Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ 31

սկզբնավորել է համաբարբառների կազմման գործը. նրա անմիջական ղեկավարությամբ լույս են տեսել Ագաթանգեղոսի, Կորյունի, Ղազար Փարպեցու և այլոց ստեղծագործությունների համաբարբառները։
Ղ–ի գրած V–VI դասարանների հայոց լեզվի դպրոցական դասագրքերը, որ ընդգրկում են հնչյունաբանությունը, բառագիտությունը և ձևաբանությունը, 1934-ից բազմաթիվ վերահրատարակություններով գործածության մեջ են մնացել ավելի քան 30 տարի։ Ղ․ հայոց լեզվի մի շարք դասագրքեր է գրել նաև այլ դասարանների, ինչպես նաև ոչ հայկ․ դպրոցների համար։ Ղ–ի հայոց լեզվի դասավանդման մեթոդիկային նվիրված ուսումնասիրությունների յուրովի հանրագումարն է «Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա» (1954) ձեռնարկը, որտեղ նախ շարադրվում են մայրենի լեզվի դասավանդման մեթոդիկայի գիտաամանկավարժական հիմունքները, պլանավորման հարցերը, ապա հնչյունաբանության, բառագիտության, ձևաբանության ու շարահյուսության բաժիններով տրվում է համապատասխան նյութի մատուցման մեթոդների ու մեթոդական հնարների կիրառման հնարավոր պատկերը։ Այդ բոլորով հանդերձ՝ շեշտը, դրվում է նաև սովորողների բանավոր ու գրավոր խոսքի զարգացման կարևորության վրա։ Ղ․ պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1969)։
Երկ․ Արարատ Սահակի Ղարիբյան (Մատենագիտություն), Ե․, 1971 (Սովետական Հայաստանի ականավոր գիտնականները, № 13)։
Գրկ. Աղայան Է․ Բ․, Հայ լեզվաբանության պատմություն, հ․ 2, Ե․, 1962։ Կոստանյան Հ․ Հ․, Սովետահայ լեզվաբանության երախտավորը, «ՊԲՀ», 1969, № 1։ Աբրահամյան Ա․ Ա․, Ա․ Ս․ Ղարիբյան, «ՊԲՀ», 1979, № 2:Ա․ Աբրահամյան ՂԱՐԻԲՅԱՆ Արարատ Սմբատի [ծն․ 23․5․ 1911, գ․ Աղբաշ (այժմ՝ ՀՍՍՀ Արտաշատի շրջանում) – 23․6․1952, Մոսկվա], հայ սովետական նկարիչ։ 1923–29-ին սովորել է Լենինգրադի բարձրագույն գեղարվեստա–տեխնիկական ինստ–ում (Վխուտեին), Պ․ Ա․ Շիլինգովսկու մոտ։ Աշխատել է հիմնականում գրաֆիկայի մարզում։ Ստեղծել է դիմանկարներ, հին ու նոր Երևանը պատկերող բնանկարներ, ձևավորել գրքեր։ Աշխատանքներից են․ «Աղբաշեցու դիմանկարը» (փայտագրություն, 1928), «Վահրամ Փափազյանը Օթելլոյի դերում» (փափուկ լաք, 1939), «Հին Երևան» (ինքնավիմագրություն), «Օպերայի և բալետի թատրոնի շենքը Երևանում» (տուշ, 1952), Ն․ Զարյանի «Ռուշանի քարափը» գրքի շապկանկարը (գուաշ, 1931)։ 1947–52-ին դասավանդել է Երևանի գեղարվեստա–թատերական ինստ–ում։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1933, 1940)։
ՂԱՐԻԲՅԱՆ Գրիգոր Ալեքսանդրի [ծն․ 15․5․1930, գ․ Բորիսովկա (ՀՍՍՀ Սիսիանի շրջանում)], հայ սովետական տնտեսագետ։ Տնտ․ գիտ․ դ–ր (1976), պրոֆեսոր (1978)։ ՍՄԿԿ անդամ 1954-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը (1954)։ 1966–՝ 78-ին՝ համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնի դոցենտ, 1978-ից՝ ուսումնական աշխատանքի գծով պրոռեկտոր։ Գիտական աշխատանքները վերաբերում են սոցիալիզմի պայմաններում անհրաժեշտ և հավելյալ արդյունքի, բնակչության կենսամակարդակի բարձրացման սոցիալ–տնտեսական պրոբլեմներին։
Երկ․ Անհրաժեշտ և հավելյալ արդյունքը սոցիալիստական հասարակարգում, Ե․, 1968։ Բնակչության կենսամակարդակը և նրա բարձրացումը Սովետական Հայաստանում, Ե․, 1972։
ՂԱՐԻԲՅԱՆ Գրիգոր Մարգարի (ծն․ 13․12․ 1924, Թբիլիսի), հայ սովետական ֆիզիկոս–տեսաբան, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1971), պրոֆեսոր (1972)։ ՍՄԿԿ անդամ 1972-ից։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1948)։ 1959-ից Երևանի ֆիզիկայի ինստ–ի լաբորատորիայի վարիչ, 1959–1965-ին միաժամանակ եղել է դիրեկտորի տեղակալ։ 1973-ից՝ ՀՍՍՀ ԳԱ ֆիզմաթ բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար։ Աշխատանքները վերաբերում են քվանտային էլեկտրադինամիկային, աստղաֆիզիկային, տիեզերական ճառագայթներին և բարձր էներգիայի ֆիզիկային։ Ուսումնասիրել է արգելակման ճառագայթումը և զույգի առաջացումը էլեկտրոնի կամ պոզիտրոնի դաշտում՝ ընկնող մասնիկի ցանկացած էներգիայի դեպքում, հանդիպական էլեկտրոն–պոզիտրոնային փնջերում ընթացող պրոցեսները։ Հաշվել է միգամածությունների և աստղերի մագնիսական դաշտում շարժվող ռելյատիվիստական էլեկտրոնների ճառագայթման բևեռացումը, կապ հաստատել երկրի մթնոլորտում պիոնների և մյուոնների սպեկտրների միջև, հետազոտել մեծ արագության մասնիկների և միջաստղային փոշեհատիկների բախումից առաջացող ճառագայթման ներդրումը երկնքի ռենտգենյան լուսարձակման ընդհանուր ֆոնում։ Ուսումնասիրությունների գլխավոր ուղղությունն ընդգրկում է միջավայրում բարձր էներգիայի մասնիկների էներգետիկ կորուստների էլեկտրամագնիսական մեխանիզմների հետազոտությունը՝ դասական մակրոսկոպիկ էլեկտրադինամիկայի շրջանակներում։ Այդ աշխատանքների հիմնական արդյունքը եղել է ռենտգենյան անցումային ճառագայթման (ՌԱՃ) հայտնաբերումը, այսինքն՝ ապացուցվել է, որ բարձր էներգիայի մասնիկների անցումային ճաոագայթման ունի հաճախականությունների ռենտգենյան տիրույթ, որի վերին սահմանը առաջնային մասնիկի էներգիայից կախված է գծայնորեն։ Այդ հատկությունը թույլ է տալիս տիեզերական ճառագայթներում և արագացուցիչներում ՌԱՃ–ի միջոցով կատարել բարձր էներգիայի մասնիկների նույնացում։ ՌԱՃ–ի տեսության մշակման ժամանակ Ղ․ աշխատակիցների հետ հաշվի է առել մի շարք նուրբ էֆեկտներ, օրինակ, բազմակի ցրման ազդեցությունը ՌԱՃ–ի վրա։ Ղ․ տեսականորեն ապացուցել է նաև, որ նյութի բարակ թաղանթներում մեծ արագության մասնիկների իոնացման կորուստները տեղի են ունենում առանց ֆերմիի խտության էֆեկտի։
Երկ․ О некоторых электромагнитных эффектах с участием сильного взаимодействующих частиц, «Журнал экспериментальной и теоретической физики», т․ 33, в․ 2, 1957 (соавтор Л․ M․ Африкян); K теории переходного излучения и ионизационных потерь энергии частицы, նույն տեղում, т․ 37, в․ 2, 1959․
ՂԱՐԻԲՅԱՆ Իշխան Ասատուրի (ծն․ 7․12․ 1924, Բաքու), հայ սովետական դերասան։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1980)։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստ–ի դերասանական ֆակուլտետը (1950)։ 1950-ից՝ Երևանի Սունդուկյանի անվ․, 1954-ից՝ Երևանի պատանի հանդիսատեսի, 1967-ից՝ Երևանի դրամատիկական թատրոնների դերասան։ Լավագույն անձնավորումներից են՝ Կոռնովալի դուքս (Շեքսպիրի «Լիր արքա»), Ձերժինսկի (Մ․ Շատրովի «Հանուն հեղափոխության»), Արթին աղա (Ե․ Օտյանի «Սեր և ծիծաղ»), Միկոլա (Ի․ Ֆրանկոյի «Դողացված երջանկություն»), Ագաբո (Օ․ Իոսելիանիի «Քանի դեռ սայլը շուռ չի եկել»)։ Բեմադրել է Մ․ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» և «Աղքատն ու արքայազնը» (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն) ստեղծագործությունները։
ՂԱՐԻԲՅԱՆ Հրայր Արամի (ծն․ 14․9․ 1904), հայ սովետական կինոօպերատոր։ 1931-ին ավարտել է կինեմատոգրաֆիայի պետ․ տեխնիկումի օպերատորական ֆակուլտետը, աշխատել «Սոյուզդետֆիլմ» (այժմ՝ Մ․ Դորկու անվ․ ստուդիա) կինոստուդիայում։ «Լինում է, չի լինում մի աղջիկ» (1944), «Գնդի որդին» (1946), «Չուկը և Գեկը» (1953), «Աշխարհի չեմպինը» (1955), «Հողը և մարդիկ» 1955)՝ «Երբ բացվում են վարդերը» (1959), «Երկուշաբթին ծանր օր է», «Հեռավոր երկրներ» (երկուսն էլ՝ 1964) ևն ֆիլմերի գլխավոր օպերատորն է։
ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ Բագրատ Բեգլարի [22․5․ 1890, գ․ Բահառլու (Սուրմալուի գավառում) - 14․8․1920, Երևան], Անդրկովկասում հեղափոխական շարժման ակտիվ մասնակից և Հայաստանում սովետական իշխանության համար մղված պայքարի ղեկավարներից։ 1905-ին ավարտել է Իգդիրի քաղաքային ուսումնարանը, ապա զբաղվել ուսուցչությամբ (Սուրմալուի գավառի Տավշանդշլաղ, Մարգարա, Զոր գյուղերի ու Իգդիրի դպրոցներում)։ Ընդգրկվելով հեղափոխական շարժման մեջ՝ 1917-ին մտել է բոլշևիկյան կուսակցության շար-