է, որ պատմագրությունը պետք է ենթարկվի խոհեմության ու անկողմնակալության սկզբունքներին, հիմք ունենա ուղղափառ, հավատը, և, պատմության բարոյական էությունն օգտագործելով, կատարի դաստիարակչական դեր։ Ղ․ Փ․ գրում է բարոյական արժեքների, հոգևորականների առաքինության ու աշխարհիկների քաջության պատմությունը, որն ընթանում է պայքարի, հակադրությունների ու ելևէջների ձևով։ Պատմությունը մի կողմից նախախնամության, մյուս կողմից՝ մարդկանց անձնիշխան գործունեության դրսևորումն է։ Նա աշխարհիկ ֆեոդալների իշխանությունը սահմանափակում է տնտ․, քաղ․, եկեղեցունը՝ կրոնական գործունեությամբ։ Ղեկավարը, ըստ Ղ․ Փ–ու, չպետք է բացարձակացնի, գերագնահատի իր իշխանությունն ու հեղինակությունը, նրա և ղեկավարվողի միջև պետք է լինի որոշակի համապատասխանություն և հաղորդակցականություն։
«Թուղթ»-ն առաջին անգամ հրատարակել է Մ․ Էմինը (1853)։ Աշխարհաբար է թարգմանել Մ․ Նալբանդյանը (1868)։ «Պատմություն Հայոց»-ն առաջին անգամ հրատարակվել է 1793-ին, Վենետիկում (աշխարհաբար՝ 1895-ին, Ալեքսանդրապոլում)։ Ֆրանսերեն մասնակի հրատարակվել է 1843-ին, Գ․ Գապարաճյանի, ամբողջությամբ՝ 1869-ին, Ս․ Գանթարյանի (Կեսարյան) թարգմանությամբ։
Երկ․ Պատմութիւն Հայոց եւ Թուղթ առ Վահան Մամիկոնեան, Տփղիս, 1904։
Գրկ․ Խալաթյանց Գ., Ղազար Փարպեցի եւ գործք նորին» Մ․, 1883։ Աբեղյան Մ., Երկ․, հ․ 3, Ե․, 1968։ Խրլոպյան Գ․ Տ., Հայ սոցիալական իմաստասիրության պատմություն, Ե․, 1978։ Մելիք–Բախշյան Ս․ Տ., Հայոց պատմության աղբյուրագիտություն, Ե․, 1979։
ՂԱԶԱՐՅԱՆ Անդրանիկ Աբրահամի (ծն․ 14․5․1904, Շուշի), սովետական բանակի գեներալ–մայոր (22․2․1943), Սովետական Միության հերոս (16․10․1943)։ ՍՄԿԿ անդամ 1927-ից։ Ավարտել է Երևանի Ա․ Մյասնիկյանի անվ․ զինվորական դպրոցը, ապա ծառայել 76-րդ հայկ․ դիվիզիայում, սկզբում՝ որպես դասակի, ապա՝ վաշտի հրամանատար, դիվիզիայի շտաբի բաժնի պետ, գնդի հրամանատար։ 1938–39-ին աշխատել է Երևանի համալսարանում, որպես ռազմագիտության ամբիոնի վարիչ, ապա՝ ԲԳԿԲ պահեստի հրամկազմի Սարատովյան դասընթացներում, որպես դասախոս։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նրա հրամանատարությամբ գործող հրաձգային գունդը, ապա հրաձգային բրիգադը, իսկ 1942-ի դեկտեմբերից՝ հրաձգային դիվիզիան 1942–43-ին մասնակցել են բազմաթիվ բնակավայրերի ազատագրմանը և աչքի ընկել Կուրսկի աղեղում, ինչպես նաև Դեսնա և Դնեպր գետերի անցման ժամանակ մղված մարտերում։ Դնեպրի գետանցման և նրա արմ․ ափին ամուր հենակետ ստեղծելու ժամանակ ցուցաբերած խիզախության համար ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության հրամանագրով Ղ–ին շնորհվել է Սովետական Միության հերոսի կոչում։ 1945-ի մարտին Ղ–ի գլխավորած 215-րդ դիվիզիան Բելոռուսական 3-րդ ռազմաճակատի զորքերի կազմում մասնակցել է Քյոնիգսբերգում (այժմ՝ Կալինինգրադ) կենտրոնացված ֆաշիստական զորքերի ոչնչացմանը։ 1945-ի օգոստոսին Ղ․ մասնակցել է Մանջուրիայի ազատագրմանը և նշանակվել սովետական հրամանատարության ներկայացուցիչ Հարավային Մանջուրիայում։ Հայրենական մեծ պատերազմից հետո Ղ․ ավարտել է Մ․ Վ․ Ֆրունզեի անվ․ ռազմ, ակադեմիային կից հրամկազմի դասընթացները և աշխատել որպես միավորման հրամանատարի տեղակալ։ 1955-ից Ղ․ պահեստի գեներալ–մայոր է։ Պարգևատրվել է Լենինի 2, Սուվորովի 2-րդ աստիճանի 3, Կարմիր դրոշի 5 ևն շքանշաններով։
ՂԱԶԱՐՅԱՆ Աշխարհբեկ Սարգսի [ծն․ 12․5․1918, գ․ Մարց (ՀՍՍՀ Թումանյանի շրջանում)], սերժանտ, Սովետական Միության հերոս (27․2․1945)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ 1940-ին զորակոչվել է կարմիր բանակ։ Ռազմաճակատ մեկնել է 1941-ի օգոստոսին՝ 301-րդ հրաձգային դիվիզիայի կազմում։ Մասնակցել է Դոնեցկի, Օդեսայի, Դնեստրի, Բենդերիի, Վարշավայի, Օդերի գետանցման և Բուլինի համար մղված մարտերին։ 1945-ի հունվ․ 14-ին նրան հանձնարարվել է իր ջոկատով ճեղքել Վարշավայի վոյեվոդության Չերվոնկա գյուղի շրջանում ամրացած թշնամու դասավորությունը և ճանապարհ բացել գնդի համար։ Մարտական այդ առաջադրանքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության ու արիության համար ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության հրամանագրով նրան շնորհվել է Սովետական Միության հերոսի կոչում։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի, Փառքի III աստիճանի, Բոգդան Խմելնիցկու III աստիճանի շքանշաններով։
ՂԱԶԱՐՅԱՆ Աշոտ Վաղարշակի (ծն․ 11․7․1921, գ․ Չիֆթքիլիսե, Վրացական ՍՍՀ Ծալկայի շրջան), սովետական բանակի գեներալ–մայոր (29․4․1970), Սովետական Միության հերոս (24․3․1945)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ 1939-ին զորակոչվել է կարմիր բանակ։ 1939–40-ին մասնակցել է սովետա–ֆիննական պատերազմին, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ Մերձբալթիկայի, Լենինգրադի ու Ռժևի պաշտպանական և Սմոլենսկի մարզի, Բելոռուսիայի, Մերձբալթիկայի ազատագրման մարտերին։ 1945-ի հունվարին Ղ–ի հրամանատարությամբ գործող տանկային գումարտակը Արևելյան Պրուսիայում մարտերով անցել է 150 կմ, ոչնչացրել թշնամու 900 զինվոր ու սպա, 30 տանկ, 86 հրանոթ ևն։ Այդ մարտերում տանկային գումարտակը հմտորեն ղեկավարելու և անձնական խիզախություն ցուցաբերելու համար ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության հրամանագրով նրան շնորհվել է Սովետական Միության հերոսի կոչում։ 1949-ին Ղ․ ավարտել է սովետական բանակի զրահատանկային և մեքենայացված զորքերի ռազմ. ակադեմիան։ Եղել է տանկային գնդի շտաբի պետ, տանկային գնդի հրամանատար։ 1969-ից ՀՍՍՀ զինվորական կոմիսարն է։ Ղ․ ընտրվել է ՀՍՍՀ VIII–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՍՍՀՄ գրողների միության անդամ Է, հուշագրական ու փաստագրական գրքերի հեղինակ։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի (2), Կարմիր աստղի, ՍՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար III աստիճանի շքանշաններով և մեդալներով։
Երկ. Պատերազմ, մարդիկ, ճակատագրեր, գիրք 1, Ե․, 1979։ Четверть века на танках,2 изд․, 1972։ Война, люди, судьбы, кн.1-3, E․, 1975-79․
ՂԱԶԱՐՅԱՆ (Տեր-Ղազարյան) Արշավիր Մելիքսեթի [ծն․ 25․9․1914, գ․ Աղավնաձոր (այժմ՝ ՀՍՍՀ Եղեգնաձորի շրջանում)], հայ սովետական դերասան և դրամատուրգ։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1955)։ ՍՄԿԿ անդամ 1948-ից։ 1935-ից աշխատում է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ Լավագույն դերերից են՝ Համբո («Գիքոր», ըստ Թումանյանի), Ներսես Աշտարակեցի (Դ․ Ղազազյանի «Խաչատուր Աբովյան»), Ծերուն հայրիկ (Գ․ Յաղջյանի «Օսկի քաղաք»), Սուրաթով (Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»), Սաղաթել, Էլիզբարով (Շիրվանզադեի «Պատվի համար»), Արթուր, Մոնտանելի («Բոռ», ըստ Վոյնիչի), Միլլեր (Շիլլերի «Սեր և խարդավանք»), Նեզնամով, Դուդուկին (Ա․ Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»)։ Հեղինակ է մի շարք պիեսների՝ «Ցասման Մհեր», «Երեք գիշեր», «Լուսաբաց» ևն։
ՂԱԶԱՐՅԱՆ Գառնիկ Սիմոնի [1888, գ․ Քարահունջ (այժմ՝ ՀՍՍՀ Գորիսի շրջանում) – 1960, Երևան], Անդրկովկասի հեղափոխական շարժումների մասնակից։ ՍՄԿԿ անդամ 1913-ից։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1916–17)։ 1915-ին ընտրվել է ՌՍԴԲ(բ)Կ Թիֆլիսի կոմիտեի անդամ։ Մասնակցել է Բաքվի կոմունայի պաշտպանությանը։ Խմբագրել է «Կարմիր ռանչպար» (1921, Գորիս), «Մաճկալ» (1925–29) թերթերը։ 1922–1924-ին եղել է կուսակցության Զանգեզուրի գավկոմի քարտուղար, 1929–1935-ին՝ ՀՍՍՀ Գլավլիտի պետ, այնուհետև
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/20
Արտաքին տեսք
Այս էջը հաստատված է