Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

30 տարի որպես իրավաբան աշխատել Թիֆլիսում: Գրել է «Հազարից մեկը» (1895), «Չհասություն» (1898) վեպերը, որոնցում պատկերել է աշխատավորի ծանր կյանքը, արծարծել աշխատանքի, կնոջ և սիրո ազատության հարցեր: Նրա «Վիշապ» (1908) պատմվածքը (երկրորդ մասը լույս է տեսել «Լուսաբաց» հանդեսում № 5, 1930) պղնձահանքերում պրոլետարականացող գյուղացու կյանքի մի դրվագ է:
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Ռաֆայել Սամվելի (ծն. 20.3.1927, Թիֆլիս), հայ սովետական թերապևտ: Բժշկ. գիտ. դ-ր (1967), պրոֆեսոր (1969): Նեֆրոլոգիայի հիմնադիրներից է ՀՍՍՀ–ում: ՍՄԿԿ անդամ 1959-ից: 1950-ին ավարտել է Երևանի բժշկ. ինստ-ը: 1955-ից աշխատում է նույն ինստ-ի ֆակուլտետային թերապիայի ամբիոնում, 1968-ից՝ ամբիոնի վարիչ: 1973-80-ին եղել է բուժական ֆակուլտետի դեկան: 1970-ին Մ–ի նախաձեռնությամբ ֆակուլտետային թերապիայի ամբիոնին կից հիմնվել է նեֆրոլոգիայի լաբորատորիա, ուր մշակվել են երիկամների քրոնիկական անբավարարության, երիկամաավազանաբորբերի և երիկամաքարային հիվանդության պահպանողական բուժման հրատապ հարցերը: Մ–ի գիտական աշխատանքները նվիրված են ներքին հիվանդություններին, հիմնականում՝ երիկամային ախտաբանությանը:
Երկ. Շաքարախտ և շաքարախտային անգիոպաթիաներ, Ե.. 1971 (հեղինակակից՝ Գևորգյան Գ. Գ.):
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Ստեփան (1859, Ախալցխա – 1921), հրապարակախոս, խմբագիր, մշակութային գործիչ: Սովորել է նախ Լազարյան ճեմարանում, ապա՝ Մոսկվայի համալսարանում: Աշխատել է որպես իրավաբան: Եռանդուն մասնակցություն է ունեցել Մոսկվայի հայ համայնքի մշակութային կյանքին: 1905-ին հրատարակել է կադետական ուղղության «Չաս» («Час») և «Պարուս» («Парус») թերթերը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Մոսկվայում կազմակերպված հայկ. կոմիտեի նախագահը: Այդ կոմիտեի առաջարկությամբ և օժանդակությամբ Վ. Բրյուսովը հրատարակել է «Հայաստանի պոեզիան…» («Поэзия Армении», 1916) ժողովածուն:Գ. Ստեփանյան ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐ, նախարարական տոհմ Հայաստանում: Ըստ Մովսես Խորենացու և Սեբեոսի, Մ–ի նախնիները՝ ավանդական Մամիկն ու Կոնակը, III դ. 1-ին կեսին գաղթել են Հայաստան Ճենաց աշխարհից: Վերջինս Միջին Ասիայի և Հնդկաստանի միջև գտնվող Քուշանաց թագավորության այն մասն էր, որը կոչվում էր Թուխարիստան և Կաշմիր: Բանասեր Եղիա Քասունին Մ–ի նախնիների գաղթը Հայաստան իրավամբ դնում է 221-226-ի միջև: Նույն տարիներին Հայաստան են գաղթել Կամսարականների նախնիները և Սասանյաններից հալածվող պարթև Արշակունիների այլ շառավիղներ: Խոսրով Ա Մեծը Մ–ին դասել է հայ նախարարների շարքը և նրանց հատկացրել Տայքի մեծագույն մասը (որպես ժառանգական կալվածք), որը մինչ այդ արքունական զորակայան էր: IV դ. սկզբին Տարոնի տերերի՝ Սլկունիների, հակսարքունական խռովությունը ճնշելուց և այդ տոհմի բնաջնջումից հետո սպարապետության գործակալությունն անցավ Մ–ին, և Տարոն գավառը նույնպես դարձավ նրանց տոհմական սեփականությունը: Այնուհետև Տարոնի Ողական ամրոցը դարձավ Հայոց սպարապետի աթոռանիստը, իսկ Հայքի Իշխան գյուղը և Հայոց քար ամրոցը՝ այդ տոհմի իշխանանիստ կենտրոնները: Ըստ Գահնամակի, Մ. ունեին 3000 հեծյալ և արքունի գահակարգում գրավում էին 5-րդ տեղը: Մ–ի Հայոց սպարապետը գլխավորում էր Հայոց այրուձին և հետևակ զորքը: Սպարապետին էին ենթարկվում հայ նախարարների հեծելագնդերը: IV դ. վերջին, երբ կենտրոնական իշխանությունը թուլացել էր, հայ Արշակունիների գահին հավատարիմ Մ. եռանդուն պայքար էին մղում Մեծ Հայքի թագավորության ամբողջականության համար: Երբեմն դառնալով անչափահաս հայ գահակալների խնամակալ՝ ժամանակավորապես նրանց ձեռքում է կենտրոնացվել երկրի կառավարման ղեկը: Մ. սերտ կապերի (խնամիական ևն) մեջ էին Գրիգոր Լուսավորչի տան հետ: V դ. 1-ին կեսին այդ կաթողիկոսական տոհմի լայնածավալ կալվածքները դարձան Մ–ի տոհմական սեփականությունը: Արտաքին և ներքին քաղաքականության հարցերում սպարապետը և կաթողիկոսը միշտ գործակցել են և սովորաբար ունեցել հռոմ., ապա բյուզանդական կողմնորոշում: Նրանց միակողմանի քաղաքականության հետևանքով երբեմն թուլացել է Մեծ Հայքի թագավորության դիմադրական ուժը Սասանյան Պարսկաստանի և Արևելյան Հռոմեական (Բյուզանդական) կայսրության միջև Մեծ Հայքի թագավորության բաժանումից (385) հետո Հայոց սպարապետը մնաց Հայոց թագավորի հետ, որի արքունիքը գտնվում էր Հայաստանի պարսկ. մասում: Արշակունիների թուլացած գահի անկումից (428) հետո Մ. մնացին երկրի ամենահեղինակավոր տոհմը, որոնց շուրջը համախմբվեցին հայրենասեր աժերը և շարունակեցին ազատագրական պայքարը Սասանյան Պարսկաստանի դեմ (450-451, 481-484, 571-572): Հայաստանի բյուզանդական մասում իշխող Մ–ի մի ճյուղը ազդեցիկ դեր է խաղացել կայսերական արքունիքում և հաճախ գլխավորել հայ ժողովրդի ապստամբական ելույթները կայսրության դեմ (548 ևն): V-VIII դդ. Մ. գլխավորել են հայ ժողովրդի ազատագրական կռիվները արաբ. նվաճողների դեմ (747-753, 772-775 ևն): Օտար զավթիչների դեմ կռիվներում սպարապետներից իրենց անունն անմահացրել են Վասակ, Սամվել, Մուշեղ, Մանվել (IV դ.), Վարդան, Վահան, Վարդ (V դ.), Վարդան Կարմիր (VI դ.), Դավիթ, Գրիգոր, Մուշեղ (VII-VIII դդ.) Մամիկոնյանները:
Հայաստանում արաբ. գերիշխանության ժամանակաշրջանում խալիֆայությունը ձգտում էր վերացնել հայրենասեր ուժերին, հատկապես Մ–ին: Այդ պայմաններում Մ–ի մրցակից Բագրատունիները, համագործակցելով արաբ. վարչական մարմինների հետ, հետզհետե առաջնություն են ձեռք բերում Հայաստանի կառավարման գործերում: 772-775-ին Մ–ի գլխավորած հակաարաբական մեծ ապստամբության պարտությունից հետո Հայաստանում ղեկավար դերը վերջնականապես անցավ Բագրատունիներին, որոնք VIII դ. վերջին քառորդին և IX դ. սկզբին տիրացան Մ–ի գրեթե բոլոր կալվածքներին: Ստեղծված պայմաններում ֆիզիկական ոչնչացումից փրկված Մ–ի մնացորդները մասամբ ապավինեցին բյուզանդական կայսրությանը: Մ–ից շատերը բյուզանդական արքունիքում հասել են բարձր պաշտոնների, իսկ ոմանք՝ կայսերական գահին: Մ–ից մի շարք անվանի զորավարներ գլխավորել են բյուզանդական զորքերը և հաղթական պատերազմներ վարել արաբների դեմ: Մ–ի մի մասը հանգրվանեց կայսրությանը սահմանակից Տայքի անտառախիտ լեռներում, որոշ մասը՝ Արևմտյան Վրաստանի Արգվեթի գավառում, որի կենտրոնն էր Կացխի ամրոցը: Վերջիններս ընդունելով քաղկեդոնական դավանանքը, աստիճանաբար ձուլվեցին վրացիներին և ընդունեցին «Բաղուաշի» տոհմանունը: Քաղկեդոնական դարձան նաև Գուգարքի հս. ծայրամասում՝ Օրբեթի ամրոցում ապաստան գտած Մ., որոնք ընդունեցին Օրբելի տոհմանունը: 1211-ից ստանալով Սյունիքի հիմնական մասը, նրանք հիմնեցին Սյունյաց Օրբելյանների տոհմը, որոնք ընդունեցին հայկ. դավանանքը և վերստին հայացան: X դարից Հս. Հայաստանում բնակվող Մ–ից շատերը նույնպես ընդունեցին քաղկեդոնական դավանանքը՝ դառնալով բյուզանդական կամ վրաց. եկեղեցիների հետևորդներ: Տայքի Ասեաց փոր գավառի Չորդվանքի վրացադավան հայերի եպիսկոպոսական աթոռը Մ–ի շառավիղների ժառանգական արտոնությունն էր: Այդ պատճառով Չորդվանքում նստող եպիսկոպոսի «Չորդվանելի» վրաց. տիտղոսն այնուհետև դարձավ Մ–ի Տայքի ճյուղի տոհմանունը (Չորդվանելեանք): Սրանցից էին սերում Մ–ի մեկ այլ՝ Թոռնիկյանների ճյուղը (Սասունում): Վերջիններս XI դ. հետզհետե տիրեցին Տարոնը և հարևան գավառները՝ հանդես գալով որպես Շահ–ի Արմենների վասալներ: Այս ճյուղի ականավոր ներկայացուցիչը եղել է Թոռնիկ Մամիկոնյանը:
Զաքարյանների հզորացման ժամանակաշրջանում (XII-XIV դդ.) հայտնի էին Դսեղի Մ. (Գուգարքում), որոնց շառավիղները XIX դ. կրում էին Թումանյան ազգանունը: Այս տոհմի ներկայացուցիչն է նաև հայ գրականության դասական Հովհաննես Թումանյանը: Մ–ի այլ շառավիղներ երբեմն տոհմանունը փոխած պահպանվել էին նաև Հայաստանի այլ տեղերում:
Գրկ. Սեբեոս, Պատմութիւն, Ե., 1979: Զենոբ Գլակ, Պատմութիւն Տարոնոյ, Վնտ., 1832: Անդրիկյան Ն., Բուզանդի Մամիկոնյանները, Վնտ., 1904: Քասունի Ե., Ճենաց աշխարհ. Աշխարհագրական պատմական հետազոտություն մը (Մամիկոնյանց ծագման վերաբերմամբ), «Հասկ» հայագիտական տարեգիրք, Անթիլիաս, 1957: Адонц Н., Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908.Ս. Երեմյան ՄԱՄԻԿՈՆՅԱՆՑ Հրազդան Մուշեղի (20.4(3.5).1890, Բաքու – 18.3.1976, Մոսկվա), հայ սովետական ինժեներ–գնդապետ,