Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գրականությունը: Մակեդոներեն բանաստեղծությունների աոաջին գրքի հեղինակը Կոչո Ռացինն է (1908-43): 1930-ական թթ. էական դեր խաղացին նաև Կ. Նեդելկովսկին և ուրիշներ, որոնց ստեղծագործությունը սերտորեն կապված էր հեղափոխական և ժողովրդական–հայրենասիրական ավանդույթների հետ: Դրամատուրգիայում ռեալիստական միտումների հաստատմանը նպաստեցին Վ. Իլիոսկին, Ա. Պանովը, Ռ. Կրլեն և այլք: Ետպատերազմյան տասնամյակներին կազմավորվեցին արդի գրական մակեդոներենի նորմաները, սկսեցին հրատարակվել մակեդոնական գրական հանդեսներ, երևան եկան ստեղծագործական կազմակերպություններ: Սկզբնական տարիներին առաջատար էր պոեզիան (Ս. Յանևսկի, Բ. Կոնեսկի, Ա. Շոպով, Լ. Կարովսկի), ձևի և բովանդակության հետաքրքիր որոնումներով աչքի ընկան Ա. Պոպովսկին, Ռ. Պավլովսկին և այլ բանաստեղծներ: 1950-ական թթ. սկզբներից զգացվեց մոդեռնիստական միտումների ազդեցությունը պոեզիայում (Զ. Յովանովիչ, Վ. Ուրոշևիչ, Բ. Գյուզել): Պատմվածքի ժանրում հայտնի դարձան Յո. Բոշկովսկու, Գ. Աբաջիևի, Ժ. Չինգոյի և այլոց անունները: 1950-70-ական թթ. արմատավորվեցին վեպն ու վիպակը, որոնք նոր ժանրեր էին մակեդոնական գրականության համար: Դրանք արտացոլեցին ֆաշիզմի դեմ մղված ժող.–ազատագրական պայքարը, ժող. իշխանության հաստատումից հետո տեղի ունեցած փոփոխությունները (Ս. Յանևսկու, Յո. Լեովի, Ս. Պոպովի, Ս. Դրակուլի վեպերը): Այս շրջանի մակեդոնական գրականության համար բնորոշ է գաղափարա–գեղագիտական և գեղարվեստական բազմատեսակ ուղղությունների պայքարը:
Ճարտարապետությունը և կերպարվեստը: Մ–ի տարածքում պահպանվել են մինչև IV-VI դդ. քաղաքների (Ստոբի, Սկուպի, Հերակլեի) ավերակներ: Միջնադարյան ճարտ. ձևավորվել է բյուզանդական ճարտ–յան ազդեցությամբ: Մինչև թուրք. նվաճումները աշխարհիկ շինարվեստը ներկայանում է Սկոպիեի կիկլոպյան պարիսպների (535), Սամուիլ թագավորի դղյակի (XI դ. սկիզբ), Ստրումիցայի ամրոցի (XI դ.) մնացորդներով: Եկեղեցական ճարտ–յան վաղ շրջանի տիպ է գմբեթավոր եռանավ բազիլիկը (Ս. Սոֆիայի բազիլիկը Օխրիդում, մոտ 1037-1050): XII-XIV դդ. հաստատուն տեղ է գրավել մեկ (Լեսնովոյի Ս. Միքայելի և Գաբրիելի եկեղեցին, 1341) կամ հինգ (Ներեզիի Ս. Պանտելեյմոնի եկեղեցին, 1164) գմբեթով խաչաձև–գմբեթավոր տաճարի տիպը: XIII դ. վերջից կառույցների ճակատները հաճախ զարդարվում էին քարե և աղյուսե նախշավոր շարվածքով: Թուրք. տիրապետության շրջանում քաղաքներում կառուցվել են մզկիթներ, մինարեներ, իջևանատներ, բաղնիքներ, աշտարակաձև բնակարաններ: XVIII-XIX դդ. կառուցվել են մենաստանների համագիրներ, տարբեր տիպի ժող. տներ: Միջնադարյան կերպարվեստում գերակշռում են որմնանկարները (Օխրիդի Ս. Սոֆիայի տաճարի, XI դ., Ս. Կղեմենսի եկեղեցու, 1295-ից հետո, Ներեզիի Ս. Պանտելեյմոնի եկեղեցու, 1164, Ստարո-Նագորիչինոյի Ս. Գևորգ եկեղեցու, 1317-18, որմնանկարաշարերը), որոնք կարևոր տեղ են գրավում XI-XIV դդ. արևելաեվրոպական գեղանկարչության պատմության մեջ և, աղերսվելով բյուզանդական որմնանկարչությանը, ունեն նաև տեղական առանձնահատկություններ: Կերպարների կոպիտ արտահայտչականությունն ու կատարման մեծ ինքնուրույնությունն են բնորոշ Լեսնովոյի Ս. Միքայելի և Գաբրիելի (մոտ 1349) և Մատեյչեի Աստվածամոր (մոտ 1355) եկեղեցիների որմնանկարներին: Թուրք. տիրապետության շրջանում արվեստի զարգացումը դանդաղել է: XVIII դ. 2-րդ կեսից գեղանկարչությունը կրել է Արևմուտքի և Ռուսաստանի գեղարվեստական կենտրոնների ազդեցությունը (Ֆրչկովսկիների ընտանիք), XVIII դ. վերջ – XX դ., Ջ. Զոգրաֆսկի և Դ. Անդոնով, XIX դ. վերջ – XX դ. 1-ին կես): Վառ ֆոլկլորային բնույթի է XII-XIV դդ. փայտի քանդակազարդումը. XVII-XIX դդ. բուսական զարդանախշերը միահյուսվել են մարդկանց և կենդանիների ռեալիստական ֆիգուրներին: Սրբապատկերակալների քանդակազարդումով հայտնի է Դեբար քաղաքի դպրոցը:
XIX դ. վերջին – XX դ. սկզբին Մ–ի քաղաքների կառուցապատումը տարերային էր: Ժող. իշխանության տարիներին քաղաքները վերակառուցվում և կառուցապատվում են գլխավոր հատակագծերով, փոխվում է գյուղերի տեսքը: Սկոպիեում 1963-ի երկրաշարժից հետո ճապոնացի ճարտ. Կ. Տանգեի նախագծով վերականգնվել է քաղաքի կենտրոնը (կառուցվել են Արհմիությունների տունը, ճարտ. Ս. Բրեզովսկի, Պատմության արխիվը, ճարտ. Գ. Կոստանդինովսկի, Մակեդոնական ժող. թատրոնը, ճարտ. Մ. Կրստոնոշիչ ևն): 1960-ական թթ. առավել նշանակալի կառույցներից են ֆաշիզմի դեմ պայքարում զոհվածների հուշահամալիրը Պրիլեպում (ճարտ. Բ. Բոգդանովիչ) և Պետրովեցի օդանավակայանի շենքը (ճարտ–ներ՝ Դ. Դիմիտրով և Տ. Դիմիտրով): Ժամանակակից կերպարվեստի զարգացման նախադրյալները մեծ մասամբ ստեղծվել են 1920-30-ական թթ. (գեղանկարիչներ՝ Լ. Լիչենսկի, Ն.Մարտինոսկի, առաջին պրոֆեսիոնալ քանդակագործներ՝ Դ. Տոդորովսկի, Պ. Հաջի–Բոշկով): Մ–ի կերպարվեստը հիմնականում զարգանում է ռեալիստական ուղղությամբ (գեղանկարիչներ՝ Դ. Պրոտուջեր, Լ. Մազև, քանդակագործ՝ Վ. Միտրիչևսկի և ուրիշներ), որի ավանդույթները 1960-ական թթ. սերնդի ստեղծագործություններում զուգորդվում են նոր արտահայտչամիջոցների որոնման հետ (գեղանկարիչներ՝ Գ. Չեմերսկի, Ս. Շեմով, գրաֆիկ՝ Դ. Պերչինկով, քանդակագործ՝ Ս. Մանևսկի):
Զարգացման նոր շրջան են ապրում փայտի քանդակազարդումը, արծաթի դրվագումը, ասեղնագործությունը, գորգագործությունը և ժող. արվեստի այլ ավանդական ճյուղեր:
Երաժշտությունը: XIX դ. վերջին – XX դ. սկզբին Մ–ի տարածքում ստեղծվել են աշխարհիկ երաժշտական մշակույթի զարգացման նախադրյալներ: 1895-ին Սկոպիեում ստեղծվել է փողային նվագախումբ, 1907-ին՝ «Վարդար» երգչական ընկերությունը: 1900-ական թթ. պրոֆեսիոնալ առաջին երաժիշտը Ա. Բադևն է: 1928-ին Ս. Արսիչը Սկոպիեում կազմակերպել է Մ–ում առաջին երաժշտական դպրոցը, 1934-ին նույն տեղում հիմնադրվել է Մոկրանյացի անվ. երաժշտական դպրոցը, 1937-ին՝ լարային կվարտետը: 1930-ական թթ. հանդես են եկել կոմպոզիտորներ Ս. Գայդովը, Ժ. Ֆիրֆովը և ուրիշներ: 1941-45-ի ժող.–ազատագրական պատերազմի տարիներին ստեղծվել են մասսայական հայրենասիրական բազմաթիվ երգեր: 1960-70-ական թթ. Մ–ում օպերային, բալետային, սիմֆոնիկ, կամերային, խմբերգային, վոկալ, գործիքային երաժշտության ժանրերում աշխատել են կոմպոզիտորներ Տ. Պրոկոպևը, Բ. Իվանովսկին, Վ. Նիկոլովսկին, Տ. Պրոշևը և ուրիշներ: Սկոպիեում գործում են՝ ֆիլհարմոնիա (1944-ից), Մակեդոնական ժող. թատրոնին կից պետ. օպերա (1947-ից), միջնակարգ երաժշտական դպրոց և մանկավարժական ինստիտուտին կից երաժշտության ամբիոն (1953-ից), ռադիոյի երգչախումբը (1945-ից) և լարային քառյակը (1946-ից): Ստեղծվել է կոմպոզիտորների միություն:
Թատրոնը: 1901-ին Վ. Չեռնոդրինսկին հիմնել է «Հոգս և սփոփանք» թատերախումբը, որ 1903-ին հաջողությամբ ելույթներ է ունեցել Բելգրադում և Սերբիայի այլ քաղաքներում: 1913-ին Սկոպիեում բացվել է առաջին մշտական սերբական