Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1850-ական թթ. Եվրոպայում ռեակցիայի իշխող ժամանակաշրջանում առանձնապես դժվարանում են Մ–ի ու նրա ընտանիքի կյանքի պայմանները, և միայն Էնգելսի մշտական օգնությունն է փրկում Մ–ի ընտանիքին աղքատության ճիրաններից: Չնայած ծայրահեղ զրկանքներին՝ Մ. աշխատում էր հսկայական եռանդով և ուժերի լարումով: Մշակելով նոր փիլիսոփայության (դիալեկտիկական մատերիալիզմ և պատմական մատերիալիզմ) տեսությունը՝ Մ. գլխավոր ուշադրությունը նվիրում է քաղաքատնտեսության ուսումնասիրությանը (տես Մարքսի տնտեսագիտական ուսմունքը):
1859-ի հունիսին Բեռլինում լույս է տեսնում Մ–ի «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը» գրքի առաջին պրակը, որը կարևոր ուղենիշ էր մարքսիստական քաղաքատնտեսության ստեղծման գործում և կազմում է «Կապիտալի» նախահիմքը:
1850-ական թթ. վերջի և 60-ական թթ. սկզբի հեղափոխական նոր վերելքը ստիպեց Մ–ին ավելի շատ զբաղվելու պրոլետարական կուսակցության ստեղծման գործնական հարցերով: Պրոլետարական հեղափոխականներին բուրժ. գաղափարախոսների զրպարտանքից պաշտպանելու նպատակով Մ. 1860-ի դեկտեմբերին հրատարակում է իր «Պարոն Ֆոգտ» պամֆլետը, որն ուղղված էր գռեհիկ դեմոկրատ ու բոնապարտիստ Կարլ Ֆոգտի դեմ:
1864-ի սեպտ. 28-ին Լոնդոնում Մ–ի ղեկավարությամբ հիմնադրվում է «Բանվորների միջազգային ընկերությունը»՝ Առաջին Ինտերնացիոնալը (տես Ինտերնացիոսալ I): «Բանվորների միջազգային ընկերության հիմնադիր մանիֆեստում» և «Ընկերության ժամանակավոր կանոնադրությունում» Մ. մատչելի ձևով շարադրեց Ինտերնացիոնալի հետագա ողջ գործունեության՝ պրոլետարիատի շարժման դասակարգային ինքնուրույնության սկզբունքը, պրոլետարական ինտերնացիոնալիզմի գաղափարները: Մ. վճռական պայքար է մղում ուտոպիական, ռեֆորմիստական և աղանդավորական հայացքների դեմ (անգլ. լիբերալ տրեդ–յունիոնականներ, լասալականներ, պրուդոնիստներ, բակունինականներ ևն): Ինտերնացիոնալի Գլխավոր խորհուրդը Մ–ի ղեկավարությամբ լայն գործունեություն է ծավալում ի պաշտպանություն 1871-ի Փարիզի կոմունայի: Մ. կապ է պահպանում կոմունարների հետ, իր խորհուրդներով ու ցուցումներով օգնում նրանց: 1871-ի մայիսի 30-ին I Ինտերնացիոնալի Գլխավոր խորհուրդն ընդունում է Մ–ի գրած «Քաղաքացիական պատերազմը Ֆրանսիայում» կոչը, որտեղ ցույց է տրվում Փարիզի կոմունայի, որպես նոր՝ պրոլետարական պետություն ստեղծելու աոաջին փորձի, նշանակությունը:
Առաջին Ինտերնացիոնալում կատարած հսկայական աշխատանքի հետ մեկտեղ Մ. իրեն հատուկ եռանդով շարունակում է գործունեությունը նաև տեսության ասպարեզում: 1867-ի սեպտ. 14-ին Համբուրգում լույս է տեսնում «Կապիտալ»-ի առաջին հատորը՝ գիտական կոմունիզմի գլխավոր երկը («Կապիտալ»-ի II և III հատորները տպագրության է պատրաստել Էնգելսը և հրատարակել Մ–ի մահից հետո): «Կապիտալ»-ում շարադրված են Մ–ի տնտեսագիտական և սոցիալիստական հայացքների հիմունքները, ինչպես նաև գոյություն ունեցող հասարակության, արտադրության կապիտալիստական եղանակի և դրա հետևանքների նրա քննադատության հիմունքները: «Կապիտալ»-ը տնտեսագիտական հանճարեղ աշխատություն լինելով հանդերձ, անգնահատելի ավանդ է մարքսիզմի մյուս բաղկացուցիչ մասերի՝ մարքսիստական փիլիսոփայության և գիտական կոմունիզմի զարգացման գործում:
Առաջին Ինտերնացիոնալի գործունեության դադարումից հետո էլ (1873-ին, պաշտոնապես լուծարքի է ենթարկվել 1876-ին) Մ. մնում է բոլոր երկրների սոցիալիստների գաղափարական առաջնորդն ու ուսուցիչը, Էնգելսի հետ միասին առաջատար դեր խաղում բանվորական շարժման մեջ: Մ–ի ղեկավարությամբ աճում է պրոլետարական հեղափոխականների մի ամբողջ սերունդ (Ա. Բեբել, Վ. Լիբկնեխտ, Ի. Բեկկեր, Է. Վառլեն, Վ. Վոլֆ, Ֆ. Զորգե, Պ. Լաֆարգ և ուրիշներ): 1875-ի մայիսին Մ. գրում է «Գոթայի ծրագրի քննադատությունը» աշխատությունը, որտեղ տալիս է լասալականության, որպես մանրբուրժ. օպորտունիստական հոսանքի, սպառիչ բնութագիրը, վերլուծում կոմունիզմի զարգացման ու պետության մահացման փոխկապակցությունը: Գրքում Մ. հիմնական գծերով բացահայտում է ապագա կոմունիստական հասարակության երկու փուլերի տարբերիչ առանձնահատկությունները: 1879-ի սեպտեմբերին Մ. և Էնգելսը Ա. Բեբելին, Վ. Լիբկնեխտին և Գերմանիայի ս–դ. կուսակցության մյուս գործիչներին ուղարկում են շրջաբերական նամակ, որտեղ մերկացնում են Է. Բեռնշտայնի և մյուսների օպորտունիզմը, քննադատում նրանց նկատմամբ կուսակցության ղեկավարության բռնած հաշտվողական դիրքը: Մինչև իր կյանքի վերջը Մ. շարունակում է զարգացնել բանվորական շարժման տեսությունն ու տակտիկան, վճռական պայքար մղել պրոլետարական կուսակցության ստեղծման ու ամրապնդման համար:
1880-ական թթ. սկզբին Մ–ի առողջությունը խիստ վատանում է: 1881-ի դեկտ. 2-ին մահանում է Ժեննի Մարքսը: 1882-ին բուժվելու նպատակով Մ. լինում է Ալժիրում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում: 1883-ի մարտի 14-ին Մ. վախճանվում է, թաղումը տեղի է ունենում մարտի 17-ին, Լոնդոնի Հայգեթի գերեզմանատանը: Շիրիմի մոտ արտասանած դամբանական ճառը Էնգելսն ավարտում է հետևյալ խոսքերով. «Ե՛վ նրա անունը, և՛ նրա գործը կապրեն դարեր» (Մարքս Կ. և Էնգելս Ֆ., Ընտ. երկ., հ. 3, էջ 209): Մ–ի անվան հետ է կապված ն նրա անունով է կոչվում ամենաառաջավոր, իսկական գիտական աշխարհայացքը, որը մարդկությանը և ամենահեղափոխական դասակարգին՝ պրոլետարիատին տվել է աշխարհը ճանաչելու և վերափոխելու ամենահաղթ զենք:
Մ. մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում և ուշադրությամբ հետևում էր Ռուսաստանում հեղափոխական շարժումների զարգացմանը, ռուս հեղափոխականների խորհրդատուն ու բարեկամն էր: Մ. ռուսերեն ուսումնասիրում էր 1861-ի ռեֆորմից հետո Ռուսաստանում լույս տեսնող վիճակագրական հետազոտություններն ու հրատարակությունները: Սիստեմավորելով ու ամփոփելով այդ նյութերը՝ 82-ին Մ. կազմում է «Նոթեր 1861-ի ռեֆորմի և Ռուսաստանի ետռեֆորմյան զարգացման մասին» ձեռագիրը, որում ռեֆորմի նախապատրաստումը ուղղակի կախման մեջ է դնում գյուղացիների ուժեղացող դժգոհությունից, գյուղացիական շարժման աճից: Ռեֆորմը Մ. բնութագրում է որպես «գյուղացիների կողոպուտ, որն առաջ բերեց ժողովրդական զայրույթի և հակակալվածատիրական պայքարի նոր պոռթկում» (Маркс К. и Энгельс Ф., Соч., т. 19, с. 422): Ռեֆորմը և նրա արդյունքները Մ. դիտում էր որպես Ռուսաստանում կապիտալիստական ֆորմացիայի հաստատման սկիզբ:
Ուսումնասիրելով Չեռնիշևսկու երկերը՝ Մ. նրան անվանում է «…ռուս մեծ գիտնական և քննադատ…» (Մարքս Կ. և Էնգելս Ֆ., Ընտ. երկ., հ. 2, էջ 120): Հանձինս Չեռնիշևսկու և Դոբրոլյուբովի Մ. տեսնում էր Ռուսաստանում հեղափոխական նոր սերնդի դաստիարակների ու ղեկավարների: «…Մարքսն ու Էնգելսը լի էին ամենավարդագույն հավատով դեպի ռուսական հեղափոխությունն ու նրա հզոր համաշխարհային նշանակությունը» (Լենին Վ. Ի., Երկ. լիակտ. ժող., հ. 15, էջ 305): Ռուսաստանում հեղափոխության բախտը Մ. կապում էր արևմտաեվրոպական պրոլետարիատի հետ: 1881-ի մարտին, ի պատիվ Փարիզի կոմունայի 10-րդ տարեդարձի, Լոնդոնում տեղի ունեցած սլավոնական միտինգին հղած ուղերձում Մ. և Էնգելսը վստահություն էին հայտնում, որ Ռուսաստանում զարգացող հեղափոխական շարժումը «…վերջ ի վերջո պետք է անխուսափելիորեն հասցնի, գուցե երկարատև և դաժան պայքարից հետո, ռուսական կոմունայի ստեղծմանը» (Маркс К. и Энгельс Փ., Соч., т. 19, с. 252): Գալիք հեղափոխական շարժումը, նրանց կարծիքով, շրջադարձային կետ կհանդիսանա համաշխարհային պատմության մեջ: Մ. սերտ բարեկամական կապերի մեջ էր ռուս առաջավոր քաղ. գործիչների հետ, որոնք Մ–ին իրենց ուսուցիչն էին համարում, թարգմանում և պրոպագանդում էին նրա գործերը: Մ. բարձր