սովետական բանակում։ 1964-ից դասախոսում է քաղաքացիական ավիացիայի պետ․ ԳՀԻ–ում (Մոսկվա)։ Աշխատանքները վերաբերում են աերոդինամիկայի, թռիչքի դինամիկայի, թռչող սարքերի կառավարման, պլաստիկության տեսության, թռիչքի անվտանգության հարցերին։
ՄԵԼԱՄԱՂՁՈՒԹՅՈՒՆ, մելանխոլիա [< հուն․ μελας(μελανος) – սև, χολή – լեղի], հոգեկան խանգարում, բնորոշվում է տրամադրության անկմամբ, հոգեկան պրոցեսների դանդաղումով։ Ընկճվածության հին անվանումը։ Մ–յան ծագումը Հիպոկրատը բացատրում էր «սև լեղիով» օրգանիզմի թունավորմամբ։
ՄԵԼԱՄԻՆ, -եռամինա– 2, 4, 6-եռազին, հետերոցիկլային միացություն է։
Մ-ի անգույն բյուրեղները հալվում են 354°C–ում, քայքայվելով։ Գործնականորեն չի լուծվում սառը ջրում և բազմաթիվ օրգ․ լուծիչներում։ Հիմք է, թթուների հետ առաջացնում է աղեր (× ևն)։ Օգտագործվում է մելամինմրջնալդեհիդային խեժերի, իոնափոխանակիչ խեժերի, դաբաղանյութերի, ներկանյութերի և հերբիցիդների արտադրության մեջ։ Մելամին ստանում են երկցիաներկամիդը՝ , բարձր ճնշման տակ (4—20 Մն/մ²) տաքացնելով (180—500°C)։
ՄԵԼԱՄԻՆՄՐՋՆԱԼԴԵՀԻԴԱՅԻՆ ԽԵԺԵՐ, սպիտակ, ամորֆ սինթետիկ նյութեր, որոնք ստացվում են մելամինի և մրջնալդեհիդի պոլիկոնդենսմամբ։ Սինթեզն իրականացվում է երկու փուլով՝ նախ ստացվում են մելամինի մեթիլոլային ածանցյալները (, 80–90°С), իսկ հետագա պոլիկոնդենսումը տարվում է թթվային միջավայրում (50–60°С)։ Մ․ խ–ին ջրակայունություն, պլաստիֆիկատորների հետ խառնվելու և օրգ․ լուծիչներում լուծվելու հատկություններ հադորդելու համար մեթիլոլային խմբերը էթերացնում են (հիմնականում բութանոլով և մեթանոլով)։ Մ․ խ․ պնդանում են թույլ թթվային կատալիզատորների առկայությամբ։ Կիրառվում են պլաստմասսայի, կարբամիդային սոսնձի, լաքերի են ստացման համար։
ՄԵԼԱՆ (< հուն․ μέλας – սև ներկ, թանաք), տես Թանաք։
ՄԵԼԱՆԵԶԻԱ (հուն․ μέλας – սև և νῆσος – կղզի), Օվկիանիայի կղզիախմբերից մեկը Խաղաղ օվկիանոսի հարավ–արևմտյան մասում։ Երկարությունը մոտ 5000կմ է։ Գլխավոր կղզիներն ու խմբերն են․ Նոր Գվինեան, Ֆիջին, Բիսմարկի արշիպելագը, Սողոմոնյան, Նոր Հեբրիդյան, Նոր Կալեդոնյան։ Տարածությունը 956,3 հզ․ կմ² է, բնակչությունը՝ մոտ 4 մլն (1980)՝ պապուասներ, մելանեզիացիներ, միկրոնեզիացիներ։ Ֆիջի կղզին անկախ պետություն է, Պապուա Նոր Գվինեան՝ ինքնավար տերիտորիաներ։ Նոր Գվինեայի արմ․ մասը (Արևմտյան Իրիան) պատկանում է Ինդոնեզիային, մնացած կղզիները Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ավստրալիայի տիրույթներ են։ Կղզիներն ունեն մայրցամաքային և հրաբխային ծագում, լեռնային մակերևույթ (բարձրությունը՝ մինչև 5029 մ, Նոր Գվինեա կղզում)։ Կազմված են բյուրեղային, փոխակերպված և նստվածքային ապարներից։ Ծանծաղուտներում շատ են կորալային խութերը։ Առկա է ժամանակակից հրաբխականությունը, հաճախակի են երկրաշարժերը։ Կլիման հասարակածային և մերձհասարակածային է, հվ․ կղզիներում՝ արևադարձային։ Գետային ցանցը խիտ է։ Հս․ կղզիները ծածկված են հասարակածային անտառներով։ Շատ են էնդեմիկ տեսակները։ Կենդանական աշխարհը մոտ է ավստրալիականին։ Կան կոկոսյան արմավենու, կաուչուկատուների, շաքարեղեգի, կակաոյի, սուրճի պլանտացիաներ։ Զբաղվում են անասնապահությամբ ու ձկնորսությամբ։ Կա փայտամթերում, խեցիների ու սադափի որս և հավաք, նիկելի, կոբալտի, քրոմի, մանգանի, ոսկու հանույթ։
ՄԵԼԱՆԵԶԻԱՑԻՆԵՐ, ազգակից ժողովուրդների խումբ, Մելանեզիայի արմատական բնակչությունը։ Թիվը՝ մոտ 1,1 մլն (1978)։ Խոսում են մելանեզական լեզուներով։ Պատկանում են մելանեզական ռասային։ Մ․ ձևականորեն քրիստոնյաներ են, բայց նրանց մոտ պահպանվում են տեղական հին հավատալիքների զգալի վերապրուկներ։ XIX դ․ սկզբին գտնվում էին նախնադարյան համայնակարգի քայքայման զանազան փուլերում։ Հմուտ նավաշինարարներ և ծովագնացներ էին։ Մ․ զբաղվում են հողագործությամբ և ձկնորսությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մ․ ծավալեցին ազգային–ազատագրական շարժում գաղութարարների դեմ։ Խոշոր քաղաքներում ձևավորվում է բանվոր դասակարգը։ Ուժեղացել է նախկինում առանձնացված խմբերի էթնիկական համախմբումը։
ՄԵԼԱՆԵԶՅԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, տես Մալայա–պոլինեզյան լեզուներ։
ՄԵԼԱՆԺԻ ԳՈՐԾՎԱԾՔ, տարբեր գույնի ներկած թելերի խառնուրդի հյուսվածքի՝ մելանժի (< ֆրանս․ melange – խառնուրդ) միաթել կամ ոլորված մանվածքից պատրաստված գործվածք։ Երփներանգ գործած կամ ներկած գործվածքներից Մ․ գ․ տարբերվում է գունային յուրահատուկ էֆեկտով։ Բամբակե Մ․ գ․ մշակելիս գունազրկման չեն ենթարկում, քանի որ դա փչացնում է թելերի գունավորումը։ Գունազրկման պրոցեսը հիմնականում հանգեցվում է գործվածքների մեխանիկական մշակման (խավատում, խավավորում ևն) և ապրետավորման։ Բրդե Մ․ գ–ի մշակումը չի տարբերվում գործվածքների սովորական մշակումից։ Բամբակե Մ․ գ–ներից առավելապես հայտնի են տրիկոն, շևիոտը, դիագոնալը, կովերկոտը, մահուդը։ Բրդե Մ․ գ–ների անվանումը կազմվում է այս անվանումներին «մելանժ» բառը ավելացնելով։ Օրինակ, մահուդ–մելանժ, դրապ–մելանժ։
ՄԵԼԱՆԻՆՆԵՐ (< հուն. μέλας – սև), ջրում չլուծվող, դարչնագույն, սև կամ դեղին պիգմենտներ։ Լայնորեն տարածված են կենդանական և բուսական հյուսվածքներում․ պայմանավորում են արտաքին ծածկույթների՝ ողնաշարավորների մաշկի, մազերի, փետուրների, թեփուկների, միջատների կուտիկուլայի, որոշ մրգերի կեղևի ևն գունավորումը։ Օրգանիզմում առաջանում են տիրոզին ամինաթթվից՝ տիրոզինազ ֆերմենտի օգնությամբ։ Մ–ի քիմ․ կառուցվածքը պարզված չէ։
ՄԵԼԱՆԻՏ, տես Նռնաքարեր։
ՄԵԼԱՆՈԿՐԱՏ ԱՊԱՐՆԵՐ (< հուն μέλας – սև, մուգ և χράτος – ուժ, իշխանություն), մագմատիկ ապարներ, որոնք մուգ գույնի միներալներ (-ով և -ով հարուստ, օրինակ՝ պիրոքսեններ, ամֆիբոլներ, բիոտիտներ) պարունակում են ավելի մեծ քանակությամբ, քան տվյալ ապարի նորմալ միջին տիպը։ Մ․ ա․ հակադրվում են լեյկոկրատ ապարներին, որոնք աչքի են ընկնում մուգ գույնի միներալների նվազ պարունակությամբ։
ՄԵԼԱՆՈՄԱ, մելանոբլաստոմա, մելանիններ արտադրող բջիջների չարորակ ուռուցք։ Պատճառները վնասվածքներն ու հորմոնային խթանումներն են՝ հատկապես սեռական հասունացման շրջանում։ Հիմնականում տեղադրվում է մաշկում, հազվադեպ՝ աչքի անոթաթաղանթում, գլխուղեղի և ողնուղեղի փափուկ թաղանթներում, քիթըմպանում, կոկորդում, կերակրափողում, աղիքների լորձաթաղանթում ևն։ Սովորաբար զարգանում է գունակային կամ գունակազուրկ բնածին խալերի տեղում։ Մաշկի առաջնային Մ․ սկսվում է հազիվ նկատելի կամ գորտնուկանման (դարչնագույն, սև, կապտակարմրավուն) ուռուցքի առաջացմամբ, որը երբեմն խոցոտվում է և արյունահոսում։ Վնասվելիս ուռուցքը կարող է արագ մեծանալ, դառնալ թմբիկավոր (պինդ հիմքով) և շարժունությունը կորցնել։ Հաճախ կարող է մետաստազներ արձակել ավշահանգույցներում և ներքին օրգաններում։ Բնածին խալը Մ–ի վերածվելու նշաններն են․ խալի մեծացումը, կոշտացումը, գունակավորման ուժեղացումը կամ թուլացումը, շուրջը կարմրության առաջացումը։
Բուժումը․ ժամանակին վիրաբուժական միջամտություն՝ հիմնված վաղ ախտորոշման վրա, ճառագայթային թերապիա։
Մ․ աչքի, ընդգրկում է ծիածանաթաղանթը, թարթչային մարմինը և անոթաթաղանթը։ Ընթացքը համեմատաբար բարորակ է։ Ախտանշանները, տեսողության խանգարում, ծիածանաթաղանթի վրա մուգ գոյացության առաջացում, ներակնային ճնշման բարձրացում, ցավեր, արյունազեղում։ Բուժումը՝ վիրահատական։
ՄԵԼԱՐԵՆ (Malaren), լիճ Շվեդիայի միջին մասում։ Մակերեսը՝ 1140 կմ², երկարությունը՝ մոտ 120 կմ, խորությունը՝ ավելի քան 60 մ։ Գտնվում է տեկտոնա–սառցադաշտային ծագում ունեցող գոգավորությունում, ծովի մակերևույթից 0,3–0,6 մ բարձրության վրա։ Ափերը կտրտված են, ունի մոտ 1200 կղզի։ Վտակներով և ջրանցքներով միացած է Բալթիկ ծովի և Ելմարեն լճի հետ։ Նավարկելի է։ Մ–ի արլ․ ափի մոտ է Ստոկհոլմ քաղաքը։
ՄԵԼԲԱ (Melba) Նելլի (իսկական անունը և ազգանունը՝ Հելեն Պորտեր Արմսթրոնգ, օրիորդական ազգանունը՝ Միտչել, 1861 – 1931), ավստրալացի երգչուհի (կոլորատուրային սոպրանո)։