ՄԵԳԱՍՊՈՐՆԵՐ (< մեգա… և սպորներ), մակրոսպորներ, խոշոր սպորներ, որոնցից զարգանում են բարձրակարգ բույսերի իգական նախածիլերը: Առաջանում են մեգասպորանգիումներում (աես Սպորանգիում), մեգասպորոցիտի բաժանման հետևանքով: Ոչ սերմնավոր բարձրակարգ բույսերի Մ. ազատվում են մեգասպորանգիումից, իսկ սերմնավոր բույսերի Մ. (սովորաբար 4-ական) գոյանում են սերմնաբողբոջի կենտրոնական մասում՝ նուցելուսում, և միակ հասուն մեգասպորը մշտապես մնում է մեգասպորանգիումի ներսում, որտեղ և տեղի է ունենում իգական գամետոֆիտի զարգացումն ու բեղմնավորումը:
ՄԵԳԱՐՅԱՆ ԴՊՐՈՑ, հին հունական փիլիսոփայական ուղղություն (մ. թ. ա. IV դ.), սոկրատեսյան դպրոցներից: Հիմնադիրն է Էվկլիդես Մեգարացին (մ. թ. ա. մոտ 450-380): Մ. դ–ում միահյուսվել են հավերժական ու անփոփոխ միակի (գոյի) վերաբերյալ Պարմենիդեսի ուսմունքը և բարիքի սոկրատեսյան հասկացությունը: Ըստ Էվկլիդեսի, գոյություն ունի միայն մեկ միասնական բարիք, որն անփոփոխ է և հայտնի է նաև ճշմարտություն, խելք, աստված ևն անուններով: Իրերի բազմությունն ու բազմազանությունը հակադրվում են միասնական բարիքին, ուստի ոչ գոյավոր են, ոչ ռեալ: Մ. դ. շարունակել է նաև Զենոն Էլեացու և սոփեստների ավանդույթները. դիալեկտիկական դատողությունների նկատմամբ ունեցած հակվածությամբ այն ստացել է «էրիստիկական (< հուն. έρισχικά — վիճաբանելու արվեստ) դպրոց» անվանումը: Մեգարացի Ստիլպոնի բարոյագիտական հայացքները մոտ էին կինիկներին, իսկ Զենոն Կիտիոնցին Մ. դ. կինիկյան դպրոցի հետ միասին վերածեց ստոիկյան դպրոցի:
ՄԵԳԱՖՈՆ (< մեգա… և …ֆոն), ձայնի ուժեղացման համար կիրառվող կոնաձև խոսափող (նկ. ա): Մ. ոչ թե ուղղակի իմաստով ուժեղացնում է ձայնը, այլ կենտրոնացնում է այն հարկավոր ուղղությամբ: Ձայնի զգալի ուժեղացում ստանալու համար օգտվում են էլեկտրամեգաֆոնից, որը բաղկացած է միկրոֆոնից, ոչ մեծ բարձրախոսից և ուժեղացուցիչից (նկ. բ): Միկրոֆոնը և բարձրախոսը պահվում են խոսողի բերանի մոա, իսկ ուժեղացուցիչը սնման մարտկոցով հագցվում է գոտուն:
ՄԵԳՀԱԼԱՅԱ, նահանգ (1970-ից) Հնդկաստանի հյուսիս–արևելքում: Տարածությունը 22 հզ. կմ² է, բնակչությունը՝ 1100 հզ. (1978), վարչական կենտրոնը՝ Շիլոնգ: Ռելիեֆում տիրապետում են բլուրները և ցածր լեռները: Կլիման արևադարձային է, մուսսոնային: Տարեկան տեղումները տեղ–տեղ անցնում են 10000 մմ–ից: Տարածված են արևադարձային անտառները և մացառուտային թփուտները: Առավելապես ագրարային, հետամնաց տնտեսությամբ նահանգ է: Մշակում են բրինձ, եգիպտացորեն, կորեկ, կարտոֆիլ, նարինջ: Կա շերամապահություն, փայտամթերում, ածխի արդյունահանություն:
ՄԵԳՐԵԼԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1857, վրաց գյուղացիության հակաճորտատիրական ապստամբություն: Սկսվել է 1856-ի վերջին, գյուղական դարբին Ուտու Միղավայի գլխավորությամբ, տարածվել գրեթե ամբողջ Մեգրելիայում: Ապստամբները գրավել են մի քանի գյուղեր, 1857-ի մայիսի 12-ին՝ Մեգրելական իշխանության կենտրոն Զուգդիդին: Հրաժարվել են կատարել ֆեոդալական պարհակներ, կազմակերպել են նոր վարչություն, սկսել են դատեր վարել, սահմանել են առաջին անհրաժեշտության ապրանքների գները ևն: Չնայած գյուղացիների քաջարի դիմադրությանը, ցարական զորքերը և տեղական կալվածատերերի ջոկատները ճնշել են Մ. ա., որի 38 ղեկավարներ աքսորվել են Ռուսաստանի հեռավոր շրջանները:
ՄԵԳՐԵԼԵՐԵՆ, մինգրելերեն, իբերերեն, մեգրելների լեզուն: Պատկանում է իբերա–կովկասյան լեզվաընտանիքի քարթվելական խմբին: Գիր չունի (մեգրելների գրական լեզուն վրացերենն է): Խոսվում է Ռիոն գետի աջափնյա շրջաններում, Ինգուրի ու մերձակա գետերի ավազաններում և Վրաց. ՍՍՀ այլ վայրերում: Ներկայանում է զուգդիդի-սամուրզականյան և սենակյան բարբառներով: Ունի 5 ձայնավոր և 28 բաղաձայն հնչույթ (ներառյալ բարբառային տարբերակները): Շեշտը թույլ է: Ձևաբանության մեջ գերիշխում են համադրական կառուցաձևերը: Հոլովները 9 են, այդ թվում՝ էրգատիվ, տրանսֆորմատիվ, մեկնման, նախատեսական ևն: Հարուստ է բայական ձևերով: Կան բազմաթիվ եղանակա–ժամանակային ձևեր:
Գրկ. Кизириа А. И., Занский язык, в кн.: Языки народов СССР, т. 4, М., 1967.
ՄԵԳՐԵԼԻԱ, պատմական մարզ Արևմտյան Վրաստանում: Ներառել է Ցխենիսծղալի գետից մինչև Էնգուրի (Ինգուրի) գետի տարածքը: Բնակիչները՝ մեգրելներ (վրաց. ազգագրական խումբ): XVI-XIX դդ. ինքնուրույն ֆեոդալական իշխանություն էր:
ՄԵԳՐԵԼՆԵՐ, մենգրելներ, մինգրելներ, վրացիներ, որոնք անցյալում զբաղեցնում էին հին Կոլխիդայի կենտրոնական և նախալեռնային շրջանները: Այժմ բնակվում են Ռիոն գետի աջափնյա շրջաններում, Խոբի, Ինգուրի և այլ գետերի ավազաններում, Աբխազիայում և ՎՍՍՀ այլ շրջաններում: Խոսում են վրացերեն, կենցաղում՝ նաև մեգրելերեն: Դեռևս ոչ վաղ անցյալում Մ–ի մեջ պահպանվում էին կենցաղի և մշակույթի որոշ առանձնահատկություններ:
ՄԵԴԱԼ (ֆրանս. medaille, < իտալ. medaglia, < լատ. metallum — մետաղ), նշանավոր գործիչների կամ իրադարձությունների նվիրված մետաղյա, երկու, երբեմն՝ մեկ երեսանի պատկերազարդ նշան: Հիմնականում լինում են կլոր կամ ձվածիր, երբեմն՝ բազմանկյուն (պլակետկա): Առաջին անգամ թողարկվել են Իտալիայում, XIV դ., ապա նաև ուրիշ երկրներում, սկզբնապես՝ ոչ միայն պետության, այլն առանձին անձանց, ընկերությունների կողմից: Սակայն XVII-XVIII դդ., որպես կանոն, Մ–ի թողարկման իրավունքը վերապահվում է միայն պետությանը: Մ. որպես պարգև առաջին անգամ սահմանել է շվեդ. Գուստավ Ադոլֆ թագավորը (XVII դ.) սպաներին պարգևատրելու համար: XVIII դ. վերջին պարգևային Մ–ներ մտցվեցին Լեհաստանում, Ֆրանսիայում և Պրուսիայում, Սոֆիա թագուհու կառավարման տարիներին (1682-89)՝ Ռուսաստանում: Առաջին հայատառ Մ–ները երևան են եկել XVII դ.: Այնուհետև հայկ. գրություններով Մ–ներ են պատրաստվել XVIII դ., Հոլանդիայում: XVII-XIX դդ. հայկ. Մ–ները պատրաստվում էին ոսկերիչների արհեստանոցներում՝ մասնավոր պատվերներով: XIX դ. 20-ական թվականներից սկսած՝ պարբերաբար Մ–ներ են թողարկվում Վենետիկի ու Վիեննայի Մխիթարյան միաբանությունների նախաձեռնությամբ:
Մ. սկզբում տրվում էր զինվորական, հետագայում՝ նաև քաղաքացիական ծառայությունների համար: Այժմյան բուրժուական պետությունների մեծ մասում Մ–ներ տրվում են հիմնականում զինվորական ծառայությունների համար: Մ–ներով պարգևատրվում են նաև գիտության, մշակույթի, տնտեսության, սպորտի և այլ ասպարեզներում ունեցած նվաճումների համար: Մ–ներ են տրվում լենինյան մրցանակի, միջազգային մրցույթների, նոբելյան մրցանակի դափնեկիրներին, օլիմպիական խաղերի, սպորտային մրցությունների հաղթողներին ևն: Շատ երկրներում գոյություն ունեն Մ–ներ գյուղատնտեսության և արդյունաբերության (Իտալիա, Ֆրանսիա, Ռուսաստան), գրականության ու արվեստի (Ավստրիա, Բելգիա, Ֆրանսիա, Գերմանիա) բնագավառներում ունեցած նվաճումների համար:
ՍՍՀՄ–ում Մ–ներ են հիմնադրված ժող. տնտ. բնագավառում ձեռք բերած նվաճումների համար («Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես»-ի ոսկե, արծաթե և բրոնզե Մ–ներ): Մի շարք Մ–ներով (Կ. Մարքսի, Մ. Լոմոնոսովի, Ի. Պավլովի, Դ. Պրյանիշնիկովի, Ա. Պոպովի անվ. ևն) պարգևատրում է ՍՍՀՄ ԳԱ (Մ. Լոմոնոսովի անվ. ոսկյա Մ. 1971-ին հանձնվեց ակադեմիկոս Վ. Հ. Համբարձումյանին): ՌՍՖՍՀ պետ. մրցանակի դափնեկիրներին, աչքի ընկնող գեղարվեստական ստեղծագործությունների կամ կատարողական վարպետության համար, տրվում են Մ. Գորկու, Ի. Ռեպինի, Կ. Ստանիսլավսկու, Մ. Գլինկայի և Վասիլև եղբայրների դիմաքանդակներով Մ–ներ: 1972-ին ՍՍՀՄ ավիացիոն սպորտի ֆեդերացիան հիմնեց ակադեմիկոս Մ. Պ. Կորոլյովի անվ. Մ.: ՀՍՍՀ–ում թողարկված Մ–ներն արտացոլում են հանրապետությունում տեղի ունեցած վերափոխումներն ու նվաճումները, ինչպես և նշանավոր գործիչների հոբելյանները:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/372
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ