ՄԵԼԻՔ–ՓԱՇԱԵՎ (Մելիք–Փաշայան) Ալեքսանդր Շամիլի [10(23)․10․1905, Թիֆլիս – 18․6․1964, Մոսկվա], հայ սովետական դիրիժոր։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1951)։ Սկզբնական երաժշտական կրթությունն ստացել է տանը, աշակերտելով պրոֆ․ Հարտմանին (տեսություն) և Շվեյգերին (դաշնամուր)։ 1921-ին ընդունվել է Թիֆլիսի օպերային թատրոն (ընդհատումներով աշխատել է մինչև 1931-ը) որպես կոնցերտմայստեր, ապա՝ դիրիժոր, 1923-ին հանդես գալով Դոլիձեի «Լեյլա» օպերայի կատարմամբ։ 1924-ին Լենինականի օպերա–օպերետային խմբում վարել է հայերեն լեզվով ներկայացումներ (Գունոյի «Ֆաուստ», Բիզեի «Կարմեն», Չայկովսկու «Եվգենի Օնեգին»)։ 1929-ին և 1932-ին սիմֆոնիկ համերգներով հանդես է եկել Երևանում։ 1928–30-ին ուսանել է Լենինգրադի կոնսերվատորիայում՝ Ն․ Մալկոյի, այնուհետև Ա․ Գաուկի դիրիժորական դասարաններում, տեսությունը՝ Ք․ Քուշնարյանի և Վ․ Շչերբաչովի մոտ։ 1931-ից ՍՍՀՄ Մեծ թատրոնի դիրիժոր էր, 1953–62-ին՝ գլխավոր դիրիժորը։ Մ–Փ–ի երկացանկն են կազմել 50-ից ավելի օպերաներ։ Նրան առանձնապես հաջողվել են մոնումենտալ, բազմապլանային, դրամատիզմով և սիմֆոնիկ լայն շնչով հագեցված ներկայացումներ։ Անգերազանցելի են համարվում Մեծ թատրոնում նրա ղեկավարած՝ Վերդիի «Աիդա», «Օթելլո», «Ֆալստաֆ», Բիզեի «Կարմեն», Բեթհովենի «Ֆիդելիո», Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն» օպերաները։ Ստեղծագործական նվաճումներից են Գլինկայի «Իվան Սուսանին», Բորոդինի «Իշխան Իգոր», Չայկովսկու «Պիկովայա դամա» և «Չերեվիչկի» (ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1942), Մուսորգսկու «Բորիս Գոդունով», Ռոսինիի «Վիլհելմ Տել» (ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1943), Փալիաշվիլու «Աբեսալոմ և Էթերի», Պուչչինիի «Չիո–Չիո–սան» օպերային ներկայացումները։
Մ–Փ–ի արվեստին բնորոշ են հարազատությունը հեղինակի մտահղացմանը, ոճի նուրբ զգացողությունը։ Որպես դիրիժոր–դրամատուրգ, Մ–Փ․ զգում էր ինչպես ներդաշնակ ամբողջությունը, այնպես էլ ամեն մի մանրամասնի գեղարվեստական արտահայտչականությունը։ Նրա ներկայացումներում դիրիժորական կատարյալ տեխնիկան, երաժշտական բարձր կուլտուրան զուգորդվել են կատարվող ստեղծագործությունների վառ զգացմունքային մեկնաբանման հետ։
1939-ին նշանակվել է Մոսկվայում կայացած հայկ․ արվեստի առաջին տասնօրյակի երաժշտական ղեկավար, 1956-ին՝ երկրորդ տասնօրյակի խորհրդատու։ 1958-ին Մեծ թատրոնի խմբի հետ հյուրախաղերով հանդես է եկել Երևանում (Գլինկայի «Իվան Սուսանին», Բորոդինի «Իշխան Իգոր» օպերաները, Բեթհովենի Իններորդ սիմֆոնիան)։ Ներկայացումներ է վարել նաև արտասահմանյան մի շարք թատրոններում՝ Պրագայում, Օստրավայում, Լոնդոնում, Բուդապեշտում։ Արժանացել է «Գրան պրի» (Ֆրանսիա) մրցանակի՝ Բորոդինի «Իշխան Իգոր» (1953), Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն» (1962), Ամերիկյան արվեստների ակադեմիայի մրցանակի (1964)՝ Մուսորգսկու «Բորիս Գոդունով» օպերաների ձայնագրության համար։
Մ–Փ․ հայտնի է նաև որպես մի շարք ստեղծագործությունների հեղինակ․ «Տասներկուերորդ գիշեր» օպերա (ըստ Շեքսպիրի), սիմֆոնիա, ռոմանսներ Ա․ Պուշկինի և Ի․ Էրենբուրգի խոսքերով։ Պարգևատրվել է 3 շքանշանով։
Գրկ․ А․ Ш․ Мелик-Пашаев, Воспоминания, статьи, материалы, М․, 1976․
ՄԵԼԻՔ–ՓԱՇԱԵՎ (Մելիք–Փաշայան) Հովհաննես Ներսեսի [1(13)․5․1889, Շուշի – 28․10․1935, Լենինգրադ], հայ սովետական ինժեներ–էներգետիկ։ Ավարտել է Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստ–ը (1913)։ Մ–ի նախագծերով են կառուցվել ՍՍՀՄ հիդրոէներգետիկայի առաջնեկները՝ Զեմո–Ավճալայի Լենինի անվ․, Ռիոնի, Երևանի, Լենինականի, Ստեփանակերտի ՀԷԿ–երը։ Մ–ի անմիջական ղեկավարությամբ է մշակվել նաև Չիրչիկ գետի (Ուզբեկական ՍՍՀ) ՀԷԿ–երի կասկադի նախագիծը։ Մ–ի մշակած «Հայաստանի էլեկտրիֆիկացման օրինակելի պլանը» (1921–22) օգտագործվել է ՀՍՍՀ էներգետիկայի զարգացման հիմքում։ Ընտրվել է ՍՍՀՄ Կենտգործկոմի անդամ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Գրկ․ Գրիգորյան Հր․, Սովետական Հայաստանի էլեկտրիֆիկացիայի պատմությունից (1921–1928 թթ․), «ԲՀԱ», 1960, № 1: Чарквиани К․, История электроэнергетики Советской Грузии, Тб․, 1975․
ՄԵԼԻՔ-ՓԱՇԱԵՎ (Մելիք–Փաշայան) Ներսես Հովհաննեսի (ծն․ 30․3․1925, Թիֆլիս), թռչող ապարատների շարժիչների տեսության բնագավառի հայ սովետական գիտնական։ Տեխ․ գիտ․ դ–ր (1964), պրոֆեսոր (1967)։ Հ․ Ն․ Մելիք–Փաշաևի որդին։ ՍՄԿԿ անդամ 1947-ից։ 1948-ին ավարտել է Ն․ Ե․ Ժուկովսկու անվ․ ռազմաօդային ինժեներական ակադեմիան և դասախոսում է նույն տեղում։ Ռեակտիվ շարժիչների հետազոտման աշխատանքների համար արժանացել է Ն․ Ե. Ժուկովսկու անվ․ մրցանակի։ «Ռեակտիվ շարժիչներ» (1976, ռուս․) գրքի հեղինակներից է։
ՄԵԼԻՔ–ՕՀԱՆՋԱՆՅԱՆ Կարապետ Աղաբեգի (4․3․1893, գ․ Կալեր, Մեղրու շրջանում – 22․2․1970, Երևան), հայ սովետական բանասեր, հայագետ–արևելագետ, թարգմանիչ։ Պրոֆեսոր (1935), Հայկ․ ՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1962), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1965)։
Նախնական կրթությունն ստացել է Գանձակում, 1913-ից սովորել է Լազարյան ճեմարանում, որի պրոֆեսորական խորհրդի որոշմամբ 1914-ին գործուղվել է Գերմանիա՝ գերմաներենի մեջ հմտանալու և սանսկրիտ սովորելու։ 1915–17-ին եղել է ազատ ունկնդիր Բեռլինի համալսարանում։ 1920-ին վերադարձել է Երևան, աշխատել արական գիմնազիայում, ապա՝ Հայկական կարմիր բանակի քաղլուսվարչությունում՝ կուլտուրկրթական բաժնի վարիչ և «Կարմիր բանակ» թերթի խմբագիր։ Միաժամանակ Հայաստանի ժող․ համալսարանում դասավանդել է հայ գրականություն և գերմ․։ 1921-ին գլխավորել է Հայաստանի գիտական ինստ–ը (Էջմիածնում), 1922–25-ին դասախոսել Երևանի համալսարանում։ 1930–37-ին եղել է Հայաստանի գիտությունների ինստ–ի, այնուհետև՝ նյութական կուլտուրայի պատմության, կուլտուրայի պատմության, պատմության և գրականության ինստ–ների գիտական քարտուղարը, հայ հին գրականության ու ժող․ բանահյուսության բաժինների վարիչ։
Մ–Օ․ զբաղվել է բանագիտությամբ, հայ հին գրականությամբ և հայ ժող․ պատմությամբ, արևելագիտությամբ, համեմատական տեքստաբանությամբ, գրական, գիտական և բանահյուսական հուշարձանների թարգմանությամբ։ Նրա գրչին են պատկանում «Տիրան–Տրդատի վեպը ըստ Փավստոս Բուզանդի» (1947), «Ագաթանգեղոսի բանահյուսական աղբյուրների հարցի շուրջը» («ՊԲՀ», № 4, 1964), «Միթրա–Միհրը «Սասնա ծռերի» մեջ» (1946), «Լենինը հայ ֆոլկլորի մեջ» (տես «Լենինը հայ ֆոլկլորի մեջ» գրքում, 1936) աշխատությունները։ Մ․ Աբեղյանի հետ ձեռնարկել և իրականացրել է «Սասնա ծռերի» գիտական հրատարակությունը (հ․ 1–2, 1936–51)։ Գրի է առել «Սասնա ծռերի» ութ նոր պատում, ռուս. է թարգմանել «Սասնա ծռերի» 10 ընտիր պատում՝ ընդարձակ ուսումնասիրությամբ և հարուստ ծանոթագրություններով։
Մեծ է Մ–Օ–ի վաստակը հայ հին գրականության հետազոտման և գրապատմական հուշարձանների գիտական հրատարակության բնագավառում [«Էջեր հայ միջնադարյան գեղարվեստական արձակից» (1957), «Կորյունը և նրա «Վարք Մաշտոցին» (ռուս․, 1962), «Կիրակոս Գանձակեցի, «Պատմություն Հայոց» (1961), «Պատմութիւն Փարէզի և Վեննայի» (1966)]։ Արևելագիտական–հայագիտական արժեքավոր ուսումնասիրություն է նրա «Ֆիրդուսին և Իրանի վիպական մոտիվները «Շահնամեում» և հայ մատենագրության
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/394
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ