նշել է, որ երիտթուրքերը իշխանության գլուխ անցան այն հաստատ համոզմամբ, որ «ազգային հարցերը կլուծեն բոլոր ազգությունների ֆիզիկական ոչնչացմամբ, բացի թուրքերից և նրանցից, ովքեր կհամաձայնվեն անհապաղ դաոնալ թուրք»։ Նրանք հայտարարեցին, որ Օսմանյան կայսրությունում այլևս «չկան» հայ, հույն, արաբ ևն, որ այնտեղ ապրող բոլոր ազգությունները «օտտոմաններ են» և պետք է դառնան թուրքեր, հակառակ դեպքում «մենք նրանց կկոտորենք» (Соч․, т․ 5, 1958, с․ 199)։ Այդպիսի պաշտոնական դիրքորոշում տվեց իթթիհաթականների 1911-ի հոկտեմբերին Սալոնիկում տեղի ունեցած համագումարը, որն անցավ համաթուրանական շովինիզմի մթնոլորտում։ Երիտթուրքերի պարագլուխներից դոկտոր Նազըմը մասնավորապես ասաց․ «Մի մոռանաք, որ մեր նախահայրերը Թուրանեն եկած են ու այսօր Անդրկովկասի, ինչպես Կասպից ծովեն դեպի արևելք տարածվող ընդարձակ հողամասերուն վրա թուրք ցեղերը կապրին, գրեթե միատարր, ավա՜ղ, մեր դարավոր թշնամի Ռուսաստանի լուծին տակ։ Մեր քաղաքական հորիզոնը բաց կմնա այդ ուղղությամբ միայն ու մեզի կմնա սրբազան պարտք մը իրականացնելու թուրք ցեղին միությունը Միջերկրականեն մինչև Արալ ծովը․․․ Այդ քաղաքական ծրագրին իրականացման նախապայմանը՝ հայկական հարցի արմատական լուծումն է․․․ Պետք է բնաջնջել հայերը մեր կայսրության մեջ» («Արարատ», 1963, № 6542, 6543)։ Ընդհանրացնելով այդ վանդալական ծրագիրը՝ համագումարը որոշեց․ «Վաղ թե ուշ պետք է իրագործվի Թուրքիայի բոլոր հպատակների օտտոմանացումը, բայց մի բան պարզ է, որ դա երբեք չի կատարվի համոզելով, այլ պետք է իրականացվի զենքի ուժով» (Lepsius J․, Der Todesgang des Armenischen VoIkes, Potsdam, 1930, S․ 222)։
Այդ ծրագիրը դրվեց գործողության մեջ և ունեցավ ծանր հետևանքներ Թուրքիայի ճնշված ժողովուրդների համար։ Բոլշևիկները նշել են, որ երիտթուրքերը մի կողմից՝ «դրսևորեցին լիբերալ բուրժուազիայի ողջ արատավորությունն ու թուլությունը, իսկ մյուս կողմից՝ իշխանության գլուխ անցած ռազմասպայական կաստայի ողջ դեսպոտիզմը», որ նրանց ձգտումը թուրքացնելու սլավոններին, հայերին ու մյուսներին «ընդունեց ավելի կոպիտ ու հարկադրական բնույթ, քան Աբդուլ Համիդի ժամանակ» («Правда», № 76, 27․07․1912)։
Երիտթուրքերը հատկապես կատաղած էին հայերի դեմ, որոնք ոգևորված սուլթան Աբդուլ Համիդի տապալմամբ, պատրանքներ էին տածում իրենց դրության բարելավման վերաբերյալ։ Եվ ահա նրանք կազմակերպեցին «Կիլիկիայի գիշերը»․ 1909 թվականին Ադանայում ու նրա շրջակայքում գազանաբար սպանվեցին 30 000 հայեր (տես Ադանայի կոտորած 1909)։ Ըստ էության դա Մեծ եղեռնի սկիզբն էր և երիտթուրքերը տենդորեն նախապատրաստվում էին հիմնովին բնաջնջելու հայ ժողովրդին։ Թուրք փաշաներն ու քուրդ բեգերը, նրանց հրոսակախմբերը շարունակ ավազակային հարձակումներ էին գործում հայկ․ նահանգների բնակչության վրա, ավերում ու կողոպտում նրանց տները, սպանում անմեղ մարդկանց, անարգում կանանց ու աղջիկներին և այդ ամենի համար արժանանում իշխանությունների գովասանքին ու պարգևներին։ Այդպիսի ոճրալից ասպատակությունները լայն չափերի հասան 1912–14-ին, երբ վերաբացվեց Հայկական հարցը, որն ավելի զայրացրեց թուրք. կառավարողներին ու նրանց գերմ․ հովանավորներին։ Էրզրումում ռուս. հյուպատոս Ադամովը 1913-ի դեկտ․ 29-ի և 1914-ի հունվ․ 5-ի հեռագրերում նշել է, որ «երիտթուրքերը» գերմ․ հյուպատոս Է․ Անդերսի նախաձեռնությամբ հավաքագրում են խուլիգանների ու այլ հանցագործների, կազմակերպում հրաձգության վարժություններ ու նախապատրաստվում հայերի դեմ հարձակման․ «Տեղեկությունների համաձայն,– գրել է Ադամովը,– ամեն ինչ պատրաստ է կոտորածի համար և սպասում են միայն ազդանշանի՝ մայրաքաղաքից» («Сборник дипломатических документов․ Реформы в Армении, 26 ноября 1912 г․ – 10 мая 1914 г․», Петроград, 1915, с․ 4)։ Այդպիսի ազդանշան տրվեց, երբ բռնկվեց առաջին համաշխարհային պատերազմը և երիտթուրքերը գերմ․ ռազմամոլների հետ միասին դրությունը համարեցին բարենպաստ՝ իրականացնելու հայերի բնաջնջման դիվային ծրագիրը։ Այն հիմնականում մշակվել էր նախօրոք, իսկ պատերազմի ժամանակ կոնկրետացվեց ու իրագործվեց։ Այդ է վկայում նաև թուրք. կառավարության 1915-ի հրահանգներից մեկը (ուղղված նահանգապետներին), որտեղ ասված է․ «Թեև հայկական տարրի ոչնչացման հարցը․․․ վաղուց էր վճռված, հանգամանքները թույլ չեն տվել իրականացնել այդ սրբազան գործը։ Ներկայումս, երբ բոլոր խոչընդոտները վերացված են և վրա է հասել մեր հայրենիքը այդ վտանգավոր տարրից ազատելու ժամանակը, հաստատակամորեն հանձնարարվում է չենթարկվել խղճի խայթին՝ նրանց թշվառ դրությունը տեսնելով, այլ ոչնչացնել բոլորին և ամեն կերպ ձգտել վերացնելու «Հայաստան» իսկ անունը Թուրքիայում։ Հետևեցեք, որպեսզի այդ խնդրի կատարումը վստահվի հայրենասերների ու հուսալի մարդկանց» («Геноцид армян в Османской империи»․ Сборник документов и материалов под редакцией проф․ М․ Г․ Нерсисяна, 1966, с․ 420)։ Այդպիսիք դարձան ամեն կարգի մութ ուժեր, ռեակցիոներներ, կատաղի շովինիստներ, քրեական հանցագործներ, մարդասպաններ ևն։
Երիտթուրքերի հայաջինջ քաղաքականությունը բռնակալական Թուրքիայի մշտապես իրականացվող հայահալած գծի անմիջական ու կատաղի շարունակությունն էր։ Այդ քաղաքականության հիմքում դրված էին այսպես կոչված շարժառիթ–«պատճառներ», յուրատեսակ տնտ․ ու քաղ․ նկատառումներ։ Թուրք. բռնակալ–կառավարողները չէին հանդուրժում, որ Օսմանյան կայսրությունում, ինչպես նշել է Ֆ․ Էնգելսը, հպատակ քրիստոնյա ժողովուրդները, այդ թվում նաև հայերը, հանդիսանում էին քաղաքակրթության, տնտ․ ու մշակութային առաջընթացի կրողները, որ նրանք չէին հաշտվում իրենց անլուր ճնշման հետ և մղում էին ազատագրական պայքար, որ քրիստոնյա հայերը «սեպի» նման խրվել են այսպես կոչված «իսլամական համատարած գոտու» մեջ, ունեն ռուս. կողմնորոշում և խանգարում են իրենց համաթուրանական նկրտումների իրականացմանը, որ հայկական հարցը դարձել է Արևելյան հարցի բաղկացուցիչ մասն ու միջազգային դիվանագիտության առարկա։ Հարկավ, բոլոր չարիքների բուն պատճառը սուլթանական Թուրքիայի բռնակալական կարգերն էին։
Իմպերիալիստական Գերմանիան կանգնած էր նույն դիրքերի վրա, քանի որ դա համապատասխանում էր նրա զավթողական ձգտումներին Կովկասում, Մերձավոր ու Միջին Արևելքում և կարելի էր օգտագործել վասալ Թուրքիային՝ մեծ տերությունների, մասնավորապես Ռուսաստանի դեմ մղվող պայքարում։ Բոլշևիկյան «Պրավդա»-ն 1913-ի հուլիսի 27-ին գրել է, որ «Փոքր Ասիայի, այդ նշանակում է նաև Հայաստանի, մասին գերմանական կապիտալը շատ վաղուց է երազում»։ Հայաստանը գերմ․ իմպերիալիզմին պետք էր որպես խիստ կարևոր ռազմա–ստրատեգիական բազա, կամ ինչպես այդ իմպերիալիզմի գաղափարախոս Պ․ Ռոհրբախն է ասել, «․․․ բանալի այն դիրքի, որը տալիս է տիրապետություն Անատոլիական թերակղզու վրա ու Միջագետքի հովտի վրա» (Рорбах П․, Война и германская политика, М․, 1915, с․ 11)։ Գերմ․ ռազմամոլներին է պատկանում արևմտահայության բռնագաղթի (դեպորտացիա) գաղափարը, որով նախատեսվում էր նրա մի մասին, որպես բանվորական ուժի, բնակեցնել Բեռլին–Բաղդադ երկաթուղու (տես Բաղդադի երկաթուղի) երկայնքով ընկած անմարդաբնակ վայրերում, իսկ մնացածին՝ ոչնչացնել։ Գերմանա–թուրք․ զինակցությունը հանգամանորեն մշակեց ու իրականացրեց այդ հրեշավոր ծրագիրը, որն ըստ էության վերածվեց արևմտահայության զանգվածային բնաջնջման։ Օսմանյան կառավարության հովանավորն էր կայզեր Վիլհելմ II, որի դեսպան Վանգենհայմը և ռազմ. կցորդ Հյումանը Կ․ Պոլսում անմիջականորեն գործակցում էին երիտթուրք․ պարագլուխների հետ։
Օսմանյան Թուրքիան պատերազմի մեջ մտավ զավթողական մեծ պլանով և հայերի բնաջնջման ծրագրով։ Երիտթուրք․ եռապետները (Թալեաթ, Էնվեր, Ջեմալ) որոշել էին բոլոր դեպքերում (հաղթության թե պարտության) ոչնչացնել արևմտահայությանը և ամեն կերպ նախապատրաստվեցին դրան։ Թուրքիայում ռուս. դեսպան Մ․ Գիրսը դեռևս 1914-ի սեպտ․ 20-ին հեռագրում է Ռուսաստանի արտաքին գործերի մինիստր Ա․ Սազոնովին, որ «մուսուլմաններին զենք է բաժանվում հայերի վերահաս կոտորածի համար» (АВПР, Политархив, д․ 3484, л․ 18)։ Պատերազմի սկզբին թուրք. կառավարողները, վստահ իրենց հաղթանակին արտաքին թշնամիների դեմ, կարծես թե դեռ չեն շտապում ներքին լայն «ռազմաճակատ» բացել, և 1914-ի հոկտեմբերին կազմակերպում են նախահարձակում Ռուսաստանի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/424
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ