գագաթին: Ուսումնասիրողների կարծիքով Մ. իր անունով կառուցել է Ուրարտուի Մենուա թագավորը (մ. թ. ա. 810-786): Մ–ի անունը երբեմն շփոթվել է Մանազկերտի հետ, և ըստ այդմ Ռշտունյաց գավառը հիշատակվել «Գաւառ Մանազկերտոյ» ձևով: Ըստ ավանդական վկայության, Հայոց Հարավային զորաթևի հրամանատար Մանաճիհր Ռշտունի իշխանը, ձերբակալելով քրիստոնեական քարոզիչներ Հակոբ Մծբնացի եպիսկոպոսին ու նրա կողմնակիցներին, նրանց Մ–ի բերդապարսպից նետել է Վանա լիճը: Նահատակների նշխարները Արծրունյաց իշխանները ամփոփել են մոտակա Պարծիս (Պծիծս) գյուղում և այնտեղ հիմնել վանք: Բերդի ստորոտին էր գտնվում Քարադաշտ գյուղը:
Գրկ. Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն Հին Հայաստանեայց, Վնտ., 1822: Հովհաննիսյան Մ., Հայաստանի բերդերը, Վնտ., 1970:
ՄԱՆԱՆԱ, գազպեն, գազպին, 1. որոշ ծառատեսակների (հացենի, կաղնի ևն) վրա գոյացող քաղցրահամ նյութ: Առատորեն լինում է Մուշի դաշտում, Սասունում: Առաջանում է հվ–ից քամու բերած դեղձենու, ծիրանենու ծաղկեփոշուց, որը նստելով ծառերի վրա, դառնում է մեղրանման զանգված: Բնակիչները Մ. հավաքում են, եփում և օգտագործում մեղրի, շաքարի փոխարեն: Ժողովուրդը Մ. անվանել է նաև «Ս. Կարապետի հալվա»: Տարածված է «Երկնքից Մ. է իջնում» արտահայտությունը՝ իբրև առատության խորհրդանիշ:
2. Ըստ Աստվածաշնչի մի զրույցի՝ սպիտակ մեղրահամ նյութ, որ ամեն առավոտ առատությամբ թափվում էր Սինա անապատում, որով սնվում էին իսրայելցիները:
«ՄԱՆԱՆԱ», երգիծական շաբաթաթերթ: Լույս է տեսել 1913-14-ին, Կ. Պոլսում: Խմբագիր՝ Ե. Օտյան: Գրեթե ամբողջությամբ տպագրել է խմբագրի գործերը («Վաճառականի մը նամակները» երգիծավեպը, «Մեր երեսփոխանները» դիմանկարների շարքը՝ Գ. Զոհրապի, Գ. Տեր-Կարապետյանի, Հ. Ճանկյուլյանի, Հ. Խոճասարյանի և այլոց մասին) և այլ ծավալուն գործեր, ինչպես նաև երգիծական մանր ստեղծագործություններ, որոնցում ծաղրել է կեղծավորությունը, շահամոլությունը, փառամոլությունը: Լրատու բաժնի նյութերը հիմնականում վերաբերում են մշակութային կյանքի նորություններին:
ՄԱՆԱՆԱՂԻ, Մանաղի, գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգում, Եփրատի Մանանաղի (այժմ՝ Թուզլու) վտակի ավազանում: Արմ–ից և հս–ից սահմանակից էր Եկեղյաց, Դերջան և Կարին գավառներին, արլ–ից և հվ–ից եզերվում էր Բյուրակն–Մնձուրյան լեռնաշղթայի արլ. հատվածով՝ Պախրա (Գայլախազուտ) և Մեղեդուխի լեռներով: Ուշ միջնադարում կոչվել է նաև Լակզո ձոր, ապա՝ Վերին Դերջան: Մակերևույթը, հիմնականում, հարթավայրային է, հողը՝ արգավանդ: Հարուստ է աղի պաշարներով (Թադոս գյուղի մերձակա աղահանքը բավարարում էր նաև Կարինի ու Բասենի բնակչության աղի պահանջը), վայրի ոչխարներով, կարմրախայտ ձկներով: Մ–ում հիշատակվում են Խաչ և Սմբատա լեռները: Հին բնակավայրերից հայտնի են Վժան, Շիրնի և Սմբատաբերդ բերդաքաղաքները, Ջերմ քաղաքագյուղը, Բազմաղբյուր կամ Խաչ ավանը, Կաշե և Աղյուս ագարակները, որոնցից շատերը XI դ. եղել են թոնդրակյան աղանդի կենտրոններ: XIX դ. հայտնի էին Թադոս և Քյուլիս գյուղերը, որոնց բնակչությունը 1828-ի ռուս–թուրքական պատերազմից հետո գաղթեց Արևելյան Հայաստան:
Գրկ. Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն Հին Հայաստաննայց, Վնտ., 1822: Հակոբյան Թ. Խ., Հայաստանի պատմական աշխարևագրության, Ե., 1968: Адонц Η. Армения в эпоху Юстиниана, E., 1971
ՄԱՆԱՆԴՅԱՆ Հակոբ Համազասպի (10 (22).11.1873, Ախալցխա – 4.2.1952, Երևան), հայ պատմաբան, բանասեր, աղբյուրագետ: Պրոֆեսոր (1925), գիտ. վաստ. գործիչ (1935), պատմական գիտ. դ-ր (1938): ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943): Սովորել է Թիֆլիսի առաջին դասական գիմնազիայում (1883-93), Ենայի, Լայպցիգի, Ստրասբուրգի համալսարաններում (1893-97), մասնագիտացել փիլ–յան, արևելագիտության, լեզվաբանության մեջ: 1897-ին Ենայի համալսարանում պաշտպանել է դիսերտացիա և ստացել փիլիսոփայության դոկտորի աստիճան: 1898-ին էքստեռն կարգով ավարտել է Պետերբուրգի համալսարանի արլ. լեզուների ֆակուլտետը և ստացել հայ–պարսկական բանասիրության թեկնածուի առաջին կարգի դիպլոմ, իսկ 1909-ին՝ Յուրևի (Դորպատ) համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1900-05), Թիֆլիսի առաջին և երկրորդ արական գիմնազիաներում (1905-07), Ներսիսյան դպրոցում (1906-07), Բաքվի ժողովրդական համալսարանում (1911-13) և առևտրական դպրոցում (1915-19): Աշխատակցել է պարբերական մամուլին («Արարատ», «Արշալույս», «Գործ» ևն): Խմբագրել է «Արմենիշե Ցայտշրիֆտ» («Агmenische Zeitschrift», 1901-04), «Արշալույս» (1906), «Բաքու» («Баку», 1917) պարբերականները: Բաքվում զբաղվել է փաստաբանությամբ (1909-19):
Մ. Երևանի համալսարանի հիմնադիր դասախոսներից է, եղել է առաջին ռեկտորը (1921), արևելագիտական, ապա՝ պատմագրական ֆակուլտետների դեկան (1921-23), հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ (1921-25), նույն ամբիոնի պրոֆեսոր (1925-31): 1925-ին ընտրվել է Գիտության և արվեստի ինստ-ի անդամ, վարել է նույն ինստ-ի պատմահասարակագիտական բաժնի գիտնական քարտուղարի պաշտոնը, 1930-ին հաստատվել է ՀՍԽՀ Գիտությունների ինստ-ի առաջին կազմում: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1945):
1931-ից Մ. ընդհատել է մանկավարժական աշխատանքը և զբաղվել միայն գիտահետազոտական գործունեությամբ: Մ. թողել է հայերեն, ռուս., գերմ. ավելի քան 100 աշխատություն՝ նվիրված հայ ժողովրդի հին և միջնադարյան պատմությանն ու բանասիրությանը, Հայաստանի սոցիալ–տնտեսական հարաբերություններին, քաղաքներին, առևտրին ու քաղաքային կյանքին, Հայաստանի և Անդրկովկասի պատմական աշխարհագրությանը, առևտրական ճանապարհների ու ռազմ. արշավանքների երթուղիների ուսումնասիրությանը, չափագիտությանը, վիմագրությանը ևն: Մ. հայագիտության մեջ մուտք է գործել որպես բանասեր: 1902-ին, Հ. Աճառյանի աշխատակցությամբ, 2 հատորով հրատարակել է XII-XIX դդ. հայկ. վկայաբանական գրականության հայտնի բոլոր բնագրերը (մեկ տարի անց լույս տեսավ նույնի քննաբաղդատական գիտական հրատարակությունը): Մ. զբաղվել է հուն. իմաստասիրական երկերի հայերեն թարգմանությունների, հայոց մատենագիտության, հունաբան դպրոցի գործունեության, վերջինիս լեզվի, առանձին երկերի, հատկապես՝ Դավիթ Անհաղթի իմաստասիրական ժառանգության ուսումնասիրությամբ: Այս բնագավառում կատարած նրա աշխատանքների հանրագումարն էր «Հունաբան դպրոցը և նրա զարգացման շրջանները» (Վիեննա, 1928) ընդհանրացնող մենագրությունը, որտեղ Մ. պարզել է հունաբան դպրոցի առաջացման պատճառներն ու զարգացման շրջանները, հունարենից կատարված թարգմանական իմաստասիրական ու քերականական գրականության ժամանակագրությունը, ցույց է տվել հունաբան դպրոցի դերը հայոց աշխարհիկ բանաստեղծության, հայոց լեզվի ձևաբանության, շարահյուսության և բառապաշարի զարգացման գործում: Մ. հետագայում ևս, տարբեր առիթներով, դարձյալ անդրադարձել է հունաբան դպրոցի առանձին երկերի ուսումնասիրությանը՝ հրատարակելով Թեոն Ալեքսանդրացու և Հերմես Եռամեծի իմաստասիրական երկերի հայերեն թարգմանությունների բնագրերը: Մ. զբաղվել է նաև Մովսես Խորենացու Պատմության գրության ժամանակի խնդրով («Խորենացու առեղծվածի լուծումը», 1934): Տուրք տալով հայագիտության մեջ արտահայտված այն սխալ տեսակետին (Լա Կրոզ, Գուտշմիտ, Կարիեր, Խալաթյանց, Մառ ևն), ըստ որի, «Աշխարհացոյց»-ը պատկանում է Խորենացու գրչին՝ Մ. նույնպես փորձել է ապացուցել, թե իբր Մովսես Խորենացու Պատմությունը և «Աշխարհացոյց»-ը գրված են IX դ. միևնույն անձնավորության ձեռքով: Այդուհանդերձ, Մ. խիստ բարձր է գնահատել Խորենացու երկի նշանակությունը
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/212
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ