Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

միայն ժող., հիմնականում՝ միաձայն, երգային ստեղծագործությունն էր: Երգերին բնորոշ են պենտատոնիկան և 2-մաս քառյակային ձևը: Ժող. երաժշտական գործիքներից են՝ կուսլե (գուսլի), շուվիր (պարկապզուկ), շիյալտիշ (սրինգ), կովիժ (2-լարանի ջութակ), տումիր (թմբուկ) ևն: Ժող. գործիքներով կատարվում են հիմնականում պարեղանակներ: 1908-ին Ա. Կ. Ապտրիևը կազմել է մարիական ժող. երգերի առաջին ժողովածուն: Մարիական երգեր գրառել և հրատարակել են Վ. Մ. Վասիլևը, Ի. Ս. Պալանտայը, Յա. Ա. Էշպայը և ուրիշներ: Պրոֆեսիոնալ բազմաձայն երաժշտության հիմնադիրն է առաջին երգչախմբի կազմակերպիչ, երգերի, խմբերգերի հեղինակ Ի. Ս. Պալանտայը (Կլյուչնիկով): Մարիական երաժշտության զարգացման գործում մեծ ավանդ է ներդրել Ա. Յա. Էշպայը, որը, ստեղծագործաբար օգտվելով ժող. մելոսից, հեղինակել է սիմֆոնիկ պարեր, դաշնամուրային կոնցերտներ, սիմֆոնիաներ: Առաջին ազգային բալետի («Անտառային լեգենդ», 1971) հեղինակն է Ա. Բ. Լուպովը, առաջին ազգային օպերան («Ակպատիր», բեմ. 1963) գրել է Է. Ն. Սապաևը: Մարիական ԻՍՍՀ–ում գործում են (1975)՝ Մ. Շկետանի անվ. երաժշտա–դրամատիկական (1968-ից) թատրոնը, Երգչախմբային ընկերությունը (1958), ֆիլհարմոնիան (1939), մարիական երգի–պարի անսամբլը (1939), Ժող. ստեղծագործության տունը (1946), ՌՍՖՍՀ կոմպոզիտորների միության Մարիական բաժանմանունքը (1940), երաժշտական ուսումնարանը (1937), 31 երաժշտական դպրոց:
Թատրոնը: Մինչև սովետական իշխանության հաստատումը մարիերեն տրվել է միայն մեկ ներկայացում (1910): Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո սկսել է զարգանալ թատերական ինքնագործունեությունը: 1919-ին Տինիշ Օսիպի «Հանուն օրենքի» ներկայացումով Յոշկար Օլայում բացվել է մարիների շրջիկ թատրոնը: Պրոֆեսիոնալ թատրոնի կազմավորման գործում կարևոր դեր են խաղացել ռուս դասականների, սովետական, այդ թվում՝ մարիական (Ս. Չավայն, Մ. Շկետան), դրամատուրգների պիեսների բեմադրությունները: 1929-ին ստեղծվել է Մարիական պետ. թատրոնը (1948-ից՝ Մ. Շկետանի անվ., 1968-ից՝ Մարիական երաժշտա–դրամատիկական թատրոն): Լավագույն ներկայացումներից են՝ Ս. Նիկոլաևի «Սալիկա» (1938), Ն. Արբանի «Յանլիկ Պասետ» (1944), «Երիտասարդ գվարդիա» (1946, ըստ Ֆադեևի), Գոգոլի «Ռևիզոր» (1952), Ի. Պոպովի «Ընտանիք» (1962): Գործում են նաև Հանրապետական ռուս. դրամատիկական (1936) և տիկնիկային (1943) թատրոնները:
Գրկ. Очерки истории Марийской АССР. (С древнейших времен до Великой Октябрьской социалистической революции), Йошкар-Ола, 1965; Очерки истории Марийской АССР (1917-1960), Йошкар-Ола, 1960; Водовозов С., Марийская АССР. Экономикогеографический очерк, Йошкар-Ола, 1956; Очерки истории марийской литературы, ч. 1, Йошкар-Ола, 1963, ч. 2, նույն տեղում, 1960; Новоселова Л., 50 лет советской марийской музыки, «Музыкальная жизнь», 1970, .№ 24; История советского драматического театра, т, 1-6, М., 1966-71.
ՄԱՐԻԱՄ (ծն. և մահ. թթ. անհտ.), հայ գրիչ և ծաղկող: 1456-ին Ջուղայում ընդօրինակել և ծաղկել է Գրիգոր Տաթևացու «Գիրք քարոզութեան» ձեռագիրը (հայտնաբերել է սփյուռքահայ արվեստաբան Ա. Երեմյանը 1946-ին, Իրանի Սպահանի նահանգի Չարմանալ գավառի այդ ժամանակ դեռևս հայաբնակ Մամուռան գյուղում): Ձեռագրի տարբեր ոճերով ու բովանդակությամբ մանրանկարները (կատարման նրբությամբ և բանաստեղծական պատկերավորությամբ ուշագրավ է 16-րդ էջի խորանը), ճոխ երանգներով լուսանցազարդերը, թռչնազարդերը և գեղագրերը արտացոլում են XV դ. Հին Ջուղայի նկարչական դպրոցին բնորոշ հատկանիշները: Մ. XV դ. միակ նկարչուհին է, որի ստեղծագործությունների նմուշները պահպանվել են:
Գրկ. Երեմյան Ա., XV դարի մի անհայտ նկարչուհի, «Էջմիածին», 1952, № 7:
ՄԱՐԻԱՄ, լեռներ Հայկական լեռնաշխարհում, Կոպա (Կապույտ) լեռներից հարավ, Եփրատ գետի և նրա ձախակողմյան վտակ Դերջանի միջև: Երկարությունը մոտ 45 կմ է, բարձրությունը՝ մինչև 2600 մ (Մարիամ լեռ): Կազմված են կրաքարերից, բյուրեղային թերթաքարերից և ուլտրահիմքային ապարների ներժայթուկներից:
ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ, Աստվածամայր, Տիրամայր, Կույս Մարիամ, ըստ քրիստոնեական ավանդության՝ Հիսուս Քրիստոսի մայրը: Ավետարանիչները Մ–ին անվանում են Հովակիմի և Աննայի դուստրը, Հովսեփի կինը, որից ծնվել են նաև այլ զավակներ: Մ–ի պաշտամունքը ձևավորվել է բնության զարթոնքն ու պտղաբերությունը խորհրդանշող նախաքրիստոնեական դիցամայրերի (Իզիդա, Իշտար, Մա, Կիբելա և ուրիշներ) պաշտամունքների ազդեցությամբ: Քրիստոնեական աստվածաբանները IV դ. Մ–ին հռչակեցին «անարատ կույս»: Եփեսոսի Տիեզերական երրորդ ժողովը (431) Մ–ին պաշտոնապես ճանաչեց աստվածամայր, որի երկրպագությունն այնուհետև տարածվեց քրիստոնեական աշխարհում, մանավանդ կաթոլիկների մեջ: Մ–ին նվիրվեցին բազմաթիվ տաճարներ, սրբապատկերներ, նրա պատվին սահմանեցին տոներ ևն: 1854-ին կաթոլիկ եկեղեցին ընդունեց Մ–ի «անարատ հղիության», 1950-ին՝ «երկինք համբարձվելու» մասին դոգմաները, իսկ 1964-ին Պողոս VI պապը նրան հռչակեց «եկեղեցու մայր»:
Միջնադարյան արվեստում տարածված էր Մ–ի կերպավորումն իր մանկան հետ: Վերածնության դարաշրջանում ստեղծվել են Ս. Բոտտիչելլիի, Լեոնարդո դա Վինչիի, Ռաֆայելի և այլոց մեծ կտավները՝ նվիրված Մ–ի կերպարին:
ՄԱՐԻԱՄ–ՂՈՒԿԱՍՅԱՆ ՕՐԻՈՐԴԱՑ ԴՊՐՈՑ Շուշիում, հիմնվել է 1864-ին, Պ. Շանշյանի, Պ. Պռոշյանի ու տեղացի Հախումյան ամուսինների ջանքերով: Սկզբում գործել է Հախումյանների սեփական բնակարանից հատկացված հարկաբաժնում: Տեսչուհի է ընտրվել Մ. Հախումյանը: Նպատակն էր պատրաստել լուսավորյալ վարժուհիներ և մայրեր: Ուսուցումը տարվել է հայերեն: Ավանդվել են հայոց լեզու, ռուսաց լեզու, հայոց պատմություն, թվաբանություն, աշխարհագրություն, վայելչագրություն, ձեռագործ, նկարչություն, երգեցողություն: Մի քանի տարի գործելուց հետո փակվել է: Վերաբացվել է 1876-ին, Ա. Սեդրակյանի ջանքերով, Հռիփսիմյան օրիորդաց դպրոց անվամբ: Հետագայում նորից կրել է Մարիամյան անունը: 1877-ին ունեցել է 4 ուսուցիչ, 70 աշակերտուհի: 1884-ից անցել է միջնակարգ դասընթացի (13 ուսուցիչ, 171 աշակերտ): 1885-ին փակվել, 1886-ին վերաբացվել է որպես երկդասյան իգական դպրոց: 1888-89 ուսումնական տարում ունեցել է 199 աշակերտուհի: Ուսումնական առարկաների թվում ավելացել են կրոնն ու բնական պատմությունը: 1908-09 ուսումնական տարում ունեցել է 5 բաժանմունք՝ 218 սովորողով: 1913-ին շուշեցի Ղուկասյան եղբայրները ի հիշատակ իրենց հանգուցյալ քրոջ՝ Մարիամի, տեղի օրիորդաց դպրոցին հատկացրել են 200000 ռ., Շուշիում գտնված իրենց տունը (40 հզ. ռ. արժողությամբ), և դպրոցը կոչվել է Մարիամ–Ղուկասյան: Բոլոր առարկաները դասավանդվում էին հայերեն, բացի ռուսաց պատմությունից և աշխարհագրությունից: 1915-ին ուներ 320 աշակերտ: 1917-ին լրիվ միջնակարգ դպրոց էր: Գործել է մինչև 1920-ը:
ՄԱՐԻԱՄՅԱՆ ՕՐԻՈՐԴԱՑ ԴՊՐՈՑ Թիֆլիսում, հիմնվել է 1868-ին, Մողնու թաղամասի նորաշեն Ս. Աստվածածին եկեղեցուն կից, Ստեփան Ստեփանյանի (Խ. Ստեփանե) նախաձեռնությամբ և մի շարք մտավորականների աջակցությամբ: Տեղավորված էր Լոռիս–Մելիքովի տանը: Միդասյան էր, ուներ 26 աշակերտուհի: Առաջին վերակացուն Փեփրոնյա Տեր–Հովհաննիսյանն էր, տեսուչը՝ Խ. Ստեփանեն: Հիմնականում պահվել է եկեղեցու եկամուտներով: Ավանդվել են կրոն, հայոց լեզու, պատմություն, ռուսաց լեզու, ֆրանս., թվաբանություն, երգ, վայելչագրություն, նկարչություն, ձեռագործ, մարմնամարզություն: Տեսուչներ են եղել նաև Հ. Չիգանյանը, Գ. Հովհաննիսյանը, Գ. Արծրունին: Դասավանդ ել են Ն. Ալադաթյանը, Զ, Գրիգորյանը, Մ. Սալամբեկյանը, Հ. Սուզանաճյանը, Գ. Քաթանյանը և ուրիշներ: 1878-ին հոգաբարձու Գ. Իգմիրյանը եռահարկ շենք է նվիրել դպրոցին: Ն. Սողալյանի տեսչության օրոք (1896) դպրոցն ուներ երեք բաժանմունք (105 աշակերտուհի): Ցարական կառավարությունը մի քանի անգամ փակել է հայկ. մյուս դպրոցների հետ միասին: Գոյատևել է մինչև 1920-ը:Ի. Ներսիսյան ՄԱՐԻԱՆՅԱՆ ԱՆԴՈՒՆԴ, Համաշխարհային օվկիանոսի ամենախոր իջվածքը: Գտնվում է Խաղաղ օվկիանոսի արմ. մասում, Մարիանյան կղզիներից հվ–արլ.: Երկարությունը 1500 կմ է: Ունի V-աձև կտրվածք, թեք լանջեր, հարթ հատակ (1-5 կմ լայնությամբ), բաժանված է մի քանի մեկուսացված իջվածքների (8-11 կմ խորությամբ): Առավելագույն խորությունը 11022 մ է: Մ–ի խորությունը չափել է սովետական «Վիտյազ» հետազոտական նավը, 1957-ին: