Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


քայքայման և դասակարգային հասարակության անցման ժամանակաշրջանի հասարակական կաոուցվածքի ձևերից մեկը: Հնագիտորեն ընդգրկում է վերին հին քարի դարից մինչև զարգացած նոր քարի դար ընկած ժամանակահատվածը: Մ–յան հիմնական հատկանիշներն են. կնոջ գերիշխող դերը համայնքում, մայրատեղային ամուսնությունը, գույքի և պաշտոնների՝ մոր գծով ժառանգումը, կոլեկտիվ արտադրությունն ու սպառումը, կնոջ և տղամարդու իրավահավասարությունը, գաղափարախոսության մեջ՝ տոտեմիզմը: Մ–յան առաջին փուլում (վերին պալեոլիթ և վաղ նեոլիթ) համայնքի անդամներն զբաղվել են որսորդությամբ, ձկնորսությամբ, հավաքչությամբ, որոշ շրջաններում զուգահեռաբար՝ բրիչային պարզունակ երկրագործությամբ: Ամուսնական հարաբերությունների խմբամուսնության ձևը աստիճանաբար փոխարինվել է զուգամուսնությամբ: Երկու ձևին էլ այդ շրջանում բնորոշ էր ամուսինների տարատեղ (իրենց տոհմերում) բնակությունը: Մայրաճյուղային երկու տոհմերի միջև արտամուսնությունը հետզհետե հանգեցրել է նրանց համախըմբմանը և ի վերջո՝ ցեղերի առաջացմանը: Արենակցական կապերը հաշվում էին մոր գծով: Հիմնական տնտ. կոլեկտիվը մայրական տոհմական համայնքն էր:
Զարգացման երկրորդ շրջանին բնորոշ էր արորային երկրագործության առաջացումը, ընտանի անասունների բազմացումը, արդյունավետ ձկնորսությունը, որոշ վայրերում՝ ծովային որսը: Տիրապետող է դառնում զուգամուսնությունը, ամուսինը բնակություն է հաստատում կնոջ տոհմում: Աստիճանաբար ձևավորվում է մայրատեղային և մոր գծով ընտանեկան համայնքը: Տղամարդիկ պարտավորություններով և իրավունքներով կնոջ և մոր տոհմերի միջև հետզհետե գրավում են միջանկյալ դիրք, որը հանգեցնում է նրանց՝ սկզբում անձնական, ապա՝ մասնավոր սեփականության կուտակմանը, որն իր հերթին նպաստում է Մ–յան քայքայմանն ու հայրիշխանության հաստատմանը:
Մ–յանը հատուկ է պատմական անհամաչափ զարգացումը: XV-XVI դդ. աշխարհի հետամնաց շատ ցեղեր ու ժողովուրդներ (ավստրալացիներ, հրոերկրացիներ, բուշմեններ ևն) դեռևս կանգնած էին Մ–յան զանազան աստիճանների վրա: Եվրոպական գաղութատիրությունը նպաստեց դրանց մայրիշխանական համայնքների քայքայմանը և հայրիշխանական ընտանեկան համայնքների ձևավորմանը: Մ–յան վերապրուկները երբեմն դրսևորվում են նաև XX դ. (Սումատրայի մինանգկաբաու ցեղի, Միկրոնեզիայի որոշ ժողովուրդների մոտ ևն):
Մ–յան դարաշրջանն առաջինն ուսումնասիրել է Ի. Բախոֆենը, այնուհետև՝ Ջ. Ֆ. Մակ–Լեննանը, Լ. Մորգանը, հետագայում իրենց աշխատություններում մշակել են Կ. Մարքսը, Ֆ. Էնգելսը, Վ. Ի. Լենինը:
ՄԱՅՐԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սղերդի գավառի Բարվարի գավառակում: 1909-ին ուներ 25 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին:
ՄԱՅՐՈՆԻՍ (իսկական անուն–ազգանունը՝ Յոնաս Մաչյուլիս, 1862-1932), լիտվացի բանաստեղծ: 1892-ին ավարտել է Պետերբուրգի հոգևոր ակադեմիան: Եղել է այդ ակադեմիայի պրոֆեսոր, այնուհետև՝ Կաունասի հոգևոր սեմինարիայի ռեկտորը: «Գարնանային ձայներ» (1895) քնարական բանաստեղծությունների ժողովածուում արտացոլել է ժողովրդի ազգային–ազատագրական ակնկալությունները, երգել Լիտվայի բնությունը, իդեալականացրել պատմական անցյալը: Երգիծական գործերում ծաղրել է բուրժ. աստիճանավորներին: Գրել է բալլադներ («Չիչինսկաս», 1919), պոեմներ («Մեր ցավերը», 1920), չափածո դրամաներ («Վիտովտ արքան», 1930):
ՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ԾԱՆԾԱՂՈՒՏ, մայր ցամաքի ստորջրյա այն հարթությունը, որը հարում է ափին և երկրաբանական կառուցվածքով նրա հետ բնութագրվում է ընդհանուր հատկանիշներով: Մ. ծ. շարունակվում է ափից մինչև զառիթափը՝ 100-200 մ, երբեմն էլ՝ 500-1500 մ խորությունը: Մ. ծ–ի ընդհանուր տարածությունը կազմում է 32 մլն կմ²: Բերինգի ծովի ափերում, Եվրասիայում, Հուդզոնի ծովածոցում, Հարավ–Չինական ծովի, Ավստրալիայի հս. ափերում նրա լայնությունը հասնում է 1500 կմ: Մ. ծ. ծովային նստվածքների (գլաքարերի, ավազների, ավազային տիղմերի) ինտենսիվ կուտակման մարզ է, բնորոշվում է օրգանիզմների ու հանքանյութերի առատությամբ: Նրա սահմաններում հայտնաբերվել են նավթի և գազի խոշոր հանքավայրեր (Հյուսիսային ծով, Մեքսիկական, Պարսկական ծոցեր): Այդ տարածությունում կատարվում է ձկնորսության և ծովային այլ կենդանիների որսի 92%:
Ըստ իրավական ռեժիմի (առաջին անգամ սահմանվել է 1958-ի Ժնևյան կոնվենցիայով), Մ. ծ. տերիտորիալ ջրերից դուրս ստորջրյա շրջանների մակերևույթն ու ընդերքն է, որը հարում է ափին (այդ թվում՝ կղզիներին) մինչև 200 մ խորությունը կամ այդ սահմաններից դուրս մինչև այն սահմանը, որտեղ ծածկող ջրերի խորությունը հնարավորություն է տալիս մշակելու հիշյալ շրջանների բնական հարստությունները: Մ. ծ. պետ. տերիտորիա չէ, սակայն այդ հատվածի բնական հարստությունները հետախուզելու և շահագործելու սուվերեն իրավունքը պատկանում է առափնյա պետությանը: Մ. ծ–ի իրավական ռեժիմով բնական հարստություններ են համարվում ծովի հատակի մակերևույթի ու ընդերքի հանքային և այլ ոչ–կենդանի պաշարներ, ինչպես նաև նստակյաց օրգանիզմներ, որոնք կամ ամրացված են ծովի հատակին ու ջրում, կամ կարող են տեղաշարժվել ծովի հատակով: Մ. ծ–ի ջրերը, նրանց վրա գտնվող օդային տարածությունները ազատ են բոլոր պետությունների համար: Եթե Մ. ծ–ին հարում է մեկից ավելի պետության տերիտորիա, յուրաքանչյուրի Մ. ծ. սահմանազատվում է պետությունների փոխադարձ համաձայնությամբ: Այդպիսի համաձայնագրեր ՍՍՀՄ–ը կնքել է Ֆինլանդիայի, Թուրքիայի, Լեհաստանի հետ: Մ. ծ–ի նկատմամբ ՍՍՀՄ իրավունքներն ամրապնդված են ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության 1968-ի փետր. 8-ի «ՍՍՀՄ մայրցամաքային ծանծաղուտի մասին» հրամանագրով, իսկ աշխատանքներ կատարելու կարգը, նրա բնական հարստությունների պահպանման հարցերը կարգավորվում են ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1969-ի հուլիսի 17-ի որոշմամբ:Ա. Եսայան ՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ԿՂԶԻՆԵՐ, մայր ցամաքից անջատված և ջրով շրջապատված մասեր՝ երկրաբանական կառուցվածքով ու ռելիեֆով նման մայր ցամաքին: Մ. կ. են Գրենլանդիան, Մադագասկարը, Նոր Գվինեան, Նոր Երկիրը, Մեծ Բրիտանիան:
ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՍՍՀՄ–ում պետական ու հասարակական կանխարգելիչ և բուժիչ միջոցառումների համակարգ, որով ապահովվում է պտղի նախածննդյան պահպանությունը, երեխայի հիվանդությունների կանխարգելումը, նրա ֆիզիկական ու մտավոր զարգացումը, կանանց հիվանդությունների կանխարգելումը, բուժումը և առողջության ամրապնդումը: 1917-ին սոցիալական ապահովության ժողկոմատի կազմում ստեղծվել է Մ. և մ. պ–յան բաժին, որը 1938-ին միացել է առժողկոմատի՝ երեխաների և դեռահասների առողջության պահպանության բաժնին: Կազմակերպվել են նաև կանանց ու մանկական կոնսուլտացիաներ, մանկամսուրներ, մոր և մանկան տներ: Աշխատանքային օրենսգրքով և մի շարք օրենքներով հղիներին ու կերակրող մայրերին տրվել են արտոնություններ: ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության հատուկ հրամանագրով (1944) նյութական և իրավական հիմք է ստեղծվել Մ. և մ. պ–յան հետագա զարգացման համար: Սովետական օրենսդրությամբ արգելվում է հղիներին, կրծքով կերակրող մայրերին և մինչև մեկ տարեկան երեխաներ ունեցող կանանց նշանակել գիշերային, արտաժամյա և առողջության համար վնասակար աշխատանքի, ուղարկել գործուղման (առանց նրանց համաձայնության), ազատել աշխատանքից (բացառությամբ հիմնարկության լրիվ լուծարքի դեպքերի): Անհրաժեշտության դեպքում նրանց պետք է տեղափոխել ավելի թեթև աշխատանքի, պահպանելով միջին աշխատավարձը: Արգելվում է կանանց աշխատանքի չընդունել կամ իջեցնել աշխատավարձը հղիության, երեխային կերակրելու պատճառաբանությամբ: Կրծքով կերակրող մայրերին և մինչև 1 տարեկան երեխա ունեցող կանանց, երեխային կերակրելու համար, տրվում է լրացուցիչ ընդմիջում: Աշխատող կանանց, անկախ աշխատանքային ստաժի տևողությունից, տրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ, միաժամանակ վճարվում նպաստ: Նախատեսված է նաև որոշակի պայմաններում նպաստի վճարում (երեխայի ծնվելու դեպքում) միայնակ և բազմազավակ մայրերին, իսկ 1974-ի նոյեմբ. 1-ից՝ կարիքավոր ընտանիքների երեխաներին: