թյունն ու քնարականությունը։ Լավագույն աշխատանքներից են «Պատանի նկարչուհին» (1959), «Մայրն ու երեխան» (1960), «Նատյուրմորտ, մրգեր» (1962), «Լիլիթի դիմանկարը» (1966), «Դվինի բնապատկեր» (1967), «Տաթևի լեռները» (1969)։ 1962-ին Երևանում մասնակցել է «Հինգի» (Մ․ Ավետիսյան, Լ․ Բաժբեուկ–Մելիքյան, Ա․ Գրիգորյան, Հ․ Սիրավյան) ցուցահանդեսին։
ՂԱՓԱՆՑՅԱՆ Գրիգոր Այվազի [17(29)․2․ 1887, Աշտարակ – 3․5․1957, Երևան], հայ սովետական լեզվաբան։ ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1942)։ Բանասիրական գիտ․ դ–ր (1942), պրոֆեսոր՝ (1930)։ ՀՍՍՀ ԳԱ հիմնադիր կազմի անդամ, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)։ Սովորել է տեղի երկդասյան դպրոցում, 1899-ին մեկնել է Պետերբուրգ՝ ուսումը շարունակելու։ 1908-ին ավարտել է արական գիմնազիան, 1913-ին՝ Պետերբուրգի համալսարանի արլ․ ֆակուլտետի հայ–վրաց-պարսկական բաժինը, աշակերտել Ն․ Մառին, Կ․ Զալեմանին, Ի․ Բոդուեն դե Կուրտենեին, Ն․ Ադոնցին, Ի․ Զավախիշվիլուն։ Վերադառնալով հայրենիք՝ աշխատանքի է անցել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1914-ին տպագրվել է Ղ–ի գիտական առաջին գործը՝ «Լեզվաբանական դիսցիպլինաներ և լեզու»։ Այդ տարիներից մասնակցել է Անիի՝ Ն․ Մառի ղեկավարած պեղումներին։ 1921-ին հրավիրվել է Երևանի համալսարան և դարձել հիմնադիր դասախոսներից մեկը։ Երկար տարիներ ղեկավարել է լեզվաբանության ամբիոնը (1920–54), դասավանդել ընդհանուր լեզվաբանություն, գրաբար և այլ առարկաներ։ Շուրջ հինգ տարի եղել է Հայաստանի ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի վարիչը, 1950–56-ին՝ ՀՍՍՀ ԳԱ լեզվի ինստ–ի դիրեկտորը։
Ղ․ զբաղվել է հայագիտության տարբեր հարցերով, լուծել հայոց լեզվի պատմության, հնագիտության կարևոր խնդիրներ։ Տիրապետելով փոքրասիական մի շարք մեռած լեզուների (խեթերեն, ուրարտերեն, խուռիերեն, պալայերեն)՝ Ղ. սեպագիր արձանագրությունների խորազնին ուսումնասիրությամբ պարզել է հայերի էթնիկական կապերը հարևան ժողովուրդների հետ, լեզվական փոխառություններն ու փոխազդեցությունները։ Այդ առումով ուշադրության արժանի է «Chetto-armeniaca» (1931) մենագրությունը, որտեղ քննել է հայերենի և խեթերենի շուրջ 200 բառեր ու ձևեր, լուսաբանել փոքրասիական մի շարք ժողովուրդների մշակույթի ու պատմության բարդ հարցեր։ Աշխատելով Ն․ Մառի հետ՝ Ղ․ աստիճանաբար հեռացել է երիտքերականության դիրքերից և հարել Մառի սկզբունքներին, դա իր արտահայտությունն է գտել «Ընդհանուր լեզվաբանության» (1939) մեջ։ Այս աշխատությունը ընդհանուր լեզվաբանության հայերեն առաջին ձեռնարկն է, որը փաստական հարուստ նյութ է պարունակում և տրամաբանական կուռ կառուցվածք ունի։ Այստեղ արդեն Ղ․ լեզուն բնորոշում է որպես պատմահասարակական երևույթ։ Ընդունելով Ն․ Մառի որոշ դրույթներ՝ Ղ․, այնուամենայնիվ, շատ հարցերում (հնչյունափոխական օրենքներ) հեռացել է նրանից։ «Ուրարտուի պատմությունը» (1940) մանրազնին ու բազմակողմանի ուսումնասիրություն է այդ պետության մշակույթի, սոցիալ–քաղաքական կյանքի և ուրարտերենի վերաբերյալ։ «Լեզվական ընդհանուր տարրեր ուրարտական և խեթական լեզուների միջև» (1936), «Հին Հայաստանի տեղանունների պատմա-լեզվաբանական նշանակությունը» (1940), «Խեթական աստվածները հայերի մոտ» (1940), «Հայերենի խուռիտերեն բառերը» (1951), «Ածանցները և ածանցված բառերը հին Փոքր Ասիայի տեղանուններում» (1948) և այլ աշխատություններում Ղ․ հանգել է այն եզրակացության, որ փոքրասիական լեզուները հայերենի մեջ թողել են իրենց հետքերը (տեղանուններ, բայեր, մասնիկներ ևն)։ Հնագույն բառերի ստուգաբանությամբ Ղ․ քննել է նաև հայերենի աղերսը կովկասյան լեզուների հետ («Հայերենի և լազո–մեգրելական լեզուների փոխհարաբերության մասին», 1952), անդրադարձել հայերենի և վրացերենի (հատկապես արմ․ ճյուղի լեզուների) առնչություններին։ «Հայաստան՝ հայերի բնօրրան» (1947) աշխատությունը հայասա-ազզի ցեղերի որոշ տվյալների պատմական ու լեզվաբանական քննությունն է։ Մի կողմից նա քննել է Հայասան–Ազզի պետության քաղաքական–մշակութային հարաբերությունները հին փոքրասիական ժողովուրդների հետ, մյուս կողմից ձգտել է որոշել այդ ցեղերի ու նրանց լեզուների դերը հայ ժողովրդի և հայոց լեզվի կազմավորման ընթացքում, փորձել է տեսականորեն հիմնավորել լեզուների խաչավորման տեսությունը՝ հայոց լեզվի միջոցով, այն համարելով ասիանական-կովկասյան-հնդեվրոպական լեզու։ Ղ․ անդրադարձել է նաև բարբառագիտական հարցերի, մանրամասն նկարագրել Աշտարակի խոսվածքը։
Ղ–ի վերջին աշխատությունը «Հայոց լեզվի պատմությունն» է (հրտ․ 1961), որտեղ քննության են առնված հայ ժողովրդի և հայերենի կազմավորման հարցերը, հայոց լեզվի հնդեվրոպական նստվածքը։
Երկ․ Արա Գեղեցիկի պաշտամունքը, Ե․, 1944։ Историко-лингвистические работы, т. 1-2, E․, 1956-75․
Գրկ․ Գիրգոր Այվազի Ղափանցյան (գիտական գործունեության համառոտ ակնարկ), Ե․, 1959։ Ա ղ ա յ ա ն Է․, Հայ լեզվաբանության պատմություն, հ․ 2, Ե․, 1962։
ՂԱՓԼԱՆՅԱՆ Հրաչյա Մկրտչի [ծն․ 14․12․ 1923, գ․ Գյառգյառ (այժմ՝ ՀՍՍՀ Ստեփանավանի շրջանում)], հայ սովետական ռեժիսոր, դերասան և դրամատուրգ։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1971)։ ՍՄԿԿ անդամ 1947-ից։ Բեմ է բարձրացել 1935-ին, Լենինականի դրամատիկական թատրոնում, ուր աշխատել է մինչև 1938-ը, ապա՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1940-ին ավարտել է Երևանի թատերական ուսումնարանը։ 1942–45-ին ծառայել է սովետական բանակում, հետո՝ մինչև 1952-ը կրկին աշխատել նույն թատրոնում որպես դերասան և ռեժիսոր։ 1952–53-ին ստաժավորվել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնում։ 1953– 1958-ին եղել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1958–60-ին՝ Գ․ Սունդուկյանի անվ․ թատրոնի ռեժիսոր, 1960–62-ին՝ կրկին պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսոր, նաև դիրեկտոր, 1962–65-ին՝ Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնի գլխավոր ռեժիսոր։ 1965-ից Հայկ․ թատերական ընկերության վարչության նախագահն է։ 1965-ին Ղ–ի նախաձեռնությամբ ընկերությանը կից կազմակերպվել է ստուդիա-թատրոն (1969-ից՝
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/37
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է
ՂԱՓԼԱՆՅԱՆ 37