և բնանկարներ, որմնանկարներ (Կրակովի Կույս Մարիամ կոստյոլում, 1889-1891):
ՄԱՏԵՆԱԳԵՏ, 1. մատենագիտական աշխատանքի մասնագետ՝ տպագիր և ձեռագիր երկերի վերաբերյալ բանավոր ու գրավոր տեղեկանքներ տվող, մատենագիտական ձեռնարկներ կազմող: Հնում Մ–ի հատուկ մասնագիտություն չկար, մատենագիտական աշխատանք կատարում էին պատմիչները, փիլիսոփաները, բժիշկները ևն, ինչպես, օրինակ, հին ու միջնադարյան Հայաստանում՝ Մովսես Խորենացին, Հովհաննես Սարկավագը, Կիրակոս Գանձակեցին, Գրիգոր Աբասի որդին, Ամիրդովլաթ Ամասիացին և ուրիշներ: XIX դ. հայ նշանավոր մատենագետներն են Մ. Միանսարյանը, Գ. Զարբհանալյանը, Հ. Տաշյանը, XX դ.՝ Ա. Ղազիկյանը, Գ. Լևոնյանը: Ներկայումս Մ. հատուկ մասնագիտություն է: Աշխարհի շատ երկրներում կա մատենագիտական միջնակարգ և բարձրագույն կրթություն: ՀՍՍՀ–ում այն իրականացվում է Երևանի Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստ–ում (կուլտուրայի ֆակուլտետ, գրադարանային բաժին) և Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումում:
2. Գրքի պատմության, գրադարանային և գրահրատարակչական գործի, մասամբ նաև բնագրագիտության, աղբյուրագիտության մասնագետ, լայն առումով՝ գրքագետ: Գրքերի գիտակ իմաստով Մ. տերմինը հայերենում գործածվել է V դարից (տես նաև Մատենագիտություն):
ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, 1. բիբլիոգրաֆիա (< հուն. βιβλίον — գիրք և …գրաֆիա), տպագիր և ձեոագիր երկերի վերաբերյալ տեղեկատվություն: Նպատակն է ընթերցողին կողմնորոշել տարբեր բնագավառների վերաբերող գրքերի, պարբերականների, հոդվածների ու տպագիր այլ երկերի հսկայական զանգվածում: Գիտական ամեն մի ուսումնասիրություն սկսվում է Մ–յամբ, որի շնորհիվ ուսումնասիրողն իմանում է, թե նախքան իր աշխատանքը տվյալ հարցի վերաբերյալ ինչ է գրվել: Երբեմն Մ. են համարվում նաև գրախոսությունները: Մատենագիտական տեղեկատվությունն իրականացվում է բանավոր և գրավոր: Բանավոր տեղեկանքներ տրվում են գլխավորապես գրադարաններում: Գրավոր մատենագիտական տեղեկատվությունն իրականացվում է մատենագիտական ձեռնարկների՝ գրականության ցանկերի, ուղեցույցների, գրացուցակների, քարտարանների, ինչպես և գրականության տեսությունների, մատենագիտական ծանոթագրությունների (անոտացիաների), բնագրերի համառոտման, պարբերականներում արվող գրացանկերի և այլ միջոցներով: Մատենագիտական յուրաքանչյուր ձեռնարկ և ձեռնարկների ամբողջությունը նույնպես կոչվում է Մ.:
Յուրաքանչյուր Մ–յան մեջ գլխավորը երկերի նկարագրությունների շարքն է: Կան տպագիր երկերի նկարագրության միասնական կանոններ: Կարգային (սիստեմատիկ) Մ–ների մեջ օգտագործվում են տպագիր երկերի դասակարգման աղյուսակներ, որոնցից տարածված է Տասնորդական դասակարգումն իր տարբերակներով: Հասարակական նշանակության և ընթերցողական հատկացվածության տեսակետից Մ–ները լինում են՝ արձանագրական կամ հաշվառման գրանցային (շարունակաբար արձանագրվում է որևէ երկրի, հանրապետության ընթացիկ տպագիր արտադրանքը), գիտա–օժանդակ (հասցեագրվում է գլխավորապես որևէ բնագավառի մասնագետների), որի մի տեսակն է համառոտագրականը (ռեֆերատիվ՝ որևէ բնագավառի նորագույն երկերը ներկայացվում են համառոտված), հանձնարարական (ներկայացվում է ընթերցողների տվյալ խմբին հանձնարարվող ընտրովի գրականություն), գրադարանային (գրադարանների քարտային և տպագիր գրացուցակներ), հրատարակչական, գրավաճառային: Նյութի ընդգրկման ծավալի ու բովանդակության տեսակետից տարբերվում են ընդհանուր (տարբեր բնագավառների գրականություն ընդգրկող), ճյուղային (որևէ բնագավառի գրականություն ընդգրկող), ազգային, պետ., երկրագիտական, անհատական (պերսոնալիա՝ մեկ անհատի երկերը ներկայացնող) Մ–ները: Վերջինի մի տարբերակն է կենսամատենագիտությունը (տրվում է նաև անհատի կենսագրությունը): Ժամանակագրական ընդգրկման տեսակետից Մ. լինում է ետադարձ (անցյալում հրատարակված գրականություն ընդգրկող) և ընթացիկ: Ըստ ձևի Մ–ները լինում են առանձին գրքով հրատարակված, պարբերական, ներգրքային (որևէ ուսումնասիրության, ձեռնարկի մեջ), ներամսագրային, քարտային ևն, ըստ նյութերի դասավորման՝ այբբենական, կարգային, ժամանակագրական, առարկայական: Մ–յան մի տեսակն են ձեռագրացուցակները: Կա երկրորդ աստիճանի Մ. (մատենագիտության Մ.), որն ի մի է հավաքում և ներկայացնում տարբեր բնույթի Մ–ներ: Մ. է կոչվում նան այն առարկան, որ նվիրված է Մ. կազմելու կանոններին, մատենագիտական աշխատանքի տեսական ընդհանրացմանը, Մ–յան պատմությանը (ռուս, библиографиоведение, հայերեն նաև մատենաբանություն):
2. Մ. լայն առումով (բիբլիոլոգիա, < հուն. βιβλίον — գիրք և …լոգիա, հայերեն նաև գրքագիտություն), վերոհիշյալի հետ ընդգրկում է նաև գրքի ու տպագրության պատմությունը, ձեռագրագիտությունը, գրադարանային գործի պատմությունը, մասամբ՝ աղբյուրագիտությունը ևն:
Մ., լինելով գրի ու գրականության մշտական ուղեկիցը, սկզբնավորվել է հազարամյակներ առաջ՝ հին արևելյան երկրներում: Պահպանված հնագույն հուշարձաններից են եգիպտական պապիրուսների վիմագիր գրացուցակը՝ փորագրված Էդֆու քաղաքի (Եգիպտոս) տաճարում (մ. թ. ա. XVIII դ.), Նինվեի (Ասորեստան) գրադարանի սալիկային գրացուցակը (մ. թ. ա. VII դ.), Կալիմաքոսի կազմած Ալեքսանդրիայի գրադարանի գրացուցակը (մ. թ. ա. III–I դդ.), Հին Հունաստանի ու Հռոմի գրադարանների գրացուցակները ևն:
Ռուս. Մ. սկիզբ է առել X դ., արագորեն զարգացել է XVIII–XX դդ. տպագրության, գրավաճառության, գրադարանների արագ աճի հետ; Այն մեծ թափ ստացավ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո: Հրատարակված են ռուս դասականների անհատական մեծարժեք Մ–ները, ռուս. մամուլի, հնատիպ գրքի և գիտության գրեթե բոլոր ճյուղերին վերաբերող Մ–ներ, ռուս մատենագիտության Մ., երկրագիտական մի շարք Մ–ներ ևն: 1920-ին հիմնվել է Ռուսաստանի կենտրոնական գրապալատը, որը 1936-ից դարձավ ՍՍՀՄ համամիութենական գրապալատ (տես Գրապալատ համամիութենական): Այժմ այն հրատարակում է 10 անուն մատենագիտական պարբերական: Գիտատեխնիկական տեղեկատվության համամիութենական ինստ-ը (ВИНИТИ) լույս է ընծայում «Ռեֆերատիվնի ժուռնալ»-ը («Реферативный журнал») գիտության ու տեխնիկայի տարբեր բնագավառներին նվիրված շարքերով: ՍՍՀՄ–ում ամեն տարի հրատարակվում են մոտ 10.000 մատենագիտական ձեռնարկներ ու պարբերականներ, ներգրքային և այլ տեսակի Մ–ներ:
Եվրոպական Մ. անմիջական ժառանգորդն է հունա–հռոմնական Մ–յան: Վաղ միջնադարի եվրոպական նշանավոր մատենագետներն էին Հերոնիմոսը (IV-V դդ.), Դենադիոս Մարսելցին (V դ.), Իլդեֆոնս Տոլեդացին (VI դ.), Կոսիոդորոսը (V-VI դդ.): Ետապագրային շրջանի առաջին խոշոր մատենագետը և տպագիր Մ–յան հիմնադիրը շվեյցարացի Կոնրադ Գեսներն է:
Հայկական Մ–յան ընդգրկման ոլորտը հայերեն տպագիր ու ձեոագիր երկերն են (ըստ այլ տեսակետի՝ նան հայագիտական երկերը բոլոր լեզուներով): Հայկական Մ. զարգացման 3 շրջան է ունեցել՝ ա. հին և միջնադարյան (մինչև XVII դ. վերջերը), բ. նոր (ΧVΙΙΙ դարից մինչև 1920-ը), դ. սովետական և սփյուռքահայ շրջան (1920-ից սկսած); Հայկ. Մ. ծագել է հեթանոսական Հայաստանում: Նրա նմուշներից են եղել մեհենական և արքունի գրադարանների գրացուցակները: Քրիստոնեական շրջանի հայկ. Մ–յան հնագույն նմուշներից են Աստվածաշնչի հայտնի (կանոնական) և ծածուկ կամ սուտ (պարականոն) գրքերի ցուցակները: V դարից սկսած հայկ. Մ–յան մի քանի տեսակներ երևան եկան, որոնցից են սուրբ (աստվածաշնչային կանոնական և եկեղեցու հայրերի), արտաքին (աշխարհիկ գիտություններին նվիրված), նուրբ (գերազանցապես իմաստասիրական) գրքերի ցանկերը, շարականների հեղինակների Մ–ները («Վասն շարականց, թե ով ոք է ասացեալ», «Վասն անունոց յօրինողաց զշարականաց» ևն), որպիսիք կազմել են Առաքել Սյունեցին, Գրիգոր Տաթևացին և ուրիշներ: Մովսես Խորենացուց և Ղազար Փարպեցուց սկիզբ է առել հայ պատմական գրականության Մ.: Հետագա մի շարք պատմիչներ (Հովհաննես Դրասխանակերտցի, Ստեփանոս Ասողիկ, Մխիթար Անեցի, Կիրակոս Գանձակեցի, Մխիթար Այրիվանեցի և ուրիշներ) կազմել են իրենցից առաջ եղած պատմիչների ու նրանց երկերի ցանկերը, երբեմն՝
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/282
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ