Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ինչպես նաև աջակցելու արաբ. և աֆրիկյան երկրների միասնության համար պայքարին: 1961-ից ՄԱԿ–ի անդամ է: 1964-ին դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել ՍՍՀՄ–ի և Մ–ի միջև, 1966-74-ին՝ կնքվել առևտրական, մշակութային և գիտական համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր:
1969-ից Մ. համագործակցել է Մարոկկոյի և Ալժիրի հետ՝ Արևմտյան Սահարան իսպանական գաղութացումից ազատագրելու համար: 1975-ի վերջին և 1976-ի սկզբին Մ–ի և Մարոկկոյի զորքերը գրավեցին Արևմտյան Սահարան, որտեղ 1968-ից գործում էր Արևմտյան Սահարայի ազատագրական ճակատը՝ ՊՈԼԻՍԱՐԻՈ–ն: 1977-ին Մ. և Մարոկկոն համաձայնագիր կնքեցին համատեղ պաշտպանության մասին՝ ընդդեմ ՊՈԼԻՍԱՐԻՈ–ի:
1978-ի հուլիսին զինվորական հեղաշրջմամբ Մ–ում արձակվեցին Ազգային ժողովն ու ՄԺԿ, վերացվեց 1961-ի սահմանադրությունը, իշխանությունն անցավ Ազգային վերածնության զինվորական կոմիտեին (ԱՎԶԿ) (1979-ի ապրիլից՝ Ազգային փրկության զինվորական կոմիտե (ԱՓԶԿ)): 1979-ի օգոստոսին Մ–ի և ՊՈԼԻՍԱՐԻՈ–ի միջև կնքվեց հաշտություն: Մ. հրաժարվեց բոլոր տեսակի հավակնություններից Արևմտյան Սահարայի նկատմամբ:
Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները: Մավրիտանական ժողովրդի կուսակցություն (ՄԺԿ), երկրի միակ կուսակցությունն է, ստեղծվել է 1961-ին: 1978-ի հուլիսին արձակվել է:
Մավրիտանիայի աշխատավորների միություն, ստեղծվել է 1961-ին:
Տնտեսա–աշխարհագրական ակնարկ: Մ. անասնապահական, ագրարային երկիր է՝ զարգացող լեռնահանքային արդյունաբերությամբ: Գյուղատնտեսության հիմքը էքստենսիվ անասնապահությունն ու հողագործությունն են: Զարգացած է նան արհեստագործությունը: Քոչվորական և կիսաքոչվորական անասնապահությանը բաժին է ընկնում ազգային համախառն արդյունքի 30%-ը: Արոտավայրերը զբաղեցնում են մոտ 40 մլն հա տարածություն: Մշակելի հողատարածությունները մոտ 300 հզ. հա են: Գյուղատնտ. գլխավոր կուլտուրաներն են աֆրիկական կորեկը և սորգոն, օազիսներում՝ փյունիկյան արմավենին: Մշակում են նաև եգիպտացորեն, լոբի, բատատ, գետնանուշ, բրինձ, զբաղվում՝ արաբական խեժի հավաքմամբ ու ձկնորսությամբ: Նուակշոտ, Նուադիբու, Ակժուժտ քաղաքներում կան ոչ մեծ ՋԷԿ–եր: Ջուերատ–Իջիլի շրջանում արդյունահանվում է երկաթի, Ակժուժտ քաղաքի մոտ՝ պղնձի հանքաքար: Սննդի արդյունաբերության ճյուղերից առավել զարգացած է ձկնարդյունաբերությունը: Կան ձկան վերամշակման, ձկնասառնարանային, շաքարի, ալրաղաց, ցեմենտի գործարաններ: Երկաթուղիների երկարությունը 652 կմ է (1978), ավտոճանապարհներինը՝ 7,8 հզ. կմ: Ծովային հիմնական նավահանգիստներն են Նուադիբուն, Նուակշոտը, որոնցում կան նաև միջազգային օդանավակայաններ:
Արտահանում է երկաթի հանքանյութ, պղնձի կոնցենտրատ, ձկնամթերքներ, գիպս, ներմուծում՝ պարեն, լայն սպառման ապրանքներ ևն: Առևտրական կապերի մեջ է Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի հետ: Դրամական միավորը ուգիյան է: 1 ուգիյան = 0,1 ֆրանս. ֆրանկի (1977):
Բժշկա–սանիտարական վիճակը և առողջապահությունը: 1970-75-ին առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 44,8, մահացությունը՝ 24,9, մանկական մահացությունը՝ 1000 ողջ ծնվածին՝ 187,0: Կյանքի միջին տևողությունը մոտ 40 տարի է: Մահացության հիմնական պատճառները վարակիչ և մակաբուծական հիվանդություններն են: Տարածված են ամեոբիազը, գրիպը, տուբերկուլոզը, բակտերիային դիզենտերիան, վեներական հիվանդությունները, բորը, մենինգակոկային վարակները, մանկական հիվանդությունները, մալարիան: 1975-ին Մ–ում եղել է 9 հիվանդանոցային հիմնարկ՝ 600 մահճակալով (1000 բնակչին՝ մոտ 4,7 մահճակալ): Աշխատում էին 87 բժիշկ (16,6 հզ. բնակչին՝ 1 բժիշկ) և 1000 բուժքույր: 1972-ին առողջապահության ծախսերը կազմել են պետ. բյուջեի 7%-ը: