիմնականում գրել է ներբողներ, ստանսներ՝ նվիրված թագավորական ընտանիքի անդամներին: Մ. հայտնի է լեզվի և բանաստեղծության ասպարեզում կատարած իր ռեֆորմով: Ի հակադրություն իր նախորդների՝ նա պահանջում էր ֆրանսերենը մաքրել հուն. և լատ. փոխառություններից, հնաբանություններից, գավաոաբանություններից և հենվել Փարիզի բնակչության լայն շրջանների կենդանի խոսակցական լեզվի վրա:
ՄԱԼԹԱ (Malta), Մալթայի Հանրապետություն (Republika ta՝ Malta), պետություն Մալթայան արշիպելագում, Միջերկրական ծովի կենտրոնական մասում: Մտնում է Բրիտանական համագործակցության մեջ: Տարածությունը 316 կմ² է, բնակչությունը՝ 311,4 հզ. (1979), մայրաքաղաքը՝ Վալետա:
Պետական կարգը: Մ. հանրապետություն է: Պետության գլուխը պրեզիդենտն է, օրենսդրական մարմինը՝ ներկայացուցիչների պալատը, գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը: Ընտրական իրավունքից օգտվում են 18 տարին լրացրած բոլոր քաղաքացիները:
Բնությունը: Արշիպելագն ընդգրկում է 2 մեծ (Մալթա, 246 կմ² և Գոցո, 67 կմ²) և մի շարք փոքր կղզիներ: Հվ. և հվ–արմ. ափերը զառիթափ են, հս. և հս–արլ-ը՝ ցածր, հարմար նավահանգրվաններով: Ռելիեֆում գերիշխում են մինչև 240 մ բարձրության կարստային սարավանդները (Մալթա կղզում): Կլիման միջերկրածովյան է: Փետրվարի միջին ջերմաստիճանը 12°C է, օգոստոսինը՝ 25°C, տարեկան տեղումները՝ մոտ 530 մմ: Մակերևութային հոսքն աղքատ է: Տիրապետում է թփուտային բուսականության միջերկրածովյան տիպը:
Բնակչությունը: 98%-ը մալթացիներ են: Բնակվում են նաև անգլիացիներ, իտալացիներ: Պաշտոնական լեզուներն են մալթայերենն ու անգլերենը, պաշտոնական տոմարը՝ գրիգորյանը, տիրապետող կրոնը՝ կաթոլիկությունը: Բնակչության խտությունը 1 կմ² վրա ավելի քան 1000 մարդ է (1979): Գլխավոր քաղաքներն են Սլիման և Վալետան:
Պատմական ակնարկ: Մ–ում մարդկային առաջին բնակավայրերն առաջացել են մ. թ. ա. IV հազարամյակում: Մ. թ. ա. XIII դ. Մ. գաղութացրել են փյունիկեցիները: Մ. թ. ա. VI դ. դարձել է Կարթագենի տիրույթը: Մ. թ. ա. 218-ին Մ. անցել է Հռոմին: Մ. թ. 395-870-ին գտնվել է Բյուզանդիայի, 870-1091-ին՝ արաբների տիրապետության տակ: 1091-ին Մ. նվաճել են նորմանները և միացրել Սիկիլիային: 1530-ին Մ–ում հաստատվել է Հովհանյանների ասպետական օրդենը (կոչվել է նաև Մ–ի օրդեն): XVI դ. բազմիցս ենթարկվել է թուրքերի հարձակումներին: 1775-ին տեղի է ունեցել բնակչության խոշոր ապստամբություն տեղի ասպետների ֆեոդ. շահագործման դեմ: 1798-ին Մ. զավթել են Նապոլեոն I-ի զորքերը, 1800-ին՝ Մեծ Բրիտանիան: Վերջինս էլ Մ. դարձրել է իր գաղութը: Մ–ի ռազմագիտական նշանակությունը մեծացել է Սուեզի ջրանցքի բացումից (1869) հետո: Մ. դարձել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային խոշոր բազան Միջերկրական ծովում: Առաջին համաշխարհային պատերազմից (1914-18) հետո Մ–ում ազատագրական շարժման թափը Մեծ Բրիտանիային հարկադրել է 1921-ին Մ–ին տալ ինքնավար գաղութի ստատուս: 1930-ին քաղ. սրված պայքարի պայմաններում անգլ. իշխանությունները վերացրել են ինքնավարությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում (1939-45) Մ. ենթարկվել է իտալ. և գերմ. հարձակման: Ետպատերազմյան տարիներին ուժեղացել է ազգային–ազատագրական և բանվորական շարժումը: 1947-ի սահմանադրությամբ վերականգնվել է ներքին ինքնավարությունը: 1958-ին հակաանգլիական զանգվածային ելույթների պատճառով երկրում մտցվել է արտակարգ դրություն, 1959-ին վերացվել է 1947-ի սահմանադրությունը: 1962-ին Մեծ Բրիտանիան հարկադրված Մ–ին դարձյալ տվել է ներքին ինքնավարություն, իսկ 1964-ի սեպտ. 21-ին՝ անկախություն Բրիտ. համագործակցության շրջանակներում: 1964-ին Մ. դարձել է ՄԱԿ–ի անդամ: Միաժամանակ անկախ Մ–ին Մեծ Բրիտանիան պարտադրել է «փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր՝ 10 տարի ժամկետով, որով իրավունք էր ստանում Մ–ում պահել զինված ուժեր, փաստորեն Մ. դառնում էր ՆԱՏՕ–ի ռազմ. բազա (դեռևս 1953-ին Մ–ում հաստատվել էր ՆԱՏՕ–ի՝ Եվրոպայի հվ. գոտու միացյալ ռազմածովային ուժերի շտաբը):
1962-71-ին իշխանության գլուխ էր կանգնած ազգայնական կուսակցության (հիմնադրվել է 1924-ին) կառավարությունը, որի վարած հետադիմական քաղաքականությունը